Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտաքին գործերի նախարարի հրավերով Լոնդոն մեկնած` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Նախարարը ներկայացրել է հայ-բրիտանական հարաբերությունները, իր այցի նպատակներն ու արդյունքները, Եվրոպայի խորհրդի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում, ՀՀ-ԵՄ համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Էդուարդ Նալբանդյանն ասել է.
- 1991թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում անկախության հռչակագիր ընդունվեց, որը հաստատվեց դեկտեմբերին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, ինչը լիովին համահունչ էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Այս առիթով կարելի է հիշատակել Եվրախորհրդարանի կողմից ընդունված համապատասխան բանաձևը, որտեղ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել խորհրդային մյուս հանրապետությունների, ներառյալ` Ադրբեջանի կողմից արված նույնանման հռչակագրով: Ի պատասխան, պաշտոնական Բաքուն հայերի դեմ ձեռնարկեց կոտորածներ, էթնիկ զտումներ, նաև սկսեց լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ` միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ: Նախքան հրադադարի հաստատումը, 1993թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև ընդունեց (822, 853, 874, 884), որոնց հիմնական պահանջն էր` դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել տևական զինադադար: Ադրբեջանը յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո հրաժարվում էր կատարել հիմնական պահանջը, չնայած ձախողումներին` համառորեն շարունակում էր ռազմական գործողությունները:
1994թ.-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց, որին միացավ նաև Հայաստանը: 1995թ.-ի փետրվարին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ձեռք բերվեց զինադադարի ամրապնդման մասին նոր պայմանավորվածությունը, որին Հայաստանը նույնպես միացավ, սակայն այդ պայմանավորվածությունը Ադրբեջանը մինչ օրս չի հարգում:
1997թ.-ից բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդական առաքելության շրջանակում:
Միջազգային հանրության կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նշանակալի ջանքեր են գործադրում երկու հիմնական ուղղությամբ.
*հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մշակում
*վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում:
2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում համանախագահները կողմերին ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի են որպես ,Մադրիդյան առաջարկներե:
Շուրջ մեկ տարի շարունակ Ադրբեջանը մերժում էր անգամ այդ փաստաթղթի գոյությունը և փորձում էր հիմնախնդրի լուծումը տեղափոխել այլ ատյաններ: Մասնավորապես 2008թ. Ադրբեջանը բանաձև ներկայացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որն արտացոլում էր հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական խեղաթյուրված տեսակետը: Բանաձևն ընդունվեց ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից միայն 39-ի ձայներով (հիմնականում Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների կողմից): Երեք համանախագահ երկրները` ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան, դեմ քվեարկեցին, իսկ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը չսատարեցին այդ բանաձևին։
2009թ.-ին Լ’Աքվիլայում, 2010թ.-ին Մուսկոկայում Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հայտարարություններ ընդունեցին, որտեղ հրապարակայնացվեցին նրանց կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը:
2011թ.-ին Դովիլում և 2012թ.-ին Լոս Կաբոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարները իրենց կողմից ընդունված հայտարարություններում վերահաստատեցին իրենց նախորդ հայտարարությունները` ընդգծելով բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են ընդունվել 2008թ. Հելսինկիի, 2009թ. Աթենքի, 2010թ. Ալմաթիի, 2011թ. Վիլնյուսի, 2012թ. Դուբլինի ԵԱՀԿ նախարարական համաժողովների և 2010թ. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում:
Հայաստանը ողջունել է վերոնշյալ բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնել հասնելու հիմնախնդրի կարգավորմանը` այդ հայտարարություններում տեղ գտած՝ ըստ եռանախագահների, մեկ ամբողջություն կազմող առաջարկների հիման վրա:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն: Առաջարկություններն ընդունելու փոխարեն Բաքուն պարզունակ փորձեր է կատարում հղում անել միայն վերոհիշյալ հայտարարություններում տեղ գտած ստատուս-քվոյի անընդունելիության մասին ձևակերպմանը։ Եթե Ադրբեջանն իսկապես դեմ է ստատուս-քվոյի պահպանմանը, ուրեմն վաղուց պետք է ընդուներ եռանախագահների կողմից արված առաջարկությունները:
Ռուսաստանի դաշնության նախագահը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ) 2008 թ. հունիսից մինչև 2012 թ. հունվար ընկած ժամանակահատվածում 11 հանդիպում է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ` կարգավորման սկզբունքները համաձայնեցնելու նպատակով։ Այդ հանդիպումների ընթացքում ներկայացվել և քննարկվել են հիմնարար սկզբունքների թարմացված տարբերակներ:
Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011 թ. հունիս), ինչպես նաև Սոչիի (2011 թ. մարտ), Աստրախանի (2011 թ. հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010 թ. հունիս) հանդիպումներում և այլն: Ադրբեջանական կողմը ձևացնում է թե իբր ընդունել է 2009 թ. դեկտեմբերին առաջարկված տարբերակը, այն կոչելով միակ ,թարմացվածե տարբերակ։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մյուս տարբերակները հնացած տարբերակներ են։ Բայց պետք է հիշատակել, որ անգամ 2009 թ. տարբերակի վերաբերյալ Ադրբեջանը ուներ մի շարք վերապահումներ և փոփոխություններ, ինչպես դա եղել է այլ բոլոր տարբերակների պարագայում։
Բաքուն մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված և միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում:
Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ոչ միայն առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այլ նաև պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը և նոր մարդկային կորուստների են հանգեցնում:
Չնայած կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության և ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները և ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները:
Ամենացինիկ սադրանքը, որը տեղի ունեցավ անցյալ տարվա օգոստոսին, ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից էքստրադիցիայից հետո, պաշտոնական Բաքվի կողմից ազատ արձակելն ու հերոսացնելն էր:
Բոլորովին վերջերս Ադրբեջանը պետական մակարդակով հալածանքների ենթարկեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին այն պատճառով, որ նա իր վեպում անդրադարձել էր Ադրբեջանում հայերի հանդեպ իրագործված կոտորածներին: Այլիսլիի գրքերն հրապարակային այրեցին։ Պարգև խոստացվեց նրա ականջը կտրողին: Գրողը ստիպված եղավ ապաստան փնտրել Ադրբեջանի սահմաններից դուրս:
Չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը: