ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՌ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԻ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՆ»

«ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՌ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԻ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՆ»
20.03.2012 | 00:00

«Մայքրոսոֆթ» ընկերության հայկական գրասենյակը նախաձեռնել է ընկերության արտադրանքի հայերենացման գործընթացը։ 2006 թվականից ընկերությունն ուշադրության կենտրոնում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող բառապաշարի տեղայնացման հարցը։ Մասնավորապես, նշենք Windows XP, Windows Vista, Windows 7, MS Office 2007, MS Office 2010, ինչպես նաև ուղղագրական ծրագրերի հայերենացումը։
Ինչպես նշում է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, եզրույթների հայերենացման գործընթացն ինքնանպատակ չէ, առաջնայինը լեզուն որակյալ թարգմանություններով ապահովելն է։ «Իրատես de facto»-ի հետ զրույցում Գրիգոր Բարսեղյանն ընդգծեց, որ եզրույթների թարգմանության խնդիրն արդիական է և շատ կարևոր բնակչության լայն զանգվածների համար։ Հատկապես մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման մի շարք խոչընդոտներին գումարվում է նաև լեզվական խնդիրը, և տերմինների հայերենացման նախագծով «Մայքրոսոֆթը» ցանկանում է վերացնել այդ արգելքներից մեկը։ Այս ծրագրում ներգրավված են մեծ թվով լեզվաբաններ, փորձագետներ՝ որակյալ թարգմանություններ ապահովելու համար։
Ըստ Գ. Բարսեղյանի` թարգմանությունների շուրջ կա երկու տարբեր տեսակետ. «Կա երկու շատ ծայրահեղ մոտեցում. մի մասը կարծում է, որ բոլոր բառերը պետք է թարգմանել, մյուս մասն էլ պնդում է, որ թարգմանել պետք չէ, պարզապես անգլերեն բառերը կարելի է գրել հայատառ և սահմանափակվել դրանով։ Համոզված ենք, որ ճիշտն այս երկուսի բալանսավորված կիրառումն է։ «Մայքրոսոֆթն» ավելի քան 100 երկրում նման նախագծերի մեծ փորձ ունի, և մենք վստահ ենք, որ նախաձեռնությունը շատ կարևոր է։ Սա ոչ թե գիտահետազոտական աշխատանք է, այլ պրակտիկ հարց։ Այս նախագծով մենք ցանկանում ենք հեշտացնել համակարգչից օգտվելը։ Դա նշանակում է, որ ցանկացած բառ պետք է հասկանալի լինի օգտվողներին»։ Նա նաև ընդգծեց, որ հայերենացումը մեկանգամյա գործընթաց չէ, քանի որ ծրագրային փաթեթները մշտապես թարմացվում են, հետևաբար եզրույթներն էլ ավելանում են։
Լեզվաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՔԱՐՅԱՆԸ կարծում է, որ համակարգչային տերմինները հայերենացնելու գործընթացը խիստ կարևոր է. «Մեր հասարակությունն անընդհատ օտար ճնշումների է ենթարկվում, օտարամոլությունը ծաղկում է, այդ իսկ պատճառով այս ամենի կարևորությունն ընկալողներն են քիչ, իսկ քննադատողները՝ շատ։ Նրանք, ովքեր ընդունում են, կողմ են այս խնդրին, սովորաբար չեն արտահայտվում, իսկ նրանք, ովքեր դեմ են, շատ գործնական են և առիթը բաց չեն թողնում քննադատելու, գործին խանգարելու համար»։ Հ. Զաքարյանը կարծում է, որ այս նախաձեռնությունը հատկապես գյուղական բնակավայրերում կհեշտացնի համակարգչից օգտվելը. «Երկրներ կան, որտեղ օրենքը պարտադրում է տվյալ երկրի պետական լեզվով օգտագործել բառերը, ուղղակի մեր պետությունն այդ հարցում հետևողական չէ։ Եթե հետևողական լիներ, վաղուց արդեն անցած կլինեինք հայկական տարբերակներին և այսօր չէինք քննարկի այս գործընթացի նպատակահարմարության խնդիրը»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ