Դեկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել են բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ բողոքի ակցիայի այլ մասնակիցների թվում, ոստիկաններն ուժ կիրառելով, օպերատորին նստեցրել են մեքենան, բայց կարճ ժամանակ անց բաց են թողել: Քաշքշուկի ժամանակ կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և պետական կառույցներից պահանջում է իրականացնել կատարվածի վերաբերյալ համակողմանի և անկողմնակալ հետաքննություն, պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ բռնի ուժ գործադրողներին, ինչպես նաև փոխհատուցել հեռուստաընկերության տեխնիկայի վնասը։
Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ, թեև միջադեպը տեղի է ունեցել առանձին վերցրած մեկ լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ, սակայն այն վկայում է ընդհանուր առմամբ իշխանությունների՝ մամուլի հանդեպ ունեցած անհանդուրժողական վերաբերմունքի մասին։ «Երկիր Մեդիա»-ի օպերատորի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Տեսանյութերում ակնհայտ են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների բիրտ և անհանդուրժողական վերաբերմունքը, ինչը խոչընդոտում է ԶԼՄ-ների աշխատանքը։
Հատկապես այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներում, որպիսին ներկայումս տիրում է Հայաստանում, բազմապատիկ ավելանում է լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքի նշանակությունն ու դերը։ Պետական կառույցների, իշխանական բոլոր մարմինների սահմանադրական պարտավորությունն է լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։
Լրագրողներն իրացնում են հասարակության՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը, և այդ իրավունքի իրացման դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյան