Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Սաակաշվիլին և Իվանիշվիլին` խոսքի պատերազմում

Սաակաշվիլին և Իվանիշվիլին` խոսքի պատերազմում
24.06.2013 | 15:59

Վրաստանի նախագահի և վարչապետի հարաբերությունները գնալով լարվում են, և վարչապետը օր առաջ ուզում է ազատվել նախագահից: Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժորժոլիանին ծրագրել է այս շաբաթ սկսել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը: Նրա կարծիքով, ավելի քան բավարար հիմքեր կան գործընթացն սկսելու համար: «Դա անհրաժեշտ է ոչ թե նրա համար, որ Սաակաշվիլին չլինի նախագահ, դա առանց իմփիչմենթի էլ տեղի կունենա հոկտեմբերին, այլ, որ մեր հասարակությունը գիտակցի հանցագործ ռեժիմի` երկրի համար կործանարար գործողությունները և առաձնացնի դրա պատասխանատուին, որը այդ ռեժիմի ճարտարապետն էր»: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլինի օրերս հայտարարել էր, թե մտադիր է թողնել քաղաքականությունը. «Հենց հեռանա Սաակաշվիլին և նոր նախագահական ընտրություններ տեղի ունենան (հոկտեմբերի 13), չեմ մնա ավելի քանի մի քանի օր»: Նա ընդգծել էր, թե չի ուզում, որ միշտ հույսը դրվի մի մարդու վրա, քանի որ դա վատ կանդրադառնա Վրաստանի քաղաքականությանը:

Երեկ Սաակաշվիլին մեկնաբանել է վարչապետի հայտարարությունը. «Քաղաքականությունը մանկապարտեզ չէ: Դա շատ լուրջ գործ է: Քաղաքականությունը կապված է մարդու ճակատագրի, Վրաստանի երկարաժամկետ զարգացման և ապագայի հետ»: Նրա խոսքերով, երբ հարցը վերաբերում է քաղաքականությանը, անլրջությանն ու անկանխատեսելիությանը, դրանք ավելի քիչ պետք է լինեն: Ասվել է, որ Վրաստանում «շատ բան չի զարգանում այնպես, ինչպես հայտարարված էր»: «Սուտը վերջին ամիսներին բավականին ինտենսիվ մտավ վրացական քաղաքականություն, որը ինձ շատ անհանգստացնում է, քանի որ դրանք հին մեթոդներ են` հետսովետական տարածքին հատուկ: Մեր երկիրը ծանր վիճակում է, տնտեսությունը ծանր վիճակում է: Միակ բանը, որ օգնում է տնտեսությանը, տուրիզմն է, որը մենք ստեղծել ենք նախորդ տարիներին»,-ասել է Վրաստանի գործող նախագահը: Ի դեպ, նա նկատել է, որ վարչապետի` քաղաքականությունից հեռանալու հայտարարությունը վաղաժամ է արված: Երևում է Սաակաշվիլիի` վարչապետի աշխատանքին ուղղված գնահատականը զայրացրել է վերջինիս, որը երեկ նույնպես հայտարարություն է արել, որը էականորեն տարբերվում է նախորդից: Նա ասել է, որ եթե իր հեռանալով Վրաստանի զարգացման համար որևէ վտանգ ծագի, ինքը չի հեռանա: Նշվել է, թե քաղաքականությունից իր հեռանալը չի նշանակում երկրից հեռանալ, ինչպես և չի նշանակում, թե ինքը խուսափում է դժվարություններից, պատասխանատվությունից և իր խոստումներից: «Ես կհեռանամ քաղաքականությունից այն դեպքում, երբ անհրաժեշտություն չի լինի իմ մնալն այնտեղ, և ավելի բարդ ու անհրաժեշտ պրոցեսների մեջ կմտնեմ կապված հասարակության զարգացման հետ: Ես ոչ մի տեղ չեմ փախչում, կհեռանամ այն ժամանակ, երբ, առաջին հերթին, լավ պարզաբանեմ իմ թիմակիցներին, և նրանք հասկանան, որ դրանով ոչինչ չի տուժի: Կգնամ այն ժամանակ, երբ, իմ կարծիքով, իրավիճակը կարգավորված կլինի, երբ հասարակության մեջ անհանգստություն չի լինի, որ իմ հեռանալով որևէ վատ բան տեղի չի ունենա»,-ասել է Իվանիշվիլին:
Ինչպես երևում է Վրաստանի ղեկավարների վերջի օրերի հայտարարություններից, նրանք անընդհատ պատերազմում են, առայժմ` խոսքի դաշտում, թեև նրանց հարաբերությունները ազդում են Վրաստանի զարգացման վրա: Վրացական որոշ փորձագետներ նշում են, թե նախագահի և վարչապետի հակամարտությունը լուրջ ազդեցություն է ունենում երկրի կյանքի վրա, շատ հարցեր պարզապես աչքաթող են արվում: Վարչապետ Իվանիշվիլին հաճախ ավելի շատ զբաղվում է նախագահի քննադատությամբ` հակառակը գործով ապացուցելու փոխարեն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ