ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՏԱՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ

ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՏԱՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ
30.09.2011 | 00:00

Գնահատման և թեստավորման կենտրոնը սեպտեմբերի 1-ից սկսել է նախապատրաստվել հերթական ավարտական և միասնական քննություններին, ինչպես նաև արտաքին գնահատումներին։ Աշխատանքներ են տարվում ուղեցույցների և «Հայոց լեզու, հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանների պատրաստման ուղղությամբ։
Ինչպես նշեց գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, մինչև 2012 թվականը շտեմարաններն արդեն պատրաստ կլինեն։ «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի շտեմարանը բաղկացած կլինի երկու հատորից։ ԳԹԿ-ն աշխատում է հնարավորինս շուտ տպագրել շտեմարանները, որպեսզի այս տարվա դիմորդները կարողանան նախապատրաստվել միասնական քննություններին։ Շտեմարաններում կլինեն հարցերն իրենց չորս հնարավոր պատասխաններով։ Առաջադրանքները ներկայացված կլինեն ըստ համապատասխան թեմաների։ Շտեմարաններում նախատեսվում է ունենալ նվազագույնը 5000 առաջադրանք։ «Հետագայում ամեն տարի շտեմարանը կթարմացվի, կհարստացվի նոր նյութով։ Այնպես որ, այդ 5000-ը մեկնարկային թիվ է, և չի նշանակում, որ ապագայում այն չի հասնի 10000-ի։ Հաջորդ տարվանից աշխատանքներ կտանենք նաև մյուս առարկաների շտեմարանների պատրաստման ուղղությամբ»,- ասաց Գուրգեն Խաչատրյանը։
Հետաքրքիր է, որ նախկինում կիրառվում էին առարկայական շտեմարաններ, հետագայում դրանք շրջանառությունից հանվեցին, քանի որ դիմորդը, բոլոր առաջադրանքներն անգիր արած, հաճախ նաև առանց հասկանալու, ներկայանում էր քննության՝ ստանալով բարձր միավորներ։ Այսօր նորից վերադառնում ենք հին մեթոդներին. այս անվերջ խարխափումը, բնականաբար, լրացուցիչ ծախսեր, ջանքեր ու աշխատանք է պահանջում։ Մեր այս հարցադրմանն ի պատասխան ԳԹԿ տնօրենը շեշտեց, որ կյանքը զարգանում է շրջանաձև, և ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է։ «Անկասկած, շտեմարանն ունի և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր։ Բացասականն այն է, որ առաջադրանքների փոքր ծավալների դեպքում հնարավոր է դրանք գրեթե ամբողջությամբ անգիր անել, ինչը ենթադրում է, որ ապագա քննություններում բարձր գնահատականները շատ կլինեն, իսկ մրցույթը՝ բավականին ծանր։ Մյուս կողմից էլ, շտեմարանների պարագայում մենք ունենում ենք կանխատեսելի թեստեր։ Այս դեպքում դիմորդը չի կարող ասել, թե կան անսպասելի առաջադրանքներ։ Դրանք բոլորը հանձնաժողովների կողմից մշակվում են և միայն նրանց հավանությանն արժանանալու դեպքում կմտնեն շտեմարան։ Այս պարագայում կբացառվեն տարատեսակ խոսակցությունները թեստերի վերաբերյալ, որոնք եղել են հատկապես «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայից»,- նշեց Գուրգեն Խաչատրյանը։
Շտեմարանների նյութը հավաքագրելու համար ԳԹԿ-ն դիմել է մեր ճանաչված մասնագետներին, կրթության և գիտության նախարարությունը դիմել է դպրոցների ուսուցչական կազմին։ Սակայն ԳԹԿ տնօրենն ընդգծում է, որ դպրոցներից, մարզերից ստացված թեստերի որակը շատ հեռու է բավարար լինելուց։ Շատ են արտագրությունները նախորդ շտեմարաններից, այս կամ այն ժողովածուներից, նույնիսկ ԳԹԿ-ի տպագրած թեստերից։ Երբեմն պատճենված տարբերակներ են ուղարկվում։ «Չեմ ցանկանում նսեմացնել մասնագետների աշխատանքը, իհարկե, կան բարեխիղճ ուսուցիչներ։ Ներկայացված բոլոր նյութերը մենք կմիավորենք։ Նշեմ, որ դա բավականին մեծ ծավալի աշխատանք է։ 5000 առաջադրանք ունենալու համար մոտ 60-62 թեստ է անհրաժեշտ։ Ի դեպ, հայոց լեզվի ոչ բոլոր մասնագետներն են համաձայնել համագործակցելու ԳԹԿ-ի հետ։ Այս կամ այն պատճառով եղան նաև հրաժարվողներ։ Իհարկե, նրանց բացատրվում էր, որ սա պետական կարևորություն ունեցող նախաձեռնություն է։ Անուններ չեմ տա, բայց երբեմն անհեթեթ պատճառաբանություններ էին բերվում, մասնավորապես՝ եթե այս մարդը աշխատում է, ես չեմ աշխատի և այլն»,- ասում է ԳԹԿ տնօրենը։
Գուրգեն Խաչատրյանը չի բացառում, որ շտեմարանների տպագրումից հետո որոշ մասնագետներ աղմուկ կբարձրացնեն, սակայն շտեմարանները կօգնեն նաև, որ առկա վիճարկելի առաջադրանքները քննական թեստեր մուտք չգործեն. «Բայց ես չէի ցանկանա, որ հարցը սկսեին շահարկել այն մարդիկ, ում առաջարկվել էր գալ և օգնել այդ գործն անելու։ Կարծում եմ՝ դա նրանց կողմից այնքան էլ բարոյական չի լինի»։
Վերջին շրջանում ԳԹԿ-ն ՌԴ-ում գործող կրթության զարգացման միջազգային համագործակցության կենտրոնի հետ համատեղ Էջմիածնի և Երևանի ռուսական դասարաններ ունեցող որոշ դպրոցների աշակերտներին թեստային առաջադրանքներ է տվել, որոնք պետք է պարզեին ժամանակակից աշխարհում երեխաների կողմնորոշվելու ընդունակությունները։ Թեստերը ռուսերեն էին, այդ պատճառով ընտրվել էին ռուսական դասարաններ։ Այժմ ընթանում են թեստերի հայերեն թարգմանության աշխատանքները։ Հունվարին պայմանագիր կկնքվի համապատասխան կազմակերպության հետ, և ամբողջ հանրապետության դպրոցների 9-րդ դասարաններում կանցկացվի թեստավորում` պարզելու, թե երեխաներն իրենց գիտելիքներով ինչպես են կարողանում կողմնորոշվել արտաքին աշխարհում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ