ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երկրի ԿԸՀ-ն ավարտեց նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը

Երկրի ԿԸՀ-ն ավարտեց նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը
15.01.2013 | 01:55

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց երկրի նախագահի թեկնածուների գրանցումը։ Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում այդ պոստի համար կպայքարի ութ մարդ, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը հաղթանակի հիմնական հավակնորդն է։ Հայաստանում կարծում են, որ հենց նրա վրա է շեշտը դնում Կրեմլը որպես առավել անցունակ թեկնածուի։
Սակայն վերընտրվելու դեպքում Սարգսյանը հազիվ թե հրաժարվի եվրատլանտյան կուրսից` այս կարծիքին են Հայաստանի շատ վերլուծաբաններ։ «Իզվեստիայի» հետ զրուցելիս Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ նախկին խորհրդային տարածության շատ նախագահներ Ռուսաստանին հավատարմության հավաստիացումներ են տվել, բայց վերընտրվելուց հետո մոռացել են այդ մասին, ինչպես եղավ, ասենք, ՈՒկրաինայի նախագահ Յանուկովիչի դեպքում։
-Եվ հետո, ինչի՞ համար գործող նախագահը պիտի շնորհակալություն հայտնի Ռուսաստանին, եթե առաջիկա ընտրություններում մրցակցություն չի լինելու,- պարզաբանեց նա։ Պետության ղեկավարի պոստում Սարգսյանի ընտրության անայլընտրանքայնությունն առաջացավ այն բանից հետո, երբ ընտրապայքարից անսպասելիորեն հրաժարվեց խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Իր տարիքի պատճառով առաջիկա ընտրություններին մասնակցությունից հրաժարվեց նաև Հայաստանի առաջին նախագահ, 68-ամյա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։
Որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվելու Եվրոպայի հետ սերտ հարաբերություններից, հաստատեցին նաև Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների վերջերս Երևան կատարած այցերը, որոնց հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նշեց, որ «Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն և տեղափոխվել են որակապես նոր հարթություն»։ Նշանակալի առաջադիմություն է ձեռք բերվել նաև միավորման պայմանագրի և ազատ առևտրի խոր ու համապարփակ գոտու ստեղծման հարցի շուրջ ընթացող բանակցություններում։ Կողմերը հուսով են, որ բանակցությունները կավարտվեն մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր` մինչ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Իսկ դեկտեմբերի 17-ին համաձայնագիր ստորագրվեց վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ, ինչը Հայաստանի երիտասարդությանն ու մշակույթի գործիչներին հնարավորություն կընձեռի հեշտորեն այցելելու Եվրամիության երկրներ։
Հայաստանը հրաժարվում է անդամակցելուց Մաքսային միությանը` դա պատճառաբանելով այդ կառույցի մեջ մտնող երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությամբ, և առայժմ մտորում է Եվրասիական միությանը միանալու նպատակահարմարության շուրջ։ Այս կապակցությամբ, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ենթադրություն է արել, թե Ռուսաստանը կփորձի Հայաստանին «պատժել» գազի գնի բարձրացմամբ։ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Իզվեստիայի» հետ զրուցելիս հերքել է այն լուրերը, թե արդեն մոտ ժամանակներս Վլադիմիր Պուտինը մտադիր է այցելելու Երևան։
-Եթե գործող նախագահի նախընտրական ծրագրում արծարծված լինեն Եվրասիական միության մեջ մտնելու հարցերը, ապա դա, անտարակույս, հետընտրական շրջանում եվրասիական ինտեգրման ուղիով Հայաստանի շարժման որոշակի երաշխիքներ կստեղծի,- կարծում է Հայաստանի քաղաքագետների միության ղեկավարը։
Դրա հետ մեկտեղ, Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ Ռուսաստանն այսօր շատ սահմանափակ հնարավորություններ ունի ներգործելու նախագահական ընտրությունների արդյունքների վրա, ուստի և կնախընտրի շեշտը դնել «անցունակ» թեկնածուի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի վրա։


«Իզվեստիա»
Լուսանկարը` Ալեքսանդր Մատվեևի

Դիտվել է՝ 2645

Մեկնաբանություններ