ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Սա բլեֆ է, Րաֆֆին էլ քաղաքական պոկերիստ է»

«Սա բլեֆ է, Րաֆֆին էլ քաղաքական պոկերիստ է»
12.03.2013 | 19:25

Սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ վստահ է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ապրիլի 9-ին կայանալու է, և այդ դեպքում հարց է առաջանում` ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել է, թե միայն իր դիակի վրայով կկայանա երդմնակալությունը. հետաքրքիր է` ինչպե՞ս է նա պատրաստվում դիակ դառնալ, որ նախագահն իր վրայով անցնի: Ի՞նչ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Խոսքերին պետք է տեր կանգնել: Ձեռք ես տվել` խաղ արա»,- «Հենարան» ակումբում այսպիսի հարց բարձրացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա համար նաև անորոշ է հետևյալը. «Եթե մեծամասնությունը Րաֆֆի Հովհաննիսյանին է ընտրել, ինչու՞ դուրս չեն գալիս փողոց, հեղափոխություն անում: Այդ մեծամասնությունը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի իր ձայնը, իսկ եթե դուրս չի գալիս, ուրեմն դա բլեֆ է, իսկ Րաֆֆին քաղաքական պոկերիստ է»,-ասաց սոցիոլոգը` Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հայ ժողովրդի անունից խոսելը որակելով դեմագոգիա, ամբոխատիրության կողմնակից, ինչն ընդամենը ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ է:
Նրա խոսքով, ամբողջ ժողովրդի անունից կարող է խոսել միայն երկրի նախագահը, իսկ Րաֆֆին նախագահ չէ: «Րաֆֆին կարող է խոսել միայն իր և իրեն ձայն տվողների անունից»,-նշեց Ադիբեկյանը:
Հայերը, ըստ բանախոսի, իրենց երկրում հեղափոխություն իրականացնող չեն, բայց հաջող մասնակցում են այլ երկրների հեղափոխություններին, հայերը չեն նախընտրում քաղաքական պայքարի բռնի ձևերը:
Վերջինիս կարծիքով՝ հացադուլի է դիմում այն մարդը, ով այլ տարբերակ չունի:
Րաֆֆի Հովհաննիսյանի այս քաղաքականությունը սոցիոլոգը համեմատեց 1990-ականների կեսերին Աշոտ Մանուչարյանի փորձերի հետ, ով ժամանակին պայքարում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ. «Երբ որ մեկ ամսվա ընթացքում ամեն շաբաթ նա Ազատության հրապարակում մեծ ամբոխ էր հավաքում և ասում էր` այ, տեսեք՝ ամսի 30-ին ինչ կլինի: Ամսի 30-ին բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ինչ է լինելու, ասաց` ի՞նչ եք ուզում, բոլորս էստեղ միավորվել ենք և միակարծիք ենք, դրանից ավել ինչ եք ուզում: Դրանով նրա քաղաքական կարիերան ավարտվեց»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Բանախոփը ներկայացրեց նաև 2002-2003 թվականներին իրենց անցկացրած հարցման արդյունքները, որոնք վերաբերում են հասարակության ընկալմամբ քաղաքական պայքարի եղանակներին ու միջոցներին։ Անցկացված հարցման համաձայն՝ այն ժամանակ քաղաքացիների 30 տոկոսը պետական պաշտոնյաների գործողությունների վրա ազդելու եղանակը համարել է խաղաղ ցույցը, 20,5 տոկոսը նախընտրել է բողոքի հանրային արշավը՝ գործադուլ, քաղաքացիական անհնազանդություն անցկացնելու տարբերակը։ Հարցվածների մեծամասնությունն էլ նշել է, որ նման տարբերակ չկա։
«Բոլոր դեպքերում երկիրը լուրջ մարտահրավերների դեմ է կանգնած, և միջազգային ատյաններում մեր նախագահը պետք է լինի ամուր, իսկ այդ առումով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից շատ բան կա սովորելու՝ նա բազե էր և բազե էլ մնում է»,-համոզված է Ադիբեկյանը:
Ինչ վերաբերում է հացադուլին՝ այն, սոցիոլոգի կարծիքով, դարձել է հայաստանյան քաղաքական պայքարի ձևերից մեկը, որն ընդունված է աշխարհի տարբեր երկրներում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ