ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ԵՐԲ ՁՈՒԿ ՉԿԱ, ԽԵՑԳԵՏԻՆՆ ԷԼ ՁՈՒԿ Է»

«ԵՐԲ ՁՈՒԿ ՉԿԱ, ԽԵՑԳԵՏԻՆՆ ԷԼ ՁՈՒԿ Է»
02.04.2010 | 00:00

Երբ 2010-ի պետբյուջեն հաստատվեց, պարզ էր, որ մեր թոշակառուներն ու նպաստառուներն առանձնապես ուրախանալու պատճառ չեն ունենա, քանի որ սևով սպիտակի վրա գրված էր, որ թոշակների ու նպաստների բարձրացում նախատեսված չէ։ Այս ֆոնի վրա լրագրողները շատ զարմացած էին, երբ տարվա վերջին վարչապետը տարեկան իր ասուլիսում հայտարարեց թոշակների և նպաստների հնարավոր բարձրացման մասին։
Վարչապետի այդ խոստումն օրերս իրականություն դարձավ։ Կառավարությունը որոշեց ընտանեկան նպաստների համակարգից օգտվողների համար նոյեմբերի 1-ից բարձրացնել բազային ընտանեկան նպաստի չափը` 10 հազարից հասցնելով 12 հազար 500 դրամի։ Կավելանան նաև 470 հազար կենսաթոշակառուների բազային կենսաթոշակները` 8 հազար դրամից դառնալով 10 հազար 500 դրամ։ Ինչ խոսք, որ նշված գումարը չի կարող ամբողջությամբ լուծել անապահով խավի սոցիալական խնդիրները, սակայն, ընդհանրապես գումար չհատկացնելը կնշանակեր աչք փակել այդ խնդիրների վրա։ Ավելին, սոցիալական լարվածությունը կարող էր վերածվել քաղաքական լարվածության։ Բնականաբար, թոշակների ու նպաստների բարձրացմանն ուղղված քայլը պարտադիր էր, քանի որ առկա գնաճի և երեկվանից գազի սակագնի բարձրացման արդյունքում չի բացառվում, որ կրկին բարձրանան բոլոր ապրանքատեսակների գները, ինչը կարող է լուրջ դժգոհության ալիք բարձրացնել։ Ասել, թե գազի սակագնի բարձրացումը շեշտակիորեն հարվածելու է միայն սոցիալապես խիստ անապահով խավին, ճիշտ չէ, քանի որ միջին խավը նույնպես դժվար կացության մեջ է հայտնվել։ Սակայն միանշանակ է, որ պետբյուջեի հնարավորությունները չեն ների, որ «փոխհատուցման» տեսքով բարձրացվեն աշխատավարձերը։ Ինչևէ, նման իրավիճակում տեղին էր հիշել հայտնի ասացվածքը` «Երբ ձուկ չկա, խեցգետինն էլ ձուկ է»։
Հետաքրքրական է մեկ այլ բան. գլոբալ ճգնաժամի պայմաններում ինչի՞ հաշվին են բարձրացել կենսաթոշակներն ու նպաստները։ Ըստ պետական այրերի` այս տարվա հունվար-փետրվարին նախատեսվածից շուրջ 8 մլրդ դրամ ավելի գումար է հավաքվել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելացել են 22 տոկոսով (18,5 մլրդ դրամ)։ Տարեսկզբի երկու ամիսների տվյալներով` բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը կազմել է 13 մլրդ դրամ, գրեթե մեկ երրորդով ավելացել են նաև սոցիալական վճարները։
Նկատենք, որ օրերս ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել էր, թե ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է։ Գուցե նման հայտարարության հիմքում վերը նշված ցուցանիշնե՞րն են, թե՞ որոշել են կիրառել «վատ բան չասենք, որ չկատարվի» սկզբունքը։ «Գուցե»-ները կարելի է շարունակել, սակայն, որքան էլ փորձենք ապացուցել կամ հերքել ճգնաժամի առկայությունը, իրականությունից հեռու չենք գնա, ժամանակն էլ ամեն ինչ իր տեղը կդնի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ