Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԿ-ՈՒՄ

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԿ-ՈՒՄ
20.01.2012 | 00:00

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) համար 2012-ը համագումարի և ՀԱՄԿ-ի նախագահի ընտրության տարի է։ Որոշ ճյուղային միությունների նախագահներ դժգոհություն են հայտնում ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի գործունեությունից և անցած տարիներին առանցքային հարցերում ՀԱՄԿ-ի դրսևորած, ինչպես իրենք են ասում, կրավորական կեցվածքից։
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԳԱՌՆԻԿ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում, մասնավորապես, նշեց, որ հանրապետությունում կուտակված սոցիալական խնդիրների մեջ արհմիությունների դերակատարումը պետք է լինի առավել թափանցիկ և ցայտուն, որպեսզի հասարակությունը, սոցիալական, աշխատավորական կոլեկտիվները զգան արհմիության դերակատարումը։ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան դեկտեմբերի 29-ին հրավիրել էր խորհրդի հերթական նիստը, որտեղ տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահը։ ՀԱՄԿ-ի տարեկան հաշվետվությունը պետք է պարունակեր աշխատանքային բովանդակային հարցեր և կանխատեսեր 2012 թ. անելիքներն ու ծրագրերը։ Այս առումով ներկայացված տեղեկատվությունը լուրջ խնդիրներ առաջացրեց. այն առավել նպատակահարմար կլիներ ներկայացնել շաբաթական կամ ամսական թռուցկաժողովներում»,- ասում է Գ. Վաղարշակյանը։
Գ. Վաղարշակյանը կարծում է, որ ՀԱՄԿ-ի ներկա նախագահն անցած չորս տարիների իր գործողություններում չդրսևորեց առաջնորդի պահվածք. «Այն, որ առաջնորդի պահվածք չուներ, երևում էր դեռ նախապես, բայց որ չկարողացավ դրսևորել նաև արհմիութենական գործի կազմակերպչի ունակություններ, բացահայտ երևում է նրա չորս տարիների գործողությունների ընթացքում։ Վերջին տարիներին երեք կարևոր օրենք է քննարկվել, որոնց նկատմամբ ՀԱՄԿ-ն հանդես բերեց բացարձակապես հարևանցի վերաբերմունք։ Ընդունվեց աշխատանքային օրենսգիրք, ՀԱՄԿ-ի նախագահը հանդես բերեց անհետևողական պահվածք։ Գուցե մի հոդվածի կամ գործառույթի հետ կապված նամակ ուղարկել է գործադիր կամ օրենսդիր մարմնի որևէ օղակի, բայց հետևողական չի եղել բարձրացված հարցի ճակատագրին։ Երկրորդ՝ քննարկվեց կենսաթոշակային բարեփոխումների փաթեթ, ՀԱՄԿ-ի նախագահն այստեղ հանդես բերեց բացարձակ անտարբեր վերաբերմունք։ Ամենակարևորը՝ երբ քննակվում էր հավաքների ազատության մասին օրենքը, որն ուղիղ անդրադարձ ուներ արհմիությունների մասին գործող օրենքի վրա, հանդես բերեց բացարձակ անտեղյակություն։ Իմ պնդումներին, թե պետք է ակտիվություն հանդես բերել, նա հարցնում էր՝ դա մեզ հետ կապ ունի՞, թե՞ կապ չունի։ Այս երեք օրենքներն արհմիությունների ողնաշարն են։ Իմ տպավորությունն այն է, թե ՀԱՄԿ-ի նախագահը կարծես դիտորդ լինի արհմիութենական ներքին կյանքում։ Արհմիությունն այն կառույցն է, որ առաջինը պետք է օրինակ ծառայի իր թափանցիկ գործողություններով։ Այդ թափանցիկ գործունեությամբ է պայմանավորված մեզնից յուրաքանչյուրի ապագա բարեկեցությունը։ Ավելին, տարեկան տեղեկատվության մեջ նշվում է, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանի արհմիությունները կազմակերպել են 29 սեմինար։ Գաղտնիք չէ, որ դրամաշնորհների տրամադրումն այսօր լուրջ մտահոգություն է առաջ բերում և՛ մեր երկրի, և՛ դրսի կազմակերպությունների համար։ Վերջին հաշվով այդ դրամաշնորհների նպատակն արհմիութենական կյանքն ակտիվացնելու, արհմիութենական շինարարության, արհմիութենական շարժում ձևավորելու համար են և ոչ թե ինչ-որ աչքակապության։ Ես, լինելով Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամ, ճյուղային միության նախագահ, անտեղյակ եմ եղել այդ սեմինարներից։ Հաշվետվության ժամանակ եմ միայն իմացել, որ ՀԱՄԿ-ը 29 սեմինար է կազմակերպել եվրոպական կառույցների ֆինանսական աջակցությամբ։ Ես, որպես ճյուղային միության նախագահ, հետևողական եմ լինելու՝ բացահայտելու, թե դրանցից յուրաքանչյուրի նախատեսման նպատակը որն է եղել»։
Գ. Վաղարշակյանն անդրադառնում է նաև նախորդ տարի գումարված ՀԱՄԿ-ի նախագահության վեց նիստերին. «2011 թ. գումարվել է ՀԱՄԿ-ի նախագահության վեց նիստ։ Ես բոլոր նիստերին մասնակցել եմ և արժեր ծանոթանալ այդ նիստերի օրակարգին։ Մեկի օրակարգում եղել է կազմակերպության արհմկոմի նախագահներին պատվոգիր հանձնելը, երկուսն ուղղակի ձախողված նիստեր էին, պարզապես նման օրակարգով նիստի անցկացումը մերժվել է։ Եթե մենք վեց նիստերից ոչ մեկում չենք քննարկել հասարակության առաջ ծառացած որևէ սոցիալական խնդիր (կենսաապահովման ոլորտում սակագների բարձրացում, աշխատավորության սոցիալական խնդիրներ և այլն), ապա ինչի համար էին դրանք։ ՀԱՄԿ-ի նախագահը հաշվետվության մեջ նշում էր, թե կառավարության որոշման յոթ նախագծերի վերաբերյալ ներկայացվել են դիրքորոշումներ։ Այդ դիրքորոշումները ոչ թե աշխատասենյակներում պետք է գրվեին, այլ պետք է քննարկվեին կոնֆեդերացիայում։ Կոնֆեդերացիան ներկայացուցչական մարմինների լիազորված օղակներով պետք է որոշումներ ընդունի որևէ մարմնի դիրքորոշում ներկայացնելու համար։ Պահն է եկել, որ Արհմիությունների կոնֆեդերացիան սթափվի։ Այս ճանապարհը փակուղի է տանում։ Արհմիությունների կոնֆեդերացիայի կյանքի աշխուժացման կարևոր գրավականներից մեկն այն է, որ առաջինը պետք է լինի թափանցիկ և ժողովրդավար։ Այստեղ կարծիքների բախման մեխանիզմ պետք է աշխատի»։
Ըստ Գ. Վաղարշակյանի, ՀԱՄԿ-ում սերնդափոխության խնդիր կա. «Այն սերունդը, որ խորհրդային տարիներից աշխատել է արհմիություններում, ֆիզիկապես, բիոլոգիապես, իր ապրած կյանքով հնարավորություն չունի այսօր ակտիվություն դրսևորելու։ Արհմիությունը քաղաքացիական հասարակություն ձևավորելու առաջին հիմնասյուներից մեկը պետք է լինի։ Եթե արհմիությունն է խուսափում, ապա ո՞ր կառույցի վրա պետք է հասարակությունը հենվի, որ սոցիալական խնդիրները բունտի չվերաճեն»։
Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահն անդրադառնում է նաև գործուղումներին։ Ինչպես հավաստիացնում է Գ. Վաղարշակյանը, ՀԱՄԿ-ի նախագահի գործուղումների նպատակների ու արդյունքների մասին տեղեկություն չեն ունենում։ Նա նաև հարցադրում է՝ ինչո՞ւ խորհրդի նիստերին երբեք լրագրողներ չեն հրավիրվում։
Գ. Վաղարշակյանը կարծում է, որ ՀԱՄԿ-ում այսօր օրախնդիր են բարեփոխումները, որոնք պետք է լինեն և՛ կառուցվածքային, և՛ սերնդափոխության, և՛ բովանդակային առումով։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ