ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐԻ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ (կառավարության վերահսկողության ծառայությունը` գերխարդախի թիրախ)

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐԻ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ  (կառավարության վերահսկողության ծառայությունը` գերխարդախի թիրախ)
18.10.2011 | 00:00

Գյումրիում եմ: Տաղանդների ու պատվախնդրության օրրանում: Բայց դե որտեղ տաղանդներ ու պատվախնդրություն, այնտեղ էլ մարտնչող ապաշխարություն: Սակայն սա, ի միջի այլոց: Մեր նախորդ հրապարակումից ընթերցողը պիտի որ հիշի այս անհավանական պատմության մանրամասները (Իրատես de facto», թիվ 63, 11-13.10.2011 թ.)։ 2009-ին կարծես թե խարդախության շուրջպարի գլխավոր սադրիչ Հասմիկ Մելքոնյանի խոփը քարին դեմ առավ: ՈՒ թվում էր, որ ամեն բան արդեն անցյալ է, անհավատալի երազ, որից վերջապես արթնացել են: Թվում էր։ Եվ ահա Գյումրի ճանապարհվեցի Սայաթ-Նովայի 9/9ա շենքի բնակիչների խնդրանքով:
Փորձեցի Գյումրիում շրջելով անմիջականորեն տեղեկանալ, թե ով է, այսուհանդերձ, Հասմիկ Մելքոնյանը: Գուցե բարի փերի է, ով փորձում է արդարություն, խաղաղություն և բարեկեցություն հաստատել հայոց «հայրաքաղաքում», սակայն նրա պատկերացումները վերոնշյալ «առաքելական առաքինությունների» շուրջ «աննշան» շեղվում են հասկանալի նորմերից:
Քաղաքի բուն կենտրոնում է Հ. Մ.-ի բնակարանը: Երկհարկանի գողտրիկ առանձնատան երկրորդ հարկում է բնակվում «ընտանյոք հանդերձ»: Նրա հետ համատեղ կյանք են քաշում… 30 չորքոտանի: Այսինքն` շուն: Տիկին Հ.-ն, հավանաբար, առաջնորդվում է «շունը մարդու բարեկամն է» սրտաճմլիկ կարգախոսով: Շները լիովին համամիտ են Հ-ի կենսափիլիսոփայությանը և իրենց հերթին իրենց կարգախոսն են առաջ մղում. «Մարդն է շան բարեկամը»: Տվյալ պարագայում` հարգարժան Հասմիկ Մելքոնյանը: Շները Հասմիկապաշտ են, Հասմիկը` շնասեր: Բնականաբար, Հ. Մ.-ի սրտում տեղ չի մնում մարդ արարածի համար: Եվ նա պատժում է մարդկանց անկախ դիրքից, սեռից, հասակից և քսակից: Նաև անկախ արդարության կանխավարկածից, չես մտնում մեր դաշինքի մեջ, պատժվիր ուրեմն: Ժամանակի ընթացքում տիկին փերին 30 քաղաքացու պիտի պատժի: Հասկանալի է, իր չորքոտանի դրկիցների թվի համեմատ։ Մի քանիսը, տարբեր ժամկետի «պատժաչափը» կրելով, դուրս են եկել Հ. Մ.-ի սարդոստայնից, մյուսները պայմանական պատժաչափ են կրում, մի քանիսն էլ հայտնվել են կրակագծում: Հ. Մ.-ն իսկական արվեստագետ է իր գործում, նա երգահան է, դիրիժոր, առաջին ջութակ, և նրան նոր հարթակներ են պետք, նոր հորիզոններ ու նոր զոհեր: Ահա և գրոհի հերթական փուլը եռամյա ընդմիջումից հետո: Հ. Մ.-ն գրոհում է կառավարական տունը և «հաշվեհարդարի հրավիրում» կառավարության վերահսկողության ծառայությանը: Այս մասին, սակայն, քիչ հետո:
Շարունակենք զբոսանքը: Հ. Մ.-ի առանձնատան առաջին հարկը վարձակալել և օգտագործում են որպես առևտրական մակերես: Բնական է, 30 շանը կերակրել, դաստիարակել, մարզել և գուրգուրել է պետք: Իսկ սա առանց փողի չի լինում: Ինչևէ, նաև տեղեկացրին, որ անցանկալի անձինք, ովքեր փորձում են տիկին փերու հետ ինչ-ինչ խնդիրներ պարզել, իսկույն ևեթ ենթարկվում են շնաոհմակի ձեռնարկած Լինչի դատաստանին: Հետո ինձ մոտեցավ Գյումրուց մի այլ խումբ և հորդորեց դատարկ բաներով չզբաղվել, զի Հասմիկ Մ.-ն քաղաքի պարծանքն է, մարզի հպարտությունը և առաջիկայում առաջադրվելու է ՀՀ նախագահի պաշտոնում: Չե՞ք հավատում: Դուք գիտեք: Միայն իմացեք, որ վերոնշյալ խարդավանքների շուրջպարն ընդամենը նախավարժանք է մեծ «ճախրանքից» առաջ: Այս «փերին», ի դեպ, բարեսիրտ է և ժողովրդավար: Եվ առանց որևէ վրդովմունքի վաղօրոք շրջապատին տեղեկացնում է իր քայլերի հաջորդականության մասին, նշում գլխավոր նպատակները և ոմանց նման չի թաքցնում հովանավորներին, այսինքն` բազմագույն իր տանիքներին: Այսպես, 2008-ի վաղ գարնանը նա սիրալիր տեղեկացրեց հանրությանը, որ իշխանափոխություն է, և Տեր-Պետրոսյանն իրեն է վստահում Շիրակի մարզպետի պաշտոնը: Ճիշտ է, ՀԱԿ-ը չարդարացրեց Հ. Մ.-ի քաղաքական սպասելիքները, այն թափն ու ճկունությունը չուներ, և վերջինս արդեն սատարում է հանրապետականներին: Չէ, էն չի: «Բարգավա՞ճ»: Նույնպես։ Գուցե սեփական կուսակցությո՞ւն բացել: Օրինակ, այս ուշագրավ անվանումով. «30-ի ակումբը»: Կամ ահա. «Խարդախապար ընդ Հասմիկ քոմփնի»:
Առաջ ենք անցնում: Մինչ քաղաքական վերնահարթակում հայտնվելն անհրաժեշտ է կոփվել և նոր ապրանքային տեսք ձեռք բերել հանրային կյանքում: Ինչը և արվում է նախանձելի վարպետությամբ։
Հ. Մ.-ն ի հայտ է գալիս Գյումրու շարժական և անշարժ պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող ՀԿ-ի առաջնորդող խմբում: ՈՒ փորձում անշարժ պահել Մինասի հայտնի որմնանկարները: Եվ կազմակերպում է հանրային երթեր, հայտնվում է եթերում, համոզում է, սպառնում, դյութում և դավում: (Մարզավիճակ ձեռք բերելու փայլուն նախադրյալներ են, ոչինչ չես ասի): Ի դեպ, «30-ի ակումբը» ձեռնպահ է մնացել այս երթերից ու եթերից: Նրանք զբաղված են ինքնակրթությամբ, ուսումնասիրում են Հ. Մ.-ի անցած ուղին, թրծվում են և, պետք է նշել, հաջողություններն արդեն իսկ ակնբախ են: Մասնավորապես լավ են յուրացրել հետևյալ անվանակարգերը. «Ինչպես խածել անմեղ անցորդին, որ հիվանդանոցի փոխարեն գաղութում հայտնվի և քեզ էլ բարոյական վնասի փոխհատուցում կատարի, դու խածում ես, նա չի սատկում», «Երեք անգամ հաչում ենք, երկու անգամ կլանչում, և արդարադատությունը մեր ոտն է պաչում»:
Մի խոսքով, հետաքրքրասեր գյումրեցիք հետաքրքրվում են տիկին փերուց, թե դեռ ինչքան պիտի որմնանկարների հարցով զբաղվի: Պատասխանը ազնվության և ուղղամտության ջրվեժ է: Ինչքան որ կբավարարի քաղաքապետի քսակը: Այսինքն` Վարդան Ղուկասյան-քաղաքապետը ևս հայտնվել է փերու սարդոստայնում: Չէի սպասում: Զի տիար Ղուկասյանը նամուսի գերի այր է, բուն գյումրեցի և պիտի որ չհետևեր այլ պաշտոնատարների օրինակին: Դե, ինչ արած, տիար Ղուկասյանը քաշելիք ունի, բայց կասկած չկա, որ, ի վերջո, քաշելու է փերու սանձերը:

Իսկ այժմ ունկնդրենք տուժողներին:
Ռուբիկ ՄԱՐԿՈՍՅԱՆ- Ամբողջ կյանքս ապրել եմ այս բնակարանում, այստեղ նաև ծնողներս են ապրել: Չգիտեմ էլ, թե որտեղից հայտնվեց Հասմիկ Մելքոնյանը, նրան մինչ այս դեպքերը չեմ ճանաչել, նա ճանաչելու մարդ չէ: Ամբողջ կյանքն ապրել է խաբելով ու վարկաբեկելով: Անհրաժեշտության դեպքում դատարանում էլ կպնդեմ, որ խարդախությամբ փող է պոկել մեզնից: Լրացուցիչ գումար եմ մուծել ինձ հասանելիք տան համար, մոտ 700 դոլար, ինչպես շատերը` Հասմիկի դուդուկի տակ պարող, հաշվապահ Սահականուշ Սարգսյանի պահանջով:
Այդ գումարի դիմաց ոչ ինձ, ոչ մյուս բնակիչներին որևէ փաստաթուղթ, կտրոն չեն հատկացրել: Այն օրերին ասպարեզում միայն Սահականուշն էր: Հետո սողոսկեց Հասմիկը և կեղծ վկայականներով սկսեց շանտաժի ենթարկել մարդկանց: Ինձ ասաց, որ ձեզ երկու սենյակ չի հասնում, ինձ և երկու աղջիկներիս: Պահանջեց երեք հազար դոլար: Իհարկե, այդ արկածախնդրին գումար չտվեցի: Հասմիկն ամբողջ քաղաքն է վառել-թողել:
ՌՈԶԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ- Ծնվել եմ այստեղ, ապրել ենք երկու տղաներս, ես և հայրս: 2004-ին տղաս ծառայեց Արցախում, հիվանդացավ ու զորացրվեց: Եկա ու բնակարանիս բանալին խնդրեցի Փորսուղյանից, նա էլ թե` փողը տուր, բանալին կտամ: Հրաժարվեցինք: Հայրս դեռ կենդանի էր, ասաց, որ իր խնայողությունները բանկերում կորան, թող պետությունը գումարներս տա ինձ, ես վճարեմ: Ասեմ, որ հայրս նաև առաջարկեց, որ աշխատի շենքի շինարարության վրա գումարի դիմաց, ինքը շինարար էր: Փորսուղյանը հրաժարվեց, թե գումար պիտի վճարես: Բայց չէր ասում, որքան գումար: Խղճիս դեմ չեմ գնա, Հովհաննես Փորսուղյանը, մինչև Հասմիկի ցանցն ընկնելը, անշառ մարդ էր: Մի խոսքով, տղաս երբ զորացրվեց, գնացի տնային կառավարչություն, նպաստի հարցով: Ինձ ասացին, որ ոչ մի տեղեկանք չեն կարող տալ, Հասմիկ Մելքոնյանը, որ մարզպետարանում էր աշխատում, կարգադրել էր չտալ: Այդ ժամանակ դեռ տնակում էինք ապրում: ՈՒ մեկ էլ իմ անունով վաուչեր ստացա: Իբր թե ես վաուչերով տուն եմ ստացել: Սա էլ էր կեղծել: Մի օր էլ ինձ իր տուն հրավիրեց կոոպերատիվի հաշվապահ Սահականուշը, այստեղ նաև Հասմիկն էր ներկա: Ինձ ասաց, որ իրեն ներկայացնեմ վարկային պայմանագիրը և մյուս փաստաթղթերը: Հետո պահանջեց, որ ոստիկանությունից տեղեկանք ներկայացնեմ, որ տղաներս գրանցված են այս հասցեով: Ասում եմ, բայց չէ՞ որ անձնագրի գրանցումը արդեն փաստաթուղթ է, էլ ինչ նոր բան եք մոգոնում: Գործին միացավ Հասմիկը ու թե արի, քեզ լավություն պիտի անեմ, երկու սենյակդ հանձնիր, քեզ մեկ սենյակ տամ: Արդեն բնակարանս վաճառել էր ինչ-որ Բաղդասարյան Խորենի: Ինձնից էլ գումար էր շորթում մեկսենյականոցի արժանացնելու համար: Էդ Խորենի երեսն էլ չենք տեսել: Դատարանում ներկա էին Խորենի տղան ու մայրը: Նրա հայցը բավարարեցին, դատարան էր դիմել «իր» բնակարանը ստանալու համար: Դատավոր Արմեն Խաչատրյանը վճիռը կարդաց ու փախավ դահլիճից: Երևի խիղճը տանջում էր: Էս ամեն ինչից պարզ է, որ Հասմիկի մեջքին մարդիկ են կանգնած: Հացադուլի նստեցի և, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, տունս ինձ հասավ: Շնորհակալ եմ նրանց, չեմ մոռանա:

Տեղին է նշել, որ վերոնշյալ Խորեն Բաղդասարյանը ոչ միայն որևէ կապ չունի Գյումրի քաղաքի հետ (Ազատան գյուղի բնակիչ է), այլև կոոպերատիվի անդամ չէ և ամենևին կարիքավոր չէ: Սա հիշեցման կարգով: Բայց ներկայացնենք այս ողջ պատմության ամենածանր բեռն ուսերին տարած, «Գյումրիի վերականգնող» սպառողական կոոպերատիվի նախագահ ՄԿՐՏԻՉ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքը.
-1998-ին ընտրվել եմ կոոպերատիվի նախագահ: Կոոպերատիվը ձևավորվեց այս շենքը կառուցելու համար: Դիմեցինք քաղաքապետարան, վարկեր վերցրինք, և սկսվեց երկարատև գործընթացը: Սայաթ-Նովայի 9/11 շենքը ուներ 72 ընտանիք, նախաձեռնող խմբի հայտարարությանն ընդառաջեց 54 ընտանիք: Երկրաշարժի ժամանակ շենքը փլուզվեց, սակայն տարածքը բնակիչների ուժերով պահպանվում էր: Բնակիչներն ապրում էին տնակներում, սպասելով բաղձալի օրվան: 1997-ին ֆինանսների նախարարությունը անհատական վարկեր էր տրամադրում անօթևանների համար բնակարան կառուցելու նպատակով: Նախաձեռնող խումբ ձևավորեցինք, հայտարարություն տրվեց և՛ հանրապետական մամուլում, և՛ տեղական հեռուստատեսությամբ: Նախկին բնակիչներին ներկայացրինք խնդիրը` քսան տարով անօթևաններին արտոնյալ վարկեր են տրամադրվում: Կառավարության որոշումը հետևյալն էր, վարկի տրամադրումից երեք տարի անց փուլ առ փուլ այն պետք էր մարել: Որպես գրավ նորաստեղծ «Շիրակինվեստ» բանկում գրավադրեցինք կառուցվելիք բազմաբնակարան շենքը: Բանկը երաշխավոր կանգնեց, բնակիչները վարկը ստանալով գումարը փոխադրում էին կոոպերատիվի հաշվին: Ամեն բան օրենքի սահմաններում էր, չկար որևէ տարաձայնություն, մարդիկ միակամ էին և հույսով լի: Ի դեպ, եթե շենքի պատվիրատուն կոոպերատիվն էր, Գյումրիի քաղաքապետարանը գլխավոր պատվիրատուն էր: Ասել է` ամեն բան լիովին վստահելի ընթացք ուներ: Սակայն ի հայտ է գալիս այս անըմբռնելի սուբյեկտը` Հասմիկ Մելքոնյանը, ով վաղուց հատուկ թուլություն ուներ շենքի հանդեպ:
Երբ շենքի փոսն էր փորվում, Հասմիկ Մելքոնյանը մի հոդված տպագրեց Գյումրիի թերթում իմ և քաղաքապետ, լուսահոգի Միքայել Վարդանյանի դեմ, իբր թե ես (այն ժամանակ քաղաքի ավագանու անդամս) և քաղաքապետը շենքի գումարներն ենք յուրացնում: Անկեղծ ասած, ուշադրության չարժանացրինք, նախ ոտից գլուխ անհեթեթություն էր, և հետո զբաղված էինք շատ ավելի կարևոր գործերով, շենքի շինարարությամբ: Դեպքերի նման խառնակ զարգացումները կանխագուշակել չէինք կարող, հակառակ պարագայում նա խիստ պատասխանատվության կենթարկվեր: Ի դեպ, մինչև մեր նախաձեռնությունը Հասմիկ Մելքոնյանը եղել էր փլուզված շենքի վայրում` մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հունան Մազմանյանի հետ, և, արհամարհելով բնակիչներին, պնդել, որ բնակարանների 40 տոկոսը բնակիչներին է տրվելու, մնացած բնակֆոնդը տնօրինելու է պետությունը: Գյումրիում լուրեր էին շրջում, որ ապահով մարդիկ են անդամագրվում բնակարան ձեռք բերելու համար: Շենքի իսկական բնակիչներին արդեն չէին էլ դիմում: Այսինքն, Հ. Մելքոնյանն ապօրինի մի բիզնես-նախագիծ է ունեցել աչքի առաջ, մենք խոչընդոտել ենք դրա իրականացմանը: Ավելորդ եմ համարում մանրամասնել շինարարության ողջ ընթացքը, այս մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, նաև Ձեր թերթում հենց վերջերս: Հիշեմ ընդամենը մեկ-երկու էական դրվագ: Երբ շենքը պատրաստ էր, սկսվեց սադրանքների նոր փուլ, մարդկանց մոլորեցնում էր, սպառնում զրկել բնակարանից, հանդես գալիս մեկ որպես ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախագահ Խաչատուր Վարդանյանի լիազորված անձ, մեկ որպես ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ներկայացուցիչ, նաև մարզպետի հանձնակատար, հետաքննող լրագրող:
Ի վերջո, հասավ այն բանին, որ մի քանի բնակչով ժողով գումարեց և նոր նախագահ ընտրեց ոմն Փորսուղյանի: Անկեղծ ասած, հիմնական գործս ավարտած համարելով, հեռացա։ Փորսուղյան-Մելքոնյան-Սարգսյան եռյակը գործում էր ողջ թափով: Երեք տարի շարունակ նրանք ոչ կոոպերատիվի ժողով են գումարել, ոչ էլ աշխատանքների ընթացքի մասին երբևէ տեղյակ պահել վարկառուներին: 2006-ին կոոպերատիվի անդամները վերստին խնդրեցին ղեկավարել կոոպերատիվը: Ամեն բան համապատասխան օրենքի տառին և ոգուն: Աստված իմ, եռյակը անհավանական խարդախություններ էր թույլ տվել: Գլխավորը կոոպերատիվի հետ որևէ առնչություն չունեցող Խորեն Բաղդասարյանին, Քրիստինե Սաղաթելյանին, Արմենուհի Սաղաթելյանին, Լիանա Հակոբյանին, Ռուզաննա Մարտիրոսյանին և Մեսրոպ Դեբոյանին վաճառել էր կոոպերատիվի անդամների բնակարանները: Դատախազությունը, իհարկե, քրեական գործ հարուցեց Հովհաննես Փորսուղյանի դեմ, հետո այն կարճվեց վերջինիս առաջացած տարիքի պատճառով: Այսպիսով, վեց առանձին սուբյեկտ էր խցկվել շենք: Առկա էր խարդախության վեց էպիզոդ: Եվ ավելորդ եմ համարում նշել, որ նրանց բոլոր դիմումները դատարանում մեկը մյուսի հետևից մերժվել են: Որ պետական որոշ ատյաններ օձիքներն ազատում են Հասմիկից, ինչ-որ տեղ հասկանալի է: Մարդիկ ֆիզիկապես և բարոյապես հավանաբար անզոր են դիմագրավելու արհեստավարժ խարդավանքների հեղինակին: Բայց զարմացրել և զարմացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը, որը իրական փայատերերի հետ 2005-ին վարկային պայմանագիր է կնքում կոոպերատիվը ստեղծելու և վարկեր վերցնելու համար, հանկարծ վերաձևակերպում է այդ պայմանագրերը, նրանց ցուցակից դուրս է թողնում և նոր վարկառուների հետ պայմանագրեր ձևակերպում: Իսկ այս դրվագը պարզապես զավեշտ է, ուրիշ ոչինչ: Հասմիկ Մելքոնյանը անցյալ տարի դիմում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն, պահանջում կարգավորել կոոպերատիվի անդամների սեփականության իրավունքը և ներկայանում… որպես հետաքննող լրագրող: Վաղը, ներող եղեք, կարող է ներկայանալ որպես Հռոմի պապի պատվիրվակ, և ինչ, նրան դարձյալ պիտի հավատան ու դռները բացե՞ն նրա ոտնձգությունների առջև:
Մի խոսքով, ժամանակն է, որ այս գործն իր ավարտին հասնի: Մարդիկ ուզում են խաղաղ ապրել իրենց արդար վաստակած բնակարանում:
Հասկանալի է, Հ. Մ.-ի կողմից վիրտուոզ վարպետությամբ «քցված» ՀՀ քաղաքացիները բռնում են նրա օձիքից, և օձիքն ազատելու համար տիկինն իր հերթին և ավելի կպչուն կառչում է պետական ատյանների օձիքից: Այլ ճանապարհ, լինենք արդարամիտ, սույն տիկինն ուղղակի չունի: Չունի, քանզի համառորեն հրաժարվում է միակ իրական իր հանգրվանում` Աբովյան քաղաքում գտնվող քրեակատարողական հայտնի հիմնարկում հաստատվելուց։
Մենք մարդասիրությունից մղված հորդորում ենք վեց խաբված քաղաքացիներին հաշտվել երկու խիստ էական մտքի հետ: Նախ, որ իրենք խիստ թեթևամիտ են գտնվել` փորձելով ձեռք գցել մի բան, որ ոչ օրենքով, ոչ էլ բարոյական որևէ նորմով իրենց չի պատկանում, և երկրորդ, իրենց գումարները ձեռք բերելու նպատակով պիտի որ դատի տան Հ. Մ.-ին:
Հասմիկ Մելքոնյանին հորդորում ենք կամովին ներկայանալ իրավապահ մարմիններին և խղճի վրա ծանրացող մեղքերը գոնե կյանքի մայրամուտին թոթափել:
Եվ ոչ պակաս կարևոր մի հորդոր, ուղղված պետական բոլոր այն կառույցներին (այսօր ՀՀ կառավարության վերահսկողության ծառայությանը), որոնք օձիքները բանսարկուից ազատելու նպատակով, կփորձեն այսուհետև էլ տեղի տալ նրա դավերին, հիշել` մենք հետամուտ ենք լինելու և լուսաբանելու ենք ձեր ցանկացած «սեթևեթանք» բանսարկուի առջև:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ