«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ոչխարները չեն կարող լուծել տնտեսական հարցերը

Ոչխարները չեն կարող լուծել տնտեսական հարցերը
01.03.2019 | 03:13

Մանր կճղակավոր այս կենդանիները անհիշելի ժամանակներից ծառայել են մարդուն`լուծելով նրա համար կենսական նշանակություն ունեցող շատ հարցեր: Այդ կենդանիներն անգամ հայտնի ստեղծագործության հերոսներ են դարձել: Զորօրինակ, մտաբերենք «Ոդիսականը». Ոդիսևսը, ոչխարներն օգտագործելով, իր զինվորներով դուրս եկավ քարայրի անցքը հսկող, իրենց կողմից կուրացված կիկլոպի հսկողությունից: Մարդ արարածը հաճախ է նսեմացնում այդ կենդանուն. իր նմանին վիրավորելու համար հռետորական հարցադրում անում. «Հո դու ոչխար չե՞ս», կամ էլ վիրավորանքի չափն ավելի ընդգրկուն դարձնելու համար հավաքված մարդկանց բազմությանը համարում ոչխարի հոտ: Չեմ կարող կոնկրետ ասել, թե մարդկանց բազմությանը ոչխարի հոտի հետ համեմատելու ժամանակ մարդ արարածի ենթագիտակցության մեջ ինչ վտանգի հետ է ասոցացվում այդ կենդանու հոտը, բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ մեծ խմբաքանակով դաշտերում արածող ոչխարի հոտը վտանգավոր է երկրի լանդշաֆտի համար, առավել ևս այն երկրի, որի լանդշաֆտը լեռնային է:
Անցած դարի 90-ական թվականներին, ավելի ճիշտ 1987-ին, խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որով փորձում էր արգելել մեծ մասշտաբի հասնող ոչխարաբուծության զարգացումը: Հարկ է նշել, որ անասնապահության այդ ճյուղն այն ժամանակ հիմնականում տնօրինում էին ինչպես կոլեկտիվ, այնպես էլ պետական տնտեսությունները, անհատներից` եզդիները: Ոչխարաբուծությունը մասնավոր մենաշնորհ չէր, ինչպես այսօր: Այն ժամանակ Հայաստանը հզոր արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող երկիր էր և հույսը չէր դրել, թե ոչխար արտահանելով կամ նրանից ստացված բրդի վաճառքի օգուտներից հնարավոր է ինչ-որ կերպ մեղմել երկրի ճողված բյուջեն:


ՀԽՍՀ կառավարության որոշման դեմ Մոսկվա բողոքեցին եզդիները հասկանալի պատճառով: ԽՍՀՄ գլխավոր դատախազությունը պատրաստվում էր միջնորդելու ՀԽՍՀ դատախազությանը, որպեսզի վերջինս բողոք բերի կառավարության որոշման դեմ` այն վերացնելու համար: ՀԽՍՀ դատախազության մեր բաժնի (այդ ժամանակ կոչվում էր ընդհանուր հսկողության բաժին) աշխատակից Արտաշես (Լեռնիկ) Շահբազյանը (նա երկար տարիներ աշխատել էր Ռուսաստանի դատախազությունում, հիանալի խոսում էր ռուսերեն և ուներ որոշակի կապեր) գործուղվեց Մոսկվա` բացատրելու հարցի էությունը: Իսկ հարցը շատ պարզ էր: Որպեսզի խնդիրը պարզ լիներ Մոսկվայում, բերվել էր օրինակ, որ եթե հինգ հարյուր խոշոր եղջերավոր անասուններ քայլում կամ արածում են լանդշաֆտով, նրանք դաշտին վնաս չեն տալիս, որովհետև նրանք քայլում կամ արածում են մեկը մեկից անկախ, իսկ նման քանակի ոչխարները քայլում են իրար հետևից, տոտիկներով հանում են բույսի արմատը հողից: Պատկերացրեք առջևից քայլող ոչխարը իր մանր պճեղով հողը որոշակի չափով սեղմում է հետ (կովը նման էֆեկտ չի ստեղծում, որովհետև նրա պճեղները լայն են), հետևի ոչխարը իր նախորդի թողած էֆեկտը զարգացնում է և այդպես մինչև վերջին ոչխարը:


Հայաստանի կառավարությունը տեղի տվեց, բայց և որոշվեց, որ ոչխարները պետք է դաշտում արածեցվեն ոչ մեծ հոտերով: Այսօր դուրս եկ դաշտ և կնկատես, որ արածող ոչխարների քանակը հասնում է մինչև հազարի: Այժմ կոնկրետ անդրադառնամ ներկա կառավարության ծրագրին ոչխարների, գառների արտահանման մասով, բայց, հանուն արդարության նշեմ, որ տվյալ հարցը ակտուալ էր նաև նախորդ կառավարության օրակարգում: Այն տարբերությամբ միայն, որ նախորդ կառավարությունում պարզ էր, թե ով է ոչխարների արտահանման գլխավոր դերակատարը, ինչը չես ասի ներկա իշխանության համար: Եթե ամսական, ինչպես նշում է վարչապետը, արտահանվի 50-60 հազար գառ, ապա տարեկան այդ թիվը կկազմի 600-720 հազար գառ: Նման կայուն թիվ ապահովելու համար պետք է առնվազն պահվի մինչև մեկ միլիոն ոչխար: Եթե պիտի արտահանվի 720 հազար գառ, բնականաբար մի 100-200 հազար գառ էլ պիտի բաժին հասնի տեղացիներին: Հիմա պատկերացնենք թե մեկ միլիոն ոչխարի արոտը ինչպիսի վնաս կպատճառի մեր երկրի լանդշաֆտին:


Տեղին է հարցնել նաև, թե Պարսկաստանը, որ ունի 1,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ինչու՞ չի զարգացնում մսի արտադրության այդ ճյուղը, այլ ցանկանում է ներմուծել գառներ: Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Չեմ առարկում, որ կարճ ժամանակում ոչխար արտահանելով կառավարությունը կլուծի ֆինանսական որոշ հարցեր, բայց վերջին հաշվով նրա հետագա վնասները անհամեմատ մեծ կլինեն: Չէ՛, ոչխարները չեն կարող լուծել մեր երկրի տնտեսական հարցերը:

Դիտվել է՝ 15466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ