Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. այս կարծիքն են արտահայտել նաև ՌԴ Պետդումայում

Աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. այս կարծիքն են արտահայտել նաև ՌԴ Պետդումայում
20.08.2024 | 18:44

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, անվտանգության կոմիտեի անդամ Միխայիլ Շերեմետն անցյալ շաբաթավերջին հայտարարել է, որ արևմտյան երկրներն ՈՒկրաինային զենք մատակարարելով՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու և նրա վրա հարձակվելու համար, աշխարհը, փաստորեն, հասցրեցին Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:

«Ելնելով ռազմական տեխնիկայի արևմտյան նմուշների առկայությունից, օտարերկրյա արտադրության զինամթերքով և հրթիռներով խաղաղ ենթակառուցվածքների գնդակոծումից, ինչպես նաև ռուսական տարածքների վրա հարձակմանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների լայնածավալ մասնակցության անհերքելի ապացույցների առկայությունից, կարելի է եզրակացնել, որ աշխարհը հայտնվել է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Պատերազմ, որի մեկնարկի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած կլինի արևմտյան երկրների վրա»,- «РИА Новости»- ին ասել է Շերեմետը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ- ի երկրները փաստացի թույլատրել են հարձակումը Ռուսաստանի վրա՝ թաքնվելով Կիևի խամաճիկային վարչակարգի հետևում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Известия»- ին տված մեծ հարցազրույցում հայտարարել էր, որ Կուրսկի շրջանի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակումը ծրագրված էր ՆԱՏՕ- ի և Արևմուտքի հատուկ ծառայությունների մասնակցությամբ, և ԱՄՆ- ը ստում է՝ խոսելով Կիևի վարչակարգի հանցագործություններին չմասնակցելու մասին: Ըստ նրա, առանց Վաշինգտոնի մասնակցության, Կիևը դժվար թե համարձակվեր մտնել Ռուսաստանի տարածք։

Հարցազրույցում Ծովային կոլեգիայի նախագահը մանրամասն պատմել է ռուսական ծովային ուղիներն արգելափակելուն նպատակաուղղված Արևմուտքի գործողությունների մասին և անդրադարձել Կուրսկի շրջանի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի վերջին հարձակմանը։ Նրա կարծիքով, այդ քայլերը ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ռազմավարության մաս են կազմում։

«Հենց Արևմուտքն է հանցավոր խունտային դրել ՈՒկրաինայի գլխին, ՆԱՏՕ- ի երկրները Կիև զենք են մղել, ռազմական հրահանգիչներ, մշտական ռեժիմով հետախուզական տվյալներ են մատակարարում և վերահսկում են նեոնացիստների գործողությունները։ Կուրսկի շրջանում գործողությունը պլանավորվել է նաև ՆԱՏՕ- ի և արևմտյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Այս հանցավոր ակցիան պայմանավորված է նեոնացիստական Կիևի վարչակարգի մոտալուտ փլուզման կանխազգացմամբ»,- ասել Է Պատրուշևը։

Նման գործողությունները, նրա հավաստմամբ, տեղավորվում են ամերիկյան քաղաքականության տրամաբանության մեջ, քանի որ «սուտն ու սադրանքները Վաշինգտոնի և Արևմուտքի այլ երկրների քաղաքականության սովորական ուղեկիցներն են»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը:

«Ներկայումս հանուն ամերիկյան շահերի, տուժում են ՈՒկրաինայի բնակիչները, որին ԱՄՆ- ը պետությունից վերածել է հակառուսական ռազմական նախագծի,- ասել է Պատրուշևը։- Վաշինգտոնի ջանքերով ստեղծվել են բոլոր նախադրյալներն ՈՒկրաինայի կողմից իր ինքնիշխանության կորստի և իր տարածքների մի մասի կորստի համար, այդ թվում՝ այն տարածքների, որոնց վրա վաղուց աչք են դրել ամերիկյան որոշ դաշնակիցներ»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի վարչակարգը լայնամասշտաբ սադրանք է ձեռնարկել, անխտիր հարվածներ է հասցնում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինը հայտարարել է նաև, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանը կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին:

«Բելառուսա- ուկրաինական սահմանին նրանք ՈՒկրաինայի ավելի քան 120 000 զինվորականներ են պահում»,- «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:- Տեսնելով նրանց ագրեսիվ քաղաքականությունը, մենք մեր զինվորականներին տեղակայել ենք սահմանի ողջ երկայնքով»:

«Մենք նախագահ Պուտինի հետ տեսնում ենք, որ ՆԱՏՕ- ական զորքերը կարող են արդեն բացահայտ միանալ, առանց դա թաքցնելո, ռազմական միավորումներն ուղիղ կմտնեն ՈՒկրաինա»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը շուրջ 10 օր առաջ, ԲԵԼՏԱ գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ին մեղադրել էր Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու փորձի մեջ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է օգտագործել Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար:

«Նրանց (ԱՄՆ- ին) իշխանությունը փոխելու համար անհրաժեշտ է անպայման ինչ- որ պատերազմ սանձազերծել,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։- Աստված մի արասցե, նրանք օգտագործում են Մերձավոր Արևելքի կոնֆլիկտային իրավիճակը նոր համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար։ Նրանք պատրաստ են դրան էլ գնալ»:

Լուկաշենկոն հավելել է, որ անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները պետք է հիշեն, որ իրենց նպատակներին հասնելու համար Վաշինգտոնում պատրաստ են պետական հեղաշրջումներ կազմակերպել:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ