Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ես Աստծո կարիքը չունեմ. բարին էլ, չարն էլ իմ ներսում են»

«Ես Աստծո կարիքը չունեմ. բարին էլ, չարն էլ իմ ներսում են»
03.10.2008 | 00:00

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԻՋՆԱՐԱՐՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ղեկավարած մոսկովյան դրամատիկական 12-ամյա թատրոնի երևանյան հյուրախաղերի բուռն հետաքրքրությունն ամենից առաջ պայմանավորված էր հանրաճանաչ մեր հայրենակցի արվեստին անմիջականորեն հաղորդակցվելու կարոտով։ 2004-ից մեծ բեմին ինքնակամ հրաժեշտ տված մեծանուն արվեստագետն այս անգամ հայ թատերասեր հանրությանն էր ներկայանում սեփական գեղագիտության ու կեսդարյա փորձառության նորահայտ արգասիքով՝ ցայտուն դրսևորված Չեխովի «Երեք քույր», Մոլիերի «Դոն Ժուան կամ քարե հյուրը», Մուխարյամովի «Մեզ սպասում են հեռու հեռվում, ոչ այստեղ» և Կանինգհեմի «Այստեղ լինեին նաև մի երկու տղամարդ» խաղացանկային ներկայացումներով։
«ԵՍ ԻՆՁ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ ԴԵՐ ԽԱՂԱԼԻՍ ՄԻԱՅՆ»

-Առավել հետաքրքրված Ձեր թատրոնի յուրահատկությամբ՝ ենթադրում էի մեր առանձնազրույցով հիմնավորել արդի հայ թատրոնի «ռեֆորմատորների» որդեգրած «ազատ բեմահարթակների» կարգախոսի սնանկությունը։ Մանավանդ, երբ դրա ավերածություններն ակնհայտ են արդեն ազգային օպերային և Սունդուկյանի անվան թատրոններում։ Որպես գեղարվեստական ղեկավար Դուք անկաշկանդ տնօրինում եք Ձեր շուրջը համախմբված թատերախմբի ստեղծագործական ճակատագիրը՝ վայելելով պետության արվեստասատար նյութական ու բարոյական աջակցությունը։ Համառորեն խուսանավում էիք առաջարկածս լուրջ խոսակցությունից՝ բացահայտ սրտնեղելով Ձեզ պաշարած լրագրողական «հետապնդումներից» առհասարակ։
-Ինձ միշտ վախեցրել են մամուլի ասուլիսները, ստեղծագործական երեկոները (ոչ ասմունքում եմ, ոչ էլ ռոմանսներ երգում), ամեն կարգի հրապարակային զրույցներն ու ռեպորտաժները։ Մի անգամ հայտնի դերասաններից մեկի մարդաշատ հավաքի ժամանակ ականջիս շշնջված` «չի ամաչո՞ւմ, ի՞նչ է մեյմունի պես թառել բեմի վրա» արտահայտությունից հետո սարսափ եմ ապրել, մտածելով, որ երբևէ մեկնումեկը իմ հասցեին նման խոսքեր կուղղի։ Ես ինձ պաշտպանված եմ զգում դեր խաղալիս, եզոպոսյան լեզվով խոսելիս միայն։
Ի՞նչ ասել է՝ «ազատ» բեմահարթակ։ Ազատ՝ ինչի՞ց։ Պրոբլեմի՞ց։ Աշխարհում թատրոնի ամենաուժեղ մոդելը խաղացանկայինն է՝ մշտական խմբով։ Ստեղծագործական կառույցներն անպայման պետք է գեղարվեստական առաջնորդ ունենան։ Ես, որպես գեղարվեստական ղեկավար, պատասխանատու եմ մեր թատրոնի յուրաքանչյուր ներկայացման համար։ Բեմադրությունները տարբեր են իրենց ձևաչափերով, թատերական մտածողությամբ։ Ռեժիսորներ Սերգեյ Գազարովի, Անդրեյ Զյաբլիկովի, Յուրի Կլեպիկովի, Յուրի Իոֆեի, Կրիկոր Ազարյանի, Վլադիմիր Յաչմենյովի անհատական ձեռագրերով։ Բայց դրանք բոլորն էլ համապատասխանում են մեր որդեգրած ընդհանուր ուղղվածությանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային թատրոններից «գեղարվեստական ղեկավար» հասկացության դուրս մղմանը, ցավոք, մանրամասներին քաջատեղյակ չեմ։ Բայց չափազանց վտանգավոր ու կործանարար եմ համարում գործողության մեջ դրված այդ մարտավարությունը, հակամշակութային։ Առանց այդ էլ թատերաբեմ են ներխուժել ամեն կարգի արկածախնդիրներ, որոնք ներկայացում խաղալը հավասարեցրել են ծամածռություններ, միմոսություն անելուն։ Էժանագին այդ «արվեստը» այսօր շահավետ բիզնես է։ Խենթ են համարվում լուրջ թատրոնի, առհասարակ մշակույթի ջատագովները։
«ԹԱՏՐՈՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՋԱԽ Է...»
-Կարծում եմ, շարժառիթներից մեկն էլ այդ տխուր իրողությանը հակադրվելն է եղել, երբ 1996-ի մարտի 12-ին, Կինոյի պետական ինստիտուտի Ձեր կուրսի շրջանավարտների հավաքագրմամբ, հիմնադրել ենք նոր պետական դրամատիկական թատրոն Մոսկվայում, ուր այժմ մոտ 300 մեծ ու փոքր թատրոններ են գործում։ Գուցե հանուն նրա կայացման էլ շուտով հրաժարվել եք Ձեր արտիստական կենսագրության 27 ամենաերջանիկ տարիների բովանդակությունն ամփոփող Մայակովսկու անվան թատրոնում հանդես գալուց։ Ձեր վայելած մեծ հեղինակությունը, անշուշտ, գլխավոր հենասյունն է նորաստեղծ թատերախմբի հաստատուն ներկայության արդի ռուսական բեմարվեստում։ Այդուհանդերձ, ըստ Ձեզ, իր ո՞ր յուրահատկությամբ է այն առանձնանում մյուսներից և գոյատևում արդեն 12 տարի։
-Թատրոնն ինձ համար ընտանեկան օջախ է, իմ մեջ ապրող ծնողական բնազդներին դրսևորվելու, կրթածս նոր սերնդի հետագա ճակատագիրը կուտակածս կենսափորձով ուղղորդելու ռեալ հնարավորություն տվող։ Այն լիարժեք կենդանություն է հաղորդում իմ բջիջներին, երիտասարդական ավյուն։ Կազմավորվելով մետրոյի «Спортивная» կայարանին մերձ 100 տեղանոց հին սրահի պատերի ներսում՝ այն այսօր, քաղաքապետ Լուժկովի բարի կամքով, երկրորդ բեմի տեր է դարձել։ Լոմոնոսովի պողոտայում գտնվող հանդիսասրահը տեղավորում է 500 մարդ և ունի ժամանակի պահանջներին համարժեք տեխնիկական հագեցվածություն։ Յուրահատկությո՞ւնը։ Այստեղ ճանաչվում են երկու մեծություններ՝ դերասանը և հանդիսատեսը։ Ամեն ինչ ծառայեցվում է նրանց միջև լիակատար փոխըմբռնման կայացմանը։ Թատրոնի մեծագույն հրաշքը, որին ականատես ու մասնակից ենք լինում վարագույրի բացվելուց հետո, անմիջականորեն իրականացնում են դերասանները՝ ստեղծագործական բարդ պրոցեսի վերջնական արդյունքը՝ ներկայացումը մատուցողները։ Եվ ամեն ինչ պետք է կազմակերպվի այնպես, որ նպաստի նրանց բեմելի հաջողությանը։
«ՄՈՍԿՈՎՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ»
-Գայթակղիչ այդ դիրքորոշման շնորհիվ Ձեր ղեկավարած թատերական ընտանիքի կազմը բազմապատկվել է։ Երկու հիմնական ռեժիսորն ու կոնկրետ բեմադրության համար հրավիրվածներն այսօր արդեն աշխատում են ոչ թե 10-15, այլ մոտ հինգ տասնյակ դերասանների հետ, ովքեր ստեղծագործական պարապուրդի չեն մատնվում, քանի որ ներկայացումները պատրաստվում ու խաղացվում են երկու կազմով։ Խաղացանկում եղած քսանից ավելի ներկայացումները, հասցեագրված լինելով առավելապես մասսայական հանդիսատեսին, խնամքով պահպանվում են։ Հյուրախաղային ու փառատոնային ակտիվությամբ Ձեր թատրոնը վաղուց ճանաչման է արժանացել Ռուսաստանի սահմաններից դուրս։ Երևանյան չորս ներկայացումների տպավորությամբ՝ դերասանախումբն ունի կատարողական միջին որակ, բայց կարոտ է արտիստական վառ անհատականությունների, որոնցով միայն առանձնակի գրավչություն է ստանում ցանկացած դերասանական թատրոնի ստեղծագործական դիմանկարը։
-Դերասանախմբի միջին տարիքը 30-ն է։ Այն դեռևս ուժ է հավաքում, զարգացման ընթացքի մեջ է։ Զուգահեռ նկարահանվելով ֆիլմերում՝ շատերն են ճանաչում գտել։ Ոչ ի վնաս թատերական լուրջ արվեստի։ Նաև ապրել է պետք, պատշաճ վաստակել։ Պետական դոտացիան ծածկում է 2-3 բեմադրության ծախսերը միայն։ Հավելյալ նյութական ռեսուրսներ ձեռք ենք բերում դրամաշնորհային ծրագրերով, մեկենասների աջակցությամբ։ Ամենօրյա տքնաջան աշխատանքով երիտասարդների մեջ սերմանել եմ կարևոր մի ունակություն՝ դերի բառերը դարձնել սեփական հայտնություն։ Չմոռանանք, որ թատրոնում ամենադժվարը դերասանի աշխատանքն է։ Դոստոևսկին դիպուկ է բնութագրում՝ «սեփական երևակայության ինքնաթունավորում»։ Ամենաահավորը՝ մշտապես...
«Արմեն Ջիգարխանյանը մեր կուռքն է, նահապետը։ Մենք նրանից կլանում ենք դերակերպավորման հմտություններ, որոնք շռայլորեն մեզ է փոխանցում փորձերի ընթացքում, նույնիսկ՝ առօրեական թվացող շփումներում։ Ընտանեկան ջերմ հարաբերություններն ամենևին չեն նվազեցնում ստեղծագործական խստապահանջությունը։ Մենք աճում, հասունանում ենք դերից դեր։ Պատահում է, որ նրա հուշած մեն-մի ժեստով, ռեպլիկով հստակվում է դերակատարման բացահայտման բանալին։ Նրա աշխատաոճի արդյունավետությանն ենք պարտական մոսկովյան լավագույն թատրոնների տասնյակում ընդգրկվելու համար»։
ՅՈՒՐԻ ԱՆՊԻԼՈԳՈՎ (դերասան)

-Եթե չեմ սխալվում, մեծ բեմում Ձեր վերջին դերակատարումը եղավ Ստախոսը (Պսաֆաս, «Պահանջվում է ստախոս»)։ Չմերժելով նոր կինոառաջարկները՝ հրաժարվեցիք թատրոնում հանդես գալուց։
-Դերակատարումն ինձ համար հավասարարժեք է երկունքին։ Տարիքիս բերումով սկսեցի հոգնել մեծ դերեր խաղալուց։ Հասկացա, որ կենսական էներգիաս չի բավականացնում նոր երեխաներ ծննդաբերելուն։ Եվ հետո... Մարդ պետք է կարողանա իր ժամանակին ապրել։ Ես հրաշալի արտիստական տարեգրություն ունեմ։ Սկսած Երևանի ռուսական թատրոնից՝ հարյուրավոր գլխավոր դերեր եմ խաղացել, որոնց մասին ուրիշները երազել կարող են միայն։ Հիմա, բնության դաժան օրենքներով, եկել է հանգստանալուս ժամանակը։ Բայց քանի որ առանց թատերարվեստի այլևս անկարող եմ կյանքս իմաստավորել, ապրում եմ իմ թատրոնով։ Ցավ ունեմ ներսումս խմորվող, որ, հասունանալով, արվեստի նոր ստեղծագործություն է ծնում՝ դուրս հորդելով ինձանից ու մարմնավորվելով իմ թատրոնում պատրաստվող յուրաքանչյուր ներկայացման մեջ։
«Մեր թատրոնը սուր, դաժան դրամատուրգիայի թատրոն է, երիտասարդների թատրոն։ Չեխով, Գոգոլ, Իբսեն, Մոլիեր... Նաև՝ խաղարկային, աշխույժ ներկայացումներ։ Տարեկան 2-3 պրեմիերա։ Հանճարեղ դերասանն ինքնին տաղանդավոր ռեժիսոր է։ Ջիգարխանյանը հզոր անհատականություն է։ Նրա գեղարվեստական աչառու վերահսկողությամբ ջանում ենք ոչ թե նորաոճ կոկետություն անել, այլ նորովի մտածել։ Սրանով էլ հանրահայտ գործերի մեջ «ընթերցումները» շահեկանորեն տարբերվում են մյուսներից։ Մեր ձևավորման փուլն ավարտված չենք համարում՝ անմար պահելով ընդհանուր ձգտումը կատարելության։ Հաշվի առնելով ներկայացման հանդիսանքային նշանակությունը՝ շեշտադրում ենք բեմապատումի բովանդակության գլխավոր ասելիքը։ Ջիգարխանյանը չի բռնանում բեմադրիչների ստեղծագործական ազատությանը, չի կասեցնում մտքի, երևակայության թռիչքը։ Իմաստուն փորձով հընթացս համապատասխանեցնում է դրանք թատրոնի դավանանքին»։
ՅՈՒՐԻ ԿԼԵՊԻԿՈՎ (ռեժիսոր)
«ԵՍ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼՈՒՑ»

-Կյանքի ճշմարտության գեղարվեստական որոնումներում մշտապես մխրճված արվեստագետը, ասես ակամա, երդվյալ ընդդիմախոսն է դառնում իրականության մեջ ի հայտ եկող անարդարությունների, ստի ու կեղծիքի անխնա մերկացնողը։ Այսօր մեր հասարակական կեցությունն անընդմեջ խեղվում է քաղաքական վտանգավոր խաղերի որոգայթներում։ Դուք անձամբ ինչպե՞ս եք դիմագրավում քաղաքական «թատրոնի» համատարած հիպնոսին, որ ժամանակ առ ժամանակ, անապատային խորշակի նման, իր մահագույժ ճիրաններում սպառնում է անէացնել գրեթե բոլոր կենսակունքները։
-Բնավորությամբ ես ցինիկ եմ։ Դա ինձ օգնում է զերծ մնալ ամեն տեսակի նեգատիվ ազդեցություններից։ Քանիցս համոզել են առաջադրվել Պետդումայի պատգամավոր։ Ոչ մի կերպ չեմ համաձայնել։ Իմ քաղաքական հայացքները պարզորոշ արտահայտվում են խաղացածս դերերում, կայացրածս բեմադրություններում։ Սիրում եմ այն դերերս, որոնք իմ մասին են։ Հիմա ես ոչ թե սենտիմենտալ, այլ լալկան եմ դարձել։ Վախենում եմ մանկության ընկերներիս հետ նոր հանդիպումներից՝ նկատելով նրանց մարդկային նկարագրերի ձևախեղումները։ Մարդկությունը, ըստ իս, դեպի վատթարն է գնում։ Ինձ համար, օրինակ, բջջային հեռախոսների գերիշխանությունը համընդհանուր խելագարության նախասկիզբն է։
-Շատ տխրեցի, երբ «Дом Москвы»-ում տեղի ունեցած հանդիպման երեկոյի Ձեր 11-ամյա «օգնականը», կցկտուր թարգմանությամբ, աղճատեց գրավոր առաքված հարցադրումներիս պարզ բովանդակությունը։ Տխրությունս ցավագին դարձավ, երբ մարտիմեկյան իրադարձությունների հանդեպ Ձեր ունեցած վերաբերմունքին տեղեկանալու ցանկությունս լեփ-լեցուն դահլիճում սրտնեղության պոռթկուն հոգոցով նսեմացվեց։ Իբր՝ ի՞նչ ես փչացնում հավաքվածների զվարթ տրամադրությունն անկարևոր հետաքրքրասիրությամբ, եղածն անցել-գնացել է վաղուց։ Դրան հաջորդեց Ձեր հակիրճ խոսքը. «Դահլիճի արձագանքը, կարծում եմ, տրված հարցի ճիշտ պատասխանն է»։ Իմ խորին համոզմամբ, ճշմարիտ արվեստագետը, մտավորականը, ցանկացած հայրենասեր ու ազնիվ քաղաքացին Երկիր մոլորակի չի կարող հստակ վերաբերմունք չունենալ իր ապրած օրերի տխեղծ բովանդակության նկատմամբ։ Ըստ որում՝ բացասական։ Միանշանակ։ Ձեր ստեղծագործությամբ Դուք միանգամայն այլ դիրքորոշում եք ցուցանում։ Եվ ես հակված եմ դրանից բխեցնելու Ձեր մարդկային, քաղաքացիական բնութագիրը։
-Ես խուսափում եմ քաղաքագետների գործերին հրապարակավ գնահատական տալուց։ Եվ, առհասարակ, կյանքի ու բնության բոլոր առեղծվածները վերծանելուց։ Քանզի, ինչպես դեռ Սոկրատն է նկատել, կյանքի, բնության երևույթների ճանաչողությունն ավելացնում է մարդու ոչ միայն իմաստությունը, այլև վիշտը։ Եվ կարճացնում է երկրային կեցության ժամանակը։ Ես ապրել եմ ուզում, ստեղծագործել՝ առանց մթին խարդավանքներում խորամուխ լինելու։
-Ապավինո՞ւմ եք Աստծո գոյությանը, ում դերակատարմամբ բեմում հանդես եք եկել։
-Ես Աստծո կարիքը չունեմ։ Բարին էլ, չարն էլ իմ ներսում են։ Ես իրատես եմ։ Գիտեմ, որ իմ բոլոր պրոբլեմներն ինքս պիտի լուծեմ։ Ինչ վերաբերում է Ձեր թատերագիտական լուրջ հարցադրումներին, ես պարզապես ժամանակ չունեմ դրանց մանրակրկիտ քննարկման համար։ Ինքներդ էլ մի ձգտեք բոլոր հանելուկները լուծել, երբ չունեք ծանրակշիռ տեղեկատվություն կատարվող իրադարձությունների մասին։ Ինձ համար անհասկանալի մնացին ռուս-վրացական վերջին արյունալի միջադեպերը, ուր մնաց, թե հստակ պատկերացում կարողանամ կազմել երևանյանի մասին, երբ բացարձակ իրազեկված չեմ։ Այս այցելությանս գլխավոր մտահոգությունը հայ հանդիսատեսի համակրանքին արժանանալն էր։ Վստահաբար կարող եմ ասել, որ իմ թատրոնի այս հյուրախաղերը փայլուն անցան։ Չլիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանին, մենք հազիվ թե կարողանայինք պատշաճ ներկայանալ Հայաստանի Մայր թատրոնում, ինչի համար երախտապարտ ենք նրան։ Երևանյան քննությունը գերազանց հանձնելով՝ վերադառնում ենք հարազատ օջախ, որտեղ կիսատ մի շարք գործեր ունենք։ «Ալի Բաբան և 40 ավազակները» դրամատիկական մյուզիքլը, Էդուարդու դե Ֆիլիպոյի «Գողը», Չեխովի «Քեռի Վանյան»... Մտմտում ենք Շեքսպիրի «Հենրի IV»-ի, «Համլետի» մասին։ Հիմա, երբ մեր թատերախմբի ներուժը հավաստում է իր ակնառու կարողությունների հուսալի վերընթացը, համարձակորեն առաջ կգնանք։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 7153

Մեկնաբանություններ