Վերջերս շրջանառվող լուրերի համաձայն` Կարսի պատմական բերդի արտաքին պարիսպները սկսել են քանդվել. պատճառը եղանակային պայմաններն են` ձյունը, անձրևը և համապատասխան մարմինների անուշադրությունը: Թուրքական լրատվամիջոցները փաստում էին, որ գանձ որոնող խմբերի կողմից ոչնչացվել են Կարսի բերդի շրջակայքում գտնվող պատմական կոթողները, գանձախույզները քանդել են անգամ շինություններն ու գողացել քարերը:
«Կարսի իշխանություններն սկսել են քանդել բերդի շրջակայքում գտնվող հին թաղամասերը դեռևս 2000 թվականից: 2007-ին սկսել էին դեպի բերդ տանող ճանապարհի սալահատակի վերականգնումը, բայց կիսատ են թողել: Ինչ վերաբերում է Կարսի բերդի արտաքին պատերի փլուզման վտանգին, դա հեքիաթ է»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Armweeklynews» կայքի գլխավոր խմբագիր ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ` փաստելով, որ բերդի արտաքին պարիսպներն այնքան ամուր են, որ դեռ մի հարյուր տարի էլ կանգուն կմնան։ «Ես դա ասում եմ որպես ականատես, քանի որ մոտ մեկ շաբաթ ուսումնասիրել եմ բերդը,- ասաց նա:- Այլ խնդիր է, որ Կարսի քաղաքապետարանը տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ է հատկացնում բերդի շրջակայքը զբոսաշրջության պահանջներին համապատասխանեցնելու համար, սակայն, ինչպես միշտ, գումարներն անհետանում են»: Քաղաքագետի տեղեկացմամբ` Կարսի բերդից ներքև, կամրջի հարևանությամբ, հին բաղնիքների վերականգնման համար էլ քաղաքապետարանը միջոցներ էր հատկացրել դեռևս 2006-ին, սակայն բաղնիքների վրա մինչ օրս ոչ մի քար չի դրվել: «Կարծում եմ` սովորական աղմուկ է` քաղաքի բյուջեից գումարներ կորզելու համար: Այդ գործում կարսեցիները վարժ են»,- վստահեցրեց Էդիկ Հովսեփյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ