ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Թույլ տվեք օձիքս ազատել

Թույլ տվեք օձիքս ազատել
27.04.2012 | 00:00

«Այս հարկադրողների ու անպայմանների համար խանդոտիր, ով դու, ճշմարտության սիրահար: Երբե՜ք էլ ճշմարտությունը չի կախվել անպայմանի թևից» (Ֆ. ՆԻՑՇԵ)։

Հարց եմ տալիս. կարո՞ղ է որևէ մեկը պատասխանել: Ի՞նչ անի այն մարդը, որը ֆիզիկական աշխատանք կատարելու այլևս ընդունակ չէ, մասնագիտությամբ աշխատելու փորձ կատարելու դեպքում էլ` տարիքային ցենզ և հազար ու մի այլ անհարկի պատճառաբանություններ բերելով, դռան կողմն են ցույց տալիս. կարո՞ղ եք ասել` այդ մարդն ինչպես գոյատևի։

Այս համատարած անգրագիտության պայմաններում` թե՛ հեռուստատեսությունում, թե՛ մյուս լրատվամիջոցներում տիրող, դիցուք, բանասիրական կրթություն ունեցողը, ինչո՞ւ չէ, նաև լավ մասնագետը, իր մասնագիտությամբ աշխատանք չի կարողանում գտնել, մինչդեռ գտնվում է ապրուստի նույնիսկ աննշան միջոցներից զուրկ, անելանելի, հուսահատ վիճակում։ Անցյալի նկատմամբ ունեցած «կարոտախտից» ենք խոսում. կոմունիստները գոնե տարրական մինիմումն ապահովում էին:

Ձեր կարծիքով` միջին տարիքի տղամարդն իրավունք չունի՞ հոգու խաղաղություն գտնելու: Իսկ ինչպե՞ս գտնի, երբ «զեն մարմնավորը» «քիթից բռնած» ման է ածում։ Ո՞վ պիտի մտածի այդ կարգավիճակում գտնվող ա՛յր մարդկանց մասին: Հայտնագործություն արած չեմ լինի, եթե նշեմ, որ ընտանիքների ութսուն տոկոսը ¥եթե ոչ ավելին¤ քայքայվում է հենց այդ պատճառով։

Իսկ ստեղծագործական կյա՞նքը. միայն քսան տարեկանի՞ն է հատուկ ստեղծագործելու, ինքնադրսևորվելու պահանջը։ Իսկ մե՛ր սերնդի մասին ո՞վ պիտի մտածի, պարոնա՛յք «ընտրյալներ»: Թե՞ արտոնյալ մի խավ է ստեղծվել, որն ամբիոններից միայն ճամարտակել գիտե։ Հիսուսն արքայություն էր քարոզում, բայց իրեն հետևողներին նաև կերակրում էր, չէ՞։ Բա էն «չոր» հացն էլ չլինի՞, որ մարդ կարողանա իրեն մի պիտանի գործի նվիրել, հոգու փրկության, ի վերջո, ազգին օգտակար լինելու մասին մտածել։ Թե՞ դա էլ հավերժ «երկնքից կախված» պիտի մնա:

Էլ չեմ խոսում աշխատաշուկայի կոռումպացված լինելու և գոյություն ունեցող խայտառակ «Աշխատանքային օրենսգրքի» մասին, որը գերազանցապես գործատուի շահերն է պաշտպանում, կարծես միայն նրանց համար գրված լինի։ Ի դեպ, մասնավոր հատվածի մասին չէ խոսքը, որտեղ գերիշխող կամայականություններն ու աղաղակող չարաշահումներն ուղղակի անուն չունեն: Թեև օրենքի գերակայության պայմաններում պետությունը պարտավոր էր հսկողություն սահմանել, ավելին` սաստել հարստանալու այդ ստրկատիրական մոլուցքը։ Իսկ պետական հատվածում, ո՞ւմ հայտնի չէ, խնամիական կապերն ու կաշառակերությունն են գերիշխում և, որպես վերջինիս տրամաբանական արդյունք` մեծամտությունն ու ապաշնորհությունը։

Ի՞նչ անեն այդ մարդիկ. կարո՞ղ եք ասել. ինչպե՞ս գոյությունները պահպանեն: Այդ ամենից հետո հորդորում եք հավատա՞լ, նույնիսկ չդժգոհե՞լ։ Առաջարկում եք` ոչխարային համակերպությամբ նահատակվե՞լ. ի՞նչ «մարդու իրավունքների» մասին կարող է խոսք լինել, երբ ոտնահարված է մարդու ամենակարևոր` աշխատելու իրավունքը: Թե՞ անոթի, ցրտից դողդողացող մարմնով ստիպված պիտի երգենք` «Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Ստալինն է տվել»։ Ամբողջատիրական համակարգն եք քննադատում. հիմա՞ ինչ է, կարո՞ղ եք ասել: «Անանկ բանի մը կը նմանի, որուն նմանը չկա»,- կասեր մեծ երգիծաբանը: Իսկ, այսպես կոչված, «տոտալիտար» ռեժիմի պայմաններում մարդը պարտադիր աշխատում էր, հասկանում եք` «պարտավոր էր» աշխատել, և այդպիսով` իր քիչ թե շատ արժանապատիվ գոյությունը, գոնե, պահպանել: Կանանց և երիտասարդներին թիրախ ընտրելու, աչքակապությամբ զբաղվելու փոխարեն հարկավոր է այս և նման կարևոր հարցերի շուրջ լրջորեն մտածել:

Մովսեսն իր ժողովրդին Ավետյաց երկիր էր առաջնորդում, մեծ նպատակների էին հետամուտ, բայց առանց մանանայի ու լոռամրգիների գործը գլուխ չեկավ, չէ՞։ Հավակնոտ ազգ ենք, ինքներս մեզ բիբլիական ժողովուրդ ենք համարում, բայց այս տարրական բաները չենք հասկանում, թե՞ չենք ուզում հասկանալ: Չէ՞ որ մենք էլ մեր Ավետյաց երկիրն ունենք նվաճելու։ Ցուցադրական ներկայացվող այդ կեղծ թվաբանությունը` տնտեսության բարելավման, բնակչության զբաղվածության առումով տոկոսային աճի և այլնի մասին ու նման դեմագոգիկ հայտարարություններն արդեն հոգնեցրել են: Մեզ տեսանելի, շոշափելի արդյունք է պետք, որը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր կաշվի վրա կարող է զգալ։

Գենոֆոնդի ազնվացման մասին ի՞նչ կասեք. վերարտադրվելու հնարավորություն միայն ինչ-որ կլանային խմբավորման մեջ ընդգրկվածներն ու մարտնչող միջակություննե՞րը պիտի ունենան: Շնորհալի, տաղանդավոր մարդկանց մի մասն արդեն, աշխարհով մեկ սփռված, ուծացման գործընթացում է գտնվում, մյուսն էլ, թող գռեհիկ չհնչի, ամորձատված ցլի` լծկան եզի դեր է կատարում միայն։ Էլ թուրքերին ինչո՞ւ ենք մեղադրում, երբ ինքներս մեզ հոգևոր սպանդի ենք ենթարկում։ Բարձրագույն կրթությամբ, մտավոր աշխատանքի ունակ, ստեղծագործական ներուժ ունեցող մարդն ինչո՞ւ պիտի չկարողանա աշխատանք գտնել: Չէ՞ որ այդ «հմուտ» երիտասարդների կողքին նաև փորձառու մարդիկ են պետք, որ կարողանան հավասարակշռությունը պահպանել (ի դեպ, ի պաշտոնե):

Ցավալի է արձանագրել, թե աշխատաշուկայում ինչ մտայնությամբ են առաջնորդվում. «Ախպե՛րս, դու քո դարն արդեն ապրել ես, ճանապարհդ զիջիր եկող սերնդին` ավելի-ավելիին...»: Ի՞նչ է` համակարգչային մոլագարությունն ու օտար լեզուների կասկածելի իմացությունն այդքան կարևո՞ր են, որ աշխատանքի ընդունելիս անհրաժեշտ է զուտ այդ «առավելություններով» առաջնորդվել: Ինչու կասկածելի՞, որովհետև նույն այդ, այսպես կոչված, «վունդերքինդները»` ճնշող մեծամասնությամբ, նույնիսկ իրենց մայրենիին լիարժեք չեն տիրապետում, ինչպե՞ս կարող են օտար լեզուների տիրապետել: Լեզու իմացողը մեր թարգմանական գործունեության ակունքներում կանգնած մեծերն էին` Թարգմանչաց դպրոցի հիմնադիրները, Մասեհյանն ու Դաշտենցը, ի վերջո, Աճառյանն ու Ջահուկյանը։ Իսկ ի՞նչ են արել մեր այսօրվա «լեզվագետները»` իրենց մեծամիտ հավակնոտությունն ու «լեզվաիմացության» մակերեսային դրսևորումները ցուցադրելուց բացի: Մինչև այսօր նույնիսկ Կալդերոն չունենք թարգմանված, մինչդեռ շեքսպիրյան թափի մեծություն է համարվում:

Իսկ աշխատանքի տեղավորման գործակալությունների ¥հատկապես մասնավոր¤ աներեսության ու անպատժելիության մասին ինքներդ լավ գիտեք. օրենսդրական դաշտի կողմից դարձյալ չվերահսկվող մի «խավ», որն զբաղված է միայն որոգայթներ լարելով ու դրամ շորթելով։

Եվ այս համայնապատկերն աչքի առաջ ունենալով` հասկանո՞ւմ եք` մարդկանց ինչ հուսահատության են հասցնում օրեցօր ավելի ու ավելի սպառնալից տեսք ստացող նախընտրական այս միմոսություններն ու աճպարարությունը: Պատկերացնո՞ւմ եք` անելանելի ինչ վիճակում են հայտնվել խոցելի այդ խավը ներկայացնող և, դժբախտաբար, ճնշող մեծամասնություն կազմող այդ մարդիկ, ինչ խժդժություններ, հոգեկան լարված ինչպիսի մթնոլորտ է տիրում նրանց ընտանիքներում: Թեյավճարներով, կարծեցյալ «պայծառ» ապագայի ու աշխատանքի կեղծ խոստումներով ստիպում են մարդկանց իրենց խղճի, սկզբունքների դեմ գործել: Իսկ ո՞ւր մնաց արժանապատիվ, օրինակելի կենսակերպը, ինչը, ի դեպ, հենց նույն այդ երիտասարդ սերնդին է անհրաժեշտ: Ի՞նչ օրինակի ուժ կարող է ունենալ անելանելի վիճակում հայտնված, Աստված մի՛ արասցե` անմիտ մի կին էլ կողքին ունեցող և հանիրավի անհաջողակի պիտակը կրող այդ տղամարդը, որը, կրկնում եմ, գոյությունը քարշ տալու տարրական միջոցներից էլ նույնիսկ զուրկ է:

Գիտե՞ք` որն է ամենաողբերգականը. երբ մարդ ինքնահարգանքի կորուստ է ունենում, կորացած մեջքով է սկսում ապրել: Իսկ բարոյական փոխհատուցման մասին ո՞վ պիտի մտածի, այն նվիրական արժեքների կորստի փոխհատուցման մասին, որ ամբողջ կյանքի ընթացքում են ձևավորվել: Ինչո՞ւ թույլ չեք տալիս Մարդուն վայել հպարտ կեցվածքով ապրել: Ինչո՞ւ եք ստիպում սեփական արժեհամակարգում անցանկալի փոփոխություններ հայտնաբերել ու այդ ծանր բեռան տակ կքվել: Չգիտեմ էլ` պե՞տք է, արդյոք, հիշեցնել, որ սննդակարգում «չալաղաջ, թե կարտոֆիլ» ունենալու մասին չէ խոսքը։

Այսքանից հետո, հարցնում եմ, ինչի՞ն հավատանք. մեր անհատականության կորստի՞ն: Եվ եթե ձեզ միայն գորշ, անդեմ զանգված կամ ստրկամիտ հաճկատարներ չեն հարկավոր, ամենևին էլ պարտադիր չէ անխտիր բոլորի «այո»-ն կամ «ոչ»-ը լսելը, քանզի, հավատացնում եմ, մարդկային մի տեսակ կա, որը, որքան էլ տնտեսական փակուղում հայտնվի, որքան էլ «դեմոսն» իր տարերքի մեջ մտնի, նախընտրական թատերաբեմում հնչող այդ «խրոխտ» կոչերին, արդեն ձանձրալիորեն ձգձգվող հավաստիացումներին հավատ չի ընծայելու։ Ի՞նչ է` հայրենիքին, սեփական ժողովրդին միայն այդ խամաճիկային կարգավիճակո՞վ կարող ենք ծառայել, այլընտրանք չկա՞: Իսկ անհատականությամբ, ստեղծագործական ես-ի դրսևորմամբ, ի վերջո, պարզապես մարդ-քաղաքացի մնալով մի՞թե հնարավոր չէ ժողովրդին ծառայել:

Ականջներիս մեջ է կարծես «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի երիտասարդի կողմից ¥Էմ Տիկո¤ հնչեցված ռեպի` այս շարադրանքին համահունչ լեյտմոտիվը` «Թողեք` հան-գիստ ապ-րենք»։ ՈՒրախությամբ եմ արձանագրում նաև, որ հնչեցնողը երիտասարդ էր. ուրեմն ամեն ինչ կորած չէ, ուրեմն ունենք նաև հրաշալի, մտածող երիտասարդություն:

Եվ, ճիշտն ասած, չափից դուրս քաղաքականացված այս մթնոլորտը, այս էժանագին աթոռակռիվը բարոյական բարձր չափանիշներով առաջնորդվող մարդկանց մեջ միայն սրտխառնոց կարող են առաջացնել: Կարծում եմ` քրեորեն դատապարտելի չէ նման դիրքորոշումը: Թույլ տվեք, ուրեմն, օձիքս ազատել այդ տհաճ պարտականությունից։

Սամվել ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ