Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է:
«Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարևոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով չէինք պատասխանելու»,- ասել է Փաշինյանը: Նա բացառել է, որ որևէ իրավիճակում կարող է բռնությունն արդարացված համարել: «Բռնությունը բացառելը եղել և մնում է մեր համոզմունքը: Մենք ցանկանում ենք Հայաստանում բացառել բռնությունը»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին՝ հաջողության հասնելու համար առաջնո՞րդ է անհրաժեշտ, Փաշինյանը պատասխանել է, որ իր ամենամեծ ներդրումն այն է, որ ինքը առաջնորդ չէ: «Այդ պահից մեր շարժումն ապակենտրոնացավ և սկսեց աճել: Դա բարդացրեց կառավարության և ոստիկանության առաջադրանքը՝ մեզ վերահսկելու և կանգնեցնելու առումով: Մենք մեր հետևորդներին միայն մի քանի պայման էինք առաջադրել: Մենք ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն առանց բռնության, չի կարող լինել ատելության որևէ դրսևորում: Մեր հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում պետք է դրական փոփոխություններ լինեն, երբ Արևելյան Եվրոպայի «գունավոր հեղափոխություններից» հետո այդ երկրներում իրավիճակն այնքան էլ լավ չի եղել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» չէր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրենց հետ որևէ օտարերկրյա ուժ կապված չի եղել: «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ: Մեր հեղափոխության մեջ ներգրավված էին միայն Հայաստանի քաղաքացիները, ովքեր ավելի լավ ապագա են ցանկանում»,- ընդգծել է նա:
Օլիգարխներից ձերբազատվելու մասին հարցին Փաշինյանը պատասխանել է. «Ես ընտրողներին բացատրել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Շատերին դա զարմացրեց, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են և չպետք է նաև հեռանան: Բայց ի՞նչ է նշանակում օլիգարխ: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար այլ օրենքներ են գործում, նա մուտք ունի, ազդեցություն կառավարության վրա: Այժմ բոլորի համար պայմանները նույն են»: