Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

11-րդ երեխան դեռ վերջինը չէ

11-րդ երեխան դեռ վերջինը չէ
10.04.2012 | 00:00

Արարատի մարզի Այգավան գյուղում է բնակվում ամենաերիտասարդ բազմազավակ ընտանիքը։ 38-ամյա Մարտիկ Մելքոնյանը և 36-ամյա Անժելան 11 անչափահաս երեխաների ծնողներ են. Բաղդասար, Բավական, Շուշան, Դանիել, Սաթենիկ, Մարիամ, Նազելի, Սառա, Եսթեր, Արմինե և Սամուել։ Ծնողները վստահեցնում են, որ զավակներին երբեք չեն խառնում։ Երեխաներից ավագը՝ Բաղդասարը, 17 տարեկան է, կրտսերը՝ երեք ամսական։ Ավագ որդին դպրոցն ավարտելուց հետո բանակ է մեկնելու. որոշել է զինվորական դառնալ։

Ընտանիքի հայրը չի աշխատում, երրորդ կարգի հաշմանդամ է, ապրում են հիմնականում 98500 դրամ նպաստով։ Ասում է՝ երեխաներին ունեցել են՝ Աստծո վրա հույսը դնելով։ Ամուսիններով որոշել են՝ որքան Աստված իրենց երեխա պարգևի, պատրաստ են ունենալու՝ ազգը բազմացնելու համար։ 11-րդը դեռ վերջինը չէ։ «Ջահել ենք, մեզ ինչ է եղել, որ երեխա չունենանք»,- կատակով ասում է Մարտիկը։ «Եղբայրս ազատամարտիկ է եղել, զոհվել է Արցախյան պատերազմում, երեխա չի ունեցել, և մենք որոշել ենք մեր երեխաներով վառ պահել եղբորս հիշատակը»,- ասում է ընտանիքի հայրը։ Մարտիկը որդեգիր զավակ է և միշտ երազել է մեծ ընտանիքի մասին։ Երազանքն էլ այսօր իրականություն է դարձնում։

Ընտանիքի հայրը խոստովանում է, որ 11 երեխա պահելը դժվար է, սակայն չի դժգոհում։ Աղջիկներն օգնում են կնոջը տան գործերում, ավագ որդին էլ իր օգնականն է դարձել։ Կենցաղային ծանր պայմաններում այս մեծ ընտանիքը զարմանալիորեն համերաշխ է։ Շատ բան նրանց հարկավոր չէ, քչով բավարարվում են։ Ընտանիքի 13 անդամներով մինչև վերջերս ապրում էին մեկսենյականոց բետոնե հատակով տանը։ Փոքրիկ կցակառույց են կառուցել բարեգործների տրամադրած գումարով, որը պետք է վերադարձնեն 20 տարվա ընթացքում։ Ասում են, որ կան օգնողներ. Այգավանի համայնքապետն օգնեց ձմռանից մնացած 100 հազար դրամ գազի վարձը մարելու հարցում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրեց լամինատե մանրահատակ՝ կցակառույցի համար։ Մարտիկ Մելքոնյանը նշում է, որ բետոնե հատակին մեծանալով՝ երեխաները հաճախ էին հիվանդանում։ Հույս ունի, որ այսուհետև ստիպված չեն լինի հաճախ գնալու դեղատներ։ Կրթության և գիտության նախարարը ևս պատրաստակամություն է հայտնել կրթական ոլորտին առնչվող հարցերում աջակցելու բազմազավակ այս ընտանիքին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ