Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

....

....
04.07.2008 | 00:00

Հանրահավաքն արտոնված է, քանի որ...
Այսօր Մատենադարանի հարակից տարածքում Համաժողովրդական շարժումը նախատեսել է հանրահավաք անցկացնել։ Այս անգամ ևս քաղաքապետարանը շարժման կենտրոնի հայտին դրական կամ բացասական որևէ պատասխան չի տվել։ Նման պարագայում արդյոք ոստիկանների և հանրահավաքին մասնակցողների միջև բախումներ չե՞ն կարող լինել։ Այս հարցին ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի պատասխանատու ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆՆ ասաց. «Հանրահավաքն արտոնված է, քանի որ օրենքի համաձայն եթե 72 ժամվա ընթացքում քաղաքապետարանը որևէ որոշում չի կայացրել, ապա հանրահավաքն արտոնված կարելի է համարել։ Եթե ոստիկանությունը փորձի խոչընդոտել, ապա նրանց գործողությունները կլինեն ապօրինի, իսկ ողջ պատասխանատվությունը նրանց վրա է ընկնելու»։ «Մենք երբեք բախումներ չենք հրահրել»,- վերահաստատեց Արման Մուսինյանը։
Ռ. Խ.

Իսկ բյուրոն լռում է
Հայ-թուրքական կնճռոտ հարաբերություններին առնչվող Սերժ Սարգսյանի երկու «աղմկոտ» հայտարարությունները, որ «տորպեդահարվեցին» երկրի ներսում հատկապես՝ պրոդաշնակցական քննադատությամբ հանդես եկած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչների կողմից, շատ զարմանալիորեն սպասվող պատշաճ արձագանքը չգտավ դաշնակցության ղեկավար շրջանակներում։ Նկատի ունենալով, որ Հայ դատի խնդիրը ՀՅԴ-ն տասնամյակներ շարունակ դիտարկել է որպես սեփական գաղափարախոսության անկյունաքար, ինչը ենթակա չէ քաղաքական խաղի կանոնների փոփոխմամբ պայմանավորված կոնֆորմիստական ելևէջումների, ենթադրվում էր, որ կուսակցությունը պետք է հանդես գա քաղաքական լուրջ հայտարարությամբ, եթե ոչ Բյուրոյի, ապա առնվազն Գերագույն մարմնի մակարդակով։ Հայտնի հայտարարություններից անցել է տասն օր, սակայն ո՛չ ԳՄ-ն, ո՛չ էլ, առավել ևս, Բյուրոն սպասված հայտարարությամբ հանդես չեն եկել՝ բավարարվելով ընդամենը Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի երկչոտ կիսաքննադատությամբ։ Այս վախվորած կեցվածքը լուրջ մտորումների տեղիք է տվել հենց ՀՅԴ շարքերում՝ դաշնակցական ընկերներին ստիպելով կասկածի տակ առնել հարազատ կուսակցության քաղաքական պլատֆորմի անսասանությունը։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Երրորդ շարասյուն
Մեծ քաղաքականություն վերադառնալու և այս հողի վրա ամուր հենարան ապահովելու նպատակադրությամբ ժամանակից շուտ «թոշակի անցնելու» մտքի հետ ոչ մի կերպ չհաշտվող Ռոբերտ Քոչարյանը եռանդագին լծվել է «երրորդ ուժ» ձևավորելու գործին։ Այս «պրոյեկտի» մեջ, ըստ նախնական պայմանավորվածության, ընդգրկվելու են, այսպես կոչված, ընդդիմադիր մի ամբողջ խումբ ուժեր և գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիրի համարում ունեցող որոշ տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ, բնականաբար, լուրջ ֆինանսական ներարկումների դիմաց։ Փաստորեն, «հանձնվելու» մտադրություն չունեցող Քոչարյանն այժմ բացահայտ առճակատման դաշտից տեղափոխվել է «գաղափարական» պայքարի ընդհատակյա դաշտ` հանրապետության առաջին և երրորդ նախագահների դեմ «երրորդ շարասյուն» հանելու ստրատեգիական ծրագրով։
Լ.Մ.

«...Եվ դա ազատության մեջ ապրելու ցանկությունն է»
Այսօր Միացյալ Նահանգներում տոն է։ Երկու հարյուր երեսուներկու տարի առաջ իր անկախությունը հռչակած Մեծ Յանկին նշում է իր Անկախության օրը։ Երեկ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը նշել է, որ Անկախության հռչակագրով փաստվեցին մարդկանց անօտարելի իրավունքները, մասնավորապես՝ կյանքի, ազատության ու երջանիկ ապրելու իրավունքները։ «Կա մի մղում, որ ընդհանուր է բոլորի մեջ, և դա ազատության մեջ ապրելու ցանկությունն է»,- ընդգծել է դիվանագետը։
Ի դեպ, հանդիսավոր միջոցառմանը հրավիրված են եղել նաև այս պահին ազատության մեջ ապրելու իրավունքից զրկված ընդդիմադիր որոշ գործիչներ, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, որոնք, ամերիկացի դիվանագետներից մեկի բնութագրմամբ, անմեղ են այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել նրանց ներկայացված մեղադրանքն, ու դատավճիռ չի կայացվել։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ինադու
Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարացրեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի և Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը: Երկուսն էլ մեղադրվում են զանգվածային անկարգությունների և պետական իշխանությունը յուրացնելու փորձի մեջ:
Ընդդիմադիր գործիչների կալանքների ժամկետների երկարացումը կարծես հատուկ քաղաքականություն է իշխանությունների կողմից։ Մինչ ընդդիմադիրներն իշխանություններից պահանջում են փաթեթով ազատ արձակել իրենց համախոհներին, իշխանությունները, ի հեճուկս իրենց հակառակորդների, երկարացնում են կալանքի ժամկետը։ Ինչպես ասում են՝ ինադու։
Լ. Գ.

Դեռևս հայտնի չէ ԵԽ-ի ներկայացուցչի անունը
Արդեն մի քանի շաբաթ է Հայաստանում ԵԽ-ի քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա ՈՒրումովայի պարտավորությունների կատարման ժամկետն ավարտվել է, սակայն ԵԽ-ի նոր ներկայացուցիչ Հայաստան դեռևս չի ուղարկվել: Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն Սյուզան Մարուխյանից փորձեցինք պարզել, թե երբ է լինելու նոր նշանակումը: Տիկին Մարուխյանը տեղեկացրեց, որ առայժմ այդ հարցը հստակեցված չէ, հայտնի չէ նաև, թե Հայաստանում ով է լինելու ԵԽ-ի նոր ներկայացուցիչը: Նա շեշտեց, որ Հայաստանի մասով ԵԽ-ի վերջերս ընդունած բանաձևում ևս հորդոր կա արագ նոր ներկայացուցիչ նշանակելու: «Սակայն առայժմ ընթացակարգային գործընթաց չկա»,- հավելեց Մարուխյանը:
Ռ.Խ.

Համեստ մարդը
«Լինելով համեստ մարդ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառել, որ շարժումը կարող են ղեկավարել նաև այլ լիդերներ։ Իրավիճակը նախընտրական շրջանի համեմատ փոխվել է։ Եթե այն ժամանակ Տեր-Պետրոսյանը միավորող թեկնածուներից մեկը կարող էր դիտարկվել, ապա հիմա այս հարցում նա դարձել է համարյա անփոխարինելի։ Այսօր ընդդիմության ճամբարում չկա որևէ մեկը, որ կարողանա միավորել, համախմբել այսքան քաղաքական հոսանքներ և կուսակցություններ»,- երեկ հայտարարեց Համաժողովրդական շարժման անդամ Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ Տեր-Պետրոսյանը և՛ գործով, և՛ խոսքով ապացուցել է, որ ամենամեծ կոնսոլիդացնող ներուժը հենց ինքն ունի։
Ռ. Խ.

Բայց ո՞ւմ ենք բողոքում
«Կարո՞ղ ենք արդյոք մենք գոհ լինել մեր անվտանգության մակարդակից, երբ հնարավոր է հասարակության մի հատվածի մեջ այնքան ատելություն սերմանել, այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, որ երկրում տեղի ունենան զանգվածային անկարգություններ, որոնք բերեցին մարդկային զոհերի, ցավալի զոհերի: Իհարկե՝ չենք կարող։ Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել անվտանգության վիճակից, երբ կան բնակավայրեր, որտեղ բնակչության՝ տեղեկատվություն ստանալու աղբյուրն ադրբեջանական հեռուստատեսությունն է: Իհարկե՝ չենք կարող: Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել մեր այսօրվա անվտանգության մակարդակից, երբ մեր հարևան հանրապետությունում գլուխ է բարձրացնում ռասիզմը, երբ հայատյացությունը դառնում է գաղափարախոսություն»,- երեկ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն այցելելով՝ ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ մտահոգիչ այսպիսի ելույթ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Էլ միակը չե՞նք
Երեկ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահները Բաքվում ստորագրել են բարեկամության և ռազմավարական գործընկերության ամփոփիչ հռչակագիր։
Պաշտոնական Մոսկվան և Բաքուն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը` «միջազգային իրավունքի հանրայնորեն ընդունված նորմերի ու սկզբունքների և, ամենից առաջ, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի հիման վրա»:
Ի դեպ, «Գազպրոմի» նախագահ Ալեքսանդր Միլլերը տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ-ի կողմից ադրբեջանական գազի գնման պայմանների վերաբերյալ։
Լ. Գ.

Մրցավարը նաև գող է
Հունիսի 28-ին Կիպրոսում կայացած Ինտերտոտոյի գավաթի առաջին տուրի «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) - «Բեսա» (Ալբանիա) պատասխան հանդիպումը սպասարկում էր Հայաստանի մրցավարական կազմը` Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մինչև Երևան վերադառնալը Լիմասոլ քաղաքի հյուրանոցներից մեկի խանութում գողություն է կատարվել, որի մեջ մեղադրվել են մրցավարի օգնականներ Արման Երիցյանն ու Արթուր Իգիթյանը, ինչի մասին Կ. Նալբանդյանը տեղեկացվել է մոտ մեկ ժամ անց:
Հուլիսի 2-ին գումարվել է մրցավարական կոմիտեի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են միջադեպի մանրամասները: Արդյունքում բարոյաէթիկական նորմերը խախտելու և Հայաստանի քաղաքացու պատիվն արատավորելու համար Ա. Իգիթյանն ու Ա. Երիցյանն ընդմիշտ որակազրկվել են մրցավարական գործունեությունից և հեռացվել ՀՖՖ համակարգից:

Դիտվել է՝ 5483

Մեկնաբանություններ