Գարնանը ոչ այնքան սովորական մի զանգ հնչեց խմբագրությունում: Զանգահարողը չներկայացավ, սակայն հիմնավորեց իր «ինկոգնիտոն» փաստերով: Իսկ փաստերը բավականին խոսուն էին: «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը հայցով դիմել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` բռնագանձելու ջրօգտագործող Զավեն Մեջլումյանի օգտագործած և չվճարած գումարը: Զավեն Մեջլումյանն Արարատի մարզի Հնաբերդ գյուղի գյուղապետն է: Ի դեպ, ահազանգի հեղինակը ներկայացավ որպես Հնաբերդի բնակիչ և իր ցավն ու մտահոգությունը հայտնեց գյուղապետի ոչ պատշաճ վարքի կապակցությամբ:
Բնական է, որ պետք է լսեինք վիճաբանող կողմերին: Տողերիս հեղինակն այցելեց Արարատի մարզ, օրն ուրբաթ էր: Եվ այսպես, նախ հանդիպեցի «Արտաշատ» ՋԸ տնօրեն ԹԱԴԵՎՈՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Թադևոսյան, նախ ներկայացրեք ընկերության իրավունքներն ու պարտականությունները:
-Ստեղծվել է 2003-ի մայիսին, սպասարկում է 5400 հեկտար հողատարածք, Արտաշատի շրջանի 16 գյուղ: Սպասարկումն իրականացվում է Արտաշատի ջրանցքով, Դվինի ջրանցքով, Քաղցրաշեն-1 պոմպակայանով և արտեզյան ջրերով: ՈՒնենք 10 հազար ջրօգտագործող: Ապրիլի 1-ից կսկսվի ջրամատակարարումը Արտաշատի ջրանցքով: Այս օրերին նախապատրաստական աշխատանքներն ենք ավարտում: Իսկ ահա սելավի ջրերը կառավարության որոշմամբ ջրօգտագործողներին ենք մատակարարելու մինչև հունիսի 1-ը:
-Սակայն հանրապետության ընդգրկումով ընդհանուր է բողոքը` ջրի սակագինը բարձր է և չի նպաստում գյուղացիական տնտեսությունների կյանքի բարելավմանը: Վերջերս խնդրին անդրադարձավ հանրապետության վարչապետը: Եկեք անկեղծ լինենք, ջրի սակագինն արդարացվա՞ծ է ներկա կենսապայմանների համատեքստում:
-Եթե հողակտորը փոքր է, ասենք` 500 քմ, բնականաբար, արդյունավետությունը ցածր կլինի և ոչ շահավետ: Գյուղացիներն այսօր գլխավորապես մշակում են սեփականաշնորհված հողերը, որոնք մակերեսով ավելի մեծ են, բերքը` առատ, և ջրի սակագինը արդարացված է: Չմոռանանք, մեր շրջանում ժողովուրդը նստակյաց է, գիտի հողի լեզուն, և նրա աշխատանքը փոխհատուցվում է: Միայն 1300 հեկտար ծիրանի այգիներ ունենք, 2600 հեկտար խաղողի այգիներ, ու մի՞թե թաքցնելու բան է, որ Արարատյան դաշտը հարուստ է ու բարեբեր: Այժմ անդրադառնանք ջրի սակագնին, մեկ խորանարդ մետրը` 11 դրամ: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր տարի կառավարության հատկացրած դրամաշնորհով է, որ սակագինը մնում է 11 դրամի սահմանում: Ոռոգման ջրի մեկ խմ-ի ինքնարժեքը 18-20 դրամ է: Այսինքն, սա չի՞ նշանակում, որ կառավարությունը, իրոք, կանգնած է գյուղացու կողքին: Համենայն դեպս, այսպես է մեր շրջանում: ՈՒ սա, հավատացեք, շատերի կարծիքն է, գյուղաբնակների, ջրօգտագործողների կարծիքը։
-Մեկ այլ խնդիր էլ է առկա այս ոլորտում. հաճախ են կարծիքներ հնչում, որ ջրօգտագործող ընկերությունները բեռ են գյուղաբնակների համար, և սա ավելորդ բյուրոկրատական հանգույց է:
-Դժվարանում եմ համաձայնվել, սակայն որպես գործի մարդ փաստեր ներկայացնեմ։ Հավաքագրված գումարներից հարկային մեր պարտավորություններն ենք կատարում, նաև աշխատավարձ վճարում: ՈՒնենք 120 աշխատող:
ՈՒնենք նաև ներկայացուցչական 55 գոտի: Յուրաքանչյուր գոտում մի բանիմաց և ակտիվ ջրօգտագործող կապ է ապահովում մեզ հետ, ներկայացնում գոյություն ունեցող թերությունները, առաջարկություններով հանդես գալիս և այլն: Հետո վարչական խորհրդի անդամները նիստ են հրավիրում և կարգավորում բոլոր խնդիրները: Մեր վարչական խորհրդի նախագահը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն է, հողին ու հողագործի հոգսերին գերազանց տեղյակ ու հոգատար մարդ:
-Այսինքն` գործընթացները վերահսկվում են:
-Ամբողջությամբ: Վերահսկվում են թե՛ ներկայացուցիչների, թե՛ վարչական խորհրդի անդամների կողմից:
-Լավ, ավելի առարկայական, ընկերությունն ի՞նչ է տրամադրում գյուղացուն:
-Վերանորոգում ենք պոմպային համակարգը, պոմպակայանները, ընթացիկ նորոգումներ ենք կատարում: Չզարմանաք, բայց ամեն տարի մաքրում ենք Երևանից հասնող կենցաղային աղբը, որ որոշ անպարտաճանաչ քաղաքաբնակներ լցնում են Արտաշատի ջրանցքը: Առհասարակ մեր աշխատանքը դադար չունի: Եթե սովորաբար նոյեմբերի վերջերին ջրամատակարարումը դադարեցնում ենք, արդեն դեկտեմբերին սկսում ենք աշխատանքներ իրականացնել գարունը կազմ-պատրաստ դիմավորելու նպատակով:
-Ձեր հարաբերությունները ջրօգտագործողների հետ կանոնակարգվում են, որքան տեղյակ եմ, պայմանագրային հիմունքներով: Ոչ պայմանագրային խնդիրներ ունենո՞ւմ եք:
-Երբեմն հարցեր են ծագում, խնդիրներ առաջանում, որոնք փորձում ենք լուծել նախ օրինականության, այնուհետև մարդկային բարեկիրթ հարաբերությունների սահմաններում: Ջուրը ապրանք է, նրա դիմաց վճարել է պետք: Եվ հիմնականում վճարում են, անկախ այն բանից` ջրօգտագործողը գյուղապե՞տ է, ուսուցի՞չ, թե՞ շարքային հողագործ:
-Մեր հանդիպման բուն նպատակը Հնաբերդ գյուղից հնչած զանգն էր: Զանգահարողը դժգոհ էր, որ գյուղապետն իր ծախսած ջրի դիմաց չի վճարում:
-Խոսքը վերաբերում է գյուղապետ Զավեն Մեջլումյանին, Հնաբերդի գյուղապետին: Ասեմ, որ շատ օրինակելի համայնք է, լավ հողագործներ են գյուղի բնակիչները և վճարում են պարտաճանաչ ձևով: Բայց պարոն Մեջլումյանը վճարումներ է կատարում մասնակիորեն: Դա նրա սովորությունն է:
-Մի բան եկեք ճշտենք. խոսքը նրա սեփակա՞ն հողին է վերաբերում:
-Այո: Ստիպված եղանք դիմել դատարան: Նախ դիմեցինք 168 հազար դրամի, հետո նաև 111 հազար դրամի հայցով: Մարտի 29-ին վճիռը կայացվել է: 168 հազար դրամի պարտքի համար դիմել ենք 2010-ին, 111 հազարի համար` 2011-ին: Շուտով նրա աշխատավարձի վրա կալանք կդրվի, և մենք գումարը կստանանք:
-Պարոն Թադևոսյան, ես, իհարկե, Զավեն Մեջլումյանին հանդիպելու եմ, բայց ինչի՞ց է գոյացել պարտքը, նրա հողամասերում ի՛նչ է, բերքը բարվոք պայմաններո՞ւմ չի աճում:
-Նման բան չկա: Միայն ծիրանի այգին հինգ հեկտար է: Իսկ հիշենք, թե որքան արժեր ծիրանն անցյալ տարի: Այսինքն` նա լիովին վճարունակ է: Հինգ հեկտար ծիրանի այգի, ծիրանի մեկ կիլոգրամը նվազագույնը 500 դրամ: Եվ ասեք, խնդրեմ, մեկ խորանարդ մետր ջրի օգտագործման դիմաց 11 դրամն իսկապե՞ս թանկ է: Այս դեպքում ինչպե՞ս է ողջ Հնաբերդը կանոնավորապես վճարում:
-Բարի, մինչև Հնաբերդի գյուղապետի հետ հանդիպումը պարզաբանենք, թե ինչ է ներկայացուցչական գոտին:
-Մեր սպասարկման տիրույթում գտնվող 16 գյուղերում, ինչպես ասացի, կա 55 ներկայացուցչական գոտի: Սա կանոնակարգվում է ընկերության կանոնադրությամբ: Այսինքն, յուրաքանչյուր գյուղ, իր մի քանի ներկայացուցչով, մասնակցում է մեր բոլոր ժողովներին: Աշխատում են հասարակական հիմունքներով, սակայն բավական մեծ պատասխանատվությամբ: Այսպես, մասնակցում են բյուջեի ձևավորմանը, վերջնարդյունքում էլ հաստատում այն, համաձայնեցնելով գյուղաբնակների, ջրօգտագործողների հետ: Իհարկե, ներկայացուցիչներին ընտրում են հողի մշակները, հարգանք վայելող և աշխատասեր մարդիկ:
Այսօր բյուջեն ենք հաստատում, որը պիտի հարյուր տոկոսով կատարվի մինչև դեկտեմբերի 31-ը: Հետո ողջ ձմռան ընթացքում պահպանում ենք համակարգը, նախապատրաստվում նոր ոռոգման շրջանին: Ավելացնեմ, որ ունենք երկու էքսկավատոր, ԻԳ-ն հատկացրեց, ևս մեկ էքսկավատոր տրամադրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը:
-Ընկերության աշխատողների միջին աշխատավարձը որքա՞ն է:
-Բավարար, 100-120 հազար դրամ:
Հաջորդ հանդիպումը, ընդամենը կեսժամանոց, Հնաբերդում էր: Գյուղապետարանում տեղեկացրին, որ Զ. Մեջլումյանը մասնակցում է բարեկամի հուղարկավորությանը և աշխատանքի կներկայանա միայն երկուշաբթի առավոտյան:
Փորձեցի հեռախոսակապով ճշտել, այնուամենայնիվ, ինչո՞ւ չի վճարում Հնաբերդի գյուղապետը: Ի դեպ, 2011-ի բերքի տոնի ժամանակ Հնաբերդը շահել էր առաջնությունը և 30 մլն դրամ պարգևավճար ստացել: Ըստ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի, այս գումարով մտադրվել են գնել հարևան դղյականման շինությունը, որպես գյուղապետարան, դրա մի հատվածն օգտագործելու համար: Իսկ Հնաբերդի գյուղապետարանը, հավանաբար, չի նորոգվել վերջին կես դարում:
Սակայն բանն այն է, որ պարոն Մեջլումյանը զանգահարեց, ինչ-ինչ բացատրություններ տվեց, խոստացավ հանդիպել տողերիս հեղինակի հետ:
Բայց քանի որ մեր հանդիպումն այդպես էլ չկայացավ, նրա բարձրացրած հարցերը` հնչած հեռախոսազրույցի ընթացքում, մնացին զուտ «բարի ցանկություն»: Հրապարակելով նյութը` սպասում ենք տիար Մեջլումյանի պատասխանին: Եթե նա հարկ համարի: Սակայն չենք կարող չեզրակացնել, որ յուրաքանչյուրը պիտի իր ծախսածի դիմաց վճարի։ Հատկապես բարեշեն այգիների տերը։ Հատկապես, երբ նա համայնքի ղեկավարն է։ Համայնք, որտեղ պարտաճանաչ վճարողներ են բոլորը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ