Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Համակարգիչը կփոխարինի գրքին այնքանով, որքանով պլաստմասե տիկնիկը` սիրածդ աղջկան»

«Համակարգիչը կփոխարինի գրքին այնքանով, որքանով պլաստմասե տիկնիկը` սիրածդ աղջկան»
17.02.2009 | 00:00

«ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ»
Հայաստանի գրողների միությունը և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը փետրվարի 19-ը` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, հայտարարել են «Գիրք նվիրելու օր»։ Այդ օրը ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներին, գրադարաններին կնվիրվեն գրքեր։ Նախատեսված են գրողների հանդիպումներ Երևանի դպրոցներում։
Խորհրդային տարիներին գրքեր հրատարակվում և սպառվում էին մեր օրերի համեմատ նախանձելի տպաքանակով։ Տասնյակ հազարների հասնող տպաքանակը նվազել է` հասնելով առավելագույնը հինգ հարյուրի։ Բայց խոստովանենք, որ նախկինում գիրքը շատերի համար` գրապահարանը համալրելու, բնակարանը, կահույքը զարդարելու ընդունված, ինչու չէ, նաև արժեքավոր պարագա էր։ Ոչ բոլորն էին գրքեր գնում կարդալու նպատակով։ Այսօր գրախանութ այցելում և գիրք են գնում նրանք, ովքեր իսկապես ցանկություն, անհրաժեշտություն, նաև հնարավորություն ունեն։ Չեմ կարծում, որ երեկվա ընթերցասերն այսօր անտարբեր լինի գրքի նկատմամբ։ Նոր սերնդի հետաքրքրությունների շրջանակը մի փոքր այլ է (եթե, իհարկե, կա հետաքրքրություն)։ Համակարգիչների մեր դարում տեղ և ժամանակ չի մնում դասական գրքի համար։
Ավելին, կա մտավախություն, որ մի օր այն վերջնականապես իր տեղը կզիջի էլեկտրոնային գրքին։ Շատերի կարծիքով` դա օրինաչափ է. ի՞նչ կարիք կա հաստափոր գրքեր պահելու, եթե կա ինֆորմացիա քաղելու առավել կարճ և դյուրին ճանապարհ։ Բարեբախտաբար, ոչ բոլորն են այդպես կարծում։ Երիտասարդ արձակագիր, իրավաբան Արամ Պաչյանի բնորոշմամբ` համակարգիչը կփոխարինի գրքին այնքանով, որքանով պլաստմասե տիկնիկը` սիրածդ աղջկան։
-Համակարգչով, հատկապես ինտերնետով ընթերցելիս թվում է` գրականությունը համաշխարհային անվերջանալի տեքստ է, մինչդեռ գիրքը միշտ եզակի է և անկրկնելի,- ասում է երիտասարդ արձակագիր, գրականագետ, «Գրքերի աշխարհ» ամսաթերթի խմբագիր ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ։ -Որևէ ստեղծագործության պատճառած հաճույքից բացի, կան ընթերցողին ծանոթ հաճույքի մի քանի այլ տեսակներ` էջը մատների արանքում շոշափելու, գիրքը թերթելու հաճույքը, էջանիշ օգտագործելու հաճույքը, գիրքը փակելու և բացելու հաճույքը, որ երբևէ համակարգիչը չի կարող փոխանցել մեզ։ Պակաս դեր չեն խաղում նաև մեր գիտակցության մեջ կազմի եզակի նույնացումը գրքի բովանդակության հետ։ Հաճելի է գիտակցել, որ քո հիշողությունը խնամքով դարսված է գրադարակների մեջ։
Խոսելով ամսաթերթի մասին` Հ. Սարիբեկյանը նշեց, որ այն տեղեկատվական կարևոր ուղեցույց է գրքերի աշխարհում։
-Երբեք աշխարհում այնքան գիրք չի տպագրվել, որքան մեր ժամանակներում։ Գրախանութները լցվում են գրքերով, որոնց շարքերում դժվար է ընտրել լավերը, իսկ լավ գրքերը հաճախ կորչում են վատերի արանքում` մնալով աննկատ։
Արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այլ կարծիքի է.
-Գրքերի առատությունն ինձ չի նյարդայնացնում։ Ինձ դուր է գալիս վատ գրողի ճաշակը, որ մեքենա, քուրջուփալաս գնելու փոխարեն գումարը ծախսում է գրքի համար։ Իսկ որակն ու անորակը չգիտեմ, կան բաներ, որ ժամանակի ընթացքում են ճշտվում։ Լավ գրականության ստվերում մնալը պայմանավորված է գրքի գովազդի բացակայությամբ։
Իսկ ի՞նչ են ասում փաստերը։
2007 թ. ամփոփիչ տվյալների համաձայն` վաճառքի ցուցանիշներով կազմված գեղարվեստական գրքերի ցուցակների առաջին երեք հորիզոնականներում են`
1. Մարկ Արեն, «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը. անատոլիական պատմություն».
2. Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության».
3. Պաուլո Կոելյո, «Տասնմեկ րոպե»։
Տարվա ոչ գեղարվեստական բեսթսելլեր են ճանաչվել`
1. Թոմաս դե Վաալի, «Սև այգի».
2. Համլետ Դավթյան, «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը».
3. Սերգեյ Գալոյան, «Օրենքով գող» (Սվո Ռաֆի մասին պատմող գիրքը)։
«Զավեշտալի» գիրք է ճանաչվել Տիգրան Կարապետյանի «ՈՒշացած աշուն» բանաստեղծական ժողովածուն։
Տարվա անհեթեթություն է Լուիզա Մելիքյանի` մեծ երգիչ Արմենչիկին նվիրված 200-էջանոց վեպը` «Սրտակեր» վերնագրով։
Փորձեցի պարզել նաև, թե զրուցակիցներս ինչպես են անցկացնելու «Գիրք նվիրելու օրը»։ Սուսաննա Հարությունյանը (հինգ գրքի հեղինակ է) պատրաստվում է իր գրքերից նվիրել դպրոցներին։ Չգիտի` ինչ գիրք նվեր կստանա ինքը։ Անցյալ տարի այդ օրը նրան նվիրել են խոհարարական գիրք` պետք չեկող իր, արձակագրի կարծիքով` միևնույն է, ինքը վատ խոհարար է։
Հրաչյա Սարիբեկյանը գիրք է նվիրելու ընկերոջը` Արամ Պաչյանին` որպես լավ ընթերցողի։ Առհասարակ, սիրում է գրքեր նվիրել։ Ինքն իր համար գիրք գնելու հատուկ նպատակ չունի։ Ամեն օր մի նոր գիրք ձեռք է բերում։
-Դա ինձ համար հացի պես բան է,- ասում է նա,- չեմ կարող ինքս ինձ հաց նվիրել։ Ի դեպ, Ռուսաստանում մեծ շուքով են նշում այդ օրը։ Գրախանութներում, փողոցներում մարդկանց գրքեր են բաժանում։ Կուզեի, որ մեզ մոտ էլ այն դառնար համաժողովրդական տոն, ու բոլորն իրար գրքեր նվիրեին։
Չուշացավ նաև անկեղծ հարցը` հետաքրքիր է, ո՞վ ինձ գիրք կնվիրի այդ օրը...
Պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 9788

Մեկնաբանություններ