Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը երեկ մերժել է վետո դնել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքի վրա։ Խորհուրդը չի տեսել հակասություններ օրենքի և սահմանադրության սկզբունքների հետ, որոնք հիմնված են անհատի հիմնարար իրավունքների, ազատությունների և ազգային ինքնավարության վրա։
Այժմ սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդն ազատ է ստորագրել այդ փաստաթուղթը։ Իմանալով սահմանադրական խորհրդի որոշման մասին՝ նա հայտարարել է, որ իր համար ինքն ամեն ինչ որոշել է, և եկել է ժամանակն ի կատար ածել Հանրապետության օրենքը։
Միասեռ ամուսնությունների օրինականացումն Օլանդի և Սոցիալիստական կուսակցության նախընտրական խոստումներից մեկն էր։ Ֆրանսիան Եվրոպայում 8-րդ, իսկ աշխարհում 14-րդ երկիրն է, որ օրինականացրել է միասեռ ամուսնությունները։