ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
20.09.2011 | 00:00

Ֆրենսիս Բեկոնն այսպես է ձևակերպել մարդկության ըմբռնողականությանը հասած մի հին ճշմարտություն. «Գործնական պարզության հասնելուց առաջ պետք է նախ նվաճել աքսիոմի գագաթները»։ Ստորև ներկայացվող շարադրանքում փորձել եմ օգտվել այդ խորհրդից։
Անշուշտ, ազգային ինքնագիտակցության բարձրագույն դրսևորումներից մեկը զորեղ, կայուն պետականության ստեղծումն է, որը վստահություն վայելի իր քաղաքացիների ու համաշխարհային հասարակայնության (քաղաքակիրթ աշխարհի) կողմից։ Այսօրվա պետականությանը մեզ հասցրած ուղին երկար է եղել, դժվարին, որոշ իմաստով անգամ յուրօրինակ։ Ինչպես քանիցս եղել է մեր պատմության ընթացքում, որոշակի հանգամանքների բերումով (որոնք, ցավոք, մեր աշխարհում դեռ կարող են տեղի ունենալ` հակառակ համամարդկային անանց արժեքների) հայ ժողովուրդը կտրված է եղել (կամ մասամբ է կտրված եղել) իր զարգացման բնական և առաջընթաց ուղուց, իր բնակության մշակութային, աշխարհագրական և, եթե կուզեք, քաղաքակրթական միջավայրից։ Պատմության դասերը ենթակա չեն հապճեպ պատեհապահանջ մեկնաբանության, դրանք գոյություն ունեն որպես օբյեկտիվ իրողություն` անկախ նրանից, թե հարմա՞ր է որևէ մեկին, թե՞ ոչ։ Համոզված եմ. մենք` հայերս, այդ դասերից շատերը քաղել ենք, սակայն կա մի վիթխարի պաշար, որ մենք դեռ պետք է ձգտենք յուրացնել` հիմա արդեն միանգամայն այլ կարգավիճակով։ Մի ազգի կարգավիճակով, որը, այնուամենայնիվ, կարողացել է նվաճել իր պետական անկախությունը։ Թույլ տվեք ասել` պետականորեն տիտղոսավորված կամ պետությամբ տիտղոսավորված ազգի կարգավիճակով։ Այսօր Աստծո ողորմածությամբ և, այսպես կոչված, «համաքաղաքակրթական գործընթացների» օրինաչափությունների բերումով մենք վերստին հնարավորություն ենք ստացել գրավելու մեր ինքնատիպ ու բնական տեղը (քանզի կերտվել է բազում սերունդների տառապանքի գնով և բազում դարերի ընթացքում) պատմության նախաբեմում և միաձուլվելու քաղաքակրթական այն միջավայրին, որը սնուցել է մեզ, և որին մենք ինքներս ենք սնուցել մի ժամանակ։
Այսօր Աստծո ողորմածությամբ և ջանքերի, զոհերի, արյուն-քրտինքի, մեր հայրերի ու պապերի շատ սերունդների Երազանքի, Հավատքի ու Խղճի պահպանման գնով մենք դարձել ենք ժամանակակիցներն ու մասնակիցներն այն վիթխարի պատմական իրադարձությունների ու գործընթացների, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տասնամյակում։ Հենց այդ իրադարձություններն ու գործընթացներն են իրենց խորությամբ և ընդգրկմամբ մեր` հայերիս առջև մեծագործությունների ու նպատակների նոր հորիզոններ բացել։
Մեր պետությունը դեռ շատ երիտասարդ է։ Բայց այդ կարճ ժամանակամիջոցում մեր ժողովուրդը, համոզված եմ ասում, կարողացել է շատ բանի հասնել, շատ նվաճումների էլ հիմքերը գցել։ Պետության զարգացման և կայացման, այսպես կոչված, դասական սանդղակով մենք անցել ենք, ավելի ճիշտ կլինի ասել` քառատրոփ կտրել ենք բավական մեծ, բարդ և մեզ համար փուլակազմիկ (եթե չասենք դարակազմիկ) իրադարձությունների ճանապարհ։ Մարդկային ցեղի ամենաիմաստուն ներկայացուցիչները մեզ միշտ սովորեցրել են` ձգտելով բնական կատարելության ու բարօրության, երբեք մի մոռացեք արդեն անցած ուղու նշանակալիությունն ու արժեքավորությունը։ Մենք, ամբողջ «նախկին խորհրդային տարածության» հետ մեկտեղ, ներկայումս վկաներն ենք մեր ամբողջ պատմության մեջ աննախադեպ` մի հասարակարգից մյուսին անցնելու «անցումային շրջանի»։ Մենք վերադառնում ենք «համաքաղաքակրթական» (և հիմնականում ժամանակի փորձությանը դիմացած) քաղաքական և տնտեսական արժեքներին, զարգացման և բարեկեցության ու հաջողության շարժառիթների մեխանիզմներին` մշակույթի, կրթության, գիտության, արդյունաբերական արտադրության (կամ արտադրական մշակույթի) և այլ ոլորտներում կուտակած փորձի և հանրահայտ նվաճումների սեփական բավականին ծանրակշիռ պաշարով։ Գոյություն ունենալով որպես իրողություն, մեկնարկային վիճակում եղած տարբերությունը պետք է ենթադրի նաև, գոնե պրոյեկցիոն բնույթի, որոշ տարբերություն այսպես կոչված «ժողովրդավարական պետության» և «տնտեսական բարեկեցության» հասնելու մեթոդաբանության, տեխնոլոգիայի և տեմպերի հարցում։ Իսկ մեր ապագա ծանրակշիռ և անվերապահ հաջողությունների գրավականը կլինեն.
lմեր ցրիվ, բայց հավերժ միասնական ազգի` որպես, ըստ էության, ամբողջական մարմնի (միևնույն գենետիկ կոդով) զարգացման մակարդակը մեր պատմության նախընթաց փուլերում։
lՀՀ անկախության վերանվաճումը։
lԱզատագրված և անկախ Արցախը որպես մեր նորագույն պատմության ժամանակահատվածում գործադրված համազգային ջանքերի պսակ։
lՔաղաքակիրթ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման` իր հնարավոր հետդարձի կետը վաղուց անցած գործընթացը։
lԼայնընդգրկուն և խորքային աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք ընդհուպ մոտեցել են մեր տարածաշրջանին։
lԵրկրագնդում մեր սփռվածության եզակի ընդգրկումը, աշխարհի տարբեր ծագերում կազմակերպված սերտ համախմբվածությունը, ինչը մեզ բոլորիս` ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ սփյուռքի համար կապահովի տոկունության և արագ զարգացման հնարավորության անհրաժեշտ պաշար։ Ամբողջ պատմության մեջ կան ժամանակակից հաղորդակցական ցանցերի ընդամենը երկու-երեք բնականորեն ձևավորված նախատիպեր, որոնք մինչև օրս էլ աշխատում են մեծ արդյունավետությամբ։
lՀայ ժողովրդի տաղանդը, աշխատասիրությունը և գիտելիքների ծարավը, հատկանիշներ, որոնք ամենևին չեն զիջում լրջագույն բարեկեցության, կայունության ու անվտանգության ապահովման հասած այլ ժողովուրդների նույն հատկանիշներին։
lՈրպես իրավահաջորդի` մեր պատասխանատվության բեռը` այն ամենի համար, ինչ ստեղծվել և պահպանվել է մեր հայրերի ու պապերի բազում սերունդների կողմից։ Հիմա ժամանակն է պաշտպանելու նվաճած բնագծերն ու առաջ ընթանալու տնտեսության, գիտության և մշակույթի ասպարեզում։
Վերը թվարկածներն առանձին և ընդարձակ թեմաներ են, որոնք կարոտ են դեռ առանձնակի ուսումնասիրության և լուսաբանման։ Որպեսզի այնպիսի թյուր կարծիք չառաջանա, թե ես համառորեն չեմ ուզում տեսնել այն խնդիրները, որոնք մեր «հոգուն հասցրել են» և «տեռորի են ենթարկում» այսօր, ինձ թույլ տամ փոքրիկ նահանջ կատարել հիմնական թեմայից։ Այո, իրոք, մեզանում դեռևս անթույլատրելիորեն շատ են կաշառակերներն ու գանձագողերն, պորտաբույծներն ու թալանչիներն, թերուսներն ու անտեղյակները: Իրոք, առայժմ մեզանում կան նաև որոշ հարցեր, կապված իշխանության ճյուղերի միջև լիազորությունների բաշխման, «զսպման» և «հակակշիռների» դասական մեխանիզմների լիարժեք կենսագործման, «դատական իշխանության» լուրջ ու անհապաղ առողջացման, եվրոպական դասակարգմանը փոքրիշատե համահունչ քաղաքական դաշտի կայացման, «ներմուծման» և «արտահանման» միջև անթույլատրելի անհամամասնության կրճատման, արտաքին փոխառությունների ծավալի կրճատման, ներդրումների ներգրավման, բնակչության զբաղվածության հետ և այլն։
Այս ամենի մասին շատ էլ գրվում է, բայց, այդուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ մեզ հուզող այդ բոլոր խնդիրները ոչ այլ ինչ են, եթե ոչ «աճախտի», այսինքն` «աճի հիվանդության» դրսևորումներ։ Ինչպես որ չկան չափահասներ, ովքեր փոքր հասակում, ասենք, ջրծաղիկ հանած չլինեն, այնպես էլ չկան ժամանակակից և զորեղ պետություններ, որոնք ժամանակին «աճախտով» հիվանդացած չլինեն: Բայց ինչպես էլ մենք անվանելու լինենք այդ «ախտերը», անվիճելի է մեկ բան` դրանք մեզ խանգարում են շարժվելու առաջ այն տեմպով, որը մեզ անհրաժեշտ է։ Իսկ «անցումային շրջանի» հաղթահարման տեմպերի որակյալ արագացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պատճառներով, որոնց մասին` ստորև։
Ամեն հիվանդության դեմ անհրաժեշտ է հակամիջոցներ կիրառել, այսինքն` պայքարել դրանց դեմ։ Երբեմն էլ (ամենից հաճախ) պայքարել ուժերի գերագույն լարմամբ, սեփական ջանքերը միավորելով համախոհների ջանքերին, որոնք քո կողքին են կամ քեզանից շատ ու շատ բարձր դիրքեր են գրավում։ Ես երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչու «իշխանության կապանքներով չկաշկանդված» և «նախարարական աթոռներ չզբաղեցնող» մարդիկ պիտի ավելի պակաս պատասխանատվություն կրեն գործունեության այս կամ այն հատվածի համար, քան նրանք, ովքեր այս կամ այն բնագավառի համար պատասխանատու են «ի պաշտոնե»։ Չէ՞ որ չի կարող պատահել, որ այս կամ այն ոլորտում գործերն այն աստիճանի ձևականացված ու կիզակետված լինեն, որ դրանց ամբողջ պատասխանատվությունն ի վիճակի լինի կրելու մեկ մար, թեկուզ և պետական շատ բարձր պաշտոն զբաղեցնող։ Պատասխանատվության խնդրին նման կործանարար մոտեցման դրսևորումներին հարկավոր է վերջ դնել և` անհապաղ։
Մենք բոլորս հավասարապես պատասխանատու ենք այն բնագավառների համար, ուր երկար տարիներ աշխատել ենք, որոնց հետ հույսեր ենք կապել, որոնց համար ցավել ենք և որտեղ, մեր ուժերի ներածի չափ, արարել ենք, կառուցել ու արտադրել` հակառակ ճանապարհին ծառացող անըմբռնողության դրսևորումներին և շատ ու շատ դժվարություններին։
Մեզ խոչընդոտող խնդիրների ու «ախտերի» դեմ մղվող պայքարում երկրի ներկա քաղաքական ղեկավարությունն արդեն արել և անում է բավականաչափ քայլեր, հասկացնելու համար բոլորին (այդ թվում և մեզ, բոլոր նրանց, ովքեր իրենց դասում են այն անձանց շարքին, որոնք երկար են սպասել նման փոփոխությունների), որ բազմիցս հնչեցված և միանգամայն կոնկրետ գործերով ու քայլերով հաստատագրված իրենց մտադրությունները կրում են անդառնալի ու անկասելի բնույթ։ Առանց սեթևեթանքի ուզում եմ առանձնապես ընդգծել այն հինգ առավել նշանակալի քայլերը, որ մեր երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունն արել է որպես մեր ապագա հաջողությունների բազային գրավական։
Ամենևին էլ ես չէ, որ պետք է ինձ թույլ տամ գնահատել այդ գործողությունները և ձգտել ներկայանալ իբրև զինակից։ Այդպիսիք որքան ուզեք կան։ Բայց այդ քայլերի առթիվ տպավորություններս հաղորդելու իրավունք, կարծում եմ, ունեմ, և հուսով եմ, որ դա պարսավանքի չի արժանանա։
Արտահայտելով ոչ միայն իմ սեփական տեսակետը, այլև գործունեության տարբեր ոլորտներում կայացած մարդկանց կարծիքը, որոնց հետ ես առիթ եմ ունեցել շփվելու, թվարկեմ այդ հինգ քայլերը.
-մեր կարևորագույն խնդիրներից մեկի` Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի այդ ժամանակ սրված հարցի վերջնական լուծման առթիվ հայկական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների` մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ խորհրդակցությունը,
-հայկական սփյուռքի գաղթօջախներով մեր նորագույն պատմության մեջ նախագահի դարձյալ աննախադեպ շրջագայությունը, և դա այն դեպքում, երբ նա, քաջ գիտակցելով, որ ընդունելությունը կարող է ամենևին էլ միարժեք չլինել, այնուամենայնիվ, դիմեց այդ նշանակալի և ավանդույթի հիմք դարձած քայլին,
-բարեհաճ ու կառուցողական վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ` որպես տեղեկատվության, գաղափարական երակի և մասնագիտական գնահատականների այլընտրանքային և քաղաքական դաշտից դուրս գտնվող աղբյուրի,
-մեր բոլոր խնդիրների և խնդրահարույց ոլորտների անկեղծ մատնանշումը,
-ամենատարբեր առիթներով նախագահի մարզային շրջագայությունները, դրանց ընթացքում նույնիսկ մանր արտադրություններ այցելելու խնդրի կարևորումը: Ի դեպ, նախագահը նման գործելաոճն է պահանջում նաև կառավարության անդամներից, կառավարությանն առընթեր բոլոր ծառայություններից (առանձնապես հարկ չկա բացատրելու, թե ինչ է նշանակում իշխանությունների այդպիսի ընդգծված ուշադրությունը մարդկանց, նրանց հոգսերի նկատմամբ)։
Այս քայլերը լավագույնս են ցուցադրում երկրի ղեկավարի որդեգրած քաղաքականության մեթոդաբանությունը։ Նա իր մոտեցումներում ու լուծումներում հախուռն, այսպես ասած, Բուդյոննու ժամանակների «հեծելազորային գրոհների» գործելաոճ չի հանդուրժում և խիստ լրջմիտ ու պատշաճորեն է վերաբերվում մի այնպիսի, եթե կուզեք, կենսահաստատ հասկացության, ինչպիսին անհրաժեշտությունն է։
(շարունակությունը` հաջորդիվ)
Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ