ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ժողովուրդն ուզում է, որ մեղավորը պատժվի, արդարն էլ արդարացվի, որ կուսակցական շահի չափանիշներով չգնահատվի ամեն բան»

«Ժողովուրդն ուզում է, որ մեղավորը պատժվի, արդարն էլ արդարացվի, որ կուսակցական շահի չափանիշներով չգնահատվի ամեն բան»
08.05.2009 | 00:00

«ԹՈՒՐՔԻ ՍՈՒՐԸ ԴԵՌ ԱՐՆՈՏ Է, ԵՐԵԿ ԱՅԴ ՆՈՒՅՆ ՍՐՈՎ ԲԱՔՎՈՒՄ ԿՈՏՈՐԱԾ ԱՐԵՑ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Բանաստեղծ ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆԸ պոեզիայի միջոցով պարզաբանում է իր և մեր ինքնության, ազգային նկարագրի, աշխարհայեցողության խնդիրները: Նման մի պարզաբանման ոչ բանաստեղծական փորձ է և այս զրույցը 75-ամյա հոբելյանը բոլորած բանաստեղծի հետ ու նաև հիշեցում այն մասին, որ այդ հոբելյանը մեզանում չգտավ պատշաճ արձագանք:
«ՀԻՄԱ ՍՊՈՐՏԻ, «ԱՍՏՂԵՐԻ», ՓԱՌԱՏՈՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ Է»
-Պարո՛ն Դուրյան, այսօրվա դրությամբ Հայաստանի հասարակությունն առաջնահերթորեն ինչպիսի՞ խնդիրների լուծում է ակնկալում իր ղեկավարությունից:
-Այդ հարցը շատ ընդհանուր է: Ինձ համար առաջնահերթորեն կարևոր բաները մեկ ուրիշին կարող են այնքան էլ կարևոր չթվալ: Ժողովուրդն անկեղծության կարիք ունի: Նա ուզում է, որ իսկապես մեղավորը պատժվի, իսկապես արդարն էլ արդարացվի, որ կուսակցական շահի չափանիշներով չգնահատվի ամեն բան: Մենք բոլորս մի ժողովուրդ ենք, ինձ այնքան էլ չի հուզում բազմաթիվ կուսակցությունների գոյությունը: Երբ նստել ու գրել եմ «Մաշտոց», «Այծեմնիկ», «Կոչմամբ գրաբար» պոեմները, չեմ մտածել այս կամ այն կուսակցության, քաղաքական շահերի, շքանշանների ու պարգևների արժանանալու մասին, իմ հոգու պարտքն եմ կատարել: Երբ Լենինին գովերգելու դառը ժամանակաշրջանում գրել եմ «Եվ Անին մնաց հեռվում» պոեմը, դրանով ցանկացել եմ ցույց տալ, թե իրականում որքան էր հայ ժողովրդին բարեկամ ընկեր Լենինը, որը Անին ու Մասիսը տվեց թուրքին, Ադրբեջանի նման մի ստից հանրապետություն սարքեց ու մեր հողերը տվեց նրան: Բոլոր ժամանակներում ինձ ամենաշատը հուզել են գրական հարցերը: Չեմ ուզում ասել, թե վիրավորված եմ, բայց գրականության հանդեպ անտարբերության որոշակի դրսևորումներ կան, որոնց պատճառով ինձ լավ չեմ զգում: Հիմա սպորտի, «աստղերի», փառատոների ժամանակաշրջան է, հեռուստատեսությամբ ամենից հաճախ նրանք են երևում: Թող սխալ չհասկացվի, ես սովետական հասարակարգը չեմ գովերգում, բայց այն տարիներին գրականությանն ավելի լայն ուշադրություն էին հատկացնում: Երբ գրողը գիրք էր գրում, անպայման արժանանում էր վերաբերմունքի:
-Արդյո՞ք այդ ուշադրություն կոչվածն իրականում վերահսկողություն, գրաքննություն չէր: Այդ աչալրջությունը գրողի, գրականության նկատմամբ այլ ենթատեքստ ուներ, և անհերքելի ապացույցները բազմաթիվ են եղերական 37-ի համապատկերում:
-Այո՛, շատ դժվար ժամանակներ էին, մեզ համար էլ հեշտ չի եղել անցնել այդ ճանապարհը: Բայց մենք շատ բան ունեցանք խորհրդային կարգերի շրջանում: Մեծ եղեռն տեսած, տեղահանված ազգ էինք, բայց, փա՜ռք Աստծո, հայրենիք ստեղծեցինք, շեն քաղաքներ ու գյուղեր կառուցեցինք, չկար աշխատանքի խնդիր, ամեն մարդ ուներ իր անելիքը: Սակայն միշտ առկա էր վախը, մեզ անընդհատ հետապնդում էր նացիոնալիզմի մեջ մեղադրվելու վտանգը: Անվերջ զգուշանում էինք, որ հանկարծ չտպագրվի մի այնպիսի պոեմ կամ բանաստեղծություն, որով վիրավորած լինենք թուրքերին: Բոլորիս ընտանիքներում էլ կային եղեռնից մազապուրծ մարդիկ, չկար մի հայկական ընտանիք, որ թուրքի յաթաղանի զոհ չունենար, բայց մեզ արգելվում էր այդ բաների մասին խոսել: Դա շատ վիրավորական էր: Բայց պիտի խոստովանեմ, որ մեր ղեկավար կոչվածների, վերնախավում, Խթը-ում աշխատողների մեջ էլ հայրենասեր մարդիկ կային, ովքեր աչք էին փակում մեր արածի հանդեպ ու թույլ տալիս, որ արժեքավոր, ազգային բովանդակությամբ գործեր տպագրվեին: Այդ տարիներին, երբ Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի գրքերը լույս էին տեսնում, մարդիկ գիշերներով գրախանութների առջև հերթ էին կանգնում, որպեսզի գնեն: Մենք ընթերցող ունեինք: Իսկ հիմա թվում է, թե ազատ ենք, գրում ենք՝ ինչ մտածում ենք, բայց ընդամենը հինգ հարյուր օրինակ գիրք ենք տպում:
-Օրեր առաջ գրողների միությունում քննարկում էր կազմակերպված «Գրական գործընթացները և գրական մամուլը» թեմայով: Ըստ լրատվամիջոցների տեղեկատվության՝ քննարկմանը ներկա են եղել հատուկենտ մարդիկ: Սա չի՞ նշանակում արդյոք, որ գրական անցուդարձերը չեն հետաքրքրում հենց գրական աշխարհի ներկայացուցիչներին:
-Ես էլ չեմ մասնակցել, թեև ՀԳՄ նախագահության անդամ եմ: Ինձ ոչ ոք այդ մասին չի ասել: Ինչո՞ւ:
-Գուցե գրողների միության շուրջ խմորվող անհանգիստ կրքե՞րն են խանգարում, որ գրողների և միության կապը բնականոն հունով ընթանա:
-Կարճ կասեմ. գրողներին շատ բան պետք չէ, կարգապահություն է պետք: Ասել, թե գրողների միությունը մատնված է անտերության, անգործության, ճիշտ չէ: Եթե թերություններ ունի, թող մատնացույց անեն, շտկեն: Ինչ-որ մարդիկ չեն հավանում Լևոն Անանյանին, թող սպասեն մինչև ընտրություններն ու թույլ չտան վերընտրվելու: Թող ավելի լավ թեկնածու առաջարկեն, ու գրողների միությունն ունենա ավելի լավ նախագահ: Իսկ մնացած բոլոր խոսակցությունները լուրջ չեմ համարում:
«ԹՈՒՐՔԵՐԸ ՀԵՇՏ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՏԱ ՄԵԶ»
-Հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» գործընթացը մեր ազգի կրած կորուստները երբևէ փոխհատուցելու հույսեր արթնացնո՞ւմ է Ձեր մեջ:
-Թուրքերը հեշտ ոչինչ չեն տա մեզ: Երբե՛ք:
-Իսկ դժվա՞ր:
-Դժվարը նրանց համար այն կլինի, որ մեր թիկունքին կանգնած լինի (անկեղծորեն, իսկապես կանգնած լինի) այնպիսի մի ուժեղ, մեծաքանակ ժողովուրդ, ինչպիսին իրենք՝ թուրքերն են:
-Դուք ո՞ւմ եք համարում այդպիսի ժողովուրդ:
-Ես չեմ ուզում կենտրոնանալ մեկի վրա, դնել ազգային սահմանափակումներ: Դա կարող է լինել և՛ ռուսը, և՛ ամերիկացին, և՛ եվրոպացին: Պարզապես ուզում եմ, որ եթե ամերիկացին մեզ օգնի, ռուսը դրանից չնեղանա, եթե ֆրանսիացին օգնի, գերմանացին չնեղանա: Երբ այդ ժողովուրդներն իրար հետ համաձայնության գան, այդ ժամանակ մեզ համար արդար վճիռներ կկայացվեն: Եթե մեկի կամ մյուսի շահի հետ չառնչվի մեր հարցը, այլ դիտարկվի արդարության չափանիշով, մենք կունենանք արդյունք: Թե չէ ամբողջ ազգով սպասում ենք՝ Ամերիկայի նախագահը «գենոցիդ» բառը կասի՞, թե՞ չի ասի: Չի ասում, թող չասի, մենք դրա կարիքը չունենք: Իրենք պիտի մեզ գնահատեն, հասկանան, որ մեծ սպանդից հետո կարողացել ենք գոյատևել, այսքան բան ստեղծել: Համաշխարհային «Կարմիր գրքում» գրանցում են կենդանական աշխարհի հազվագյուտ, ոչնչացող տեսակներին, քարոզում առանձնահատուկ վերաբերմունք ու խնամք ունենալ դրանց նկատմամբ: Իսկ ինչո՞ւ չեն մտածում այն ազգերի մասին, որոնք մեծ կորուստներ են ունեցել, ինչո՞ւ չեն մտահոգվում նրանց կորուստները փոխհատուցելու մասին: Եվ եթե այդպես է, էլ ես ո՞նց, բանաստեղծ լինելով հանդերձ, հավատամ, թե ռուսները, ամերիկացիները կամ եվրոպացիներն իսկապես ինձ կօգնեն:
-Համամի՞տ եք այն տեսակետին, թե հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները պետք է սառեցնել, որպեսզի աշխարհը չունենա այն թյուր պատկերացումը, թե մենք հրաժարվել ենք Հայ դատի պահանջատիրությունից:
-Ո՛չ, այդպես չպետք է նայենք հարցին: Պիտի հետ շրջվենք ու նայենք հրեաներին, նրանց ու գերմանացիների հարաբերություններին: Մենք չպիտի համաձայնենք պատմաբանների հանձնաժողովներ ստեղծելու, ցեղասպանության հանգամանքները բացահայտելու թուրքերի առաջարկությանը: Թուրքի սուրը դեռ արնոտ է, երեկ այդ նույն սրով Բաքվում կոտորած արեց (եթե Բաքվում էր, չի նշանակում, որ թուրքի մատը խառը չէր), էլ ի՞նչ հանձնաժողով ու քննարկում: Թուրքիան թող նախ` ներողություն խնդրի հայերից իր գործած սպանդի համար, հետո մենք կմտածենք հաջորդ քայլերի մասին: Նրանք ավելի մեծ ու խելոք ժողովուրդ չեն, քան աշխարհին Գյոթե, Բեթհովեն տված հանճարեղ գերմանացիները, որ ներողություն խնդրեցին հրեաներից:
-Իսկ ի՞նչ կարծիքի եք Ադրբեջան-Թուրքիա անհամաձայնությունների մասին:
-Սարքած բան է, սցենար: Մայր ձին իր քուռակից երբեք չի հեռանա, չի դադարի նրան կաթ տալուց: Քուռակն էլ միշտ հետևից կվազի:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ» ծրագիրը կարո՞ղ է մեզ դույզն-ինչ մոտեցնել մեր նպատակների իրագործմանը:
-Ի՞նչ է նշանակում «ճանապարհային քարտեզ»: Ես դա չեմ հասկանում: Տուրիստնե՞ր պիտի գան-գնան այդ քարտեզով, ի՞նչ պիտի լինի: Թող բացատրեն, ոչ ոք ոչինչ չի բացատրում:
-Իսկ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս գալը հիմքեր տալի՞ս է ենթադրելու, որ մեզ համար աննպաստ դրույթներ կան այդ փաստաթղթում:
-Եթե դաշնակները դա արել են անկեղծ մտածողությամբ, ուրեմն կարող եմ ենթադրել, որ այդպես է:
-Դուք կասկածո՞ւմ եք դաշնակների անկեղծությանը, նրանք Ձեզ նման հիմքե՞ր են տվել:
-Ինչո՞ւ չպիտի կասկածեմ: Կարող եմ և կասկածել: Կոնկրետ հիմքեր չեն տվել: Դաշնակցությունը շատ հին կուսակցություն է, մեծ մարդիկ են դրան անդամակցել: Բայց դա չէ կարևորը: Ես կցանկանայի հստակ իմանալ, թե ինչու նրանք կոալիցիայից դուրս եկան: Թող պատճառն ասեն, ես էլ հասկանամ: Ինչո՞ւ են այսքան շատ գաղտնիքները մեզանում:
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՐԵՆ ՄՏԱԾԵԼ ԻՄ ԱԶԳԻ ՄԱՍԻՆ»
-Ձեր կարծիքով` այսօր ո՞ր կուսակցությունն է ավելի շատ արժանի մարդկանց վստահությանը:
-Ես ընդհանրապես չեմ ուզում կուսակցականորեն մտածել իմ ազգի մասին: Եթե այդպես մտածեմ, չեմ կարողանա հավասարատես լինել: Օրինակ, Ծառուկյանի կուսակցությունը ժողովրդական թեքում ունի (ես էդպես եմ զգում), որովհետև ինքը ժողովրդական մարդ է: Շատ դիվանագիտական, գրքային կուսակցություն չէ, բայց անմիջական են, ինձ դուր են գալիս: ՈՒղղակի անհրաժեշտ է, որ ճիշտ մտածեն, ճիշտ աշխատեն` հենց թեկուզ օգնություններ տալու հարցում: Ծառուկյանն այս կամ այն մարդուն նվիրատվություն անելու փոխարեն ավելի լավ կլինի օգնի գյուղաշխարհին, ասենք` տրակտորներ նվիրի, որ կարողանան հողը վարել, բերքատվության խնդիրները կարգավորել: Մի մեքենա նվիրելու փոխարեն կարող էր մի ամբողջ տնտեսության գործունեությունը խթանել, հայ գյուղի համար մի անհրաժեշտ հարց լուծել, մի ամբողջ դպրոց վերանորոգել: Այսօր հարկավոր է ընդհանուրի, բոլորի մասին մտածել:
«ՎՐԱՑՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԻ ՀԵՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
-Ջավախքն այսօր ծանր վիճակում է: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Հայաստանում հայտարարեց, թե Քութայիսում մարդկանց վիճակն ավելի լավ չէ, քան Ջավախքում: Վրաց պաշտոնյաների այսօրինակ արդարացումները Ձեզ համար համոզի՞չ են:
-Ես շատ եմ մտածել ջավախահայերի նկատմամբ վրացիների գործած սխալների մասին: Վրացիներն ուզում են մեսխեթցի թուրքերին վերաբնակեցնել Ջավախքում: Ինչո՞ւ: Վրացին, որ այսօր թուրքի հետ լավամարդ է դարձել ու սկսել է մեզ հալածել, ավերել մեր վանքերը, պիտի մի բան հստակ գիտակցի. եթե հայերը` այս տարածաշրջանի իր միակ քրիստոնյա հարևանները, տեղահան լինեն, լքեն իրենց բնակավայրերը և նրանց փոխարեն այդտեղ լցվեն մահմեդականները, ապա վրացիներն իրենց իսկ երկրում կոչնչանան: Վրացու փրկությունը հայի հետ եղբայրությունն է: Եթե մենք ասպարեզում չլինենք, վրացուն շատ հեշտ կուլ կտան: Մեր կորուստը նաև իրենց կորուստն է: Ի՞նչ վատ բան է արել հայը վրացուն: Եթե որևէ վնաս տված լինեինք, ես կհասկանայի վրացիների թշնամանքը:
«ԻՐԵՆՑ ՍԽԱԼ ՔԱՅԼԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՑՐԻՆ ԼԵՎՈՆԻ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ»
-Ըստ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարության` այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մեր հանրապետությունում հանցագործությունների 57 տոկոս աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատությամբ: Որտե՞ղ փնտրել սրա պատճառները:
-Նրա վատ աշխատանքի մեջ. գլուխն ինքն է: Նախորդին հանեցին այդ պաշտոնից, իրեն նշանակեցին, որ պակասեին հանցագործությունները: Եթե աճել են, ուրեմն ինքն է պատասխանատու:
-Հավատո՞ւմ եք, թե մեզանում ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է:
-Մինչև մեր պետությունը չհասնի այն բանին, որ մենք լիովին իրեն հավատանք, կասկածները չեն դադարի գոյություն ունենալուց:
-ՀԱԿ համակարգող Լևոն Զոհրաբյանը կարծիք հայտնեց, թե մեզ հարկավոր է «ազգային ներքին հաշտեցման ճանապարհային քարտեզ»: Իսկապե՞ս մեր ազգի ներկայացուցիչներն այդքան անհաշտ են միմյանց հետ:
-Դա խայտառակություն է: ՈՒրեմն մենք իրար հետ այնքան ենք թշնամացել, որ պիտի հատուկ հաշտեցման ծրագի՞ր մշակենք: Իհարկե, կարիք չկար ընդդիմության հանդեպ այդպիսի խստություններ կիրառելու, այդքան մարդ սպանելու: Կարծում եմ, որ իշխանությունները զոռով հրահրեցին այդ հակամարտությունը: Ես լևոնական չեմ և երբեք էլ չեմ եղել, բայց կարծում եմ, որ իրենց սխալ քայլերով իշխանությունները մեծացրին Լևոնի համախոհների բանակը: Հունաստանում մի երեխա էին սպանել, ամբողջ ժողովուրդը դուրս եկավ բողոքի, և ոչ ոք չտուժեց, ոչ ոքի վրա չկրակեցին: Պատժել, իհարկե, կարելի է, բայց ոչ ցանկացած մեթոդով: Ի՞նչ կարիք կար այդքան սրելու հակասությունը: Այստեղ էլ կրկին պիտի անդրադառնամ մեր պետության սխալներին` կապված գրականության հետ: Առաջ, երբ նման բաներ էին լինում, երկրի ղեկավարները դիմում էին գրական մեծերին, խորհրդակցում էին նրանց հետ: Ինչո՞ւ հիմա այդ բանը չարեցին: Համոզված եմ, որ այդ դեպքում ավելի ճիշտ լուծում կգտնվեր:
-Եվ մի վերջին հարց. ի՞նչ ստեղծագործական պլաններ ունեք:
-Հիմա հանգստանում եմ: Վեց-յոթ գիրք եմ տպել վերջերս: Լույս է տեսել իմ բանաստեղծությունների, պոեմների միհատորյակը, որ կազմել, խմբագրել է Լևոն Անանյանը: ՈՒզում եմ մի քիչ վայելել այդ գիրքը: 2010 թվականին մտադիր եմ լույս ընծայել հուշերիս գիրքը, ապա և հրապարակախոսություններիս, գրականագիտական հոդվածներիս ժողովածուն:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ