ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ ԱՌԱՎ»

«ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՈՒԹՅՈ՛ՒՆ ԱՌԱՎ»
02.04.2010 | 00:00

ԶԱՏԻԿ
ՄիտրոպոլիտԱնտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

Մենք փառաբանում ենք Քրիստոսի հարությունը, և հենց նոր, սուրբ Հովհաննես Ոսկեբերանի խոսքերով, հռչակեցինք կյանքի հաղթանակը. «Ո՞Ւր է քո հաղթությունը, մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզման։ Քրիստոս հարությո՛ւն առավ, և ոչ մի մեռյալ չմնաց դագաղում»։ ՈՒ դրա հետ մեկտեղ մենք տեսնում, լսում ենք ահավոր լուրեր այն մասին, որ մահը շարունակում է հնձել մարդկանց, որ մեռնում են մեր մերձավորները, մահանում երիտասարդները, մահանում թանկագին մարդիկ, իսկ ո՞ւր է կյանքի հաղթանակի այդ բարի լուրը։ Մահը տարբեր է լինում. մարմնական մահ և է՛լ ավելի ահավոր մահ` վերջնական, հավերժական, անհաղթահարելի բաժանում։ Եվ այդ մահը հազարամյակների ընթացքում, մինչև Քրիստոսի գալը, եղել է ամբողջ մարդկության փորձառությունը։ Պոկվելով Աստծուց, կորցնելով Աստծուն որպես սեփական կյանքի աղբյուր, մարդկությունը սկսեց ոչ միայն մեռնել մարմնով, այլև հեռանալ վերջնականապես, հավիտյան` Նրա հետ շփվելուց։ Մեռնելով առանց Նրա, մարդիկ մնում էին մեռած։ Եվ ահա Քրիստոսը, Որդին Աստծո, Աստված Կենդանի, եկավ երկիր։ Նա ապրեց մարդկային կյանքով, լինելով Կենդանի Աստված, հիրավի Կյանքը։ Նա հաղորդակից դարձավ այն ամենին, ինչը կազմում է մարդկային ճակատագիրը` ծարավեց, քաղց զգաց, հոգնեց, բայց ամենից սարսափելին, վերջին հաշվով, Նա հաղորդակից դարձավ մահացմանն ու մահվանը։ Որպես Աստված Նա մեռնել չէր կարող, սակայն սիրելով մեզ` Նա կիսեց մեզ հետ մեր ճակատագիրը։ Մնաց Աստծո հետ և մերժվեց մարդկանցից, մարդկանցից չբաժանվեց և Խաչի վրա` օ՜, խաչի վրա Նա ասաց ամենասարսափելի բառերը մարդկության պատմության ընթացքում. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մկ. 15, 34)։ Եվ մեռավ, մահացավ` ինքն իսկ Կյանքը մեռավ, հանգավ լույսը, որը Լույսն է ըստ էության։ Եվ իջավ Քրիստոսն Աստծո կողմից բաց թողնված անդունդը, այնտեղ, ուր չկա Աստված, ու երբ Նա մտավ այդ ահավոր ոլորտը, Նա իրենով, Իր Աստվածությամբ, հավերժական կյանքով, չմեռնող Լույսով լցրեց ամեն բան։ Եվ այդ մահը վերացավ հավիտյան, հիմա մենք մահը կոչում ենք վերափոխում, ժամանակավոր քուն, ու երբ մահանում ենք, ապա հեռանում ենք ոչ թե հուսահատության և Աստծո կողմից բաց թողնված անդունդի մեջ, այլ գնում ենք Աստծո մոտ, Ով մեզ այնքան սիրեց, որ Իր Միածին Որդուն` Միակ ու Սիրասուն, տվեց, որ մենք հավատանք Իր սիրուն։ Կարո՞ղ ենք արդյոք կասկածել, որ Նա մեզ սիրում է, երբ տեսնում ենք, գիտենք, թե ինչ արժեր այդ սերը Աստծո համար` Քրիստոսի կյանքը, Քրիստոսի մահը, մարդկանց կողմից լքված, Աստծո կողմից թողնված լինելը, Գեթսեմանի պարտեզի սարսափը, երբ Նա սպասում էր ահավոր մահվանը, իմանալով, որ Իրեն մատնել է 12 աշակերտներից մեկը, իմանալով, որ մի քանի ժամ հետո Իր մյուս աշակերտը` Պետրոսը, կհրաժարվի Իրենից, ու բոլորը Նրան կթողնեն մենության մեջ մեռնելու, մեռնելու միայնակ։ ՈՒ դրանով Նա մեզ ասաց` տեսեք, դա էլ վերցրի Ես Ինձ վրա, և մեռա, որպեսզի դուք հավատաք, որ ձեզ սիրում է Աստված, և որովհետև Նա սիրում է ձեզ, դուք փրկված եք, քանզի մեր փրկությունը մեզնից չի կախված, այլ սիրո այդ հրաշքից։ Իսկ մենք ինչո՞վ կարող ենք պատասխանել, արձագանքել այդ սիրուն։ Մենք կարող ենք այդ սերն ընդունել երկյուղածությամբ, սրտահուզորեն, մենք կարող ենք զմայլված կանգնել անհաղթելի Աստծո սիրո հրաշքի առջև և ամբողջ կյանքը դարձնել գոհություն։ Ոչ թե ըստ պարտականության խոնարհվել Աստծո առաջ, ոչ թե ըստ անհրաժեշտության կատարել Նրա պատվիրանները, այլ ասել. «Տե՜ր։ Եթե Դու այդպես սիրում ես մեզ, ապա կարելի է Քեզ մեծարել, սիրել, հնազանդվել, որովհետև Քո ճանապարհը կյանքի ճանապարհն է»։ Եվ ամբողջ կյանքն առանց մնացորդի դարձնել ոչ թե երախտագիտության խոսք և շնորհակալության երգ, այլ կենդանի գոհություն. այնպես սիրել յուրաքանչյուր մարդու, ինչպես սիրեց նրան Աստված` ամեն գնով ու մինչև վերջ։ ՈՒ եթե մենք սովորենք այդպես սիրել, այդ ժամանակ մեզ մոտ կգան Աստծո արքայությունը, Հարությունը, նոր կյանքը։ Բայց դրա համար մեզնից ամեն մեկը պիտի մեռնի ոչ մարմնական մահով և ոչ էլ բաժանման ահավոր մահով, այլ հրաժարվելով ամբողջ անձնասիրությունից։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է բացվի Աստծո առաջ, բացվի մարդկանց համար, ապրի ուրիշների համար, որովհետև հարություն առնել դեպի հավերժ կյանք կարող է միայն նա, ով գցել է իր ուսերից հին, անպետք զգեստի նման ամեն մի ժամանակավոր, անցողական բան։ Այդպես պետք է ապրենք և այդպիսի աշխարհ ստեղծենք, ու այդ ժամանակ կուրախանա մեզ համար մեր Տերը, և մենք խնդությամբ կնայենք Նրա և յուրաքանչյուր մարդու դեմքին։
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ