ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԲԱՆԱԿԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵԼ

ԲԱՆԱԿԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵԼ
28.10.2011 | 00:00

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում գտնվող հրաձգային գումարտակ, հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված հենակետ, խրամատներ։ Այս ամենը խիստ հետաքրքրական էր շուրջ 30 համալսարանականների համար, ովքեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ որոշել էին ծանոթանալ բանակային առօրյային։ Երիտասարդներն առիթ ունեցան լինելու հայ-ադրբեջանական սահմանում և սահմանային հենակետում մի քանի վայրկյան դիտարկելու այն հատվածը, որը 24 ժամ միմյանց հերթափոխելով հսկում ու պահպանում են հայ զինվորները։
Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի` շարունակական բնույթ կրող նման ծրագրերով փորձում են մշտապես ուշադրության կենտրոնում պահել զինված ուժերը, զինվորներին, սպայական անձնակազմը։ «Երիտասարդների այցելությունների կազմակերպումը զորամասեր նպատակ ունի ամրապնդելու բանակ-հասարակություն կապը, ինչպես նաև երիտասարդության շրջանում բարձրացնելու ռազմահայրենասիրական ոգին։ Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի լինենք բանակի կողքին և մեր շնորհակալությունը հայտնենք զինվորներին ու սպայական անձնակազմին իրենց ծանր, պատասխանատու ծառայության համար»,- ասաց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը՝ մարտական դիրքերում զօրուգիշեր հերթապահություն իրականացնող զինվորներին մաղթելով աչալրջություն և անբասիր ծառայություն։
Երիտասարդները զրուցեցին շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ, պարգևատրեցին 10 ժամկետային զինծառայողի և 10 սպայի, հանդես եկան նաև հայրենասիրական երգերով։
Զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Սարգիս Թորիկյանը նշեց, որ երիտասարդական նման այցելություններն անհրաժեշտ են բանակին։ Դրանք զինվորներին հաղորդում են ոգևորություն, հայրենասիրություն, զինվորը զգում է, որ ժողովուրդը, ուսանողությունը, երիտասարդությունն իր կողքին են` պատրաստ դժվար պահերին սատար լինելու։ Գնդապետը հավաստիացրեց, որ զինվորներն իրենց պարտքը կատարում են պատասխանատվությամբ և մեծ աչալրջությամբ, ինչի շնորհիվ հանգիստ քնում են հարևան Խաչիկ գյուղում և ոչ միայն։ Սահմանային միջադեպեր, Նախիջևանի կողմից արձակված կրակոցներ այս տարածքում հաճախ չէ, որ լինում են, ինչը, սակայն, չի թուլացնում տղաների զգոնությունը։ Միջանձնային հարաբերությունները զորամասում, ըստ գնդապետի, նորմալ են. զինվորներն ու սպաները միմյանց հետ շփվում են հարգանքով։ Աշխատանքներ են տարվում, որ տհաճ միջադեպեր չլինեն։
Գնդապետի հավաստմամբ, զինվորի առօրյան խիստ հագեցած է. անցկացվում են օրվա կարգացուցակով սահմանված բոլոր պարապմունքները։ Առավոտյան «վերկաց»-ից մինչև «քուն» անձնակազմն զբաղվում է թե՛ ուսումնավարժական պարապմունքներով, թե՛ առօրյա խնդիրներով: Դասեր, շարային պատրաստություն, իսկ մարտական պատրաստականությունն ու մարտունակությունը ձեռք են բերվում ամենօրյա տքնաջան աշխատանքով, հետևողական պարապմունքներով։ Ազատ ժամերին կարգի են բերում հագուստը, հեռուստացույց դիտում, շախմատ, շաշկի խաղում, զբաղվում ընթերցանությամբ։
Դժգոհել իրենց բանակային առօրյայից զինվորները չեն սիրում։ Համարում են, որ ցանկացած տղամարդ պետք է անցնի կյանքի այս փուլը, քանի որ բանակում է, որ սովորում են սեփական ոտքերի վրա կանգնել, բախվում են տարբեր իրավիճակների և ինքնուրույն լուծում իրենց խնդիրները։ Սա սեփական եսը կոփելու լավագույն միջոցն է։ Այստեղ բնավորության նուրբ գծերը տեղ չունեն։ Սահմանում մարտական հերթապահություն իրականացնող ստեփանավանցի Սերգեյ Բաղդասարյանին մնացել է ընդամենը 2 ամիս մինչև զորացրվելը։ Նա վստահեցրեց, որ սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և իրենք կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Իսկ Ռաֆայել Գրիգորյանն արդեն 1,5 տարի է բանակում։ «Հարաբերություններն ընկերներիս հետ շատ լավ են, մանավանդ պոստերում, որովհետև բոլորս էլ գիտակցում ենք, որ թուրքի բերանին ենք գտնվում, և ցանկացած անախորժություն կարող է մեծ պրոբլեմի առաջ կանգնեցնել»,- ասում է նա։ Ըստ զինծառայողների, բանակային ընկերները տարբերվում են, նրանք սովորական ընկերներ չեն։ Զինակից ընկերն ամենակայուն, հավերժ, նեղությանը հասնող ընկերն է։
ՈՒտելու հարցում զինվորները քմահաճ չեն, ուտում են այն, ինչ տալիս են։ Որոշակի քմահաճություններ անում են միայն նորակոչիկները, այն էլ միայն առաջին մի քանի օրերին։ Այնուհետև սովորում են, թերևս, հասկանալով, որ բանակը քմահաճույքների տեղ չէ։ Ինչպես իրենք են ասում, կալորիականությունը տեղն է։ Մենք էլ առիթ ունեցանք զինվորների հետ համտեսելու ոսպապուրը, ոլոռով պյուրեն, խաշած միսն ու բազուկով աղցանը։ Ի դեպ, այս գումարտակում զինծառայողները սեղան նստում են աղոթքից հետո միայն։
Խաչիկ գյուղում տեղակայված գումարտակի հոգևոր սպասավոր տեր Զաքարիա քահանա Անանյանը կարևորեց հոգևորականի դերը բանակում։ Ըստ նրա, եկեղեցի-պետություն համագործակցությունը բխում է «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ եկեղեցի» կարգախոսից, և այդ համագործակցությունը պետք է թափանցի նաև զինված ուժեր, քանի որ մարդն ինքը ոչ միայն նյութական էակ է, այլև հոգևոր։ «Եթե պետությունն իր վրա է վերցրել զինվորի նյութական կարիքները, ապա եկեղեցին՝ հոգևոր կարիքները։ Ես ինքս, զինված ուժերում լինելով հոգևոր սպասավոր, հաճախ եմ շփվում զինվորների հետ։ Այստեղ՝ թշնամուն դեմ-դիմաց են նրանք հասկանում, որ ապրած ամեն վայրկյանն Աստծո պարգևն է։ Հետևաբար, առիթ է հանդիսանում մտորելու Աստծո, արարչագործության, կյանքի իմաստի, նպատակի մասին։ Զինվորը կարիք է ունենում նաև խորհրդի, և այդտեղ է, որ հանդես է գալիս հոգևորականը՝ ճիշտ ուղու վրա դնելով զինվորին, որպեսզի այս երկու տարվա ընթացքում նա կարողանա կոփվել ոչ միայն որպես հասարակությանը, այլև եկեղեցուն պիտանի մարդ»,- ասաց տեր Զաքարիան՝ ավելացնելով, որ հոգևորականը բանակում նաև հոգեբանի դեր է կատարում, զինվորները նրան դիմում են ամենատարբեր հարցերով։
Բանակում ծառայող զինվորը գիտակցում է իրենց առջև դրված խնդրի կարևորությունը։ Դա վստահություն ու հավատ է ներշնչում, քանի որ մեր ազատությունը կախված է բանակում ծառայող տասնութ տարեկան զինվորից։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ