«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Կանաչ էին երազներս, հյութեղ ու հասուն», «Դու արահետ չտրորված, ես մի անցորդ»

«Կանաչ էին երազներս, հյութեղ ու հասուն», «Դու արահետ չտրորված, ես մի անցորդ»
09.01.2018 | 10:07

Այս խոսքերը զետեղված են դաշնակահար, կոմպոզիտոր ԳԱՐԵԳԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Սիմֆոնիա մենանվագ երգեհոնի համար» ստեղծագործության նոտաների վրա։ Սրանք ճակատագրորեն բնութագրում են կոմպոզիտորի երազներով, ներուժով ու բազում հնարավորություններով լի ընդհատված կյանքը, որը նմանվում է մի «անավարտ սիմֆոնիայի»։
Գարիկը դպրոցական ընկերս էր։ Նրա հետ ծանոթացել եմ 1960 թ.։ Մենք Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ էինք։ Մեր ընտանիքը Ղափանից նոր էր տեղափոխվել մայրաքաղաք։ Գարիկն իմ առաջին ծանոթներից էր։ Թեպետ տարբեր դասարաններում էինք սովորում, բայց հաճախ էինք հանդիպում։ Իսկ մի դեպքից հետո ավելի մտերմացանք։
Բանն այն է, որ մեր դասարանցիների ուշադրությունից չէր վրիպել այն, որ ես վերարկու չունեի։ Եվ հունվար ամսին նրանք եկան մեր տուն` նշելու իմ ծննդյան օրը, և ինձ նվիրեցին մի լավ վերարկու։ Այդ ջերմ վերաբերմունքը պատահական չէր։ Չէ՞ որ մեր դասարանում սովորում էին անվանի երաժիշտների, ազնիվ մտավորականների զավակներ` պրոֆեսորներ Գեորգի Սարաջևի (ավագի), Հրաչյա Բոգդանյանի, Սիլվա Բունիաթյանի և այլոց։ Միառժամանակ մեզ ֆիզիկա էր դասավանդում Դավիթ Սեդրակյանը, որը շուտով դարձավ դոկտոր, հետագայում` ակադեմիկոս։ Դավթի քույր Լաուրան էլ էր մեր դասարանից։ Ի դեպ, Լաուրայի և Գարիկի քույրերը մտերիմ ընկերուհիներ էին։

Ինչ վերաբերում է Գարիկին, ապա հետո պարզվեց, որ մեր դասարանցիների կամքին հակառակ, վերարկուի և այլ ծախսերի համար նա իր լուման էր ներդրել։ Դպրոցում մեր սերնդակիցներից մի քանի տղաներ առանձնապես աչքի էին ընկնում ոչ միայն իրենց տաղանդով, այլև բուռն վարքով, այսպես կոչված, պատանեկան մաքսիմալիզմով, պատվախնդրությամբ։ Դպրոցի պատիվը պահում էին ոչ միայն առաջադիմությամբ։ Օրինակ, թույլ չէին տալիս, որ դրսի տղաներն անհանգստացնեն մեր դպրոցի գեղեցկուհիներին։ Այդպիսի «թասիբով» տղաներից էին ջութակահար Կարո Հայրապետյանը (հետագայում երկրպագուները նրան «Մորուք Կարո» էին կոչում), ջութակահար Էդուարդ Թադևոսյանը (ներկայումս` Կոմիտասի անվան ազգային քառյակի ղեկավար, ժողովրդական արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր)։ Նման տղաներ ոչ շատ, բայց կային, սակայն ես ավելի շատ ընկերություն էի անում Գարիկի, Էդիկի և Կարոյի հետ։ Անշուշտ, մեր դպրոցը զարդարում էին նաև ջութակահար Ռուբեն Ահարոյանը (ներկայումս` Բորոդինի անվան հռչակավոր քառյակի ղեկավար, ժողովրդական արտիստ), թավջութակահար Վահրամ Սարաջյանը և այլք, բայց սրանք ավելի ինքնամփոփ էին։ Այս ամենն ասում եմ, որ փոքր-ինչ պատկերացում տամ Գարիկի շրջապատի մասին։


Նա առանձնանում էր ռոմանտիկ հոգեկերտվածքով, երաժշտության անսովոր ընկալմամբ, ուներ վառ երևակայություն, բռնկուն էր։ Գարիկը շատ սիրառատ էր։ Ինչպես բնորոշ է պատանեկությանը, մենք էլ էինք հաճախ սիրահարվում, ավելի ճիշտ, միշտ էլ սիրահարված էինք, պոետի խոսքով ասած, «սիրում եմ, բայց ու՞մ, չգիտեմ»։ Դա պայմանավորված էր ոչ միայն տարիքով։ Մեզ համար աղջիկները չընթերցված, առեղծվածային, ֆանտաստիկ «գրքեր» էին։ Ճանաչելով նրանց, մենք մեզ էլ էինք ճանաչում։ Ոչ պակաս ազդու հարուցիչ էր երաժշտությունը։ Քանզի երաժշտությամբ «արբածը», հափշտակվածը կամա, թե ակամա ձգտում է վերարտադրել, վերապրել այն հոգեշարժումները, իրադարձությունները, որոնք կյանքի են կոչել տվյալ ստեղծագործությունը։ Իսկ հիմնական մղիչը, այսպես ասած, «ներքին այրման շարժիչը», սերն է։ Գարիկը մեղվի պես ծաղկից ծաղիկ էր «թռչում», նեկտար հավաքում իր մեղեդիների համար։ Այս ամենը զարմացնում էր մերձավորներին, երբեմն էլ նրա դեմ լարում նրանց։


Գարիկին և ինձ միավորում էր, նախ և առաջ, երաժշտության հանդեպ մեր սերը։ Մնացած ամեն ինչը փորձում էինք ծառայեցնել մեր պատանեկան երազանքներին, երաժշտության մեջ խորանալու, դասական գլուխգործոցներին հասու դառնալու, մեր իդեալներին մոտենալու նպատակին։ Երկուսս էլ պաշտում էինք Բախին, Բեթհովենին, Բրամսին։ Կար ժամանակ, երբ Գարիկը տարված էր Էդվարդ Գրիգի արվեստով։ Հիշում եմ, նա շատ էր սիրում մեծ նորվեգացու Սոնատը, որը նա հաճախ նվագում էր դասամիջոցներին, գլխին հավաքելով աշակերտներիս։ Նրան գրավում էին այն թարմությունը, ֆանտաստիկ կերպարները, ազգային ինքնատիպությունը, որ Գրիգը ներմուծեց արևմտաեվրոպական երաժշտության մեջ։ Գարիկը շատ էր սիրում նաև Բեթհովենի 17-րդ սոնատը, որը լավագույնս ընկալելու համար հեղինակը խորհուրդ էր տվել կարդալ Շեքսպիրի «Փոթորիկը»։ Այդ սոնատի բարերար ազդեցությունն այսօր մենք տեսնում ենք Գարեգինի երգեհոնային սիմֆոնիայի 3-րդ մասում (Adagio tragico)։ Թվում է, թե Բեթհովենի սոնատի 2-րդ մասի տագնապալից բասերի երթը շարունակվում է այդ Սիմֆոնիայում, ասես տեղի է ունենում դարերի երկխոսություն. բեթհովենյան ռիթմիկ պատկերը երգեհոնահարի ձախ ձեռքից փոխանցվում է ոտնակներին, այնուհետև վերևի ձայներին։ Այդ ծանր քայլերը կարող են հիշեցնել դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի Գողգոթա տանող Խաչի ճանապարհն անցնող բազմության երթը...


Մենք հաճախ մեր տանը լսում էինք դասականների երկերը, սիրում էինք համեմատել նույն գործի մեկնաբանումները տարբեր կատարողների կողմից։ Կամ, օրինակ, համեմատում էինք նույն խորալի մշակումները Բախի և Բրամսի կողմից, ինչը բացում էր «մեր աչքերը», ցույց էր տալիս երաժշտության ընդերքում թաքնված ներուժը, հնարավորությունները։ Բացի այդ, մենք հաճախ մի երաժշտական «խաղ» էինք խաղում. քույրս հնչեցնում էր նույն ստեղծագործության մի քանի ձայնագրություն, չէր ասում ո՛չ գործի անունը, ո՛չ կատարողի։ Լսելուց հետո Գարիկը և ես պետք է կռահեինք, գնահատեինք և հիմնավորեինք մեր նախապատվությունները։ Այսպես զարգանում, հղկվում էին մեր ճաշակը, կողմնորոշումները, ինքնաճանաչողությունը, դառնում էինք ավելի անաչառ։ Հատուկ ուզում եմ նշել Գարիկի սերը հանդեպ Բախի, որը տալիս էր իր «պտուղները»։ Եվ այդ սիրո ամենավառ փայլատակումը մենք վայելեցինք 1969-ին։
Բայց սրան կանդրադառնամ ստորև։


Շատ բան կարելի է հիշել մեր անցյալից։ Սակայն, քանի որ Գարիկի ապագա վերելքը, նվաճումները, իբրև դաշնակահարի և կոմպոզիտորի, շատ, թե քիչ հայտնի են, ուստի կպատմեմ մի դեպք, որը մի քանի նրբագիծ ևս կավելացնի նրա կերպարին։
Դասերից հետո տղաներով երբեմն գնում էինք մի սրճարան, որը մեր դպրոցից հեռու չէր` ներկայիս «Մարգարյան» հիվանդանոցին կպած շենքի առաջին հարկում էր։ Մի օր Գարիկի և մյուս ընկերների հետ դուրս էինք գալիս սրճարանից, անակնկալ հանդիպեցի ուսուցչիս` Տատյանա Բագրատովնա Հայրապետյանին, որն այդ տարիներին նաև դպրոցի ուսումնական մասի ղեկավարն էր։ Տղաներն անմիջապես նահանջեցին, իսկ ես արդեն դրսում էի։ Եվ Տատյանա Բագրատովնան մայրական խստությամբ ու նաև հեգնանքով հարցրեց. «Էս ի՞նչ ես անում այստեղ»։ Հազիվ լսելի ձայնով պատասխանեցի. «Հանգստանում եմ»։ Հետագայում միայն հասկացա, որ նման աշխատասեր, եռանդուն գործչի բառապաշարում «հանգստանալ» բառ չկար։ Եվ նա նույն տոնով հեգնեց. «Միգուցե Սոչի՞ գնաս հանգստանալու»։ Այս բառերը մխրճվեցին գիտակցությանս մեջ, և երկար ժամանակ հանգիստ չէին տալիս։ Մանավանդ որ տղաները մերթընդմերթ խաղում էին հոգուս հետ, ասելով. «Միգուցե Սոչի՞ գնանք»...
Բախտի հեգնանքով, մի օր ես ու Գարիկը որոշեցինք իրոք մեկնել Սոչի։ Դպրոցի տված մեր ամառային թոշակին հավելելով միացյալ ուժերով հայթայթած մի փոքրիկ գումար, տոմս գնեցինք ու նստեցինք գնացք։ Նախ հասանք Թբիլիսի։ Մեկ գիշեր մնացինք մի հյուրանոցում, որից հետո նստեցինք Սոչիի գնացքը։ Փաստորեն, մենք ինքնագլուխ փախանք, հետո միայն տեղեկացրինք մեր ծնողներին, որ շատ չանհանգստանան։ Մի քանի օր մնացինք այդ չքնաղ քաղաքում։ Կյանքում առաջին անգամ էինք ծով տեսնում։ Ցնցվել էինք բնությամբ, մայրամուտով, արևածագով, ծովի ալիքների հավերժական երաժշտությամբ։ Բայց այդ ամենն ասես միայն նվագակցություն էր ծովափի կանանց գեղեցկության մեղեդուն։ Մի օր էլ մեզ այդ դրախտից «արտաքսեցին»։ Ծովափին մեզ մոտեցավ մի ոստիկան, ստիպեց հագնվել և հետևել իրեն։ Պարզվեց, որ գողություն էր կատարվել, և մեզ կասկածանքով տարան Սոչիի մոտակայքում գտնվող Մացեստայի ոստիկանություն։ Դպրոցում ես վարժվել էի և լավ հիշում էի տարբեր ազգերի կոմպոզիտորների անունները։ Եվ դա օգնեց, որ մինչ օրս հիշեմ Մացեստայի քննիչ, գուցե ոստիկանապետ, «տավարիշչ Մոտուզովի» հազվադեպ, հնչեղ ազգանունը։


Այդ Մոտուզովն էլ մեզ խիստ քննեց։ Եվ երբ ասացինք, որ երաժիշտներ ենք, իսկ երաժիշտները երբեք գող չեն կարող լինել, նա ընդհատեց. «Знаем вас, «музыкантов» по карманам и чемоданам» (Շատ լավ գիտենք ձեզ` գրպանների և ճամպրուկների «երաժիշտներիդ»)։ Մեր սիրտը փշրված էր։ Առաջին անգամ էինք հանդիպում նման մեծ անարդարության, ու զարմանում էինք, որ նման բարձր և պատասխանատու պաշտոնյան սխալ է տեսնում իրականությունը, բայց և այդքան վստահ է։ Ինչևէ։ Մեզ պահեցին մինչև երեկո։ Քաղցած էինք, ծարավ, փակված մի սենյակում, որտեղ միայն աթոռներ կային։ Չգիտեմ գողերին բռնեցին, թե ոչ, բայց օրվա վերջում մեր մատնահետքերը վերցրին և մեզ բաց թողեցին։ Մեր դրամն էլ վերջանալու վրա էր։ Թեպետ մենք փողը ծախսում էինք «գերմանական ճշտությամբ», սակայն, միևնույն է, չհերիքեց։


Մենք պարտք մնացինք տանտիրոջը, և նա, ի տարբերություն ոստիկանների, մեզ վստահեց, հավատալով, որ Երևանից կուղարկենք։ Տունդարձի ճանապարհին սովը ստիպեց մի կնոջից պարտքով փող խնդրելու։ Պարզվեց, որ նա Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս է, և պաշտում է երաժշտությունը, ջութակահար Ժան Տեր-Մերկերյանին, դիրիժոր Միքայել Մալունցյանին։ (Այն ժամանակ ո՞վ կենթադրեր, որ ես ապագայում պիտի սովորեի այս երկու հսկաների դասարանում)։ Այս տիկինն էլ հավատաց երաժիշտներիս, և այնքան փող տվեց, որ մինչև Երևան բավականացրեց։ Առաջին քայլը, որ ես և Գարիկը կատարեցինք, փող ուղարկեցինք Սոչի` տանտիրոջը։ Իսկ դասախոսի հետ պայմանավորվեցինք հանդիպել Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։
Մեր ծնողները մեզ ներեցին։ Մենք խոստացանք, որ այդուհետ Սոչի չենք գնա, քանի որ Սոչին «հանգստանալու» տեղ չէ, որ այնտեղ երաժիշտներին «չեն հավատում»... Հետագայում Գարիկն ապացուցեց, որ նա իսկական երաժիշտ է։ Նրա «աստեղային» ժամը կարելի է համարել Անդրկովկասյան 3-րդ մրցույթը (1969 թ.)։ Նա հաղթականորեն անցնում էր փուլից փուլ, ու վերջում արժանացավ 1-ին մրցանակի և դափնեկրի կոչման։ Մրցույթի 1-ին փուլը պարտադիր սկսվում էր մասնակցի ընտրած` Յոհան Սեբաստիան Բախի որևէ պրելյուդ և ֆուգայով։ Գարիկն ընտրել էր ֆա-դիեզ մինորը` 2-րդ հատորից։ Ժամանակի այս հեռավորությունից դժվարանում եմ հիշել նրա կատարման մանրամասները, բայց երբեք չեմ մոռանա նրա երգող հնչյունը և լայնաշունչ ձայնատարությունը, որոնք այդ պրելյուդը վերածեցին մի արիայի` Անտոն Ռուբինշտեյնի խոսքով ասած, մի անվերջանալի մեղեդու` հիրավի, «ի խորոց սրտի»։ Ֆուգայի կատարման ընթացքում Գարիկը փորձում էր նվագել մեր սիրած Գլեն Գուլդի ոճով ու ոգով, այսինքն` ձգտում էր հյուսվածքի երեք ինքնուրույն ձայները տարբեր երանգներով այնքան անհատականացնել, որ տպավորություն ստեղծվի, թե երեք տարբեր «գետեր» են հոսում։ Եվ այնքան լավ ստացվեց, որ նույնիսկ Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կառչելու որևէ բան չգտան ստվերելու այդ փայլուն կատարումը, և առհասարակ, Գարիկի ելույթն ամբողջությամբ։


Գարիկի հաղթանակը բնորոշելով որպես «աստեղային»` հատկապես նկատի ունեի Սկրյաբինի 4-րդ սոնատի կատարումը։ Կոմպոզիտորի ֆանտաստիկ, միստիկ մտածելակերպը, աշխարհընկալումն այնքան հոգեհարազատ էին, որ Գարիկը երկու փուլերում էլ ընդգրկել էր նրա երկերը` 3-րդ էտյուդը (օպուս 65) և 4-րդ սոնատը։ Վերջինս է, որ երաժշտագետներն անվանում են «աստեղային»։ Իսկ Սկրյաբինը այդ սոնատին կցել է հետևյալ ծրագիր-բնաբանը. «Թեթև և թափանցիկ ամպամածություն» և «տենչանքի այրող բերկրանք»։ Սա էլ հենց Գարիկի տարերքն էր, ուստի պատահական չէր ունկնդիրների հրճվանքը, պատահական չէր այդ ռոմանտիկ դաշնակահարի հաղթանակը, պատահական չէ նաև այն, որ ես դա չեմ մոռացել ցայսօր... Մրցույթը մեզ ավելի մտերմացրեց։ Բայց հետագայում «կենաց ծովի» բուռն ալիքները մեզ շպրտեցին տարբեր ուղղություններով։ Ես ուզում էի հեռանալ մայրաքաղաքի աղմուկից, մեկուսանալ, ավելի շատ լսել բնության երաժշտությունը, լռությունը։ Հաճախ փոխում էի բնակավայրս` մերթ Ղափան, մերթ Լենինական։ Հետագայում ուսումս շարունակեցի Մոսկվայում, սրան գումարվեցին իմ հիմնադրած «Շարական» անսամբլի հյուրախաղերը։ Գարիկն էլ «տրուբադուրի» կյանք էր վարում` Հայաստանում, Մոլդավիայում և այլուր։ ՈՒ ասում էի. «Դարձել ենք տրուբադուր, ընկել «դռնեդուռ»։ Բայց ուր էլ լինեի, երբեք չէի մոռանում մեր ընկերությունը։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ Գարիկի մատնահետքերը, որ մնացին ոչ միայն Սոչիի ոստիկանության «գանձարանում», այլև հետագայում զարդարեցին բազում «Սթեյնվեյ» ռոյալների, երգեհոնների ստեղնաշարերը և մինչ օրս պահպանվել են Բախի, Բեթհովենի, Շոպենի, Սկրյաբինի, Առնո Բաբաջանյանի երկերի նոտաների վրա, որոնք, ամեն անգամ բացելիս, հիշեցնում են մեր պատանեկան տարիները, մեր կյանքի հնչյունաբույր գարունը։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 17872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ