«Չորս քայլ վեր... սահման է։
Չորս քայլ վար... սահման։
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
Նորածնի բարուրը գրկել եմ,
Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ.
ասա ինձ, ինչ անեմ, ուր գնամ-
Չորս քայլ վեր` ավեր է ու մահ է,
Չորս քայլ վար` ավար ու թալան...»։
«Աղոթք»
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ` ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ
(գուցե ակամա` խրախուսական մրցանակի հայտ)
Սփյուռքը ներկայացնող և հանրապետության կառավարությունում հանգուցային դերակատարում ստանձնած տխրահռչակ գործչի` Սերոբ Տեր-Պողոսյանի խայտառակ վարքը, թերևս, զարհուրելի չէր։ Եվրակրթարանի հիմունքներով առաջնորդվող հայրենի իշխանությունները հանրությանն ահա քսան տարի ներարկում են բարոյազրկության թունահաբեր։ Աննշան չափաբաժնով, վարժեցնելով մեր վարքականոնը, անտարբեր ու լուսանցքային։
Ապշեցուցիչ էր իշխանությունների լռությունը։ Սովորական, շա՜տ սովորական մի բան էր կատարվել. մանկապիղծը վնասազերծված է, ազգային անվտանգության աչալուրջ դաստակը, տեսա՞ք, ագուցվեց ստահակի պարանոցին։
Է՜հ, էլ ի՞նչ մնաց, ողբալու պատճառ, կարծես, չիք։ Ողջ Եվրոպան է խորսխված մոլեգնող բարոյազրկության բազմաբնույթ խորսխով. սերիալային մարդասպաններ ու սեփական արյունը պղծող դիվային հայրեր։ Դե, բնականաբար, մանկապղծանքը խորսխի համեմունքն է, թերևս, ամենագրգռիչն ու պագշոտը։ Դե, բնականաբար, մենք էլ մեր լուման ներդրեցինք եվրոպական արժեքային թարմացումների մեջ, ի վերջո, հարյուրավոր պարտամուրհակներով ենք խարսխվել եվրակրտարանի կառամատույցներին։ Իսկ դա, անշուշտ, պարտավորեցնող է։
Ինչևէ, ամենազարհուրելին, անբնականը, ահավորը։ Հանցանքի հաստատման պարագայում «հայրենական մանկապղծին» սպառնում է... առավելագույնը երկու տարվա ազատազրկում, նվազագույնը տուգանք` նորհայկական աղքատավարձի մի քանի հարյուրապատիկի չափով։
Նման պատժաչափը գրպանահատի համար էլ ծիծաղելի է։ ՈՒ, իհարկե, կոչված է երևույթը ամրագրելու պետական-իշխանական գերակայություններում, կանաչ ճանապարհ հարթելու հաջորդ դիվային հոգիների առջև։ Եվ այսօր հանրային կարծիքը գրեթե համոզված է, որ մանկապիղծ-դիվահարին սատարելու են բավականին հզոր ուժեր, որոնց համար ՀՀ-ն վաղո՜ւց, շատ վաղուց փորձակայան է։
Անշուշտ (հանրային «երախտագետ» հիշողությունը սրբորեն հիշում է), օրենսդրական նման «բարենորոգումները» կատարվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Նաև աղանդների պետականասպան գործունեության առջև բազմաթիվ կանաչ լապտերներ վառվեցին։ Նաև կարմիր լապտերներ հուրհրացին ազգային-պետական կայացման մեր ծառուղիներում։ Նաև հասարակությանը հետևողականորեն և վարպետորեն մանկուրտացնելու հակահայ քաղաքական հնարքների կիրառում դարձավ, և ահա պետության կայացմանը բնականորեն հաջորդող կայունացման բոլոր փորձերը ձախողվում են օր օրի, ժամ առ ժամ, երևույթի, դեպքի, դիպվածի շղթայական հարահոսում։
ՈՒ ակամա մտորում ես, ինչպիսի կառավարիչ կլինեին Ռ. Ք.-ն ու նրան հարիր այլ պետական-քաղաքական «դիպվածները», եթե, ճակատագրի տնօրինմամբ, առաջնորդեին, ասենք, հարևան երկրների առագաստանավերը։ Եվ կարծես չկա որևէ կասկած որևէ մեկի մեջ. և՛ Իրանում, և՛ Ռուսաստանում, և՛ Վրաստանում ու Ազերբայջանում քոչարյանատիպ գործիչը պատմության ոսկյա մատյանում կփառավորեր սեփական տոհմանունը, հանդես կգար որպես անվրեպ նշանառու ազգապետական նպատակների խոչընդոտ թիրախները խոցելիս։ Սեփական երկրում քոչարյանատիպն անհագուրդ վրիժառու է, կեղեքելու, ծնկի բերելու, ուծացնելու հենց նրանց, ում հնարամտության, կորովի և շնորհների արդյունքն է։ Այսինքն` սեփական ժողովրդի։ Եվ ում կորովի ու շնորհների վերջնարդյունքում էլ իշխանության եկավ` իշխանապետությունը ձևակերտելով որպես սեփական տոհմի հայրենական կալատեղ... մինչև դարերի վերջը։ Մի խոսքով, քոչարյանատիպերը, կարծես թե, հեռացել են, քոչարյանիզմը ծաղկում-փթթում է։
Հայրենի «ազատ-անկախ-ինքնիշխան» մամուլը բազմիցս հրապարակեց տվյալներ նորանկախ հայ մեծահարուստների կարողության մասին։ Ցնցող է։ Զի ակնհայտ է դառնում, որ «ֆինանսական էներգետիկայի» իմաստով մենք, իսկապես, քիչ ենք, բայց մեզ հայ են ասում ու անմիջապես... վայ տալիս գլխներին։ Երկիր Նաիրին, պարզվում է, ահռելի մի սակարան է, ուր չի՛ք նավթահորեր, սակայն ահավասիկ նորանկախ «մանթաշյանցներն ու գյուլբենկյանները»։ ՈՒր անհայտ-հանրահայտ ռոտշիլդների, մորգանների ու օնասիսների բազմավաստակ շուկայական ավարառությունների փոխարեն ընդամենն անհրաժեշտ է ընդհանրանալ թագավորանիստ օթյակների հետ։ ՈՒ այսօր երջանիկ ենք։ Զի, եթե արտերկրում ունենք արհեստավարժ կռփամարտի երկու գերաստղ, ապա միլիարդատեր հայերը գլխավորապես Հայաստանում են արդյունահանում։ Վասն հայրենյաց։ Ի հեճուկս Սփյուռքի։ ՈՒ բյուր են նոքա... պառլամենտում հայոց։ Եվ, ահավասիկ, առաջարկը լճիցլիճյան. պատկառազդու գիտական այրերի հանձնախումբ կազմել ու, ի հաշիվ պետական գանձատան, հանրագումարի բերել, հանիրավի հրահրել և հանրահռչակել Նորանկախ մականունավոր ասպետների հանրագիտարանը (կրճատ` ՆՄԱՀ)։ Եվ ցմահ երրորդ նորանկախը հայտավորել, հայտարարել, ի հայտ բերել որպես ՆՄԱՀ-ի վարչական, վարելահողային, անմահական ու մահասփյուռ ՖԱԶԵՆԴԱ։ Մինչև վերջը դարերի։
Այսպես, կամ մոտավորապես այսպես։
ՃԱՅԹՈՒՄ ԵՆՔ, ՊԱՅԹՈՒՄ ԵՆՔ, ՃԱՐՃԱՏՈՒՄ ԵՆՔ
(սարկաստիկ անկեղծություն)
Հիմա գլխի ընկա՞ք, որ հայրենի իշխանությունները որքան հեռատես, նույնքան էլ լավատես են։
Եվ անկցի՛ խորհրդային կոշիկ-շալվարը, սովետական երշիկ-պանիրը, կոմունիստական պերաշկի-պոնչիկը, բոլշևիկյան (հազար ու մի քանի հարյուր անկեղծ մեղայականներ իմ հարգևոր ընթերցողաց գնդերին, վաշտերին, ջոկատներին ու բանակներին) անջրանցիկ վարտիքն ու անթև բաճկոնը։
Հե՜յ գիտի հա, ավագ ու միջին սերունդը երախտամոռ է, էդ ոնց է, որ չեք հիշում ԵՁՕԿ-ի արտադրանքը։ (ԵՁՕԿ` Երևանի ձեթ-օճառի կոմբինատ)։ Մոռացա՞ք միթե լվացքի դարչնադեղին օճառային աղյուսները, որոնց առաջին շփումը ջրի հետ բավարար էր, որ տանտիկնոջ արական սեռի յոթ սերունդը Սովետմիության քիմպաշտպանության զորքերի զորախաղերում Կարմիր դրոշը նվաճեր առանց հակագազի օգնության։ Ճիշտ է, սույն աղյուսները հիանալի մաքրող հատկություն ունեին։
Եվ ինչո՞ւ հապշտապ ու ոգեշունչ անարգանքի սյունին գամեցիք նորանկախ հայ իրականության բնապահպան հայդուկներին։ Որ մաքրեցին հանրապետության օդը կաուչուկի ու պոլիվինի հրեշաբույր արտավիժանքների՞ց։ Ինչ է թե` շրջակա միջավայրում աճող ծիրանը ոջլի դեղի բույր ուներ, իսկ վարունգից ժամկետանց կրկնակոշիկի համ էր գալիս։ ՈՒ սա մի էնպիսի եռանդով էին ապացուցում մեր հայրերը, պապերը, տատերն ու մորաքիրները (ովքեր, հասկանալի է, բնակվում էին մայրաքաղաքի հարավ-արևելյան շրջաններում), որ կարծես տոնական օրերին կրկնակոշիկի տապակա էին վայելել ու ոջլի դեղի կոմպոտ։
Սակայն շեղվում ենք։ Ներելի է, զի աստղային պայթյունները, ժայթքումներն ու ճարճատումները կեղեքում են վարք ու բարք։ Սեղմիր հեռակառավարման վահանակի սեղմիրանն ու վայելիր աստղային պատերազմները ողջ արևաշող հրավառությամբ։ Եվ էլ ինչու ֆինանսավորել Բյուրականի աստղադիտարանի գիտուններին։ Ինչ է թե, ցերեկ ու գիշեր տիեզերքն են խարտոցում մի խղճուկ գիսավոր հայտնաբերելու դարակազմիկ առաքելությամբ։ ՈՒ հետո էլ ցնորական ժպտում են, դափնեպսակ պահանջում և այլն։
Ի դեպ, իշխանությունները բավականին սթափ ու բավարար զգաստ են դափնեպսակի խնդրում։ Չէ, ճիշտ չհասկացաք, հայրենի բյուջեն բավարար գումար միշտ էլ կգտնի, թեկուզ վարկերի հաշվին, մեկ-երկու դափնեպսակ պատվիրելու, հետո էլ այն գիտնական այրի պարանոցից քարշ տալու համար։ ՈՒղղակի անհեռանկար զբաղմունք է։ Զի տարին բոլոր հացփոր աշխատավարձով գոյատևող աստղագետը դափնեպսակի բույրից կորցնում է իրականության հույժ նշանակալից զգացողությունն ու տառացիորեն փետրահան է անում նշյալ պսակը։ Ինչո՞ւ։ Մի՞թե հասկանալի չէ` տարեկան բորշչի շարակարգը դափնու տերևներով ապահովելու համար։ Մի խոսքով, հեռու բոլշևիկյան մնացուկներից։ Առա՛ջ Հայաստան, բարգավաճ ու օրինապահ։
Ահա այս ալիքով տակավին երիտասարդ երգչուհի-աստղուհին սեփական խոհանոցի, արտաքնոցի ու ննջանոցի (նաև, անշուշտ, գիշերանոցի) խորհուրդն է բացահայտում հեռուստալսարանի առջև։
Փոքրիկ մի հպում սեղմիրանին, և ահա նա ինքը, նույն ժամին, սակայն այլ հագուստով, մեկնում է իր առաջին սիրո տվայտանքները, երկրորդ հարսանիքի զմայլանքները, երրորդ բաժանման բերկրանքը։
Դարձյալ հպում։ «Նա ինքը» բանավիճում է, հորդորում սիրել հայրենին, խմել տեղական արտադրության գարեջուր, օղի ու գինի և երեխային ուսման տալ նվազագույնը Քեմբրիջում, ուր ուսանում է սեփական մանկիկը։ Այո՜...
ՈՒ ահա այսպես, շուրջ հինգ տասնյակ աստղ ու ուհի մոտ մեկ տասնյակ հեռուստաալիքների տենչալի հյուրերն են։ ՈՒ հրաշք է, որ այս հեռուստաալիքից այն մյուսը սուրալիս և մայրաքաղաքի փողոցները հերկելիս նրանք իրարու ճակատային համբույր չեն տալիս։
Եվ, առհասարակ, արժե՞ միթե անորոշության տագնապով համակվել ալամ-աշխարհի ամենազվարթուն և մշտարթուն-խելակորույս երկրում։ Գունազարդ էկրանին` աստղային ցոլարձակումներ, պատուհանից դենը` թնդյուն ու որոտ։ Հրավառություն է։ Յուրաքանչյուր բակում։ Առիթով կամ բացարձակապես անառիթ։ Մի՞թե կարևորը ներքին մղումը չէ, մարմնական լիցքերը թոթափելու նիրվանան, հոգևոր առաջնայնության ինքնաբավ ճախրանքը։
ՈՒ թող մոլորակի հետախուզական կենտրոնները գլուխ ջարդեն ու ճակատ շոյեն` հասկանալու նորանկախ մեր երջանկության բարին ու չարը։ Զի որևէ այլ երկիր, իսկապես չի՛ք, որ փոթորկուն հրավառություն է տարվա 365 օրերին։ Օրինակ` ԱՄՆ-ում հրավառվում են Ծննդյան տոներին, գոհաբանության օրն ու մեկ էլ, քիչ ու միչ, Ամանորին։ Միևնույնը Հրո Երկրում է, նույնը` Կուրիլյան կղզիներում։
Մեզ մոտ զուտ հայավարի է գործի դրվածքը` նորհայկական գահավիժումներով։
Այսպես, եթե բոլշևիկա-խորհրդային մեր անցյալում հրավառության վառվռուն հաճույքին հանրությունն արժանանում էր մեկ Հաղթանակի, մեկ էլ Աշխատանքի օրերի առիթով, այսօր ազատ ենք, անկախ ու ինքնիշխան, որոտա ու թնդա սրտիդ ուզածի չափ։ Ասենք, օրինակ, երբ հոգնել-գազազել ես աշխարհից (երբ, օրինակ, համատիրության Նազիկը նազ ու տուզով մերժում է անդամագրվել Վետերոկ Վռամի նորաբաց «Փոթորիկ ու մրրիկ» կուսակցությանը), երբ սերիալային ձանձրույթը կապանքել է հոգիդ, կամ էլ, երբ անհրաժեշտություն է առաջացել որակապես փոխելու կենսաձևը, ասենք, ուռչել-թռչելու փոխարեն հրթիռներ արձակել Մարս ու Վեներա մոլորակների ուղղությամբ։ ՈՒ ոչինչ, որ տասը հրավառ հրթիռից 7-8-ը շեշտակի շեղվում են բուն նպատակից և մխրճվում ուր պատահի։ Թքա՜ծ, կայֆը հո՞ բռնեցինք։
Առհասարակ հրավառությունը երրորդ հանրապետության երկրորդ և երրորդ իշխանապետությունների գյուտն է։ Շահում ենք, շահածը մարսում, մարսածը վերստին շահում-պահում-շոշափում։ Զի առևտրային լուրջ գործընկեր ենք դառնում Չինաստան կոչված կայսրապետության համար, նրանցից մեծաքանակ հրավառական արտադրանք, Ամանորին էլ ռումբիկներ ու ճայթուկներ ենք գնում, և ահա չինական կրթօջախներում լրջորեն ուսումնասիրում են հայկական հոգեմտակերպը, ըմբռնելու, թե այդ ի՛նչ զորությամբ է Շանհայի մեկուկես փողոցի բնակչությունն ունեցող երկիրը նույնքան հրավառական տեսականի գնում, որքան Կանադան, Իրանը և Մեծ Բրիտանիան միասին։
Մենք, այո, փոքր ածու ենք, սակայն մեր երակներում կարկաչող արյան մեջ վստահաբար մեկ-երկու չինմաչինի արյան պուտ կգտնվի։ ՈՒ ի՞նչ, չզորակցվենք հնագույն մեր արյունակիցներին, ովքեր, չմոռանանք, Մամիկոնյան փառապանծ տոհմը մեզ պարգևեցին։
Զուգահեռաբար հրավառական տեսականին ծանրակշիռ ներդրում է մեր գանձարանում։ ՈՒ, ասում են, կառավարությունում օրենսդրական նոր նախաձեռնություն է հասունանում։ Այն է` դիմել ԱԺ` սահմանելու «Հրավառության մասին օրենքն» իր բոլոր բաղադրիչներով հանդերձ։
Ասենք էսպես, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի (նաև, անշուշտ, երկքաղաքացի) պարտավոր է մասնակցել հրավառության միամսյակին։ ՈՒ ձեռք բերել ցանկացած պահին սալյուտ արձակելու արտոնագիր-պարտավորագիր։
(Ըստ «լճիցլճյան» հավաստի աղբյուրների, վերոնշյալ օրենքում նոր դրույթ է ներմուծվում, ապահովել հրավառությամբ չզբաղվող քաղաքացիների անդորրը` նրանց պարտադրելով ձեռք բերել մեկական զույգ ականջակալներ։ Դարձյալ ներկրված Չինաստանից)։
Այսպիսով, պայթում-ճայթում ենք, ընդմիջմանն էլ խորասուզվում հերթական պոպ կուռքերի ասուպաաստղային բարբաջանքի ճահիճը։
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԵՂԵՔՈՒՄ
(ֆելիետոնատիպ վերջաբան)
Նորընծա նախարարներից մեկը (անունը չտանք, մի հաշիվ է քանզի) թոզ ու դումանով պատեց երկինք-գետին (ասուլիսին ներկա լրագրողներից երկուսը վաղաժամ ճերմակեցին, մեկի ձայնագրիչն անցավ անժամկետ գործադուլի, երկրորդի գրիչը ժամկետանց հայհոյանքներ շարադրեց դեղնացոլք էջերում), որոտաց, հոխորտաց, թնդաց ու ցնդաբանեց (հազար ու մի անգամ եղեք ներողամիտ), թե «կաշառակերության մայրիկը լացացնելու եմ», «իմ նախորդի բոլոր այիբները վերացնելու եմ» և նման շատ ու շատ այլ հոգեցունց զեղումներ։ Հետո գովերգեց նախորդին, նրա բարեմասնությունները (հոգեբանական, բարոյական, կենսաբանական ու այլք) դասական արժեք հռչակեց։
Դե արի ու խելքդ գլխումդ, հոգիդ էլ փայծաղիդ շրջակայքում պահիր։ Բայց կարծես թե նախորդ նախարարի չարաշահումները լի ու բոլ բավարար էին նրան հանրությունից ձերբազատելու համար։ Կարծես թե...
Քիչ թարմանանք ու մտովի մագլցենք հայրենի սարահարթերից մեկը։ «Երկու չոբան և ճակատագիրն չոբանաց»։ Սա հնարավոր օպերայի լիբրետտոյի վերնագիրն է։
Մի խոսքով, օրինակ, 1000 գլուխ անասունը չոբան Մռազի ձեռքում բարոյահոգևոր բռնադատման է ենթարկվում։ Այսինքն` սմքում են, կաթից զրկվում, մի խոսքով` խոշոր եղջերավորը հիշեցնում է մանր կճղակավորի։ Մռազին բլդուղ են անում, այսինքն` ստիպում են համալրել մարզի գործազուրկների զորաբանակը։ Նրան փոխարինում է մեկ այլ չոբան` Վասյան։ ՈՒ չոբանության հարյուր օրը թամամելով` աղբրի գլխին մամլո ասուլիս է հրավիրում։ Ե՜վ...
Եվ Մռազին ենթարկում է բարձրավոլտ անարգանքի, պարզաբանում, որ իր նախորդը զարմանահրաշ սրիկա է, անպատասխանատու ցեղատեսակ, և որ ինքը կաշվից դուրս կգա, բայց փափախը գետնովը չի տա ու կապահովի վստահված նախրի կաթնատվությունը, մսատվությունը և մյուս բոլոր տվությունները։
Ասել է թե` նախարարները լուրջ անելիքներ ունեն հայրենի սարահարթերում և ազնվության որոշակի պաշար ձեռք բերելու, վերջնականապես մարդահաշիվ դառնալու նպատակով պիտի որ փոխանակվեն (գոնե ժամանակավորապես) նախրապանների հետ։ Թե չէ, իսկապես, տարօրինակ է. ողջ քաղաքական-իշխանական վերնակույտում կաշառակերությունը «Հայոց հարցի» կարգավիճակ է ձեռք բերում, սակայն Կոշի ու Նուբարաշենի գաղութների նառերը (փայտյա բանտային բավականին անպաճույճ մահճակալներ) կարոտից զկռտում են ու հալումաշ լինում, թե երբ են վերջապես հյուրընկալելու որևէ կոռուպցիոներ նախարարի։
Սպասենք հավատով, և ողջ լերուք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ