Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն է շեշտել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։ Արման Թաթոյանը կարևորել է ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում գտնվող հայաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:
Նա բարձր է գնահատել Ռուսաստանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները՝ ներկայացնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ռուսաստանցի գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, ՌԴ-ում կազմակերպված հայերի, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համատեղ ընդունելությունը:
Դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել շարունակելու անհրաժեշտությունը: