ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անտարբեր չանցնենք թափառական երաժիշտների կողքով

Անտարբեր չանցնենք թափառական երաժիշտների կողքով
17.07.2012 | 13:26

«Աշխարհըս մե փանջարա է, մըտիկ տըվողըն կու խուցվի, խաղերումեն բեզարիլ իմ». մետրոյից հրապարակ տանող աստիճանների վրա նստել և քամանչայի նվագակցությամբ ինքնամոռաց ու սրտահույզ երգում է թափառական երաժիշտը: Երգն աղոթքի նման տարածվում, հալչում է օդում` պարուրում արևով ներծծված աստիճաններով վերուվար անող մարդկանց: Զգում եմ, որ հոգիս թրթռում է մեծանուն աշուղի իմաստուն, սրտահույզ բառերից, իսկ թախծանուշ մեղեդին ցավով զարկվում է սրտիս` արցունք բերելով աչքերիս:

«Անունդ ի՞նչ է, վարպետ»,- հարցնում եմ: «Ռազմիկ»,-պատասխանում է: «Նվագելը պապիցս եմ սովորել, իսկ երգելը բնատուր է: Աշուղական մեր հին երգերը երգել եմ դեռևս մանկուց, իսկ այսօր դրանք ինձ համար նաև հանապազօրյա հաց վաստակելու միջոց են», - շարունակում է նա: Նայում եմ նրա բարի, կարծես ներքին լույսից ողողված դեմքին և ուզում եմ ասել. «Շնորհակալություն, լավ մարդ, քո երգի համար, որը, մեր հոգու չար գրգիռները վանելուց բացի, իմաստավորում է նաև մեր զգացողությունն ու շոյում լսողությունը»:
Քիչ անց աշխատավայրումս եմ, սակայն ականջներումս և հոգուս մեջ դեռ հին, շատ հին երգն է, մտքումս նրա տողերը. «Աշխարհըս միզ մնալու չէ, իմաստնասիրաց խաբարով, գուզիմ թռչիլ բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ»:
Նշենք, որ վերջին տարիներին, հատկապես մայրաքաղաքում, գնալով ավելանում է թափառական երաժիշտների թիվը: Շատ են նրանք` ակորդեոնահար, ջութակահար, սրնգահար, քամանչահար, կիթառահար, որոնք հատկապես երեկոյան ժամերին գետնուղիներ տանող աստիճանների վրա են, փողոցի անկյուններում, անգամ բակերում: Նրանց հնչեցրած անպաճույճ երգերը հիմնականում հայ մեծանուն աշուղների հոգեհարազատ ստեղծագործություններն են, որոնք լուսավոր տխրության հետ մեզ մի պահ կտրում են առօրյայից` թեթևացում ու լույս սփռում մեր հոգում:
Չմոռանանք, որ այդ երգն ու երաժշտությունը պահի տակ մեզ պարգևող թափառական կոչվող այդ երաժիշտները, որոնց նկատմամբ կյանքն այնքան էլ բարեհաճ չի եղել, բոլորիս նման սիրող, տանջվող, ուրախացող ու տխրող մարդիկ են (Մեծն Թումանյանի ասածի պես` գուցե մեզնից էլ շատ լավ մարդիկ): Դրվատանքի խոսքերից բացի, նրանք մեզնից փոքր, շատ փոքր (միաժամանակ թաքուն ու ամոթխած) ակնկալիք ունեն` հանապազօրյա հացի խնդրի հետ կապված ակնկալիք: ՈՒրեմն, անտարբեր չանցնենք նրանց կողքով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ