ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻՆ

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻՆ
02.03.2012 | 00:00

Վաղը` մարտի 3-ին, կլրանա մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի` ազգային բարերար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ծննդյան 170-ամյակը: Բայց ես մտադիր չեմ հոբելյանական «հերթապահ» նյութ շարադրելու, նրա մասին պատմել եմ 2010-2011 թթ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված 13 հոդվածներով և անցյալ տարի հրատարակած «Ալեքսանդր Մանթաշյանց: Հուշագրություններ, նյութեր, փաստաթղթեր» ժողովածուով:
Փոխարենը հոբելյանը «կնշեմ» մի ողբալի պատմությամբ, որի նստվածքն առայսօր տակնուվրա է անում ինձ:
Քանի որ 2011 թ. ապրիլի 19-ին լրանալու էր նաև Մանթաշյանցի մահվան 100-ամյակը, 2010 թ. առաջին կեսն անցկացրի պատեպատ զարկվելով` մի շարք միջոցառումներ իրականացնելու մտադրությամբ: Սակայն համոզվեցի, որ առանց պետական միջամտության ոչինչ անել հնարավոր չէ: Եվ 2010 թ. սեպտեմբերի 10-ին ինը կետից բաղկացած մի ծրագրով ստիպված դիմեցի երկրի նախագահին: Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը (այս դառը պատմության մեջ երախտագիտության արժանի միակ մարդը), կարևորելով երևույթը, ծրագիրն ուղարկում է կառավարություն` հանձնարարելով պատասխանել դիմողին:
Այստեղից սկսվեց ամեն ինչ:
Կառավարության աշխատակազմի չգիտեմ որ «պայծառ» ուղեղի փայլատակման արդյունքում, նամակս հասցեագրվում է երկու` սփյուռքի ու մշակույթի նախարարություններին: Ինչո՞ւ այս երկուսին: Նկատի ունենալով, որ Մանթաշյանցը Թիֆլիսում հիմնել էր Առևտրային 5-դասյա դպրոց, ուր ամեն տարի ուսանում էր 250 հայ պատանի, իսկ նրա միջոցներով շուրջ 1000 ուսանող կրթություն էր ստացել Ռուսաստանի ու Եվրոպայի բուհերում, ծրագրում խնդրել էի մի որևէ ուսումնական հաստատություն կոչել Մանթաշյանցի անվամբ. ինչո՞ւ չէին վերահասցեագրել կրթության ու գիտության նախարարությանը:
Նկատի ունենալով, որ Մանթաշյանցը պատմական բոլոր ժամանակների խոշորագույն հայ կապիտալիստն է, խնդրել էի միջնորդել, որպեսզի Կենտրոնական բանկը մետաղադրամ հատի կամ թղթադրամ թողարկի. ինչո՞ւ չէին վերահասցեագրել ԿԲ-ին:
Խնդրել էի, որ կապի ու տրանսպորտի նախարարությունը Մանթաշյանցին նվիրված նամականիշ թողարկի. ինչո՞ւ այդ նախարարությանը չէին վերահասցեագրել:
Մանթաշյանցը բոլոր ժամանակների ամենախոշոր հայ ձեռնարկատերն է, ինչո՞ւ ծրագիրս չէին վերահասցեագրել էկոնոմիկայի նախարարությանը:
Մանթաշյանցը Ռուսական կայսրության ամենաականավոր ֆինանսիստներից էր, նրա «Թիֆլիսի առևտրային բանկի» արժեթղթերը վաճառվում էին Պետերբուրգի բորսայում. ինչո՞ւ նամակս չէին վերահասցեագրել ֆինանսների նախարարությանը:
Անպատասխան հարցեր:
Հիմա տեսնենք, թե ինչ պատասխաններ ստացվեցին: Պատասխաններ, որոնց ամբողջ տրամաբանությունը մերժումն է, ոչ թե ինչ-որ բան անելը, որ ինչ-որ բան արվի, այլ ինչ անել, որ չարվի:
Սփյուռքի փոխնախարար (ներկայում` նախարարի խորհրդական), մասնագիտությամբ ֆիզիկոս Ս. Պետրոսյանը 2010 թ. հոկտեմբերի 11-ին ինձ հղում է ավելի քան 2-էջանոց մերժում, որտեղ մասնավորապես գրում է. «Ալ. Մանթաշյանցի ծննդյան 170-ամյակի կապակցությամբ 2012 թվականը Բարեգործության տարի հռչակելու և հոբելյանական միջոցառումներ իրականացնելու կապակցությամբ նշենք, որ սովորաբար հոբելյանական է ընդունված համարել 25-ի բաժանվող տարեթվերը: ՈՒստի նպատակահարմար ենք համարում հոբելյանական միջոցառումների շարքն իրականացնել 2017 թվականին` Ալ. Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակի կապակցությամբ»: Խորհրդային տարիների դեժավյո՞ւ, ասես 20 տարվա անկախություն չունենք, էս կարգը գալիս է սովետի օրերից: Բայց անգամ այս «փաստարկը» քննադատության չի դիմանում. սփյուռքի նախարարությունն ունի «Մեր մեծերը» ծրագիր, որի շրջանակներում մեծարվում են մարդիկ, ում հոբելյանները 25-ի չեն բաժանվում: Մանթաշյանցն արժանի չէր անգամ սրա՞ն:
Սփյուռքի նախարարությունը, սակայն, մերժելու հունարում շատ բան ունի սովորելու մշակույթի նախարարությունից: Վերջինիս փոխնախարար Ա. Պողոսյանը 2010 թ. նոյեմբերի 1-ին ինձ հայտնում է. «ՀՀ մշակույթի նախարարությունը ողջունում է ազգային մեծ բարերար Ա. Մանթաշյանին և նրա գործունեությունը պետականորեն արժևորելու Ձեր ծրագիրը: Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2011 թ. մշակույթի նախարարությունը հանդես կգա Ալ. Մանթաշյանի ծննդյան 170-ամյակը պատշաճ նշելու համար պետական հանձնաժողով ստեղծելու առաջարկով, և Ձեր ներկայացրած միջոցառումները կքննարկվեն պետական հանձնաժողովի նիստերի ընթացքում»: Պաշտոնեական լեզվով սա կոչվում է խուսագրություն, ժողովրդական լեզվով` «գլխի տակ փափուկ բարձ դնել»: Ո՞Ւր է այդ պետական հանձնաժողովը, այդ առաջարկով հանդես եկե՞լ եք, ո՞վ է մերժել։
Չգիտեմ մշակույթի պետական պատասխանատուներն ակադեմիական ինչպիսի գիտելիքներ ունեն, սակայն (թեպետ հոգնել եմ գրելուց և ասելուց) կուզեի մեկ անգամ ևս հիշեցնել, որ մեր ժողովուրդն ունի տնտեսական մշակույթի 25-դարյա պատմություն ու 17-դարյա բարեգործության մշակույթի պատմություն, և Մանթաշյանցը այդ երկու մշակույթների անգերազանցելի բարձունքն է: Մերժելով Մանթաշյանցին` դուք մերժում եք ձեր պատկերացրած մշակույթի մեկենասին, մշակույթը` առհասարակ:
Խորապես հիասթափված պետական մեքենայի անմիտ դաժանությունից` զբաղվեցի Մանթաշյանցի մասին գրքիս հրատարակմամբ, և նրա մահվան 100-ամյակի օրը` 2011 թ. ապրիլի 19-ին, այն լույս տեսավ: Այդ օրվա մամուլն ու հեռուստաընկերությունները չանդրադարձան տարելիցին: Կատարյալ լռություն, մեր ժողովրդի նվիրյալի հիշատակը լիակատար մոռացության էր մատնվել: Դրա հետ հաշտվել չէի կարող:
Աշխարհիկ իշխանության մերժումից հետո որոշեցի դիմել հոգևոր իշխանությանը` Ամենայն հայոց կաթողիկոսին:
Տրամաբանությունը հետևյալն էր. Մանթաշյանցը կառուցել էր կաթողիկոսների նստավայրը` վեհարանի շենքը, Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրանոցի նոր շենքը, նորոգել էր Սբ. Էջմիածնի Մայր տաճարը, նրա ֆինանսավորմամբ կրթություն էին ստացել բազմաթիվ հոգևորականներ, և առհասարակ Մանթաշյանցը մեր եկեղեցու ամենահուսալի պատվարն էր: Նկատի ունենալով նաև, որ 1913 թ. Թիֆլիսի հայ քահանայաց դասը, ի հիշատակ Մանթաշյանցի, պատարագ էր մատուցել` այն կոչելով «Ի հիշատակ բարերարաց», անցյալ աշնանը մի նամակ գրեցի կաթողիկոսին` խնդրելով 170-ամյակի կապակցությամբ Էջմիածնում տեղադրել Մանթաշյանցի կիսանդրին և այդ օրը հռչակել «Հայ բարերարաց հիշատակի օր»: Նամակը և գրքիս մեկ օրինակ հանձնեցի կուսակրոն հոգևորականի. որոշ ժամանակ անց վերջինս հայտնեց, թե դրանք Էջմիածնում փոխանցել է այնպիսի մեկի, ով անձամբ կմատուցի վեհափառին: (Հավատում եմ, քանզի ստելը ծանրագույն մեղք է): Ամիսներ անցան, սակայն ոչ մի պատասխան: Մանթաշյանցին մերժեց նաև հոգևոր իշխանությունը:
Հայտնվեցի ձեռն ի ծոց վիճակում և դառը խոհերի հետ: Աշխարհիկ պողոս-պետրոս պաշտոնյաների կյանքը փոխաբերական իմաստով ավարտվում է նրանց պաշտոնանկության հետ, իսկ երբ հոգևոր իշխանությունն է հրաժարվում արմատներից, խոսում են աղանդները:
Ի վերջո, ես անձամբ ի՞նչ առնչություն ունեմ Մանթաշյանցի հետ, ոչ մի, ընդամենը մեկն եմ, ով ուսումնասիրել է նրա գործունեությունն ու գիրք գրել, դա հո չի նշանակում, թե նա իմ սեփականությունն է, կամ նրա ժառանգն եմ (հոգևոր ժառանգորդը` այո): Ենթադրենք, իմ առաջարկներն ինձ համար անհասկանալի ինչ-ինչ պատճառներով անընդունելի էին, թող իրենք ինչ-որ բան անեին: Դիցուք, անցյալ նոյեմբերին Թբիլիսիի Սբ. Էջմիածնեցոց եկեղեցու բակում բացվեց Մանթաշյանցի կիսանդրին. թեպետ ունեմ վերապահումներ, սակայն փաստն ինքնին ուրախալի էր: Եվ կամ, երկրի նախագահին հղած նամակում խնդրել էի Մանթաշյանցի հուշարձան կանգնեցնել. քանդակագործ Տ. Արզումանյանը այլ դրդումներով և այլ ուղիներով կերտել է Մանթաշյանցի հուշարձանը, որը պիտի տեղադրվի Աբովյան փողոցում. ինչպե՞ս կարող է դա ուրախություն չպատճառել: Բայց ընդամենը այսքա՞նն է երախտագիտության այն չափաբաժինը, որով պիտի հատուցվի մեծ մարդը: Որով պիտի հատուցվի հայի վեհ տեսակը:
Ես այստեղ միտումնավոր չեմ նշում այլ մարդկանց անուններ ևս, ովքեր ձեռքերը լվացին Մանթաշյանցից. չեմ նշում, որովհետև մեր դռներն է թակում ընտրաղետը, ամեն ինչ դիտարկվում է գալիք ընտրությունների հարթությունում, իսկ ես որևէ առնչություն չեմ ուզում ունենալ այդ գործընթացի հետ:
Կասեմ միայն հետևյալը. Մանթաշյանցն իր միլիոնները տրամադրեց ազգին ու եկեղեցուն, բայց մի գերեզմանի իսկ չարժանացավ: Նրա որդի Լևոնը շարունակեց հոր գործը, բայց կյանքն ավարտեց կիսաղքատ վիճակում` փարիզյան տաքսիստի կարգավիճակում: Բայց, ախր, սա՞ է ազգանվիրումը:
Մերժեք այս մարդկանց, հազարավոր այլ ազգանվեր անձանց հիշատակը և ապրեք ինչպես ապրում եք: Այսի՞նքն, ուրեմն թող ձեր փողվորը ցերեկը ձեզ կեղեքի, իսկ երեկոյան գնա իր կառուցած եկեղեցում մեղքերի թողությո՞ւն հայցի:
ՈՒրեմն թող մեկ այլ փողվոր կորպորացիայի, բայց ոչ իր գրպանի, փողերով բարեգործություն անի և վզից հերթական դափնեպսակը կախի:
ՈՒրեմն թող «ոսկե հորթի» զավակներն իրենց անվամբ բարեգործական հիմնադրամներ բացեն ու նախընտրական կաշառքներ բաժանեն:
ՈՒրեմն թող Հայաստանում շարունակի տիրել արծաթասիրությունը, այլ ոչ Աստվածասիրությունը, ոչ թե Աստված, այլ մամոնան:
Ապրեք, ինչպես ապրում եք` առանց խղճի:
Միևնույն է, անմահ կմնա Ալեքսանդր Մանթաշյանցը:
Ահա այսպիսի դառը հոբելյան:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Տնտեսական մշակութաբան

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ