ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԲԱՎՐԱՅՈՒՄ, «ՈՒՂՏԸ ՆՍՏԱԾ` ԿՈՒԶԵԿՈՒԶ ԵՆՔ ՄԱՆ ԳԱԼԻՍ»

ԲԱՎՐԱՅՈՒՄ, «ՈՒՂՏԸ ՆՍՏԱԾ` ԿՈՒԶԵԿՈՒԶ ԵՆՔ ՄԱՆ ԳԱԼԻՍ»
22.07.2011 | 00:00

Հուլիսի 13-ին բարեհաջող հատեցինք Վրաստան-Հայաստան սահմանը և հայտնվեցինք ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածաշրջանի մաքսատան «Բավրա» մաքսակետի տարածքում: Տուրիստական խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանի` Կարս-Անի-Աղթամար-Վան-Մուշ-Էրզրում երթուղուց: Չնկարագրելով տուրիստական խմբի հայրենասիրական ոգու թռիչքը` ներկայացնեմ այն տհաճ բախումը հայ իրականության հետ, որ տեղի ունեցավ հենց սահմանի վրա: Առանձնացնեմ երկու հանգամանք. ոչ մեծ տուրիստական խմբի (թվով 9 հոգի) մեծամասնությունը բարձրագույն կրթությամբ անձինք են և փայլուն տիրապետում են օտար լեզուների, ընդ որում, խմբի անդամներից մեկն օտարերկրյա պետության` Ավստրալիայի հայազգի քաղաքացի է, և երկրորդ` «Բավրա» մաքսակետն ազատ էր, և տարածքում, մեր խմբից բացի, այլ խմբեր կամ ուղևորներ չկային:
Մինչ խմբված սպասում էինք մեր փոխադրամիջոցի մաքսային փաստաթղթերի ձևակերպմանը, նկատեցինք վրդովեցնող մի փաստ. կենտրոնական պատին փակցված մաքսատան անվանումը կրող եռալեզու` հայերեն, անգլերեն և ռուսերեն, ցուցանակում առկա էին կոպիտ սխալներ, հայերեն տարբերակում` բովանդակային, իսկ ռուսերեն և անգլերեն տարբերակներում` տառային սխալներ (տե՛ս լուսանկարը): Զարմանալի չէ, որ ցուցանակի տառասխալներն անմիջապես աչքի զարնեցին, քանի որ ապացուցման կարիք չունի այն տարրական գրագիտությունը, որ հայերեն տարբերակում` «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածքային մաքսատուն «Բավրա» մաքսային կետ», «տարածքային» բառը պետք է փոխարինվի «տարածաշրջան» բառով, ռուսերեն տարբերակում правительства բառի ճիշտ հոլովման ձևը правительстве բառն է, անգլերեն տարբերակում Gustom բառի ճիշտ ուղղագրությունն է Customs բառը: Անվանական ցուցանակի տառասխալների վերաբերյալ խմբի անդամների բարձրաձայն դիտողություննները, հավանաբար, դուր չեկան մաքսակետի տեսուչներին, որոնք քիչ հեռու կանգնած լուռ հետևում էին մեզ, դեռ ավելին, այն բանից հետո, երբ խմբի անդամներից մեկն իր բջջային հեռախոսի տեսախցիկով նկարահանեց հիշարժան ցուցանակը, մեզ մոտեցավ մաքսային տեսուչը, արդեն իսկ բացասաբար լիցքավորված, որի անունը և ազգանունը թերևս չարժե հիշատակել, քանի որ սույն հոդվածի բուն նպատակն այդ չէ, և հոխորտալով ասաց. «Հլը էդ նկարը ջնջի, դու ո՞վ ես, որ պըտի նկարես, մենակ դո՞ւք եք ստեղ լեզուներ իմացող»: Խմբի անդամներս փորձեցինք մատնացույց անել ցուցանակի տառասխալները և առաջարկեցինք փոխել ամոթալի ցուցանակը, սակայն, ի զարմանս մեզ, դա ավելի բորբոքեց հոխորտացող տեսուչին: Այնուհետև մեզ մոտեցան ևս մի քանի մաքսային տեսուչներ և, տեղեկանալով միջադեպին, ասացին, որ իրենք տեղյակ են այդ տառասխալների մասին, որ մեր խումբը միակը չէ, որ նկատել է դրանք, որ իրենք` տեսուչները անձամբ չեն գրել անվանացուցանակը, մեղավոր չեն, որևէ պարտավորություն չունեն և այլ անհիմն բացատրություններ: Դեռ ավելին, որպեսզի ակնառու չլինի շարունակվող լեզվակռիվը խմբի անդամների և հոխորտացող տեսուչի միջև, վերջինս խմբից մեկին հրավիրեց ներս` երկխոսության (հայկական տարբերակով` «ռազբիրատ անելու»): Զավեշտն այն է, որ մինչ տհաճ խոսակցության ընթացքում ճշտվում էր, թե ով ում բարեկամն է, մեղադրական լուտանքներ թափվեցին մեր տուրիստական խմբի գլխին, որի արդյունքում ստացվեց այնպես, որ մենք` տուրիստական խմբի անդամներս, կեղծ հայրենասերներ ենք, քանի որ եթե նույնիսկ նկատել ենք տառասխալները, ապա չպետք է բարձրաձայնեինք այդ մասին, որ մյուս ուղևորները նույնպես չիմանային այդ մասին, չնայած մաքսակետի տարածքում, մեզնից բացի, այլ ուղևորներ չկային: Այսինքն, ստացվում է հետևյալը. եթե տեսնում ես ակնհայտ սխալը և լռում ես, ապա կարելի է կարծել, որ ակնհայտը ակնհայտ չէ, կամ, պատկերավոր ասած, ընդունում ենք «ուղտը նստած` կուզեկուզ ենք ման գալիս» տարբերակը: Ըստ մաքսավորների` ստացվում է, որ եթե մենք նկատում ենք և լռելյայն հեռանում, ուրեմն իրական հայրենասերներ ենք, հակառակ պարագայում` ազգի դավաճաններ: Ընդ որում, ցուցանակի պատկառելի չափսերը (1x1,5 մ) և աչքի ընկնող ոսկեգույն տառերը վկայում են այն մասին, որ սահմանը հատող յուրաքանչյուր երկրորդ անձ հաստատապես կարդացած կլինի:
Բարեբախտաբար, գործը չհասավ «դիվանբաշուն», սակայն մաքսակետից հեռացանք տհաճ զգացողությամբ, մեկ անգամ ևս համոզվելով, թե ինչքան խորքային և արմատական փոփոխության կարիք ունի հայի ինքնագիտակցությունը, էլ ուր մնացին կորցրած տարածքների մասին մեր հեռահար նպատակներն ու վաղեմի երազանքները:
Համոզված եմ, որ իրական հայրենասիրությունն ակնհայտ սխալների ընդունումն ու դրանց շուտափույթ վերացումն է, և ոչ թե մի քանի շարքային մաքսավորների կողմից, սեփական անգրագիտությունն ու անտարբերությունը քողարկելու նպատակով, հազարավոր ուղևորներին կույր ու կեղծ հայրենասեր որակելը, էլ չեմ խոսում մաքսային ծառայողի վարքագծի կանոնների խախտման մասին:
Հարկ է նշել, որ «Բավրա» մաքսակետը համարվում է Հայաստանի կարևորագույն սահմանային կետերից մեկը, որտեղ տարեկան կտրվածքով սահմանն անցնում են հազարավոր ուղևորներ, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ: Սահմանային մաքսային անվանական ցուցանակում տառասխալների առկայությունը կարելի է նույնացնել սահմանում ծածանվող պատռված եռագույն դրոշի կամ մաքսային ծառայության տարբերանշանի, կնիքի, մաքսավորի համազգեստի ձևախեղման հետ: Նման վերաբերմունքը սահմանակետում անթույլատրելի է և, մեղմ ասած, ամոթ:
Հույս ունենք, որ այս հոդվածի հրապարակումից հետո վերադաս մաքսային մարմինների ուշադրությանը կարժանանան մաքսային ծառայության խնդիրների իրականացման գործում և հատկապես գրագիտության կատարելագործման, ինչպես նաև մաքսային ծառայողի նկարագրի պահանջներին մաքսային տեսուչների համապատասխանության հարցերը:

Ալվինա ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ