Ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան հասցնելու պայմանների շուրջ Թբիլիսիի և «Գազպրոմ»-ի բանակցություններն ավարտվել են` հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ հավելելով, որ կառավարությունն առաջիկայում կներկայացնի գործարքի մանրամասները:
«Բանակցությունները փաստորեն ավարտվել են: Ուզում եմ հիշեցնել, թե ինչպիսի սկզբունքներով է առաջնորդվել էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններում՝ նախ էներգետիկ անկախություն, երկրորդը՝ բարելավել մեր դիրքերը պայմանագրում, - ասել է Բախտաձեն: - Բանակցություններն ավարտվել են այդ սկզբունքների լիակատար հաշվառմամբ»: 2017-ին կնքված երկամյա պայմանագրով առաջին տարվա համար տարանցման դիմաց ընդհանուր գումարի մի մասը Վրաստանը ստանում էր փողով, մյուս մասը՝ գազի որոշակի ծավալով, երկրորդ տարվա համար՝ արդեն միայն ֆինանսական վճարումներով: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել էր, որ պլանավորում են դիվերսիֆիկացնել գազի գնումների ոլորտը, որ շուկայում մեծ մրցակցություն կստեղծի և կնպաստի գազի սակագնի կրճատմանը: 2007-ից ի վեր Վրաստանի գազն ապահովում է Ադրբեջանը: