«Ո՛չ գեշն է մի բան, ո՛չ էլ` էշը… դու-շեշը լավ է, երբ փասափուսեդ հավաքում ես:
Փոքր պետություն կա, որ չի ընդօրինակում մեծ պետության լավ հատկանիշները, ընդօրինակում է վատ հատկանիշները… ոնց որ երեխա»:
Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Խոհերի արկածախնդրություն»
ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆԸ
Սովորության համաձայն` նախ աֆորիստական նախավարժանք: (Լիկբեզ օլիգոպոլիկների և նրանց տնամերձ-միջավայրի համար: Աֆորիստիկը բնավ կապ չունի աֆերիստիկի հետ: Հենքում աֆորիզմն է: Աֆորիզմն էլ նշանակում է կարճ, իմաստալից խոսք: Մի երկու օրինակ.
«Դիվանագետը մարդ է, ով երկու անգամ մտածում է ոչինչ չասելուց առաջ» (ՈՒինստոն Չերչիլ): Ի դեպ, դիվանագետը որևէ կապ չունի դիվանի և գետի հետ: Իսկ նշանավոր կատակաբան Մարկ Տվենը եզրակացրեց մի օր. «Ժամանակին դա լավ հյուրանոց էր: Բայց դա ոչինչ չի նշանակում: Ես էլ ժամանակին լավ տղա էի…»):
Եվ այսպես` կարմրախայտում և դոդոշապայթում:
«Նախ` քաղաքական կարգախոսով շահիր ժողովրդիդ սիրտը: Հետո անցիր քրեական անկարգ-խոզության»:
«Ինքնորոշվեց հայ ցախավելն ու անդամակցեց փոշեծծիչների դաշնությանը»:
«Թքած, թե ինչ կասի մամուլը: Միևնույն է, նրանց գրածը մրած է, քո թալանածը` շահած»:
«Քաղբանտարկյալի սովահար անցյալը ազատության մեջ տառապում է գերկուշտ ծոմապահությամբ»:
«Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսը գործողության մեջ էր, երբ Զարզանդ Զարզանդիչը հայտավորվեց ԳԱԱ նախագահականում: Երեք ամիս և երկու շաբաթ շարունակ, տարողունակ և անփառունակ, տիար Զարզանդը փորձում էր շփման եզրեր գտնել «իմկուսակցականների» հետ: Չգտավ: Փոշմանեց ու դուշմանվեց: Թերևս մեղավոր էին «իմկուսակցականները», որ հակաշինիչ պահանջներով հեղեղում էին նախագահական նստավայրը: Օրինակ, թե պարտադրաբար անհրաժեշտ է ՀՀՇ-ի «մութ ու ցուրտ» հանցանքները հանել ջրի երես և հանցավորին գամել անարգանքի սյունին, զորօրինակ, անհրաժեշտ է պարտադրաբար նորաթուխ ու դեռ քիչ շշկռած օլիգարխիային բուլդոզերով (խորհրդային արտադրանքի) քշել Զանգվի ձոր ու ազգայնացնել դրանց ունեցվածքը:
Զարզանդիչը բնավ դեմ չէր: Սակայն բախտն անագորույն ելավ դեմ հանդիման: Բանն այն է, որ անարգանքի սյուներ պատրաստելու համար պահանջվում էին շուրջ 110 հազար հաճարենի և հացենի: Այդքան ծառ ՀՀ-ում չիք: Դե, Արցախից ներկրելն էր կհամարվեր դավադրություն ղարաբաղյան ինքնության հանդեպ: Զուգահեռաբար խափանվեց օլիգարխիայի բուլդոզերախեղման նախագիծը: Խորհրդային բուլդոզերները խարխուլ ու անդյուրաշարժ էին: Իսկ յուրաքանչյուր օլիգարխ շրջապատված էր.
ա) սափրագլուխների թիկնազորով (մոտ 100 նմուշ-գլխաքանակ),
բ) անձնական սափրիչի, սիրուհի-սիրեկանի, ներանձնական վարորդ-ներարկիչի և նրանց տեղակալների բազմությամբ (շուրջ 500 գլուխ),
գ) ձեռնասուն ընտրազանգվածով` սոցիալական կեղեքիչ գունաթափությամբ (այստեղ բազմաքանակություն է` 50-70 հազար մարդագլուխ, 100-ից 140 հազար ոտք, ականջ, աչք ու բազուկ` ո՛չ ճակնդեղ):
Այսինքն` 1 նմուշօրինակ օլիգոպոլը ահարկու դիմադրողական ներուժի տեր էր: Այսինքն` «իմկուսակցականներն» իրականում հենց նրանց շրջակայքում էին:
(Այս ամենից զատ` տիար Զարզանդը վատ գիտեր մայրաքաղաքը: ՈՒ նրան շարունակ թվում էր, թե Երևանի մշակութային-բոհեմիկ կենտրոնը ոչ թե «Նաիրի» կինոթատրոնից «Նկարիչ» սրճարան ընկած տարածքն էր, այլ Շահումյանի շրջանի Մետաքսի կոմբինատ-«Բանկի կռուգ» հատվածը): Բնականաբար, հեռատես պետական այրն ու ռազմագետը նախընտրեց ամենահուսալի հենարանը: «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» նշանաբանը երկրորդ ընթերցմամբ հնչեց ահա այսպես. «Իմ կուսակցությունը օլիգարխիան է»: Պարզ, հասկանալի և գործնական:
Տարզա՜ն, Տարզա՜ն: Նշանաբան-նշանառու: Ինքնաբավ քաղհոխորտանք: Մոլեգին մտավարժանք։ (Պերմի տանջավայրերը թեթևացած շունչ քաշեցին, երբ Տարզանը լքեց դրանք: Տաժանավայրերը մտատանջանքի մեջ էին, զի պարուրվող բառահեղեղը նրանց ինքնորոշման էր տանում), բայց Հայաստանը դժվարությամբ էր բաժանվում սովետական կարմիր բավարարումից և չպարուրվեց մորուքազարդ այլախոհի ինքնորոշման շղարշով: Բայց Տարզանը չէ՞ որ ժամանակի առաջնորդն էր, դարի ոգին, անկախության փարոսը: ՈՒ նրան հասկանալ, գնահատել և նրա առջև ծնրադրել էր պետք:
Չհասկացան: Ծնրադրելու փոխարեն քշեցին Հրազդանի կիրճի աջափնյա հատվածը: Քշեցին արդի քաղաքական ձախլիկներն ու պետական ամլիկները:
Բայց չէ՞ որ փարոս-այրն ու ոգի-որձը Բան էր ասում մեզ: Չհասկացանք: Այպանեցինք: Բայց ասում էր` ինքնորոշվենք և միջազգային ատյաններում շահենք մեր դատը: Չգնահատեցինք: Մեղավորը մեր ազգային թերաճ գիտակցությունը չէր, այլ ազերիների բարբարոս ենթագիտակցությունը, որ անսաց տարզանականչին, չհամբերեց քիչ ու չինքնորոշվեց մեզ զուգընթաց: Պատկերացրեք միայն, ինքնորոշվում է Հայաստանը և Տարզանին հռչակում հանրապետության պապա: Ազերբայջանը հրաժարվում է ազգային «բոքս» սանրվածքից, գլխին է քաշում իր դրոշ-չադրան և հռչակում նրան ազգի պապա (հաշվի առնելով Տարզանի շեփորային գթասրտությունն ինքնորոշված լամուկների, լուլաքյաբաբի և Լենքորանի մուղամների հանդեպ):
Տեսա՞ք, թե ինչ կորցրինք: Առանց մեկ փամփուշտի ազգամիջյան թնջուկը լուծվում էր, և Թովուզի թուզը հայտնվում էր մեր մուրաբաներում:
Անշուշտ, ժամանակը բազմիցս հիմնավորեց. մենք անպատրաստ ենք Տարզանին գիտակցելու: Մի երկու-երեք նորանկախ սերունդ պիտի փոխվի, տարզանացումը պետք է դեռ ծննդատնից դառնա հայկազուններիս սեփականությունը: Եվ կրթօջախում թող որ օրհներգը որոտա` «Այբբենարան` ըստ Տարզանի»։
Մի՞թե 1996-ի իրադարձություններն այս ամենի վկայակոչումը չեն: Ազգը երկպառակվել էր: Հանրությունը` երկփեղկվել: Սակայն տարզանական ոգեկոչման բացակայությունը թույլ չտվեց գիտակցել ի սկզբանե «Ձայն բազմաց` ձայն Տարզանի» կարգախոսի վեհությունը:
Այսօր ևս նրան չենք գիտակցում-գնահատում: Զարմանահրաշ այս Տարզանն առաջարկեց մի նոր ընթացակարգ, որն ընդունելով, արդար և ազատ ընտրությունները ինքնորոշաբար կսվաղվեն մեր նախընտրական բյուլետեններին, ինչպես հալած կարագը թարմ բոքոնին:
Բայց, միևնույն է, ես անձամբ (ինձ հետ նաև «ԼԼ» կարմրախայտերն ու դոդոշները) ընտրելու եմ Տարզանին: Զի գալիք օվալաձևում, այսուհանդերձ, տարզանաթռիչք մտամրրիկներ են պետք: Իսկ որ Տարզան Տարոսիկովիչը քաղաքական մտքի հածանավ է, գիտեն անգամ Զատկի կղզու արտակարգ իրավիճակների նախարարությունում։
ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻ «ԹՈՒՂԹՆ ՈՒ ԳԻՐԸ»
ՀՀԿ կանանց խորհուրդը շոյիչ շանթահարում է մեր այրական միտքն ու ոգին: Գուցե, իսկապես, հայոց խորհրդարանի «խորհուրդը խորին» համալրվի տիկնանցով փափկասուն: Գուցե: Եվ ահա ծնվում են մի շարք դիտարկումներ «ԼԼ» արևելյան ծովախորշում, ուր գարնանային ձվադրմանն ընդառաջ կարմրախայտերը համաժողով հրավիրեցին:
Օրակարգում երկու հիմնահարցեր են.
1. Քննարկել «Քաղաքականությունը բարդ ոլորտ է, և սայթաքումներն այստեղ շատ են» միտք-կարգախոսը:
2. Սահմանադրորեն սահմանել «կին» և «կնիկ» հասկացությունները:
ՕՎԱԼԱՁԵՎ ՇԱՐԱԿԱՐԳՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
1-ին հարցի կապակցությամբ. կանանց կոալիցիոն և ընդդիմադիր ներգրավվածությունը օվալաձևում կնվազեցնի սայթաքումների հավանականությունը, քանզի կանայք քաղճեմուղիներում շրջում են բարձրակրունկ կոշիկներով: Մի բան, որն էապես սատարում է նրանց համընթաց շարժմանը:
2-րդ հարցի կապակցությամբ. նախասահմանել «կին» երևույթը հանրածանոթ կերպարներով: Զորօրինակ, օվալաձևում ակնհայտ կին է, հմայիչ և սատարիչ Աճեմյան-տիկինը:
Կին է դարձյալ հմայիչ, սակայն գրոհիչ տիկինը Փոստանջյան: Կին է մայրաբար սիրասուն դշխոն մեր հարգարժան` Գոհարը Ենոքյան: (Այսօր մի քանի կնիկ էլ կա օվալաձևում, նրանց մասին` ոչինչ: Այսօր կան, վաղը` ոչ):
Ասպետաբար անտեսում ենք «կնիկ» հասկացության վերլուծությունը: Հասկացությունն ի մի կգա և կհայտավորվի իր ժամանակին: Այսինքն, երբ քաղաքապետի թեկնածուների շարքում կնիկ ի հայտ կգա: Այժմ ընդամենը փաստենք. կնիկ է նա, ով չի բավարարում կնոջ ձևաչափի պահանջները:
Ի վերջո, ավարտում ենք: Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ական յուրաքանչյուր նախաձեռնություն կուսական (թերևս կուսակցական) խանդի գրգիռներ է առաջացնում նրա դաշնակիցների (ոչ դաշնակցականների) մեջ, կանանց թվակազմը առաջիկա օվալաձևում ենթադրում ենք ոչ պակաս, քան 50 %: Կշահենք համամասնաբար, կշոյվենք մեծամասնորեն: Զի տիկնայք կշարակարգվեն հետևյալ սկզբունքով. կին-պատգամավորը աջից, տղամարդ-երեսփոխանը ձախից: Մեջտեղում էլ 0,5 ընդդիմադիր։ Այսինքն` մեջընդմեջ: Նախագահությունում` կինը ԱԺ խոսնակ, աջից` կոալիցիոն այրը, ձախից` ընդդիմադիր տղան, որպես փոխխոսնակներ:
Անշուշտ, խնդիրներ կառաջանան: Ի մասնավորի բուրմունքային: Չէ՞ որ արդի այրը, քաղաքականությամբ զբաղվելիս, պարտադիր պայման է համարում «Կենզո» օծանելիքով պարբերաբար լոգանք ընդունելը: Իսկ ի՞նչ անեն կանայք։ Եվ ահա լուծումը, շաբաթվա կենտ օրերին օծվում են տիկնայք, զույգ օրերին` այրերը:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Պարտադիր պայմաններից մեկն առաջիկա օվալաձևում. որպես ընդդիմադիր կրիչ ուժ անհրաժեշտ է (պատմական պահի առաքելությամբ) ԶԻՄ տիկնանց խմբակցության ներկայությունը: Պայմանական ծածկագիրը` «Տարզանամանիա»:
Իսկ ահա Զարզանդի «Բետեռներ» դաշինքն արտախորհրդարանական-հանրահավաքային դաշտը կլրացնի: Զի այստեղ հավաքագրված են գլխավորապես ագրեսիվ կնանիք: