ՀՀ քաղաքաշինության նախարարության` աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խումբը Գյումրիում 2009-2010 թթ. բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու էր հրավիրել անօթևանների հերթացուցակում հաշվառված 2400 ընտանիքների, սակայն պահանջվող փաստաթղթերը կարողացան ներկայացնել նրանցից ընդամենը 1200-ը:
Մեր ուսումնասիրություններով` հարյուրավոր անօթևան ընտանիքների` փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառն այն է, որ այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ երկար ժամանակ բացակայում են Հայաստանից, նրանցից շատերի նույնիսկ գտնվելու վայրի մասին նման խնդիրներ ունեցող անօթևան ընտանիքների անդամները, իրենց պնդմամբ, վաղուց տեղեկություն չունեն: Կան նաև դեպքեր, երբ բացակա անդամների անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է, ուստի նրանք այդ և տարաբնույթ այլ պատճառներով չեն կարողանում լիազորագրեր ուղարկել:
Հիմնականում վերոհիշյալ պատճառներով էր, որ ծանր կենցաղային ու սոցիալական պայմաններում բնակվող հազարավոր անօթևան ընտանիքներ չկարողացան ՀՀ կառավարության թիվ 432 որոշմամբ պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները ձևավորել և հանձնել հանձնաժողով` բնակարաններ ստանալու իրենց իրավունքից օգտվելու նպատակով:
Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացի դեռ մեկնարկին` 2009 թ. դեկտեմբերին, պարզ դարձավ, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների հատկացման կառավարական համապատասխան որոշումներում:
Մեր կազմակերպությունը ևս, 2010-ին ՀՀ կառավարության թիվ 432 որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, մի շարք դիմումներ հղեց ՀՀ կառավարությանը: Մասնավորապես 2010 թ. փետրվարի 2-ին վարչապետ Տ. Սարգսյանին և քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին հղած դիմումով առաջարկեցինք վերանայել հիշյալ որոշումը և, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, որոնք ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների` Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն ընձեռել օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից` պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բացակայողների նկատմամբ բնակարանային պարտավորություններ նրանց վերադառնալու դեպքում (http://shirakcentre.org/index.php/ hy/documents/210-2010-09-01-11-36-45.html ):
ՀՀ կառավարությունը 2010 թ. օգոստոսի 5-ին ընդունեց 2009 թ. նոյեմբերի 26-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 և 2008 թ. նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում փոփոխություն կատարելու մասին որոշում:
Կատարված փոփոխություններով պիտի հնարավորություն տրվեր բնակարանի հավակնորդ անօթևան ընտանիքների ներկա անդամներին` ընտանիքի բացակա անդամի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության մասին գրավոր հայտարարությամբ օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից: Նույն որոշման համաձայն` փաստաթղթեր չներկայացրած անդամն այլևս ընտանիքի կազմում չի հաշվառվում, ավելին` բացակա անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված:
Անշուշտ, այդ փոփոխությունները կարելի էր համարել շոշափելի աջակցություն հարյուրավոր այն անօթևան ընտանիքներին, որոնք իրենց ընտանիքների անդամների փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով անցած տարիներին չէին կարողացել բնակարան ստանալ:
Մյուս կողմից, այդ որոշումը ևս ունի բացասական կողմ, քանի որ ընտանիքի բացակա անդամներին որպես շահառու չդիտարկելով` ընտանիքներից շատերը կկորցնեն բնակմակերես: Ավելացնենք, որ առանց այդ էլ ՀՀ կառավարության թիվ 432 որոշմամբ աղետի գոտու անօթևան ընտանիքի անդամներին հատկացվում է երկրաշարժին կորցրած բնակարանի սենյակների թվից պակաս սենյակներով բնակարան, եթե ընտանիքի անդամների թվաքանակը պակասել է, սակայն մյուս դեպքում, եթե անօթևանի ընտանիքի կազմն ավելացել է, սենյակների քանակը չի ավելացվում և տրվում է ճիշտ այնքան, որքան կորցրել են երկրաշարժի ընթացքում։
Նաև ուզում ենք նշել, որ, մինչ ՀՀ կառավարության թիվ 432 որոշման մեջ փոփոխություններ կատարելը, բնակարանների բաշխման հանձնաժողովը տասնյակ անօթևան, բացակա անդամներ ունեցող ընտանիքներին պատասխանում էր, թե իրենց խնդրին կանդրադառնան, որպես շահառու կճանաչեն և բնակարաններ կհատկացնեն աղետի գոտում բնակարանների կառուցման երկրորդ փուլում` 2011-ին, կառավարության կողմից սպասվող փոփոխությունները կատարելուց հետո:
Անօթևան ընտանիքները, լսելով հանձնաժողովի հորդորները, համբերատար ևս մեկ տարի սպասեցին:
Սակայն այս տարի, երբ արդեն սկսվել է երկրորդ փուլով բնակարանների բաշխման նպատակով փաստաթղթերի ընդունումը, ընտանիքի բացակա անդամներ ունեցող անօթևանները կրկին հայտնվել են փակուղու առջև, քանի որ բնակարանների բաշխման հանձնաժողովին աջակցող աշխատանքային խումբը նրանցից պահանջում է 2010 թ. օգոստոսի 5-ի որոշմամբ սահմանված և Գյումրու նոտարական գրասենյակում վավերացված հայտարարությունն այն մասին, որ իրենց բացակա անդամի վերադառնալու դեպքում իրենք պատրաստ են նրան ապահովելու բնակմակերեսով: Սակայն Գյումրու նոտարական տարածքի նոտարը տարաբնույթ պատճառաբանություններով սովորաբար հրաժարվում է շահառուների կողմից կառավարության վերոհիշյալ որոշմամբ պահանջվող հայտարարությունները վավերացնելուց:
Օրերս, արձագանքելով մեր գրասենյակ դիմած անօթևանների բողոքներին, հանդիպեցինք Գյումրու նոտարական տարածքի նոտար Ռոբերտ Մուկուչյանի հետ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման չկատարելն ու բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների հայտարարությունները միայն բացառիկ դեպքերում վավերացնելը նոտարը պատճառաբանեց այն հանգամանքով, թե իրեն հիմնականում հավատ չեն ներշնչում դիմողների այն հայտարարությունները, ըստ որոնց` նրանց ընտանիքների բացակա անդամներն իրոք չեն կարող լիազորագրեր ուղարկել: Ապա նաև կասկածանք հայտնեց, թե շատ քաղաքացիներ, հնարավոր է, որ բնակարանը, ստանալուց անմիջապես հետո, վաճառեն, քանի որ, ի տարբերություն նախորդ տարիների, ներկայումս նման արգելք չկա: Ի դեպ, մեր զրույցի ժամանակ նոտարը հավաստիացրեց, որ ինքն իր մտավախությունների մասին տեղյակ է պահել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Մեզ նաև հայտնի է, որ նոտարը շահառուներին հիմնականում խորհուրդ է տալիս դիմելու դատարաններ, իրենց ընտանիքների բացակա անդամներին անհայտ բացակայողներ ճանաչելով լուծել այդ հարցը:
Այսքանից հետո մեզ համար անհասկանալի է մնում երկրաշարժից անօթևան ընտանիքների առանց այդ էլ ծայրահեղ ծանր վիճակն արհեստականորեն է՛լ ավելի ծանրացնելու և նրանց հանդեպ կիրառվող նման, մեղմ ասած, ոչ մարդասիրական վերաբերմունքի իմաստը:
Կարծում ենք` 23 տարի շարունակ ցուրտ ու խոնավ տնակներում պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների հանդեպ կիրառվող նման վերաբերմունքի և վերջիններիս փաստաթղթային քաշքշուկների մեջ ներքաշելու տարբեր պաշտոնյաների քայլերի մասին մենք էլ իրավունք ունենք հայտնելու որոշ կարծիքներ.
1.գուցե հենց ինքը` հարգարժան նոտա՞րն է սխալվում իր մտավախություններում,
2.արդյոք նա հաշվարկե՞լ է, թե ինչպիսի դատական քաշքշուկների և ծախսերի մեջ կարող են հայտնվել անօթևան ընտանիքները, որոնց մեծ մասը թշվառության և ծայրահեղ աղքատության եզրին է գտնվում,
3.եթե պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվեր և նոտարի անձնական քմահաճույքով որոշվեր, թե երբ և որ անօթևան ընտանիքի նկատմամբ կարող է կիրառվել կառավարության այդ որոշումը, ապա գուցե արժեր այդ մասին ևս հստակ գրել որոշման մեջ,
4.արդյոք տարբերակված մոտեցումը հղի չէ՞ կոռուպցիոն ռիսկերով,
5.եթե, այնուամենայնիվ, հանրապետության բարձրագույն իշխանությունները տեղյակ են նոտարի նման գործելաոճին, ապա արդյոք դա դիտավորյալ չի՞ արվում, որպեսզի շահառուների թիվն արհեստականորեն նվազեցվի` պահանջվող քանակից պակաս բնակարաններ կառուցելու նպատակով:
ՈՒզում ենք հավատալ, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքաշինության և արդարադատության նախարարները կարձագանքեն մեր այս հայտարարությամբ հնչեցված ահազանգին և, աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ բնակարանների սպասող անօթևանների շահերից ելնելով, ինչպես նաև բնակարանների բաշխման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով կտրուկ միջոցների կդիմեն բնակարաններ ստանալու հավակնորդ ընտանիքներին ավելորդ թղթարարությունից և քաշքշուկներից զերծ պահելու համար:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
22.03.2011 թ.