Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է անցնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019-ի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023-ը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Եկամտահարկի գործող դրույքաչափերով` մինչև 150000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %: Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաև 2020-ի հաշվետու տարում ու հաջորդող տարիներին 2
տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս: Բացի շաքար պարունակող ըմպելիքներից, 2019-ի հուլիսի 1-ից սկսած՝ նախատեսվում է առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:
5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար 30 դրամ ակցիզային հարկ սահմանելը անարդար որոշում է, որն ուղղակի բերելու է մեր ապրանքի սպառման նվազման: Մենք ուղղակի փակվելու եզրին ենք հայտնվելու` Tert.am-ին ասել են ըմպելիք արտադրող ընկերությունների ղեկավարները:
«Ես որպես 23 տարի այս շուկայի մասնակից, հասկանում եմ, որ մեր կառավարությունը Ֆինանսների նախարարության թեթև ձեռքով ուզում է շուկան մոնոպոլիզացնել»,` ըստ «Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանի: Նրա խոսքով՝ ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկն անարդարացի մոտեցում է տարբեր գների ապրանքների դեպքում: «Քանի որ մեր ապրանքը միջին գնային սեգմենտի ապրանք է՝ մեր պարագայում լինում է գների 30 % կտրուկ աճ՝ 200 դրամից դառնում է մոտ 270 դրամ: 1.5 լիտր ըմպելիքի վրա, եթե մտնում է 45 դրամ ակցիզային հարկ, դրան գումարած ԱԱՀ-ն՝ 54 դրամ և գումարած ավելացված տոկոսը, որ մարժայի մեջ խանութ պետք է տեղավորվի, ապրանքն արդեն ավտոմատ թանկանում է 30 և ավելի %-ով: «Կոկա Կոլայի» դեպքում թանկացումը կլինի 11 %: Երկու լիտրանոց Կոլայի արժեք մոտ 600 դրամ է, նույն գումարն է ավելանալու, ինչը մեզ մոտ՝ 60-70 դրամ: Իրենց պարագայում 600-ը կդառնա 660 կամ 670 դրամ, մեր պարագայում՝ 200-ից 260 կամ 270 դրամ»,- ասել է Տիգրան Հովսեփյանը` հավելելով, նոր ակցիզային հարկի ավելացումը բերելու է սպառման նվազման, որի հետևանքով ընկերությունը կհայտնվի փակման վտանգի առջև. «Մենք քիչ հարկ ենք վճարելու, մարդկանց գործից ազատելու ենք, եկամտահարկ իրենց փոխարեն չենք վճարելու և այլն: Շղթայական ձևով՝ հավաքարարներից մինչև սպառող տուժելու են: Մենք ուղղակի փակվելու եզրին կհայտնվենք, միանշանակ»:
Ավելի ցածր գնային սեգմենտի ըմպելիքների՝ լիմոնադների դեպքում, տոկոսային հարաբերակցությամբ թանկացումը կլինի ավելի բարձր՝ 40-45 տոկոս: Արտաշատում լիմոնադների արտադրությամբ զբաղվող «Արտոկ» ընկերության տնօրեն Արման Թադևոսյանը գտնում է, որ հարկատեսակի ներդրվելուց հետո ընկերությունը չի կարող աշխատել. «Մեզ մոտ սեզոնային է, այս պահին 15 աշխատող ունենք, ամառվա սեզոնին 30-35 աշխատող ենք ունենում: Բոլոր արտադրողներն էլ անհանգստանում են, եթե հաստատվեց այս նախագիծը, բոլորն էլ ոտքի են կանգնելու: 400 դրամանոց ապրանքի վրա 30 դրամը չի երևա, իսկ մենք այսօր 1.5 լիտրանոց լիմոնադը վաճառում ենք 100 դրամով, մեզ վրա դա երևալու է: Եթե այսպես լինի, վաճառք չենք ունենալու: Միջին և մանր բիզնեսին մեռցնում են: Բայց մենք վարկեր ունենք վերցրած, հաստոցներ ենք առել: Պետք է կանգնեք ոտքի, հակառակ դեպքում ուղղակի պետք է փակվենք»:
Վայոց Ձորի Մալիշկա գյուղում լիմոնադների արտադրություն հիմնած համանուն՝ «Մալիշկա» ընկերության տնօրեն Վահե Կոստանյանը կառավարության որոշման մեջ միտում է տեսնում: Ըստ նրա՝ կառավարությունը նպատակ ունի ըմպելիք արտադրող փոքր ընկերություններին հեռացնել դաշտից. «Ամբողջ քաղցրավենիքները, խմորեղենները շաքար պարունակում են, ինչո՞ւ են միայն ըմպելիքներին անդրադառնում: 14 մլն դրամի վարկ եմ վերցրել, ուզում եմ ներդրում անել, ավելացնել արտադրության ծավալները, բայց ամեն ինչ հակառակ է անում կառավարությունը»:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ: Սա նոր հարկատեսակ է և ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:
Շաքարի հարկ ավելացնելու առաջարկը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն է: Նա պայքարում է դեռահասների շրջանում ավելորդ քաշի դեմ: Ինքնատիպ պայքար է, որտե՞ղ է նախարարը տեսել առավոտից շաքար կրծող դեռահասների: «Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որ շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Շաքարի հարկը նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որ այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր»` իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը: Սա փաստացի` առողջապահության նախարարի ինքնախոստովանական ցուցմունք է, որ բժշկությունն ավելորդ ու պետք է վարչարարությամբ հիվանդին բուժել: Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ Արսեն Թորոսյանի վրա: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը նախարարը բողոքեց, որ Ֆինանսների նախարարությունից նախագծի վերջնական տարբերակը ստացել են առավոտյան ժամը 10-ին. «Հիմա պետք է քվեարկենք մի նախագիծ, որն այսօր առավոտյան ենք ստացել, բայց դրանում փոփոխություններ են արվել, օրինակ՝ ծխախոտի ԱԱՀ-ն նախատեսվածից քիչ է ավելացվում: Մենք ներառված չենք եղել այդ քննարկումներում: Այս տեսքով չպետք է գնա ԱԺ»` վետո դրեց նախարարը: Նիկոլ Փաշինյանը զայրացավ ըստ ձևի ու բովանդակության` ինչո՞ւ տեղյակ չեն եղել քննարկումներից, երբ փաստաթուղթը մի քանի ամիս է քննարկվում է. «Որ հ/կ-ն ասում է՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես հասկանում եմ, որ նախարարն է ասում՝ մեզ չեն ներառել քննարկումների մեջ, ինձ համար անհասկանալի է»` արձանագրեց Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ միայն ինքը 5 անգամ նախարարի հետ խոսել է այդ թեմայով: «Եկեք ծխախոտի արտադրությունն արգելենք: Ինչի՞ չեք առաջարկում արգելել ծխախոտի օգտագործումն ու արտադրությունը ՀՀ-ում: Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարոն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»` ըստ բովանդակության ասաց վարչապետը: Նախարարը շարունակեց անկապ առարկությունը, և ստացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատասխանը` նա առաջարկեց, որ նախարարը բուժհաստատություններում արգելի ծխախոտի և «Կոկա Կոլա»-ի վաճառքը:
«Այսինքն` Դուք Ձեզ դրսևորեք Ձեր պայքարի մեջ, հետո նոր եկեք, հարկային օրենսդրության մեջ էլ դրսևորեք»: Բայց հետաքրքիրը դա չէ: Հետաքրքիր է` ինչու՞ ամիսներով քննարկումներից հետո կառավարության նիստում է հայտնվում ու առավելևս Աժ է ուղարկվում մի նախագիծ, որ փաստացի ոչ միայն շատ ավելի բարդ քննարկումների է ենթարկվելու, այլև` հակասում է արտադրողի ու սպառողի շահերին:
Առողջապահության նախարարը չի կարողանում կազմակերպել առողջապահության համակարգը` նրա միակ դեղատոմսը որոշակի ապրանքատեսակների թանկացումներն են: Նա նաև չգիտի կամ չի ուզում իմանալ, որ աշխարհում ավելորդ քաշի ու դիաբետի դեմ պայքարի տասնյակ մեթոդներ կան: Վերջապես` նույն այդ չարաբաստիկ շաքարը միայն ըմպելիքներում չէ, իսկ մարդուն չես կարող արգելել` ընդհանրապես մի կեր ու մի խմի ոչինչ, որ առողջ մեռնես:
Բայց ինչու՞ կառավարության տնտեսագետներն ու ֆինանսիստները չգիտեն, թե իրենց նոր հարկատեսակների ներմուծումն ի՞նչ հետևանքներ է ունենալու բիզնես դաշտում: Նրանք ինչի՞ դեմ ու ինչի՞ համար են օրինագծեր գրում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առողջ ապրելակերպի ջատագով Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպի ապահովման խիստ սահմանափակ պատկերացումներ ունի` գլուխը քարը, կառավարությունն ի՞նչ պատկերացում ունի առողջ տնտեսության ու զարգացման մասին: Վարչապետը, ի վերջո, լրագրող է ու պարտավոր չէ կարճ ժամանակում սուպերտնտեսագետ դառնալ: Ու՞ր են և ի՞նչ խնդիր են լուծում տնտեսագետներն ու ֆինանսիստները: Այն տպավորությունն է, որ գերխնդիրը ոչ թե տնտեսական հեղափոխությունն է, այլ` ինչով պատահի բյուջեն լցնելը: Իսկ այդ տրամաբանության մեջ ոչ միայն Արսեն Թորոսյանի sugar tax-ն է տեղին, այլև ընդհանրապես առաջին անհրաժեշտության սննդատեսակների գների եռապատկումը: Հետո ինչ, որ գնողունակությունը կընկնի, արտադրողները կսնանկանան ու ձեռնարկությունները կփակվեն: Կներմուծեն: Ինչու՞ ոչ: Տեղական արտադրության խթանումը, պարզվում է, արդիական չէ: Իսկ ընդհանրապես աշխարհում արդեն ՄԻԱՎ-ն ու քաղցկեղն են բուժում, Հայաստանում բուժում են ոչ թե հիվանդին, այլ` հիվանդությունը, եթե կարողանում են …ախտորոշել: Հայաստանում հարկային օրենսգրքի փոփոխություն ասելով հասկանում են մի հարկատեսակը հանել, մեկ ուրիշ հարկատեսակ ավելացնել: Ու` վերջ: Որովհետև չկա տնտեսության զարգացման հստակ ու անշրջելի նպատակ: Որովհետև կա բյուջեն լցնելու խնդիր ու չկան զարգացում ապահովելու համար անհրաժեշտ ներդրումներ: Որովհետև չկա գիտակցություն, որ պետք է վերականգնել արդյունաբերությունն ու արտադրանք տալ, ոչ թե ընկնել արագի ու հեշտի հետևից: Ցավոք: