«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Եթե ազնիվ մարդիկ կարողանային միավորվել այնպես, ինչպես միավորվում են սրիկաները»

«Եթե ազնիվ մարդիկ կարողանային միավորվել այնպես, ինչպես միավորվում են սրիկաները»
17.04.2013 | 18:02

Մամուլի հրապարակումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործը դրված է Վ. Պուտինի սեղանին, իրապես տագնապ է հարուցել ոչ միայն գործող անձի, այլև շատ որոշակի ազդեցիկ շրջանակներում: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել. նման գործառույթները զուրկ են իրենց գոյությունը շարունակելու բնական վիճակից: Նրանց գոյությունը խստորեն պայմանավորված է հանրության` իրենց նկատմամբ ունեցած կեցվածքով: Հանրության այդ կեցվածքը, ցավոք, ձևավորվում է տևական ժամանակահատվածում, որը, սովորաբար, «պատմականորեն» բառով ենք բնորոշում:
Պատմությունը մեր ժողովրդին որքան էլ մեծ համբերատարություն է բաժին հանել, նույնքան էլ «նենգաբար» է տնօրինել նրա ճակատագիրը: Հատկապես վերջին շրջանի տարուբերումները ակնհայտորեն ապացուցեցին, որ այդ համբերություն կոչվածը կացնահար է անում հայ մարդու բարոյական հասկացությունների հազարամյա արմատները:
ՈՒշադիր լինենք. վերջին շրջանում արտագաղթի ժանտ ստվերը չի հեռանում մեր գրավոր և բանավոր հրապարակումներից: Առաջին հայացքից թվում է, թե դա տագնապի դրսևորում է: Իրականում, սակայն, այդ տագնապն իր հերթին ենթակա է ձևազեղծման, և մեր հանրությունը սկսում է հաշտվել այդ երևույթի հետ: Հաշտվողական այդ կեցվածքը, ժամանակի ընթացքին ենթակա, ձևազեղծվում է` առաջացնելով հոգեկերտվածքի նոր դրսևորումներ, որը ծանր ստվերի պես փռվում է հայերիս, իսկ առավել հետևողականորեն` հայաստանցիներիս հոգեբանության վրա: Այդ երևույթը մեզանում ոչ հայերեն անվանում ունի` «մուննաթ»:
Մենք բոլորս պահանջատեր ենք, պատասխանող չկա: Եվ քանի որ պատասխանողի աթոռը չի կարող թափուր մնալ, գտնում ենք մեկին, որի վրա կարող ենք «մուննաթ գալ», նրա կեցվածքով պայմանավորել մեր անհաջողությունները: Ամենավերջին անհատը, որին մեր անհաջողությունների թիրախ ենք փորձում դարձնել, Րաֆֆի Հովհանիսյանն է: Այդ անհատը, որը, իրոք, ժողովրդի եթե ոչ բացարձակ, ապա մեծապես զգալի քվեն էր ստացել, զարմանալիորեն միայնակ մնաց:
Հանրությանն առաջնորդող և մինչ այդ հրապարակները գրաված ոչ մեկը չկանգնեց նրա կողքին, թեև թվում էր, որոշ ուժեր կարող էին սատարել նրան: Նա գնաց մենակ և, ըստ որոշ թերթերի մեկնաբանությունների ու լուսանկարների, սայթաքեց:
Ինչպիսի ողբաձայն համանվագ, հայաստանցիներիս բառապաշարով` «մուննաթ». ինչո՞ւ Րաֆֆին այսպես արեց և չարեց այնպես:
Բայց ոչինչ, այս «մուննաթը» ևս կանցնի, և արջի քուն մտած մի շարք մանր ու խոշոր քաղաքական միավորներ կրկին կհայտնվեն հրապարակներում` ժողովրդի ճակատագիրը «տնօրինելու» համար:
Մենք համակրանքով ենք հետևում Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին` ուղղված, մասնավորապես, երկրի կենսական ուժերը լափող կոռուպցիոն երևույթի դեմ անհաշտ պայքարին, և համոզված ենք, որ նրա ընթացքը ոչ միայն չի խաթարել, այլև նպաստել է ժողովրդավարության հաստատմանը մեր պատմության այս անլույս հատվածում:
Մենք վճռականությամբ ողջունում ենք ՀՀ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության» ակտիվ գործունեությունը` ուղղված Հայաստանի ներկա ու նախկին որոշ պաշտոնյաների` ժողովրդից թալանած հարստությունը արտասահմանյան երկրներից Հայաստան վերադարձնելուն, ինչպես նաև այդ երկրների նմանատիպ կառույցների հետ նրա սերտ համագործակցությունը:
«Եթե ազնիվ մարդիկ կարողանային միավորվել այնպես, ինչպես միավորվում են սրիկաները» թևավոր խոսքը երազանք է թվացել ազգերի հասարակական-քաղաքական կյանքի դժվարին պահերին:
Բարի երթ «կոռուպցիա» կոչված չարիքի ոչնչացման շատ դժվարին գործին միավորվածների ընթացքին:

Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանի
Հայաստանի մտավորականների ֆորումի համակարգող խորհուրդ

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ