ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԿՈՒՅՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԲՐԱՅԼՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

ԿՈՒՅՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԲՐԱՅԼՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
16.09.2011 | 00:00

Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցը Հայաստանում միակ հաստատությունն է, որտեղ ուսանում են կույր և թույլ տեսողություն ունեցող երեխաներ:
Դպրոցի շրջանավարտներից շատերը կարողացել են ստացած գիտելիքների շնորհիվ գտնել իրենց տեղը հասարակության մեջ՝ հասնելով հաջողությունների տարբեր ոլորտներում: Դպրոցը սոսկ կրթարան չէ, այլ ամենից առաջ տեսողական խնդիրներ ունեցող մանուկներին 12 տարի ապահով տանիք և հետաքրքիր ու բովանդակալից առօրյա ապահովող հաստատություն: Դպրոցում գործում են ստեղծագործական տարբեր խմբակներ` նկարչության, ձեռագործության, երգի, դաշնամուրի, պարի, քանոնի, ջութակի, որոնց առկայությունը թույլ է տալիս աշակերտներին սերտորեն շփվել արվեստի տարբեր բնագավառների հետ: Այստեղ ապահովում են նաև մասնագիտական կրթություն. սաներն ստանում են մերսողի որակավորում, ձեռք բերում համակարգչից օգտվելու կարողություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով հատուկ չտեսնողների համար նախատեսված «Արև» ծրագրով գործում է համակարգչային դասարան, ինչը երեխաներին ավելի լայն հնարավորություններ է տալիս ինտեգրվելու հասարակությանը և օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաներից: «Արև» համակարգի շնորհիվ տեսողության խանգարումներ ունեցողներն օգտվում են համացանցից, էլեկտրոնային փոստից, կարդում էլեկտրոնային գրքեր, ձայնի միջոցով տվյալներ ներմուծում համակարգիչ:
Դպրոցում կազմակերպվում են առարկայական և տոնական միջոցառումներ, մեծ տեղ է տրվում անհատական-շտկողական դասերին, լոգոպեդական պարապմունքներին, հոգեբանական աշխատանքներին: Դպրոցի սաներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական առարկայական օլիմպիադաներին` արժանանալով գովասանագրերի և դիպլոմների: Կազմակերպվում են ամենամյա գարնանային և աշնանային աչքի վիտամինային բուժական պրոցեդուրաներ:
Այսօր թիվ 14 հատուկ դպրոցում սովորում է մոտ 100 երեխա` Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Աշակերտների մոտ 50 տոկոսը կույր է, մյուսներն ունեն տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ։ Այստեղ ուսանող երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Կույր և մնացորդային տեսողությամբ երեխաների ուսուցումը կատարվում է բրայլյան տետրերով և դասագրքերով։ Նշենք, որ «Բրայլն» ունիվերսալ կետային գրելու համակարգ է կույրերի համար: Այն կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս կրթություն ստանալու և օգտվելու հոգևոր մշակույթի բոլոր արժեքներից:
«Առանց բրայլյան տետրերի և դասագրքերի անհնար է կազմակերպել մեր աշակերտների ուսուցումը,- ասում է թիվ 14 դպրոցի տնօրեն ԱԼԵՔՍԱՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ։- Մեր դպրոցը հանրակրթական է, աշակերտներն այստեղ անցնում են բոլոր առարկաները, և մեր սաները, ավարտելով կրթօջախը, շարունակում են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնակցում են առարկայական օլիմպիադաների։ Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք լավագույնս կազմակերպել աշակերտների կրթական գործընթացը։ Մեր հաշվարկները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ուսումնական տարի աշակերտների լիարժեք ուսուցումը կազմակերպելու համար հարկավոր է մոտ 5000 բրայլյան տետր։ Այսօր մենք նաև դասագրքերի խնդիր ունենք։ Վերջին տարիներին բավականին հաճախակի են փոխվել դասագրքերն ու ծրագրերը, և ամեն տարի նոր բրայլյան դասագիրք տպագրելն անհնար է»։
Մեկ բրայլյան տետրն արժե 500 դրամ, և մեկ 12 թերթանի սովորական տետրը հավասար է 4 բրայլյան տետրի։ Բրայլյան տետրերով դպրոցն ապահովված է. ամեն տարի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տետրերի համապատասխան խմբաքանակ է հատկացնում։ Այս տարի 1000 օրինակ բրայլյան տետրեր տպագրեցին և դպրոցին հատկացրին նաև Հայաստանի երիտասարդական և «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ նշեց, որ թիվ 14 հատուկ դպրոցին աջակցելու ծրագիրը լինելու է շարունակական։ «Եթե մենք այսօր արձանագրում ենք, որ, այո, բրայլյան տետրերի և գրականության կարիք կա, ապա անպայման ապագայում ևս թիվ 14 հատուկ դպրոցում կիրականացնենք համապատասխան ծրագրեր և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով կփորձենք լրացնել այն բացը, որ կա դպրոցում»,- մեզ հետ զրույցում նշեց Կ. Ավագյանը՝ ընդգծելով, որ տեսողության խնդիրներով ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթական գործընթացից։
Եթե բրայլյան տետրերի խնդիր դպրոցը չունի, ապա դասագրքերի և բրայլյան գրականության հարցը բավականին լուրջ է։ Բրայլյան գրադարանը շատ վաղուց արդեն չի թարմացվել։ Եղած դասագրքերը հին ծրագրերով են՝ տպագրված տասնամյակներ առաջ։ Բացի այն, որ հին են, դասագրքերը նաև մաշված են, իսկ դրանցից օգտվելը՝ բավականին դժվար։ Դպրոցը համապատասխան ծրագիր է ներկայացրել Բաց հասարակության ինստիտուտին. հաշվարկները ցույց են տվել, որ 11 անուն դասագիրք տպագրելու համար անհրաժեշտ է մոտ 9,5 միլիոն դրամ։
Ալեքսան Ահարոնյանի համոզմամբ` դպրոցը պետք է ստանա կրթահամալիրի կարգավիճակ։ Բանն այն է, որ կան թույլ տեսնող կամ կույր բազմաթիվ երեխաներ, որոնք չեն կարող նախակրթարաններ հաճախել, քանի որ Հայաստանում մասնագիտացված մանկապարտեզներ չկան։ Թիվ 14 դպրոցին կրթահամալիրի կարգավիճակ շնորհելու դեպքում հնարավորություն կստեղծվի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար կազմակերպելու նախադպրոցական ուսուցում, իսկ հետագա տարիներին տալ նաև մասնագիտական կրթություն, ինչը դպրոցի սաներին կօգնի օրվա հացը վաստակել։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ