ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Եվ մեզ՝ մարդկությանը, Աստվածային լույսը շնորհվեց 2000 տարի առաջ

Եվ մեզ՝ մարդկությանը, Աստվածային լույսը շնորհվեց 2000 տարի առաջ
08.05.2009 | 00:00

ՍԱ՛ է ԱԼՖԱՆ ԵՎ ՕՄԵԳԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԵԼՔԻ ՈՒՂԻՆ
Հայաստանի տարեկան ազգային համախառն արդյունքը 50-60 միլիարդ դոլար դարձնելու նշանակետի նվաճումը երազանք չէ: Այն կարո՛ղ է իրականություն դառնալ, նույնիսկ մե՛ր սերնդի ընթացքում, պայմանով, որ... ճանաչենք ինքներս մեզ, մեր հայկական հարազատ ինքնությունը և դառնանք ով որ պարտավո՛ր ենք լինել՝ մեր Սուրբ Հայրերի ժառանգորդները:
Տնտեսության զարգացո՜ւմ: Ներդրումների ա՜ճ: Աշխատատեղերի ավելացո՜ւմ: Սոցիալ-տնտեսական վերե՜լք: Լիարժեք անկախությո՜ւն: Հայ Դատի պաշտպանությո՜ւն: Ազգային իղձերի իրագործո՜ւմ... բոլոր-բոլորը սկսվում են մենք մեզ ճանաչելուց և մեր՝ մենք լինելուց, 1700-ամյա Քրիստոսաբնույթ լույսի ուխտով...
Հայ հոգևոր ու աշխարհիկ ղեկավարությունը, ազգային մտավորականությունը կարո՞ղ են համայն ազգը միավորել, առաջնորդել այդ լույսի ուխտով` վերակերտվելու, վերահաստատվելու և ապրելու այդ ուխտով: Եթե այո՛, հայության ընթացքի առաջ «բոլոր ձորերը լցվելու են և բոլոր բլուրները խոնարհվելու են» (Եսայի, Խ 4)... Եթե ո՛չ, ազգային ժառանգությանն անհավատարիմ մեր հավատազուրկ ընթացքը մոլորվելու է թունավոր ճահիճների մեջ...
Աստված 1700 տարի առաջ հայու մարդկային էությանն ավելի մե՜ծ ազատություն տվեց՝ տնօրինելու իր ճակատագիրը ներկայում և հավիտյանս: Իր Սուրբ Հոգով լուսավորեց հայու հոգին ու միտքը: Շատերի պես հայը ևս միշտ չէ, որ քայլեց այդ լույսով. գերադասեց խավարը և սկսեց աստիճանաբար գերի դառնալ խավարին: Հատկապես վերջին հարյուրամյակին...
Պետք է գիտակցենք, որ 1700-ամյակը Շնորհողը մեզանից ծես ու ձևականություն չի՛ սպասում, այլ անառակ որդու վերադարձը՝ մեղայի գալով, որ հագցնի դարձյալ հարազատ որդու պատմուճանը...
1700-ամյակի խորհուրդը կոչում է մեզ վերադառնալ դեպի լույս, դեպի կյանք, դեպի վերելք՝ կատարելության երջանկություն: Դրա համար ազգի պետականորեն քրիստոնեացման լույսի իմաստությունը, կորովն ու զորությունը պետք է կիրառվեն հայկական կյանքի բոլոր բնագավառների և բոլոր նպատակների իրագործումներում:
Դրա համար ըմբոստանանք խավարի գերության դեմ և Սուրբ Հեղափոխություն հռչակենք՝ ազատագրվելու համար հոգեկան, բարոյական և գաղափարական այլասերումից, որ գնալով խորացնում ու ավելի կործանիչ է դարձնում իր տիրակալությունը մեր ազգի ու հայրենիքի կյանքում. վերակերտենք մեր ազգային տոհմիկ կերպարը և վերահաստատենք մեր ազգային աստվածահաճո կյանքը՝ ի ապահովություն և բարգավաճում հայության ու Հայաստանի, ի բարօրություն նաև մարդկության և ի փառս Սուրբ Երրորդության:
Այս պետք է լինի հայոց պետական, հայրապետական ու հասարակական առաջնային նպատակն ու քաղաքականությունը: Դրա իրագործմանը պետք է ծառայեն հայոց գիտությունը, կրթությունն ու մշակույթը: Դա պետք է դառնա յուրաքանչյուր հայի առաջնային խնդիրը և կյանքի հիմնական իմաստը՝ Աստծո օգնությամբ:
ԽՈՀԵՐ ՄՇՏԱՐԹՈՒՆ, ԲԱՅՑ ՀԱԶՎԱԴԵՊ
Հայ ազգի և երկրի գոյապահպանումն ու զարգացումը պահանջում են, կարճ ասած, հավատավոր, հարազատ և գրագետ մոտեցում: Վերջինիս մեջ մտնում է արհեստավարժությունը, որը, հմտությունից բացի, ենթադրում է նաև ճշտապահություն և կարգապահություն:
Հայոց ազգային ու պետական բոլոր հիմնական բնագավառների ամրապնդումն ու դրանց զարգացման համար ջանքերը, որպեսզի համապատասխանեն ազգի ու հայրենիքի Աստվածահաճո՝ արժանապատիվ, ապահով ու բարգավաճ վիճակի ապահովմանը` լինելով հավատավոր, հարազատ, գրագետ և գործնականորեն կիրառելի, պետք է ծրագրվեն Հայոց Ազգային Գաղափարախոսության, դրա վրա հիմնված ռազմավարության և դրանից բխող մարտավարության վրա՝ բոլոր հանգրվանների համապատասխան կազմակերպական կառավարմամբ: Վերջինիս գերազանցության չափանիշ պետք է ընդունել ամբողջ ազգի բոլոր բնագավառների ներուժի զորահավաքը, ներուժի շարունակական զարգացումը, հզորացումը և ամենաարդյունավետ կիրառումը` համաձայն ընդունված ռազմավարական ու մարտավարական ծրագրերի:
ՈՒրեմն` նախ գաղափարախոսություն.
- Հայ Ազգային Գաղափարախոսության (ՀԱԳ) հիմքի վրա, որից պետք է բխեն`
- Պետականության և պետության հայեցակարգը,
- Կրթական և մշակութային հայեցակարգը,
- Ազգային կենցաղավարության հայեցակարգը,
- Համահայկական տնտեսական հայեցակարգը,
- Ազգային պաշտպանության ու անվտանգության հայեցակարգը, որը միահյուսվում է վերոնշյալ հինգ հայեցակարգերի հետ:
ՀԱԳ-ը բացահայտելու և հնարավորություն է տալու ճանաչել, զարգացնել ու օգտագործել ազգի անհատնում, բազմակողմանի և բազմաբնույթ ներուժի հզորությունը…
Հիմնականն ու առաջնայինը, բնականաբար, ՀԱԳ-ն է, որից պետք է բխի ազգի և պետության գլխավոր ռազմավարությունը և միաժամանակ իմաստ և ուղղություն տա ու նաև սնի ազգի տարբեր բնագավառների հայեցակարգերը, որպեսզի դրանց հիման վրա մշակվեն ճյուղային ռազմավարական և մարտավարական հիմնական ու հարակից ծրագրերը:
Այդ ընթացքում օգտակար է հարցադրել և պատասխանել, իմիջիայլոց, թե հայկական գաղութները, սկսած վաղ միջնադարից, ինչո՞ւ ձևավորվեցին, ծաղկեցին ու հետո վերացան։
Գաղութների կազմավորման պատճառները և պայմանները տարբեր էին։ Նրանք տարբեր կյանք ունեցան, տարբեր դեր կատարեցին, բայց վախճանը նույնը եղավ։ Ինչո՞ւ։
Կա՞ որևէ ուսանելի բան այդ գաղութների գոյացման, գոյատևման, նրանց կատարած դերի ու, ի վերջո, վախճանի պարզաբանման մեջ մեր այսօրվա ու վաղվա գոյավիճակն ապահովելու ու ընթացքը կարգավորելու համար։ Անտարակույս կա, և պետք է գտնել «ինչու»-ի պատասխանը, պարզել պատճառներն ու անել համապատասխան եզրակացություններ մեր հետագա քայլերի համար։ Մանավանդ որ հայության միասնության ու համազգային գործունեության խնդիրն օրակարգի հրատապ հարց է:
Շատ օգտակար կլինի, եթե այդ «ինչու»-ն տարածենք նաև Հայոց ցեղասպանության, Երկրի դատարկման և կորստի մեզանից կախված պատճառների որոնման վրա, թեև շատ ուշացումով։ Սա ևս թե՛ այժմեական և թե՛ մեր ապագայի կերտման խնդիրներին է վերաբերում,..
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՀԵՐ
Այս անգամ Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք բազում մեկնաբանություններ ունեն։ Դրանց շարքում քիչ արծարծվածներից, բայց հույժ կարևորներից և ուսանելիներից կարելի՞ է համարել չհաշվարկված կամ սխալ հաշվարկված ու անկառավարելի արարքները։ Օրինակ, պաղեստինցի ժողովրդի տարբեր կուսակցությունների, կազմակերպությունների ըմբոստ ու իրարամերժ արարքները, որոնք, փաստորեն, պաղեստինցիների նախաձեռնությամբ, ջանքերով ու առավել զոհերով ուղեկցվող արարքներն ավելացնում են իսրայելյան քարոզչության և ուժային հնարավորությունների գործուն ու առավել արդյունավետ օգտագործումը, հօգուտ Իսրայելի:
Ինչո՞ւ: Պատճառը պաղեստինցիների տարակարծությո՞ւնն ու բազմակարծությո՞ւնն է կամ միասնականության պակա՞սը: Ո՛չ: Հրեաների տարակարծությունն ու բազմակարծությունն ավելի է և միասնականությունն էլ պակաս, քան պաղեստինցիներինը: Բայց հրեաների այդ բացասականորեն «ավելին» և «պակասը» ինչ-որ աստիճանում նույնիսկ դառնում են դրական այն պատճառով, որ գոյություն ունի ազգային օղակների կառավարման ամուր շղթա ու այդ շղթայի կիրառման կազմակերպական կարգապահություն: Այո՛, ազգային և պետական շահերի չափանիշով կառավարման գրագետ կարգապահությունը՝ շատ երևույթների ու հարցերի վերաբերյալ տարակարծությունը, բազմակարծությունը և նույնիսկ ապակենտրոնացումը, վերջին հաշվով կդարձնի դրական, կդարձնի ստեղծագործ, ճկուն, զորեղ ու ՀԱՂԹԱԿԱՆ:
Այսպիսի կարգապահությունը կարող է ստեղծվել, պահպանվել և կիրառվել ավելի կամ նվազ հաջողությամբ, նյութական-կազմակերպչական միջոցներով, ներառյալ՝ վարչական, քարոզչական-դաստիարակչական, նյութական ու բարոյական խրախուսանքներ և այլն: Բայց ստեղծել ու ամրապնդել այդպիսի կարգապահություն ժողովրդի ինքնագիտակցության մեջ՝ որպես կյանքի ապրում, դարձնելով դրա կիրառումն ինքնաբուխ, ինքնակառավարվող, ամուր, մշտական, հարատև ու ամենուր՝ անհրաժեշտ բարձրագույն զգոնությամբ, հնարավոր է միայն հոգևոր և գաղափարական ներգործությամբ, այն է՝ Աստուծո հավատքով և դրանից բխող ու դրա վրա հիմնված գաղափարախոսությամբ... Մեր դեպքում, դրանից էլ ավելի թանկագին ու հզորագույն միջոցի իրացման կարողությունը մենք կստանանք՝ ապրելով ըստ Հայ Ազգային Գաղափարախոսության (ՀԱԳ): Դա նշանակում է՝ Սուրբ Հոգու Շնորհքով կյանքի ապրումի իմաստավորում՝ ծառայելով ու հասնելով ընտանիքի, ազգի, հայրենիքի և դրանց միջոցով նաև մարդկության վերելքին ու բարօրությանը, ի փառս Սուրբ Երրորդության:
Հայոց ապահով, հզոր, ստեղծագործ, արդար ու մշտապես բարգավաճող հայրենիքի, պետականության կատարյալ քաղաքացի դառնալը, պայմանավորված է Աստուծո Արքայության Սուրբ Քաղաքացիության թեկնածությամբ, որին կարժանանանք՝ վարելով երկրի վրա Աստուծո Արքայության պատկերով քաղաքականություն:
Այդ քաղաքականության կիրառման ասպարե՞զը` հայ ընտանիքն է: Եվ հայոց ազգն է, և հայոց հայրենիքը` որպես մարդկության հարազատ, օգտակար և կենսական մասնիկ:
Միջո՞ցը՝ սրբությունն է:
Աղբյո՞ւրը՝ Հավատքը, Հույսը և Սերը, որ բխում է Հիսուս Քրիստոսի Ավետարանից և խաչից:
Սա է Ալֆան և Օմեգան: Եվ սրանից դուրս չկա որևէ բան, որ լինի լինելիություն: Քանի որ սրանից դուրս ամեն ինչը՝ ինչ չէ՛, այլ ունայնություն է ունայնությանց, մահ և կորուստ՝ խավար Հավիտենական: Բայց
ԱՍՏՎԱԾ ԼՈՒՅՍ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԵՐ Է... ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ
Եվ մեզ՝ մարդկությանը, Աստվածային լույսը շնորհվեց 2000 տարի առաջ: Այդ լույսը 1700 տարի առաջ ծագեց նաև մեր պետականության, հայոց պետական ինքնության մեջ:
Այժմ՝ քսանմեկերորդ դարի շեմին, մենք ունենք Մեծ Հրավեր: Մեր ազգի և պետականության մեծագույն խնդիրը կարողանալն է տեսնել, զգալ, հասկանալ, ընդունել այդ հրավերը և համապատասխանաբար զգեստավորվել հոգեպես, բարոյապես և գաղափարապես՝ արժանանալու համար ներկայանալ հրավերին: Դրա համար անհրաժեշտ է իր հերթին ընդունել 1700 տարի առաջ մեր նախահայրերին շնորհված Լույսի իմաստությունն ու զորությունը՝ որպես Ազգային Սուրբ Ժառանգություն, որով և հնարավոր կլինի լուծել բոլոր մեր խնդիրները, հաղթահարել բոլոր փորձությունները, դժվարություններն ու վտանգները և հաստատվել որպես Աստուծո Սուրբ Ազգ և Պետություն:
Հայոց ազգային և պետական քաղաքականությունն ա՛յս իրողությամբ պետք է նպատակադրվի, ծրագրվի և կիրառվի:
Փողը հնչել է հրավերի: Պետք է անսանք ու միաժամանակ գիտակցենք, որ այդ նաև ազդարարություն է, նշանավորող մեր գոյավիճակը մինչև այսօր, ու նաև՝ մեր ազգային ներքին կյանքում կազմալուծման և ներուժի հետագա ամլացման միտումներով ընթացող մեր փորձությունները, դժվարությունները, վտանգները:
Բայց հրավերի ազդը նյութական ալիքներով չի փոխանցվում, այլ հոգեկան ալիքներով: Հայոց կյանքի էական խնդիրն այդ հոգեկան ալիքներով հրավերին անսալն է։ Բայց մեր հոգիները պատրա՞ստ են, առողջ, մաքուր և զգաստ վիճակո՞ւմ են, որ անսան։ Եթե չե՛ն կամ լիովին չեն, ազգային և պետական մեր ո՞ր կառույցը, կառույցները պետք է ընկալեն ազդն ու փոխանցեն ազգին ու երկրին, մանավանդ նրանց, որ պաշտոնական ու բարոյական պատասխանատվություն են ստանձնել և պարտավոր են գործնականորեն արձագանքել հրավերին:
Որտեղի՞ց պետք է սկսել, ովքե՞ր պետք է լինեն ռահվիրաները։
Ինչպիսի՞ն պետք է լինեն նրանք, որ կարողանան անսալ և զգալ ու գիտակցել իրենց պարտականությունները, որպեսզի արժանի լինեն և կարողանան սկիզբը դնել կայուն անվտանգության, բարեկեցության և համընդհանուր հարատև վերելքի։
Այս իմաստով իրապաշտորեն անհնարինի՞ առաջ ենք կանգնած:
Այո՛, ըստ երևույթին իրապաշտորեն այդպես է, եթե իրապաշտությունը երկրային, մարդկային չափանիշներով է: Բայց գոհություն մեր Հորը, որ կիրառում է Երկնային՝ Աստվածային իրապաշտությունը, որ Աստուծո համար անկարելի բան չկա: Որը հույս է, լույս է և կյանք՝ Իր սիրով...
ՈՒրեմն դարձյալ՝ վերածննդի, վերականգնման, վերակերտման և ազգային ու պետական բարձունքների նվաճման, ինչպես և հավիտենական լույսին արժանանալու ընթացքը «Հոգով գնացե՛ք և մարմնի ցանկությունները չեք կատարի» (Գաղ. Ե 16) առաքելական պատգամի կատարմամբ է պայմանավորված: Այսինքն, լույսով՝ սրբությամբ ընթացեք և խավարի (նյութապաշտության՝ փառամոլություն ու հեշտամոլություն, քաղքենիություն և մասամբ նորին) կյանքով չեք ապրի, որը կորուստ է այժմ և հավիտյանս...
Եթե մեր ազգային իրականությունում, մեր երկրում նայողները չպիտի տեսնեն և լսողները չպիտի իմանան այս պատգամի խորհուրդը և չպիտի ընթանան դրա կենսագործման ճանապարհով, այն ժամանակ իրապես հույս չկա: Բայց, համաձայն Ավետարանից բխող մեր հավատքի, Աստված՝ մեր Արարիչ Հայրը՝ Բարեգութ ու Անոխակալ, որ այնքա՜ն սիրեց մեզ, որ Իր Միածին Որդուն զոհեց վասն մեր փրկության, Նրանով մեր հույսը կա: Հավատում ենք, որ Նա կավելացնի Իր շնորհքը մեր ազգի մեջ, կպարգևի ազգային-հոգևոր վերածննդի առաջնորդող կարապետներ՝ հաղորդելով Իր կամքի կատարման խորհուրդները, և մեզ՝ ժողովրդին ևս կտա շնորհք, որ անսանք ու հետևենք մեր կարապետներին՝ կատարելու համար կենսատու գործերը` ազգի վերելքի, մարդկության բարօրության և ի փառս Սուրբ Երրորդության փառքի համար:
ԿԱՊՐԵՍ, ԵԹԵ ՄԵՌՆԵԼ ԻՄԱՆԱՍ
«Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն ինքը` հատիկը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12, 24-25)։
Հողը հայ ազգն ու Հայաստանն է. ցորենի հատիկը` յուրաքանչյուր հայ։
Ա՛յս իմաստն ունի Հիսուսի խոսքն ըստ Հիսուսի հավատքից բխող և նրա վրա հիմնված Հայ Ազգային Գաղափարախոսության:
Այնուհետև Տերը հստակորեն ասում է. ով որ գտնի իր անձը, այն կկորցնի, ով որ ինձ համար կորցնի իր անձը, այն կգտնի հավիտենապես։
Այս պատգամը հստակորեն հասկացել էին հավատքով լուսավորված մեր ազգի մշակները և մեր ազգային սրբագործված գաղափարախոսության ճարտարապետները, ովքեր դրանով դաստիարակել, կրթել և ուսուցանել են սերունդներին, որով և մենք այսօր կանք։ Բայց կանք միայն ֆիզիկապե՞ս, թե՞ մեր գոյությունը պարունակում է նաև մեր մեծերի, մեր սուրբ հայրերի Աստվածասեր ոգին, արտահայտված Հայ Ազգային Գաղափարախոսությամբ, որը բխում է և հիմնված է Հիսուս Քրիստոսի Ավետարանով և խաչով Արարիչ Հայր Աստուծո հավատքի վրա։
Այս հիմնահարցը պետական բնույթի է, այդ բնույթով պետք է լինի նաև պատասխանը:
Վարդան ԳՐԻՉԵՆՑ

Դիտվել է՝ 3572

Մեկնաբանություններ