ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ճոպանուղին վերսկսել է աշխատանքը

Ճոպանուղին վերսկսել է աշխատանքը
04.11.2012 | 11:04

Հալիձոր-Տաթև ճանապարհը կարճող երկկողմանի, հետադարձելի, անկանգառ ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին, ինչպես բոլորովին վերջերս համոզվեցինք նաև էքստրեմալ փոխադրամիջոց է: Ճոպանուղու տնօրինությունը ի սկզբանե վստահեցնում էր, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը: Հոկտեմբերի 28-ին «ՏաԹևերի» ուղևորներն օդում անցկացրին սպասվածից ավելի ժամեր: Նրանք գտնվում էին 18 մետր բարձրության վրա: Ճոպանուղու ամենաբարձր կետը 320 մետր է:

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

-Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին կայծակից հետո ճոպանուղին ընթացքում կանգնել էր: Քանի՞ ժամ պահանջվեց, որպեսզի ուղևորները տարհանվեն:
-20:30-ին բոլոր ուղևորներն արդեն տարհանվել էին եղել: «ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկները համալրված են հատուկ սարքերով և հարմարանքներով, օրինակ, անվտանգության գոտիներ, 170 մ երկարությամբ ճոպաններ և այլն, ինչպես ընդունված է նման կարգի կառույցներում: Դրանից բացի ճոպանուղու ողջ անձնակազմը վերապատրաստվել է շվեյցարական հեղինակավոր մասնագետների մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների անցնի:
-Նշվեց, որ դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են 18 մ բարձրության վրա: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ավելի բարձրում լինեին խցիկները: Որքա՞ն ժամանակ կպահանջվեր, ի՞նչ միջոցներ՝ մարդկանց ապահով տարհանելու համար:
-Ճոպանուղին, բացի ավտոմատ կառավարման համակարգից, ունի նաև մեխանիկական համակարգ: Եթե, օրինակ, անհրաժեշտություն լինի, ճոպանուղու խցիկները մեխանիկական համակարգով կքաշվեն մինչև անվտանգ բարձրություն, որտեղից էլ, խցիկներում առկա անվտանգության գոտիներով, ճոպաններով ուղևորները կարող են տարհանվել: Սա ընդունված պրակտիկա է բոլոր այն ճոպանուղիներում, որոնք կառուցել և շահագործվում են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան։
-Հաջողվե՞ց ուղևորների խուճապը ցրել:
-Խուճապ, որպես այդպիսին, չկար փոխարենը համացանցում շատ են դրական արձագանքներն այն մասին, թե որքան օպերատիվ և պրոֆեսիոնալ են աշխատել մեր աշխատակիցներն ու ԱԻՆ փրկարարները:
-Բացասական արձագանքներից ու քննադատություններից էլ, հավանաբար, չեք խուսափել:
-Հակառակը, հաճելիորեն զարմացած ենք դրական արձագանքներից:
-Ֆինանսական ի՞նչ խնդիրներ է առաջացրել հոկտեմբերի 28-ի միջադեպը:
-Մեր ուղևորներին տրամադրվել են տաք սնունդ, թեյ, անհրաժեշտության դեպքում` հյուրանոցային համարներ Գորիսում: Գորիս քաղաք հասնելու համար ցանկացողներին տրամադրվել են տրանսպորտային միջոցներ: Բոլոր տեսակի ճոպանուղիների շահագործումն իրականացնելիս նման իրավիճակների հավանականությունը հաշվարկվում է: Այդպես է նաև մեր դեպքում:
-Հոկտեմբերի 28-ին պատահարից հետո ճոպանուղին ե՞րբ է վերսկսելու աշխատանքը:
-Garaventa-Doppelmayr ընկերության ճոպանուղիների շահագործման ձեռնարկներում կան հստակ ցուցումներ, որոնց հետևում ենք նաև մենք: Այս պահի դրությամբ որոշում է ընդունվել դադարեցնել ճոպանուղու շահագործումը, քանի որ եղանակային պայմանները շարունակում են մնալ անբարենպաստ, նաև, ըստ Garaventa ընկերության ցուցումների, անհրաժեշտ է կրկնակի ստուգում իրականացնել` անվտանգության բոլոր երաշխիքներն ապահովելու համար: Ավտոմատ համակարգը համալրված է եղանակային պայմանների և տեխնիկական ցուցիչներով, որոնցից ստացված տեղեկությունների հիման վրա համակարգն ավտոմատ կերպով գնահատում է իրավիճակը, ու եթե դրա ընդհանուր նկարագիրը շահագործման համար թույլատրելիի սահմաններում է, ճոպանուղին շարունակում է ընթացքը:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հ.Գ. - Նյութի հրապարակումից հետո «Տաթևերի» տնօրենությունից մեզ տեղեկացրին, որ ներկա դրությամբ ճոպանուղին վերսկսել է աշխատանքը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ