ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Նրանք հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:
Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ Այվազյանը Դրիանի ուշադրությունն է հրավիրել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը: Այվազյանի և Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Արա Այվազյանն ընդգծել է, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի անքերի լույսի ներքո:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ: