ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՏՈՒՆ ԲԵՐԵՆՔ ԱՆԱՀԻՏԻՆ

ՏՈՒՆ ԲԵՐԵՆՔ ԱՆԱՀԻՏԻՆ
06.03.2012 | 00:00

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու մասին ֆեյսբուքյան իր էջում առաջինը խոսեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Գաղափարը մեծ արձագանք ստացավ հատկապես երիտասարդության շրջանում, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնեց ստորագրահավաք՝ Անահիտի բրոնզաձույլ արձանը Հայաստան վերադարձնելու ակնկալիքով։ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին և Ջոնաթան Ջեյմս Էյվսին հիմնադրամի նախաձեռնությամբ հղված ուղերձի տակ հավաքվել է շուրջ 20 հազար ստորագրություն։ Մարտի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հավաքված ստորագրություններն ու համապատասխան ուղերձը կփոխանցի դեսպաններին՝ պատճենն ուղարկելով Բրիտանական թանգարան։
Դեսպաններին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են»։
Դեսպաններին հղված ուղերձում երախտիքի խոսք է ասվում Մեծ Բրիտանիային՝ հայկական մշակութային ժառանգությունը թուրքական վանդալիզմից փրկելու և պահպանելու համար։ «Սակայն պատմական արդարությունը պահանջում է, որպեսզի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենադարձվեն և հանգրվանեն ծագման երկրում։ Համոզված ենք՝ Մեծ Բրիտանիան կհարգի մեր նախաձեռնությունը և կվերադարձնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները»,- ասված է ուղերձում։ Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին: Մեկ անգամ չէ, որ աստվածուհուն պատկերող արձանները հայտնվել են օտարների ձեռքում: Անահիտի գլխավոր տաճարը գտնվում էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում. տաճարը կողոպտվել է մ.թ.ա. 34 թվականին՝ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի արշավանքի ժամանակ: Նրա զինվորները Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը կոտրել և բաժանել են իրար մեջ ու տարել Հռոմ: Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է: Ինչ վերաբերում է Բրիտանական թանգարանում պահվող մասունքներին, ապա դրանք հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին, Երզնկայում, մի գյուղացու կողմից՝ հողագործական աշխատանքների ժամանակ: Արձանի մասունքներն ինչ-ինչ հանգամանքներում տեղափոխվել են Անգլիա, իսկ կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Տեղեկացնենք նաև, որ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելու կոչով ստորագրահավաք է կազմակերպվել նաև սփյուռքում։ Մի խումբ երիտասարդներ՝ լոսանջելեսաբնակ Գևորգ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, արդեն հավաքել են բազմաթիվ ստորագրություններ, որոնք նույնպես ներկայացվելու են Բրիտանական թանգարան։ Լոսանջելեսաբնակ երիտասարդները պատրաստել են կայք, որտեղ ներկայացված են մանրամասներ Անահիտ աստվածուհու, նրա պաշտամունքի մասին։
Մայրության աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելուն նվիրված ստորագրությունները հանձնվում են մարտի 7-ին՝ կանանց մեկամսյակի մեկնարկի նախօրեին, որ սկսվում է Կանանց միջազգային օրով և ավարտվում է Մայրության և գեղեցկության տոնով` ապրիլի 8-ին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ