ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
08.11.2011 | 00:00

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մինչև 2003 թ. գործում էր մահապատժի ինստիտուտը, սակայն 1991-ից փաստացիորեն մահապատիժը չիրականացնելով, այնուամենայնիվ, դատարաններն ուժի մեջ էին թողել մահապատիժը որպես պատժամիջոց։ Անկախության նախօրեից մինչև ՀՀ-ում մահապատժի` որպես պատժատեսակի, պաշտոնական վերացումը, մահապատժի դատապարտվել էր 53 քաղաքացի, սակայն նրանց հանդեպ մահապատիժը չէր իրականացվել։
Մինչև 1990-ականների առաջին կեսը նորաստեղծ անկախ հանրապետությունը գտնվում էր մի կողմից` տնտեսական շրջափակումների, մյուս կողմից` պարտադրված պատերազմական գործողությունների մեջ։ Քայքայված տնտեսությունը, էներգետիկ ճգնաժամն ու աղքատությունը ծանրագույն վիճակ էին ստեղծել հայաստանյան ողջ բնակչության համար։ Ստեղծված իրավիճակը պարարտ հող ստեղծեց իշխանության մեջ աճող կոռուպցիոն ռիսկերի ավելացման ու ժողովրդավարության քողի տակ ավատապետական սկզբունքների «հիթ-շոուների» զարգացման համար։ Համատարած անարդարություններին, աղքատությանը և արտագաղթին համընթաց աճեց ու զարգացավ նաև դատաիրավական կոռումպացված համակարգը, որը սեփական ժողովրդի դեմ պիտի իրականացներ բոլշևիկյան մեթոդոլոգիաներին անդավաճան հաշվեհարդարներ։
Իշխանությունները, հանցագործությունների կանխման լիարժեք մեթոդների համար անհրաժեշտ կանխարգելման միջոցների բացակայությունը պատճառ բերելով, փորձում են զսպումն իրականացնել տարհամոզման դասական մեթոդի միջոցով։ Ըստ վերոնշյալ մեթոդի, նրա եզրույթն անցնում է չափազանցված պատիժների կիրառմամբ, որը հանցանք կատարելու միտում ունեցողների համար պիտի ծառայի որպես տարհամոզման միջոց։ Չափազանցված պատիժը, ըստ էության, այս կամ այն հանցանքի համար նախատեսված պատժից ավելի խիստ է։ Այս մեթոդի համաձայն` դրա մասին տեղեկության սփռումը հասարակության մեջ կանխարգելիչ նշանակություն ունի։ Սակայն նման պատիժները պարունակում են օրենքի խախտում, քանի որ, թեկուզ «տարհամոզման» նպատակներ հետապնդելով, այնուամենայնիվ, որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող պատժի դատապարտելն արդեն իսկ օրենքի կոպիտ խախտում է։ Քաղաքակիրթ աշխարհն այս հնացած մեթոդից հրաժարվել էր ոչ միայն մարդու հիմնարար իրավունքներին հակասելու, այլև տարհամոզման անարդյունավետության և նրա կոռուպցիոն ռիսկերի կրճատման հիմնավորմամբ։ ՀՀ-ում տարհամոզման անօրինական հանգամանքն ավելի քան ակնառու է սպանությունների համար դատապարտվածների պարագայում։ Նախ, Հայաստանում կաշառքը գլխավոր փոխարինողն է բոլոր «ապացույցների» ու «փաստերի» և ապա դրանց չհայտնաբերողը, օրգանապես չճանաչող ինդիկատորը։
Իրողությանը գիտակ ղեկավար այրերի մոտ ստեղծվել էր մի նրբին համոզմունք, ըստ որի, դատապարտյալներից յուրաքանչյուրը տեսականորեն ունակ է կաշառքի միջոցով ձեռք բերելու իր ազատությունը։ Այս հանգամանքը իշխանական կոռուպցիոն ինստիտուտին ավելացրեց նաև «մոռացարան»-ի ստեղծման գաղափարը, որի «գաղափարափիլիսոփայական» եզրույթը սահմանվում էր խիստ փակ բանտի ստեղծմամբ, որում հայտնվողները բացարձակապես ունակ չէին լինելու կաշառքով ազատություն ձեռք բերելու։ Այն կոչվեց Պատժի առավելագույն չափի (ՊԱՉ) մասնաշենք։ Այս հնարքը մեծացրեց և հզորացրեց կաշառքի գնի շուրջ դատավորների բանակցային դիրքերը։ «Հարգելի» դատավորներին տրվեց հնարավորություն ծիծաղելիորեն չափազանցված գումարներ կորզելու մեղադրվողների հարազատներից միայն նրա համար, որ մեղադրյալը չհայտնվի ՊԱՉ-ի «մոռացարանում»։ Իսկ ՊԱՉ-ի բանտախցից մինչև 2003-ը Հայաստանում որևէ մեկը տեղեկացված չէր, քանի որ այնտեղից տեղեկություն, վկայություն կամ բողոք հնարավոր չէր դուրս հանել։ Այս լռության համակարգն անհրաժեշտ էր նաև քաղաքական դատավարություններում քավության նոխազներին մոռացության մատնելու համար։ ՊԱՉ-ի ինստիտուտը ձևավորվեց նաև որպես լռության ապահովման հայաստանյան ինստիտուտ։
ՊԱՉ-ում հայտնվածների նկատմամբ մահապատիժը չէր իրականացվում, մինչդեռ նրանք սպանվում էին այլ, տարատեսակ մեթոդներով։ Մինչև 2003 թիվը ոչ թե 42, այլ 53 քաղաքացի դատապարտվել մահապատժի, նրանցից 11-ը մահացել են ամենադաժան պայմաններում, կտտանքներով, որոնք չեն տեղավորվում անգամ միջնադարյան պատկերացումների մեջ։ 2003-ի ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց նոր քրեական օրենսգիրքը, որում, որպես պատժի առավելագույն տեսակ, մահապատժին փոխարինեց ցմահ ազատազրկումը։ Սա բոլորովին նոր պատժատեսակ էր իրավահամակարգում։ Մինչդեռ էականորեն ոչինչ չփոխվեց. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով Սահմանադրության խախտմամբ, 42 ողջ մնացած դատապարտյալներին «ներում» շնորհվեց ցմահ ազատազրկման տեսքով, և նրանց ցանկն օր օրի ավելացավ նոր «ցմահներով»` ՊԱՉ-ի դատապարտյալներով։ Սակայն ՊԱՉ-ի նկատմամբ օրենքների խախտումների շարանը մի նոր որակ ստացավ։ Գործադրված մեթոդներն ու մոտեցումները և ընդհանրապես ՊԱՉ-ի դատապարտյալների սպանության դեպքերը, նրանց հանդեպ կտտանքների իրականացումն ու խոշտանգումները, կամայական և անօրեն դրսևորումները ոչ միայն օրենքի կոպիտ խախտումներ են, այլև կրում են հանցագործության հատկանիշներ և պետք է համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում լինեն։
Հայաստանում դեռևս հստակ սահմանված չեն առավելագույն պատժի նշանակման սկզբունքները, մի հանգամանք, ինչը բացարձակ հնարավորություն է տալիս դատավորներին միևնույն հանցանքի համար 12 տարվա ազատազրկումից մինչև պատժի առավելագույն չափի վճիռ կայացնել։ 2005-ից մինչև 2008 թ. գրեթե յուրաքանչյուր երկու ամսում մեկ քաղաքացի դատապարտվել է ՊԱՉ-ի։ Այսինքն, տարեկան վեց քաղաքացի։ Ներկայումս` 100-ից ավելի քաղաքացի։ Մինչև իսկ ամենադաժան հանցագործություններով հայտնի ԱՄՆ-ում 2,5 մլն դատապարտյալների մեջ 20 տարով կամ ցմահ ազատազրկվածների թիվը երեք անգամ զիջում է Հայաստանին։ Կարելի եզրակացնել, որ կա՛մ Հայաստանում երեք անգամ ավելի հաճախ են ծանր հանցագործություններ կատարվում, կա՛մ դատավորները երեք անգամ ավելի չարդարացված պատիժ են նշանակում։ Առաջինի դեպքում, որպես ընդունված կանոն, հանցագործությունների տեսակը, որակական հատկանիշներն ու քանակը բնորոշում են երկրում գործող իշխանությունների մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական քաղաքականության կատեգորիան։ Տվյալ պարագայում խիստ կասկածի տակ է առնվում իշխանության բոլոր կառավարման ինստիտուտների օրինականությունն ու ժողովրդավարական ուղղվածությունը։ Քանի որ ժողովուրդն ինքնին հանցագործ չէ և ծնողը չէ հանցագործության։ Երկրորդ դեպքում գործ ունենք ավելի քան կոռումպացված դատաիրավական համակարգի հետ։
Մահապատիժը, որպես բացառիկ պատիժ, ՀՀ նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից չիրականացվելու որոշումից մինչ օրս, հակաօրինական է։ Դատավճիռը, օրինական ուժի մեջ մտնելով, դառնում է օրենք։ Մինչդեռ դատավորները նախապես իմանալով, որ դատավճիռ-օրենքը հրապարակման պահից սկսած խախտվելու է, այնուամենայնիվ, շարունակում էին խախտել օրենքը։ Երբ քաղաքացին դատապարտվում է մահապատժի, ապա նրա դեմ պիտի կիրառվի դատավճիռ-օրենքը, իսկ եթե ոչ, դատավճիռ-օրենքում այլ բան նշված չէ։ Մահվան դատապարտվածներից շատերը տասը և ավելի տարիներ շարունակ գտնվել են բանտում մի կարգավիճակով, ինչը դատավճռով նախատեսված չի եղել, նրանց պահման կարգն ու ռեժիմը կարգավորված չեն եղել որևէ օրենքով։ Հայաստանում մահապատիժը մարդկության պատմության մեջ դեռ իր նախադեպը չունեցող մի դատավճիռ էր, որը կիրառվում էր գոյություն չունեցող պատժի նշանակումով։ ՊԱՉ-ի դատապարտյալների համար հորինվում էին օրենքի կողմից չնախատեսված պատիժներ, որը պայմանավորված էր ոչ միայն կալանավայրի ադմինիստրացիայի, այլև քաղաքական վերնախավի տվյալ պահի տրամադրություններով։ Զուգորդաբար դատաիրավական համակարգի ֆունկցիոներների ճնշող մեծամասնությունը, հակաօրինական և հանցագործ մեթոդներով, մի կողմից` նյութական միջոցների կուտակելու նպատակով, մյուս կողմից` քաղաքական պատվերների անմնացորդ կատարմամբ, հաշվեհարդարների և օրենքների կոպիտ խախտումներով սեփական քաղաքացիների նկատմամբ որդեգրել էր ավատապետական և ճորտատիրական սկզբունքներ։ Սակայն հասարակությունը, որն իր անտարբերությամբ թույլատրել էր իշխանիկներին ստեղծելու այդ քաոսային մթնոլորտն ու պարտադրել իրեն, նույնպես ունի իր պատասխանատվության մասնիկը` հանցագործությունների կատարման համար ստեղծված բարենպաստ պայմանների հարցում։ Եվ ինչպես յուրաքանչյուր դատապարտյալի պատժի կարևոր մի հատվածը հասարակության հանդեպ պատասխանատվություն է պարունակում, հասարակությունն էլ իր հերթին պիտի ընդունի, որ քրեածին միջավայրի արդյունքն էր հանցագործությունների մի զգալի մասը։ Դա առնվազն նշանակում է վերանայել ՊԱՉ-ի գործերն ու մեղմացնել նրանց ստացած չափազանցված պատիժները։
Այս իրողությունները հաշվի առնելով և Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունից օգտվելով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարծում ենք, կարող է ներում շնորհել և դրանով իսկ ազատության մեջ ապրելու իրավունք պարգևել ՊԱՉ-ի դատապարտյալներին։ ՊԱՉ-ի դատապարտյալները վստահ են, որ միայն Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ուղղակի հսկողության պարագայում կարող են վերականգնվել դատապարտյալների խախտված իրավունքները, արդարությունն ու շատերի պարագայում` նաև նրանցից բռնորեն խլված ազատությունը։ Բացի այդ, 2011-ի մայիսի 25-ին ԱԺ-ի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը բացառիկ հնարավորություն է տալիս ՀՀ դատավորներին ՊԱՉ-ի դատապարտյալների գործերի վերանայման և նոր արդարացի դատավճիռների կայացման համար, սրանով իսկ սրբագրելով նախկինների սխալներն ու միտումները։ Համոզված ենք` օրենսդիր և դատական իշխանությունները չպիտի մոռանան Սուրբ Հովհան Ոսկեբերանի գրչով անմահացած ճշմարտությունը. «Նա, ով խոչընդոտում է վերքի ապաքինմանը, ավելի խիստ պատժի է արժանի, քան նա, ով հասցրել է վերքը»։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրո» գործով ՊԱՉ-ի դատապարտված

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ