Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կին ռեժիսորների արվեստը հիացնում է

Կին ռեժիսորների արվեստը հիացնում է
02.12.2008 | 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ
Նոյեմբերի 28-ին Երևանի տիկնիկային թատրոնում մեկնարկեց «Կին» միջազգային հինգերորդ հոբելյանական կինոփառատոնը, որին մասնակցում էին Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Իռլանդիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Մեծ Բրիտանիայից և Ֆինլանդիայից ժամանած կին ռեժիսորներ, որոնք ներկայացրել են շուրջ 44 փաստավավերագրական և գեղարվեստական կինոնկար։
Հյուրերի թվում ամենամեծ բաժինը պատկանում է Ռուսաստանին։ Քիչ չէին նաև իրենց աշխատանքները ներկայացրած հայաստանցի երիտասարդ կինոռեժիսորները՝ Սոնա Հարությունյան, Լիլիթ Մովսիսյան, Սիրանուշ Պապյան, Արփինե Սիմոնյան, Վիկտորյա Փոշոտյան, Վանուհի Դունամալյան, Սեդա Գրիգոր-յան, այլք, որոնք դեռևս սովորում են կամ ավարտել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կամ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը։ Փառատոնը նպատակ ունի կինոարվեստի օգնությամբ լուսաբանել կնոջը հուզող բազմաբնույթ խնդիրները, ներկայացնել հիմնականում նրանց նկատմամբ մեր կյանքում ոչ հազվադեպ կիրառվող բռնությունները, որոնց մասին սովորաբար քչերն են բարձրաձայնում։
Կանադացի ռեժիսոր Բևերլի Շուֆերի «Դեպի ապահով վայր» փաստավավերագրական ֆիլմն առաջինն էր ցուցադրվողներից, որը պատմում է ինցեստի (արյունապղծության) մասին։ Նախքան ցուցադրությունը ռեժիսորը պատմեց այն բարդությունների մասին, որոնց հանդիպել են ֆիլմը նկարահանելիս։ Նման դեպքերում ֆիլմի հերոսուհիները խուսափում են իրենց կյանքի մութ կողմերի մանրամասները բարձրաձայնելուց։ Երբեմն էլ նրանք այդ մասին խոսում են փակած աչքերով։ Մինչդեռ կինոռեժիսորը կարծում է, որ պետք է այդ մասին խոսել առանց ամաչելու և հասնել այն բանին, որ բռնության զոհ դարձած կանայք իրենց փրկված զգան և կարողանան ճիշտ դասավորել հետագա կյանքը։ Կինոռեժիսորի կարծիքով, ֆիլմի հերոսուհի Շերլին բավականին ուժեղ կին է, որը կարողացել է առանց բարդությունների խոսել իր հետ պատահածի մասին։ Ֆիլմում պատմվում է, թե ինչպես են իրենց հոր բռնությանը զոհ դարձած երկու աղջիկներն անցնում տառապալից ճանապարհ, մինչև կարողանում են ձերբազատվել ամոթալի անցյալից և ինտեգրվել հասարակությանը։ Լավ է, որ նրանք հետագայում ամուսնանում են, երեխաներ ունենում և տարիներ անց իրար հանդիպում։ Շերլին հանդիպում է նաև իր հոր կողմից բռնության ենթարկված մայրիկին ու ներում նրան այն ժամանակ ցուցաբերած անտարբերության համար։ Շուֆերի հավաստմամբ, ֆիլմում ոչ ոք չի տեսնում հորը, թեև նրա մասին շատ է խոսվում, քանի որ վերջինս հրաժարվել է նկարահանվելուց։
Կինոռեժիսորը նշեց, որ այս ֆիլմը մեծ հետաքրքրությամբ է դիտվում հատկապես այն երկրներում, որտեղ առկա է ինցեստի երևույթը և գաղտնի է պահվում։ Կանադացի ռեժիսորի ֆիլմը ցուցադրվել է նույնիսկ Մոնղոլիայում, և ստեղծագործական կազմին (միայն կանանցից բաղկացած) հետաքրքրում էր, թե ինչ են մտածում բոլորովին այլ ավանդույթներ ունեցող երկրներում նման ֆիլմերի մասին։
Կինոփառատոնի հաջողությունը պայմանավորված է հյուրերի՝ «Նոր ալիքի տատ» համարվող Ագնես Վարդայի և բազմաթիվ փառատոների մրցանակակիր ՈՒլրիկե Օթինգերի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններով։ Այսօր երեկոյան կկայանա կինոփառատոնի փակման արարողությունը և մրցանակի արժանացած ֆիլմերի ցուցադրությունը։ Փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանի կարծիքով, շատ կին ռեժիսորների ստեղծագործական ծնունդը կայացել է հենց այս փառատոնի շնորհիվ, ուստի պետք է նրանց մաղթել ուժ, սեր գործի նկատմամբ, եռանդ, տոկունություն և անսահման համբերություն։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6586

Մեկնաբանություններ