Հյուսիսային և Հարավային Կորեայի ներկայացուցիչները պայմանավորվել են կառավարական մակարդակով բանակցություններ անցկացնել։ 2007 թվականից ի վեր դա կլինի երկու պետությունների միջև առաջին բանակցությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել կիրակի ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Պաշտոնական Սեուլը հայտնել է, որ հանդիպումն անցել է հարթ, «առանց որևէ վեճի»։ Վերլուծաբանները նշում են, որ այս հանդիպմամբ աստիճանաբար լիցքաթափվում է վերջին ամիսներին երկու երկրների միջև ծայր առած խիստ լարվածությունը։