Տարեցների թիվ մեկ տուն-ինտերնատում Ամանորը նշում են տոնական ծրագրով, տոնական երգուպարով, ասում է տուն-ինտերնատի մշակութային կազմակերպիչ ԻՐԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։ Տուն-ինտերնատում բնակվում են 250 խնամյալ և 65 անօթևան, բնակիչները թոշակառու ծերեր են։ Ամեն մեկն այստեղ իր զբաղմունքն ունի. օրն անցկացնում են ձեռագործ անելով, միմյանց հետ զրուցելով, նարդի, շախմատ խաղալով։ Ծերերը պայմաններից, հոգատար վերաբերմունքից չեն բողոքում. ապահովված են և՛ սննդով, և՛ հագուստով, և՛ բուժօգնությամբ։ Բնակիչների մոտ 70 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից է, շատերի բարեկամները պարբերաբար այցելում են հարազատներին։
Տուն-ինտերնատում մշակութային կյանքը հագեցած է։ Ինչպես նշում է Իրինա Մարտիրոսյանը, տարեցները 2011-ին երկու անգամ այցելել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն. «Հաճախ նաև մշակութային խմբեր են այցելում տուն-ինտերնատ` իրենց ելույթներով ուրախացնելով տարեցներին։ Ամանորի նախօրեին և տոներին նույնպես ծերերին շնորհավորելու են գալիս տարբեր խմբեր ու կազմակերպություններ։ Օրինակ, տոնական օրերին նվերներով այցելեցին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Ամեն ուրբաթ տարեցներին հոգևորական է այցելում, հոգևոր զրույցներ վարում, պատասխանում է նրանց մտահոգող հարցերին, միասին իրենց աղոթքն են հղում առ Աստված»։
Գալուստ Սարգսյանը չորս ամիս է, ինչ բնակվում է տուն-ինտերնատում, զբաղվում է կոշկակարությամբ և իր հարևաններին տարբեր գործերում օգնելով։ Այստեղ իրեն մենակ չի զգում, ավելի հանգիստ է, շփվում է տարեկիցների հետ, ու օրն ավելի արագ է անցնում։
80-ամյա Մնացական Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հատկապես ուրախանում են, երբ երիտասարդներն են այցելում իրենց։ «Ջահելներից մենք ջերմություն ենք ստանում, նրանց հետ խոսելիս հասկանում ենք, որ մեր մասին մտածողներ կան։ Այստեղ բոլորս երեխայի պես փոքր նվերի ենք սպասում, ինչը մեծ երջանկություն է մեզ համար։ Մեծ երեխաներ ենք, էլի։ Վեցերորդ տարին է՝ այստեղ եմ, եկել եմ Գյումրիից։ Ռուսաստանում էի, երեխեքս մնացին այնտեղ, ես չհարմարվեցի, վերադարձա։ Մասնակցել եմ արցախյան պատերազմին, արցախցի ընկերներս էլ համոզեցին, որ գամ ծերանոց։ Երեխեքս աշխարհով մեկ ցրվել են, ես էլ ի՞նչ պետք է անեի, ուզած-չուզած ինձ նմանների մոտ պետք է գայի։ Վեց տարի այստեղ եմ, վատ բան չեմ տեսել։ Մի քանի ամիս առաջ ինսուլտ տարա։ Ինձ տարան բուժեցին, հիմա լավ եմ։ Բոլորը նվիրված նայում են ծերերին»,- ասում է Մնացական պապը։
Նշենք, որ թիվ մեկ տուն-ինտերնատը սոցիալ-բժշկական կազմակերպություն է, որն ապահովում է տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական, հոգեբանական և այլ ծառայությունները: Խնամվողներն ապահովվում են սննդով (օրական 3 անգամ), հագուստով, անկողնային պարագաներով և այլն: Հաստատությունն ունի համապատասխան բժշկական անձնակազմ:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ