ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գրաբարն արդյոք կդասավանդվի՞ հայաստանյան դպրոցներում

Գրաբարն արդյոք կդասավանդվի՞ հայաստանյան դպրոցներում
04.04.2014 | 11:39

Խորհրդային և հետխորհրդային տարիներին կրթական տարբեր ատյաններում բարձրացվել էր դպրոցներում գրաբարի ուսուցման հարցը, սակայն անտեսվել և արհամարհվել էր: Բայց այն օրախնդրային դարձավ, երբ դասական ու աբեղյանական ուղղագրության կողմնակիցների միջև կրքեր բորբոքվեցին: Այդ առումով դպրոցներում գրաբարի ուսուցումը ճանապարհ կբացեր փոխզիջման խնդրահարույց սույն հարցի լուծման համար:
Պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը 2009 թ. ամռանը հանդես եկավ հայրենասիրական մի նախաձեռնությամբ` վերին ու տարբեր ատյաններին հորդորելով առաջիկա ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում սկսել գրաբարի ուսուցումը:
Նախապես կազմել էին նամակ-հորդորակ-բացատրագիր և հղել Վեհափառ հայրապետ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հանրապետության նախագահին, վարչապետին, նախագահին կից Հանրային խորհրդին, սփյուռքի նախարարությանը, ինչպես նաև սփյուռքի կրթամշակութային հաստատություններին:
Նամակների տակ ստորագրել էին սփյուռքի և հայրենիքի հարցով մտահոգ 65 անձինք:
Ստորագրահավաքի և պարզաբանումների համար 2009-ի հուլիսի 23-ին գրողների տանը հրավիրված ժողովը նամակները դարձրեց հայ մտավորականության առաջադրած փաստաթուղթ:
Հարցադրմանը սկզբունքորեն միակարծիք էի, սակայն տարակարծիք` որոշ հարցերում: Կուզեի ներկայացնել իմ մոտեցումները: Իսկ մինչ այդ, հարցի նկատմամբ ժխտական վերաբերմունք ունեցող մարդկանց կուզեի հիշեցնել, որ եվրոպական ժողովուրդների որոշ ազգային դպրոցներում ուսումնասիրում են լատիներենը: Խոսքը վերաբերում է սլավոն կամ ուգրո-ֆինն լեզուներին: Հասկանալի է, որ նրանք, չհաշված կաթոլիկության հանգամանքը, լատիներենի հետ որևէ կապ չունեն և դրանով հավակնում են սոսկ ռոմանական մշակութային ժառանգությանը: Այնինչ մենք կարծես աստիճանաբար կտրվում ենք մեր իսկ օրինական ժառանգությունից: Մինչև գրաբարով չկարդաս Նարեկացու «Մատյանը» և միջնադարյան մեր մյուս մեծերին, բնավ չես գիտակցի հայ ժողովրդի օրինական տեղը համաշխարհային քաղաքակրթության առաջատար դիրքերում: Գրաբարով կհարստացնես բառապաշարդ, անսահմանորեն կընդլայնես հատկապես քրիստոնեական մտահորիզոնդ ու ոչ միայն չես խոսի ձայնասփյուռա-հեռուստատեսային չհայերենով, այլև կամաչես անգամ լսել:
Իմ կարծիքով՝ հարցն ի սկզբանե ներկայացվել էր ոչ ճիշտ: Նախ և առաջ այն պետք է հղվեր կրթության նախարարությանը, մինչդեռ նամակ-դիմումների ցանկում հենց նա էր բացակայում: Ավելին, վերոնշյալ ժողովին չէր մասնակցում այդ նախարարության ներկայացուցիչը, ինչն արդեն իսկ զարմանալի էր:
Երկրորդ` նման լրջագույն հարցը հապճեպորեն ոչ միայն չի լուծվի, այլև կառաջացնի շփոթ, չնախատեսված ու անհաղթահարելի դժվարություններ:
Խորհրդային Միության ողջ տարածքում, օրինակ, ԽՄԿԿ ցանկացած հերթական համագումար դիտվում էր որպես պատմական իրադարձություն: Չծիծաղե՛ք, բայց այդպես էր:
Այդ առթիվ «ԽՍՀՄ պատմության» դպրոցական դասագրքերը վերակազմվում էին նույն ոգով, թեև հիմնականում դասագրքի վերջին էջերին հավելվում էր ընդամենը մի քանի էջ` 1-2 դասաժամով:
Այդ «նոր դասագիրքը», որ նոր էր ընդամենը մի քանի էջով, «ԽՍՀՄ պատմություն» առարկայի մի քանի հարյուր հազար ուսուցիչներին պարտադրում էր մասնակցել երկշաբաթյա կամ մեկամսյա (արտադրությունից կտրված կամ չկտրված) վերապատրաստման դասընթացների: Հասկանալի է, որ նրանք սովորում էին նյութը հիմնավորված ու մատչելի դարձնելու մեթոդիկան: Դրան զուգահեռ ստեղծվում էին մեթոդական լրացուցիչ ձեռնարկներ:
Ճի՞շտ էր դա, թե՞ ոչ:
Իհարկե ճիշտ` սոցիալիստական գաղափարախոսությունը դպրոցականների ուղեղներին ոչ միայն մատչելի դարձնելու, այլև գիտակցության մեջ խցկելու համար:
Այդ գործն իրականացնում էին Խորհրդային Միության տասնյակ ու հարյուրավոր գիտահետազոտական ու գիտակրթական հաստատություններ:
Գանք մեր խնդրին։
Նախ և առաջ հարկ է ստեղծել գրաբարի ուսուցման ծրագիր, որի հիման վրա, միայն մրցակարգով, դասագիրք, իսկ հետո նրա դասավանդման-ուսուցման մեթոդական ձեռնարկը: Այնուհետև այդ դասագրքի հիման վրա կրթության ազգային հաստատությունը պետք է ուսուցիչներին նախապատրաստի նոր դասընթացին ընդառաջ:
Բայց ովքե՞ր են այդ առարկան դասավանդելու դպրոցներում: Հանրապետության հայոց լեզվի և գրականության բոլոր ուսուցիչները պետհամալսարանի և մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետների շրջանավարտներ են, ովքեր պարտադիր կարգով 3-4 կիսամյակ ուսումնասիրել են գրաբարը` հիմնականում Հրաչյա Աճառյանի, Առաքել Առաքելյանի, Աշոտ Աբրահամյանի, Պավել Շարաբխանյանի և այլոց բուհական դասագրքերով: Սակայն տարիների ընթացքում, չանդրադառնալով առարկային, այն, վստահ եմ, մոռացության պիտի մատնվեր: ՈՒրեմն` հարկ է նաև նրանց վերապատրաստել ուսուցիչների կատարելագործման հանրապետական և Երևանի քաղաքային ինստիտուտների չգոյության ներկա պայմաններում: Նրանց փոխարինելու եկած կրթության ազգային հաստատության համար սա դժվարագույն խնդիր է, քանի որ հարկ է այդտեղ էլ պատրաստել դպրոցական այդ նոր առարկան վերապատրաստող մեթոդիստ-մասնագետներ:
Իսկ բուհերում, հենց այժմվանից, հարկ է սկսել գրաբարի խորացված ուսուցումը, ինչպես նաև դասավանդել տվյալ առարկայի մեթոդիկան, որ երբևէ չի եղել:
Կիրառելի է սփյուռքյան վարժարանների փորձը:
Այս հարցը բնավ անլուծելի չէ, միանգամայն լուծելի է ու ժամանակ պահանջող, և տարակուսանք է առաջացնում խնդիրը հապճեպորեն իրագործելու առաջարկը:
Այս ամենի համար, բնական է, հարկ կլինի ներդնել նյութական լրացուցիչ միջոցներ: Նաև հասկանալի է՝ Համաշխարհային բանկը, դոնոր և կրթական համակարգը ֆինանսավորող այլ հաստատություններ ձեռնպահ կմնան, քանզի նրանք ոլորտ են մտել այլ ծրագրով ու նպատակով: Կրթության բարեփոխումների 12-ամյա, արդեն գործող ծրագրով մեր դպրոցների առարկայական ցանկը լրացված, հագեցված ու ավարտված է:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հ. Գ.- Կա՞ արդյոք ելք, քանզի ներկայացվածը ծախսատար ու աշխատատար, տևական ու դժվարին գործընթաց է: Ըստ իս, գոյություն ունի այլընտրանքային ժամանակավոր ելք:
Գրեթե ամեն օր ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստածրագրով ներկայացվում է օտար լեզուների 16-ժամանոց կարճաժամկետ ուսուցման «Պոլիգլոտ» ծրագիրը: Տարբեր տարիքի ունկնդիրներին մատուցվող գիտելիքներին մենք ևս կարող ենք ունկնդիր ու ակնդիր հետևել ու յուրացնել ներկայացվող օտար լեզվի տարրական նվազագույնը:
Արդյոք հնարավոր չէ՞ մեզ մոտ ևս կազմակերպել նմանատիպ ուսուցում: Ժամանակին, շատերն են հիշում, եղել է անգլերենի ուսուցման հեռուստածրագիր, որի հեղինակ և վարող, Բրյուսովի անվ. օտար լեզուների ինստիտուտի դասախոսի հասցեով ստացվում էին հարյուրավոր շնորհակալական նամակներ, և այդ գործընթացը, մասնագետների կարծիքով, դպրոցական և ուսանողական ոլորտներում մեծապես նպաստել էր առաջադիմությանը, բացի այդ, տանտիրուհիների առտնին արտահայտություններում արդեն շրջանառվում էին անգլերեն մոդայիկ ու «կոկիկ» բազմաթիվ արտահայտություններ:
Հնարավոր չէ՞ արդյոք կրկնել դրանք, հարկավ, ստեղծագործաբար, առկա-ստուդիական և «հեռակա» հեռուստատեսային՝ վիրտուալ գրաբարյան դասընթացներում:

Դիտվել է՝ 12661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ