ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
2010 թվականի դեկտեմբերի 5-ին քաղաքացի Ստեփան Սահակյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել թիվ 13149209 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 2010 թվականի օգոստոսի 19-ի որոշումը, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին` կարճելու քրեական գործի վարույթը, վերացնելու իր իրավունքների և ազատությունների խախտումը և վերադարձնելու իր սեփականությունը հանդիսացող իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2011 թվականի մարտի 21-ի որոշմամբ, դիմող Ս. Սահակյանի բողոքը բավարարել է մասնակիորեն և պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Ս. Սահակյանի սեփականության իրավունքի խախտումը` նրա պահպանմանը հանձնելով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանի և դիմող Ս. Սահակյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի հունիսի 2-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մարտի 21-ի որոշումը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանը և դիմող Ս.Սահակյանը:
Վճռաբեկ դատարանի` 2011 թ. հուլիսի 13-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանի և դիմող Ս. Սահակյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են: Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները վերադարձնելու պահից օրինական ուժ է ստացել 2011 թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Ս. Սահակյանի սեփականության իրավունքի խախտումը` վերջինի պահպանմանը հանձնելով քրեական գործի շրջանակներում իրեղեն ապացույց ճանաչված նկարիչ Խ. Եսայանի «Սեպտեմբեր» (1960 թ.) և «Առավոտը Սևանում» (1956 թ.) գեղանկարները, որոնք թիվ 13149209 քրեական գործի շրջանակներում կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Նազարյանի կողմից, 2009 թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ, ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանին:
Ի կատարումն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի պահանջի` Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Նազարյանի կողմից սույն թվականի հուլիսի 21-ին կայացվել է պարտադիր որոշում իրեղեն ապացույցները ի պահ հանձնելու մասին, համաձայն որի` թիվ 13149209 քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված նկարիչ Խաչատուր Եսայանի հեղինակած «Առավոտը Սևանում» և «Սեպտեմբեր» գեղանկարները հանձնվել են վկա Ստեփան Սահակյանի պատասխանատու պահպանմանը:
2011 թ. հուլիսի 21-ին Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Նազարյանը թիվ 7/4-49201 գրությամբ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փ. Միրզոյանին տեղեկացրել է, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանի պատասխանատու պահպանմանը հանձնված թիվ 13149209 քրեական գործով իրեղեն ապացույցները ենթակա են վերադարձման Կենտրոնական քննչական բաժին: Սույն գրության վրա առկա է Վեհանուշ Փունարջյանի ստորագրությունը` «Ստացա» մակագրությամբ:
2011 թ. օգոստոսի 3-ին քննիչը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փ. Միրզոյանին հիշեցում է ուղարկել առ այն, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանին ի պահ հանձնված թիվ 13149209 քրեական գործով իրեղեն ապացույցները ենթակա են վերադարձման Կենտրոնական քննչական բաժին: Սույն գրության վրա նույնպես առկա է Վեհանուշ Փունարջյանի ստորագրությունը` «Ստացա» մակագրությամբ:
Սույն գրությունների կապակցությամբ 2011 թ. օգոստոսի 29-ին «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից ստացվել է քննիչ Ռ. Նազարյանի գրությունը, համաձայն որի` վերոգրյալ գրությունների մասին հայտնվել է ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` խնդրելով վերջինի գրավոր հանձնարարականը` հետագա քայլերի համար, և մինչ օրս չեն ստացել համապատասխան հրահանգ` գեղանկարները Կենտրոնականի քննչական բաժին վերադարձնելու վերաբերյալ:
2011 թ. սեպտեմբերի 2-ին Կենտրոնականի քննչական բաժնի պետ Ս. Հ. Մաթևոսյանի կողմից ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին ուղղվել է գրություն, որով խնդրվել է նախարարի հանձնարարությունը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փ. Միրզոյանին` չխոչընդոտել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կատարմանը և քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները անհապաղ վերադարձնել Կենտրոնականի քննչական բաժին:
Սույն գրության կապակցությամբ Կենտրոնականի քննչական բաժնում ստացվել է ՀՀ մշակույթի նախարարության պատասխանը, համաձայն որի` «Նախարարությունը, 23.08.2011 թ. թիվ 01/5.1/3683-11 գրությամբ, դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` քրեական գործով համապատասխան փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ: Նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է միջնորդություն քրեական գործով համապատասխան փորձաքննություն նշանակելու վերաբերյալ` պարզելու, թե արդյոք քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները նույնակա՞ն են այն գեղանկարներին, որոնք (1960-ից և 1962-ից) պատկանում են Հայաստանի ազգային պատկերասրահին ու հանձնվել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցին և ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրությանը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին: Միաժամանակ, քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն` պատժելի է պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:
Սույն դեպքում դատական ակտում վճռի կատարման այլ ժամկետ նախատեսված չէ, հետևաբար դատարանի պարտադիր դատական ակտը պետք է կատարվեր ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` մինչև սույն թվականի օգոստոսի 13-ը: Սակայն մինչ օրս դատական ակտը չի կատարվել: Ընդ որում, օրենքը չի նախատեսում պարտադիր դատական ակտի կատարման կասեցման այնպիսի «արդարացնող հիմքեր», ինչպիսիք են «դատական ակտի կատարման համար նախարարից հանձնարարական ստանալը», «գլխավոր դատախազին դիմելը», «իրեղեն ապացույց ճանաչված առարկան այն տիրապետելու և պահպանելու իրավունք չունեցող անձից առգրավելու համար հսկողություն իրականացնող դատախազից ցուցում ստանալը», և «փորձաքննություն անցկացնելու նպատակով միջնորդություն ներկայացնելը»: Անհասկանալի է. եթե անգամ պաշտոնատար անձինք չեն համարում ապացուցված մասնավոր սեփականություն հանդիսացող գեղանկարների նույնականացումը ենթադրաբար պետությանը պատկանող ինչ-որ գեղանկարների հետ, այդ ո՞ր իրավական հիմքով են դրանք ճանաչվել «իրեղեն ապացույց» և երկու տարուց ավելի վերցվել սեփականատիրոջից, և այդ ո՞ր իրավական հիմքով էին դրանք առանց քրեական գործի հարուցման առգրավվում ոստիկանության կողմից կամ բռնի պահվում պատկերասրահի կողմից: Այդ ամենը խոսում է մեկ բանի մասին, որ մշակույթի բնագավառի բարձրաստիճան պաշտոնյաները, չհամակերպվելով այն բանի հետ, որ դատարաններն արձանագրել են անձի սեփականության իրավունքի խախտում, որոնք մեծ մասամբ հետևանք էին հենց մշակույթի նախարարության և պատկերասրահի բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների, բանեցրել են իրենց իշխանությունը և չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չեն կատարել օրինական ուժ ստացած դատական ակտի պահանջները` իրենց վեր դասելով օրենքից և վարկաբեկելով դատական իշխանության հեղինակությունը:
Սույն պայմաններում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված արարքի հատկանիշներ, քանի որ, լինելով պետական մարմնի պաշտոնատար անձ, ունենալով իշխանական լիազորություններ, տեղյակ լինելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության և դրա կատարման անհրաժեշտության և պարտադիրության մասին, խոչընդոտում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը` տալով ապօրինի հանձնարարություն: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված մշակույթի նախարարի խնդրանքը` փորձաքննություն կատարելու վերաբերյալ, չի ազատում վերջինին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու պարտականությունից, հետևաբար, մշակույթի նախարարի ցանկացած գործողություն կամ անգործություն, որն ուղղված է Խ. Եսայանի «Սեպտեմբեր» և «Առավոտը Սևանում» գեղանկարների` Հայաստանի ազգային պատկերասրահում ապօրինաբար պահպանելուն, հանդիսանում է դատարանի օրինական ուժի մտած դատական ակտի դիտավորյալ չկատարում, առաջացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այս փաստը արձանագրվել է նաև ՀՀ քննչական բաժնի պետի կողմից, քանի որ 2011 թ. սեպտեմբերի 2-ին Կենտրոնական քննչական բաժնի պետ Ս. Հ. Մաթևոսյանի կողմից ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանին ուղղվել է գրություն, որով խնդրվել է նախարարի հանձնարարությունը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փ. Միրզոյանին` չխոչընդոտել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կատարմանը և քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները անհապաղ վերադարձնել Կենտրոնական քննչական բաժին:
Նմանապես, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փ. Միրզոյանի և Վեհանուշ Փունարջյանի գործողություններում ևս առկա են հանցագործության հատկանիշներ, քանի որ, լինելով գույքի վերադարձման պարտականության առաջնային կրողը, դիմել են անգործության և հայցել են անօրինական հանձնարարություն: Դատական ակտի պահանջները պարտադիր են յուրաքանչյուր անձի համար, և այն կատարելու համար գործադիր իշխանության որևէ պաշտոնատար անձի ցուցումը կամ հանձնարարականը անհրաժեշտ չէ: Հետևաբար, հանցավոր անգործություն դրսևորելով, վերջիններս դիտավորությամբ չեն կատարել օրինական ուժ ստացած դատական ակտի պահանջները:
Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Նազարյանը ևս թերացել է իր պարտականությունների կատարման հարցում: Մասնավորապես, լինելով պետական մարմնի պաշտոնատար անձ, վերջինս պարտականություն է կրում իր վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ապահովելու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջների կատարումը: Սույն պայմաններում, որպես քրեական գործը քննող քննիչ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225 և 226-րդ հոդվածների համաձայն` վերջինս լիազորված է իրականացնելու գործի համար նշանակություն ունեցող առարկաների և փաստաթղթերի խուզարկություն և առգրավում, եթե առաջանում է դրանք վերցնելու անհրաժեշտություն: Միաժամանակ, քրեական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք և քաղաքացիներն իրավունք չունեն հրաժարվելու քննիչին հանձնելուց այն առարկաներն ու փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք պահանջվել են նրա կողմից:
Այդուամենայնիվ, քրեական գործը քննող ավագ քննիչ Ռ. Նազարյանը, ունենալով պաշտոնեական լիազորություններ, պատասխանատու անձանց կողմից պահանջվող գույքն ինքնակամ չհանձնելու պայմաններում իրականացնելու օրենքին համապատասխան դրանց խուզարկումը և առգրավումը, ցուցաբերել է անգործություն, ինչի հետևանքով էլ անկատար է մնացել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Մինչդեռ քննիչը քրեադատավարական օրենքով լիազորված է կատարելու քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաների խուզարկություն և առգրավում, հատկապես այն դեպքում, երբ քննիչ Ռ. Նազարյանին հայտնի է, թե որտեղ և ում մոտ են գտնվում քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները: Հարկ է նկատի ունենալ, որ համաձայն 2009 թ. հոկտեմբերի 14-ի «Գեղանկարները ի պահ հանձնելու մասին» արձանագրության` դրանք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահ ՊՈԱԿ-ում: Սույն պայմաններում քննիչը լիազորված է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում իրականացնելու խուզարկություն և վերցնելու քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները կամ, եթե հայտնի է դրանց պահպանման ստույգ վայրը, առգրավելու դրանք, ինչը մեկ ամսվա ընթացքում չի կատարել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք, որ վերը թվարկված պաշտոնատար անձինք կատարել են մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց հիման վրա պահանջում ենք կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողությունները և հարուցել քրեական գործ ապօրինի գործողություններ իրականացրած բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ և վերջիններիս ենթարկել քրեական պատասխանատվության:
Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ
Փաստաբան