Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՄԱՐԴՈՒՆ ԴԻՏԵՑԻՆՔ ԶՈՒՏ ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑ, ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՆՊԱՏԱԿ, ՄՅՈՒՍ ԴԵՊՔՈՒՄ՝ ՊԱՅՔԱՐԸ

ՄԱՐԴՈՒՆ ԴԻՏԵՑԻՆՔ ԶՈՒՏ ՈՐՊԵՍ ՄԻՋՈՑ, ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՆՊԱՏԱԿ, ՄՅՈՒՍ ԴԵՊՔՈՒՄ՝ ՊԱՅՔԱՐԸ
23.10.2009 | 00:00

Այսօր, թերևս, անհրաժեշտություն կա անդրադառնալու այն թեմային, որն իննսունական թվականների սկզբին, երբ դրվում էին անկախ, ինքնիշխան, մեր պարագայում նաև ազգային պետության հիմքերը, ինչպես հարկն է չկարևորվեց և փակվեց դեռևս չբացված, որի պատճառով, գրեթե քսան տարի անց, մենք շարունակում ենք խարխափել անորոշության մեջ, որովհետև, ինչպես հին հույներն են ասել՝ «չկա համընթաց քամի այն նավի համար, որը չգիտի դեպի ուր է նավարկում»:
Հազարամյակներ ձգվող փիլիսոփայական վեճը նյութի կամ գաղափարի առաջնայնության շուրջ զարգացել է մեկ ուղղությամբ ևս, դա այն է, որ այդ երկուսը չեն հակադրվում, չեն մրցակցում, այլ լրացնում են միմյանց: Իսկ «կեցությունն է որոշում գիտակցությունը» սահմանումը, ակնհայտ է, որ կարելի է շրջել նաև գլխիվայր, և այդ ժամանակ գիտակցությունը կորոշի կեցությունը: Երբ փայտն ունի երկու ծայր, դժվար է ասել, թե որն է սկիզբը: Մարդու գիտակցությունը, միտքը, փիլիսոփայական աշխարհայացքը, բարոյական արժեքները ձևավորում են այն իրականությունը, որում նա ապրում է: Բայց և միևնույն ժամանակ այդ իրականությունը կամ կեցությունը, իր հերթին, ներազդում է մտածողության և հոգեբանության վրա և, ուրեմն, արժեքային այն համակարգի վրա, որը թեև համակարգ է, բայց դոգմա չէ և ենթակա է բնության ամենահզոր օրենքին՝ փոփոխությանը: Փիլիսոփայությունը, ինչպես մշակույթը, անհասցե չէ, այն արտահայտում է ոչ միայն փիլիսոփայի անհատական մտքերը, այլև տվյալ ժողովրդի հավաքական գաղափարները, աշխարհընկալումը և փոխադարձաբար ունենում է իր ազդեցությունը հանրային գիտակցություն, արժեքային համակարգ ձևավորելու վրա: Այդ տեսակետից փիլիսոփայությունն իր խորքում նույնքան մոտ է արվեստին (որը բնույթով ազգային է), որքան գիտությանը, որը չունի ազգային հատկանիշներ: Գաղափարախոսությունը փիլիսոփայություն է: Փիլիսոփայության այդ լայն իմաստի մեջ մտնում է նաև կրոնը: Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղափարախոսության մեջ ամենաառանցքային դերը կատարել է քրիստոնեությունը՝ իր բարոյական կոդեքսով: Դա այն հիմքն է եղել, որի վրա կառուցվել են այդ պետության հասարակական-քաղաքական ինստիտուտները և օրենսդրությունը: Ընդհանրապես, օրենսդրության հիմքում ժողովրդի փիլիսոփայությունն է, բարոյական նորմերը, ամբողջ արժեքային համակարգը՝ ինչն է լավ և ինչն է վատ, ինչը կարելի է անել և ինչը ոչ մի դեպքում չի կարելի անել: Այդ արժեքային համակարգը դրված է պետության գաղափարախոսության հիմքում: Նման է շենք կառուցելուն, որի համար պետք է նախ և առաջ նախագիծ, որն իր մեջ ընդգրկում է շենքի հիմքը, այնուհետև մետաղյա այն կմախքը, որի վրա կառուցվում են միջնապատերը, և դրվում է հարկը հարկի վրա, ստեղծվում է միջավայր: Հետագայում, նույն փոխազդեցության սկզբունքով, այդ շենքն ինքը պայմանավորում է այդտեղ բնակվող մարդկանց հոգեբանությունը և աշխարհայացքը:
Հայտնի է, որ իրական խնդրից շեղելու ճանապարհներից մեկը արհեստական խնդրի առաջ քաշումն է: Մտածված կամ՝ ոչ, իննսունական թվականների սկզբին հենց այդպիսի մի արհեստական հարց բարձրացվեց. պե՞տք է արդյոք մեզ ազգային գաղափարախոսություն, թե՞ ոչ: Հազիվ թե երկրի ղեկավարը շփոթեր ազգային բառը ազգայնական բառի հետ, հակառակ դեպքում պետական պատկերասրահը կամ պետական ակադեմիան չէին վերանվանվի՝ ազգային: Փոխարենը քննարկելու, թե ինչպիսի կամ որ գաղափարախոսությունն է ընդունելի հայկական անկախ պետության համար, ծավալվեց անհեթեթ մի բանավեճ, թե ընդհանրապես մեզ պե՞տք է ազգային գաղափարախոսություն, թե՞ ոչ: Կան փաստեր, որոնք չեն քննարկվում, ինչպես, ասենք, պետության և գաղափարախոսության փոխադարձ կախվածության հանգամանքը: Հարցն այն չէ՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ, կամ՝ լա՞վ է, թե՞ ոչ. դա այդպես է: Չի քննարկվում այն, որ սեղանն ունի չորս ոտք՝ դա ճի՞շտ է, թե՞ սխալ և, ընդհանրապես, մարդկությանը սեղան պե՞տք է, թե՞ ոչ: Քննարկման նյութ կարող են լինել սեղանի գույնը, չափը, որակը և այլն, այսինքն՝ բովանդակությունը:
Ինչպե՞ս բացատրել ազգային գաղափարախոսության անհրաժեշտության այդպիսի կտրուկ մերժումը մեզանում: Կարծում եմ՝ դեմագոգիայի առիթ է դարձել ֆաշիստական գաղափարախոսության կարծրատիպը, ինչպես նաև սովետական գաղափարախոսությունը, որն ինքն իրենից, կարծես, առաջ էր անցել: Իհարկե, կա այդ վտանգավոր սահմանը, որին երբ հասնում են, բարեբախտաբար, հանգում են ինքնակործանման: Ասում են ստալինյան սահմանադրությունը մարդասիրական սահմանադրություն է եղել: Այո՛, եղել են գեղեցիկ դրույթներ, որոնք իրականանում էին նաև կյանքում՝ անվճար բժշկություն, կրթություն, հոգևոր արժեքների գերակայությունը նյութականի նկատմամբ, բայց տեսականորեն անգամ հնարավոր չէր, որ որևէ վրիպում չլիներ հենց սահմանադրության մեջ, որովհետև ճշմարտությունն է, որը միշտ նույնն է, իսկ սուտն ամեն անգամ տարբեր է: Եվ այդ սուտը թաքնված էր այն տողերի հետևում, որոնք հակադրում էին մարդասիրությունն ազգասիրությանը, որոնք տարբերություն ասելով հասկանում էին խտրականություն: Սովետական գաղափարախոսության հայրը՝ Լենինը, նոր կազմավորվող Միության մասին գրել էր, որ, «ինչպես կաթով լիքը բաժակի մեջ խեղդվում են ճանճերը, այդպես պետք է ժողովուրդները խեղդվեն Սովետական Միության սահմանների մեջ»: Այդ տողերը տպագրվեցին ռուսական մամուլում Միության փլուզումից հետո միայն, և դա իմ երբևէ կարդացած ամենալակոնիկ գաղափարախոսությունն է, բայց քանի որ նպատակն ազնիվ չէր, կործանվեց:
Գաղափարախոսության և պետության տարբերությունն այն է, որ գուցե տեսականորեն գաղափարախոսություն կարող է գոյություն ունենալ առանց պետության, թեև դա էլ վիճելի է, բայց պետությունն առանց գաղափարախոսության նույնն է, ինչ առանց ուղեղի: Պատկերացնո՞ւմ եք, եթե մարդն ինքնակամ հրաժարվեր ուղեղից այն պատճառով, որ կարող է այն հոգեկան հիվանդության պատճառ դառնալ: Բայց չէ՞ որ ֆաշիստական գաղափարախոսությունը հենց այդպիսի ինքնակործան հիվանդություն է, որի գենետիկ նախադրյալները, եթե նայենք մեր «հիվանդության պատմությանը», հայ ժողովուրդը վստահաբար չունի:
Որքան զարգացած է երկիրը, որքան ժողովրդավար է, այնքան անտեսանելի է նրա գաղափարախոսությունը: Ավելին, որքան անտեսանելի է այն, այնքան ավելի ուժեղ է նրա ազդեցությունը հասարակական մտքի վրա: Եթե փնտրեք ինտերնետում, դժվար գտնեք անգլիական կամ ամերիկյան, ֆրանսիական կամ ռուսական գաղափարախոսության մասին նյութեր, բայց շատ ավելի փոքր ժողովուրդների թեթևակի փորձերը և ցանկություններն արդեն հրապարակված են:
Ինչ վերաբերում է մեր իրականությանը, ապա վտանգն այնքան գաղափարախոսության բացակայությունը չէ, որքան այն, որ բաց տեղը սովորաբար դատարկ չի մնում: Եվ այդպես էլ եղավ: Քաղաքական, հասարակական ցնցումներից անմիջապես հետո այդ բացը լցվեց համատեքստից և ժամանակից դուրս հայտնված ու քաղաքական մեծամասնության սխալ ընկալած այնպիսի գաղափարներով, ինչպես «ուժն է ծնում իրավունք» սահմանումը: Այն ժամանակին ասել էր Նժդեհը՝ նկատի ունենալով արտաքին թշնամուն կամ արտաքին հարաբերությունները, բայց դա օգտագործվեց և շարունակում է կիրառվել ներքին հարաբերություններում ու ամրանալ մեր մտածողության մեջ՝ դառնալով ապրելակերպի սկզբունք և, հետևաբար, գաղափարախոսություն: Այդ գաղափարի հիման վրա ստեղծվեցին, ընդունվեցին և գործում են այնպիսի օրենքներ, ինչպիսին է «Հանրային գերակա շահի մասին» օրենքը, որտեղ հանրային գերակա շահը ուժեղի շահն է, որի պատճառով արհամարհվում են հազարավոր մարդկանց իրավունքները: Նույն այդ սկզբունքով են գրվել սոցիալական ոլորտի, կրթության, առողջապահության, քաղաքաշինության օրենքները, որոնց հիմքում դրված է ոչ թե մարդասիրության և սոցիալական արդարության գաղափարը, այլ նույն ուժի, շահի և միջոցների մեջ ընտրություն չկատարելու մտածողությունը:
Փոքր հասարակություններում ավելի արագ է հետևանքը նկատելի դառնում, քան կարելի է ենթադրել, հատկապես հեռուստատեսային եթերի օգնությամբ: Երկրի ղեկավարի կամ ղեկավարների կողմից ազգային գաղափարախոսության մերժումը դարձավ գաղափարախոսություն՝ նիհիլիզմի գաղափարախոսություն, ելույթներում ժողովրդին հույս կամ խոստումներ չտալը՝ հոռետեսության գաղափարախոսություն, շուկայական հարաբերությունները միակողմանիորեն փառաբանող տնտեսագետների ելույթները՝ շահույթն ամեն ինչից վեր դասելու գաղափարախոսություն, գլխավոր ճարտարապետի կողմից քաղաքի մշակութային կենտրոնը հողի քառակուսի մետրի ավելի թանկ լինելով գնահատելը՝ ցինիզմի և մշակույթի ոտնահարման գաղափարախոսություն, և այսպես անվերջ կարելի է շարունակել, որովհետև մեկից բխում է մյուսը: Եվ, փաստորեն, մեզնից անկախ այդ ամենն այսօրվա ազգային գաղափարախոսություն է դարձել, որը, իր հերթին, նույն փոխազդեցության սկզբունքով միջավայր է ձևավորում: Իսկ ամենից ահավորը և դժվար շտկելին այն է, որ այդ ամենն ամրապնդվում է օրենսդրությամբ և վերարտադրվում է կրթության միջոցով:
Կամ մեկ այլ գաղափար, որը, մեզնից անկախ, նույնպես դառնում է ազգային մտածողության անբաժան մաս. դա այն է, որ «պրոցեսն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»: Հենց այդպես հանրահավաքներում ամենից հաճախ լսվում է՝ «պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը: Բանն այն է, որ նպատակ ունենալը, այն նշելը և տեսնելը նրա համար չէ, որ դրան անպայման հասնես, այլ ճիշտ ճանապարհով գնաս:
Ազգային գաղափարախոսությունը պետության և, ուրեմն, հասարակության ընդունած փիլիսոփայութան մեթոդիկան է, դա գաղափարն է գործողության մեջ, դա դեպի նպատակը տանող ճանապարհն է, այո: Եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա, իհարկե, դա նաև, որքան էլ կոպիտ հնչի, հասարակության դաստիարակության ծրագիր է, որովհետև այդ՝ «ամեն ինչ մարդու համար» ասվածը պետք է իրականացնել մարդկանց միջոցով: Եվ, ուրեմն, նրանք պետք է այդ ընդհանուր գաղափարների կրողը լինեն: Այդտեղ է թաքնված վտանգը: Ամենից կարևորը, կարծում եմ, կամ նույնքան կարևոր, որքան բովանդակությունն է, իրականացման միջոցներն են, չափի զգացողությունը, սահմանին չհասնելու պայմանը: Մեղրով նույնպես կարելի է մարդ սպանել, եթե չափը չպահվի: Զսպող մեխանիզմ կարող է լինել ինքը՝ բովանդակությունը՝ իր հակակշիռներով: Երբ անհատի ազատության գաղափարն առաջնային և կարևորագույն արժեք է համարվում, երբ քաղաքացին իր և իր երկրի ճակատագիրը որոշողն է լինում և ոչ թե հլու հպատակը, դա ինքնին կարգավորում է պետություն-անհատ հարաբերությունները և սահմանափակում պետության միջամտությունը: Իսկ ընդհանրապես, եթե մենք ուզում ենք ընդունել մարդասիրությունը որպես մեր գաղափարախոսության կարևոր գաղափար, ապա այդ գաղափախոսության առանցքը կարող է լինել հենց ամենամարդասիրական համարվող կրոնը՝ քրիստոնեությունը՝ իր բարոյական դրույթներով, որոնցից գլխավորը ազնվությունն է: Թյուր կարծիք է, թե քրիստոնեությունը թուլացնում է, հակառակը, այն զորեղ կամք է տալիս. ապացույցն այսօր աշխարհի հզոր պետություններն են, որոնք (գրեթե բոլորը) քրիստոնեության բարոյականությունը դրել են իրենց ազգային գաղափարախոսության հիմքում, որի վրա կառուցվել են սահմանադրությունը, օրենսդրությունը, տարբեր ոլորտների պետական քաղաքականությունները և, ամենակարևորը, կրթությունը՝ իր բովանդակությամբ: Արևմտյան քաղաքակրթությունը ազնվությունն ուղղակիորեն կապում է արժանապատվության հետ և, ուրեմն, անձի ազատության հետ: Անազնվության հետևանքը խեղճությունն է, ստորացված վիճակը: Ազնիվ մարդու գլուխը միշտ բարձր է: Նույնը կարելի է ասել պետության մասին: Անշուշտ, ոչինչ կյանքում բացարձակ չէ, պետությունների, ժողովուրդների կյանքում՝ նույնպես: Եվ ազնվությունն օրենք չէ, այն ճանապարհից չշեղվելու ուղեցույց է կամ արժեքների գնահատման չափանիշ, որը ձգտում է օրենք դառնալ, բայց օրենք չէ:
Եթե մենք մարդասիրությունը և ազգասիրությունն ընդունում ենք որպես պետական կամ ազգային գաղափարախոսության հիմնական երկու սկզբունք, ապա, բնական է, կարևորում ենք ազգային ինքնության խնդիրը, հետևաբար՝ մշակույթը: Երբ ժողովուրդը հավակնում է իրեն համարել ազգություն, այսինքն՝ բարձրացնում է ազգային ընդհանրությունների և մշակութային ինքնության հարցը, նա պետք է դա տարերային և բնազդային մակարդակից բարձրացնի գիտակցական, գիտական մակարդակի: Այսինքն՝ հարցն ինքնին ոչ թե այդ ազգային առանձնահատկությունների գոյությունն է, այլ դրա գիտակցումը և ճանաչողությունը, մշակույթին տեր լինելու կամքը: Եվ այդ դեպքում հայրենասիրությունը, ազգասիրությունը միայն խոսքերով չէ, որ կարտահայտվեին, այլ գործողություններով: Եվ այդ գործողությունների մեջ կլիներ այն պետական քաղաքականությունը, որի հիմքում դրված կլիներ բազմազավակ ընտանիքի գեղեցկության գաղափարը: ՈՒ նաև կհասկանայինք, որ հայրենիքը, որը նաև աշխարհագրություն, այսինքն՝ մատերիա է, հող է, խնամքի և հոգածության կարիք ունի: Այսպիսի մտածողությամբ վերջին քսան տարիներին ոչ թե սփյուռքը կհամալրվեր, այլ Արցախը, իսկ հայ թուրքական սահմանը կդիտվեր նաև որպես սահման, որն անջատում է Արևելյան և Արևմտյան Հայաստանները միմյանցից:
Իրական մարդասիրությունը և ազգասիրությունը ոչ թե հակասում են իրար, այլ պայմանավորված են մեկը մյուսով և կարող են լրացնել միմյանց: Մարդասիրության հիմքում անհատի գաղափարն է, ամեն ինչ մարդու համար, նրա բարօրության, ազատության, անվտանգության, երջանկության, հարմարության և այլն: Դա պետության ներսում հարգանքն է մարդու հանդեպ, որը, միևնույն ժամանակ, պայմանավորում է մարդկային հարաբերությունները հասարակության ներսում: Բայց մարդն անհատ է իր առանձնահատկություններով, և այդ տարբերակիչ հատկանիշների մեջ են նրա ազգային առանձնահատկությունները, նրա ազգային պատկանելությունը, որի մի մասը տեսանելի է և շոշափելի, մյուսները հոգևոր են և գաղափարական. ընդհանուր պատմություն, ձգտումներ, ընդհանուր վիշտ կամ հաջողություն, ընդհանուր նպատակ: Մարդասիրության և ազգասիրության՝ միմյանցով պայմանավորված լինելը, և մեկի մերժման դեպքում մյուսի բացակայությունը, ակնհայտ է մեր իրականության մեջ: Մերժելով ազգային գաղափարախոսությունը որպես ենթադրյալ ազգայնամոլության վտանգ, իսկ իրականում, փաստորեն, հրաժարվելով ազգային ինքնաճանաչողությունից և մշակութային ինքնության խնդրի կարևորումից, մենք մերժեցինք և հեռացանք նաև մարդասիրության գաղափարից և մարդուն դիտեցինք զուտ որպես միջոց. մի դեպքում պետությունը դարձնելով նպատակ, մյուս դեպքում՝ պայքարը:
Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ