ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ՎՃԱՐԻՐ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՍ, ԿԱՄ` ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

ՎՃԱՐԻՐ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՍ, ԿԱՄ` ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
09.09.2011 | 00:00

Մեր օրերում հաճախ կարելի է լսել Հայաստանը գիտելիքահենք պետություն դարձնելու մասին հիմնավորումներ: Մոտեցում, որը մշտապես հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության կողմից: Այս դիրքորոշումը համահունչ է ժամանակակից աշխարհի պահանջներին:
Ներկայիս զարգացած պետությունների զգալի մասն աչքի է ընկնում գիտելիքի արտադրությամբ և դրա շնորհիվ տնտեսության առաջընթացով: Միջազգային փորձի տեսանկյունից օրինակելի նմուշներ համարվող Գերմանիան և Ճապոնիան, Երկրորդ աշխարհամարտի կործանարար պարտությունից հետո, իրենց թռիչքային զարգացման հիմքում դրեցին ճկուն և արդյունավետ կրթական մոդելներ: Ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ պայմանները` խթանելու պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի զարգացումը: Մինչև վերջերս Գերմանիայի ողջ տարածքում բարձրագույն կրթությունն անվճար էր: Այժմ ընդամենը երկրի հինգ շրջաններում է բարձրագույն կրթությունը վճարովի:
Արդյոք մենք կարողանո՞ւմ ենք ապահովել այսօր բավարար պայմաններ մեր երկրում գիտական առաջընթացի համար: Հայաստանում գիտության առաջընթացն էապես կապված է բարձրակարգ համալսարանների առկայության հետ, որոնք հագեցած կլինեն անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, որակյալ և ժամանակակից լսարաններով, բարձրակարգ դասախոսական կազմով և այլն: Էական հանգամանքներից է նաև կրթության մատչելիությունը: Ներկայիս պայմաններում այն եթե ոչ գլխավոր, ապա առաջնային պայմաններից մեկն է ոլորտի զարգացման հարցում: Վճարովի բարձրագույն կրթության համակարգը ներդրվել է դեռ 1990-ականներին` համահունչ չլինելով երկրի սոցիալական դրությանն ու ուսանողների վճարունակությանը: Այսօր իրավիճակն էապես չի տարբերվում նախկինից:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության պետական բուհերում ուսման վճարները տատանվում են միջինը 800-1000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի վճարովի համալսարաններում ուսման վճարը կազմում է 1000 եվրո, իսկ երկրի մեծ մասում բարձրագույն կրթությունն անվճար է, Բելգիայում ուսման վճարները տատանվում են միջինը 400-700, Ավստրիայում` 700, Պորտուգալիայում` 300, Փարիզի 2-րդ համալսարանում միջինը` 500, Լիոնի համալսարանում` 450 եվրո:
Ելնելով այս վիճակագրությունից` առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միջազգային գների համեմատությամբ Հայաստանում ուսման վճարներն էապես բարձր չեն: Սակայն եթե մենք դիտարկում ենք վերոնշյալ երկրների կենսամակարդակը, միջին աշխատավարձը, նվազագույն սպառողական զամբյուղի չափը և համեմատում այն Հայաստանում առկա ցուցանիշների հետ, ակնհայտ է դառնում, որ մեզ մոտ գիտելիք ստանալու գինն անհամեմատ բարձր է: Բացի այդ, թվարկված երկրներում ուսանողը գրեթե նույնչափ վճարի դիմաց ստանում է առավել որակյալ կրթություն, շնորհիվ համալսարանների զարգացած նյութատեխնիկական բազայի և կրթական նոր տեխնոլոգիաների, իսկ սովորողների աշխատանքային հեռանկարները Հայաստանի համեմատությամբ անհամեմատ հուսադրող են: Պետք է նշել, որ ԱՊՀ երկրների մեծ մասում բարձրագույն կրթության վճարները երկրի կենսամակարդակի համեմատությամբ բարձր են: Սա, մի կողմից, այս երկրների սոցիալ-տնտեսական ցածր զարգացածության հետևանք է, մյուս կողմից` պայմանավորված է այն հանգամանքով, որ այս երկրները չունեն կրթության զարգացման ճկուն ռազմավարություն:
Իհարկե, մատչելի կրթությունը դեռևս չի ենթադրում որակյալ կրթություն: Սակայն այն երկրները, որոնք սեփական զարգացման հիմքում ցանկանում են դնել գիտելիքը և կրթությունը, պետք է կրթական քաղաքականությունն իրականացնեն պետության սոցիալական իրավիճակին համահունչ: Դեռևս 2009 թ. դրությամբ` Հայաստանում շուրջ 108 000 ընտանիք պետությունից ստացել է աղքատության ընտանեկան նպաստ (միջինը 23 000 դրամ): Նույն այս ընտանիքների անդամ բազմաթիվ ուսանողներից պետությունը պահանջում է տարեկան 800-1000 ԱՄՆ դոլարի ուսման վճար: Նմանատիպ հակասություններից խուսափելու համար պետությունն իր կրթական քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի այս իրողությունը և նպաստառու ընտանիքների ուսանողների համար սահմանի անվճար կրթության իրավունք: Տարեցտարի աճող ուսման գներն ավելի են խորացնում երկրի սոցիալական ճգնաժամը: Համալսարանների տեխնիկական հագեցվածության մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր: Դասախոսական կազմի վարձատրությունն առանձնապես չի բարելավվում` մնալով անմխիթար վիճակում:
Վերջերս «Հանուն հայության հարատևման» շարժման անդամ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կազմակերպված ստորագրահավաքը այս իրավիճակի տրամաբանական արձագանքն է: Մասնավորապես, շարժման ակտիվիստները հանդես են գալիս երկու պահանջով` կրճատել պետական բուհերի ուսման վճարները 30 տոկոսով և ուսանողների համար սահմանել 50 տոկոս զեղչ բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար (բացի տաքսի ծառայություններից): Հատկապես այն որոշումից հետո, երբ մարզերից ժամանող տրանսպորտային միջոցների կայանման վայրերը տեղափոխվեցին Երևանի քաղաքամերձ ավտոկայաններ, շրջանների ուսանողությունը բավականին տուժեց: Այժմ ուսանողներն ստիպված են փոխել երկու կամ նույնիսկ երեք տրանսպորտային միջոց համալսարաններ հասնելու համար: Արդյունքում ուսանողը վճարում է գրեթե կրկնակի գումար և կորցնում լրացուցիչ ժամանակ: Այս իրավիճակը հանգեցրել է մեծ դժգոհությունների, որոնց ապացույցը կարճ ժամանակում «Հանուն հայության հարատևման» շարժման ակտիվիստների հավաքած ավելի քան 15 000 ստորագրություն է: Ստորագրահավաքը դեռևս շարունակվում է, և համապատասխան վերլուծություններից հետո տվյալները կներկայացվեն կառավարությանը:
Բացի ուսման վճարների կրճատումից, ոլորտի բարելավմանը կարող է նպաստել նաև պետության կողմից կրթաթոշակների ճկուն համակարգի ներդրումը, ինչպես նաև կրթության պետական վարկավորման կազմակերպումը: Նիդերլանդներում, որտեղ ուսման միջին վճարը 6000 եվրո է, պետությունը բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին տրամադրում է մինչև 5000 եվրո կրթաթոշակ, որը նրանք կարող են մարել հետագա աշխատանքի ընթացքում: Չեխիայում, որտեղ միայն վերջերս է ներդրվել բարձրագույն կրթության վճարովի համակարգը (միջին վարձավճարը` 700-1500 եվրո), ուսանողը կրթության համար վճարում է ավարտելուց հետո` աշխատավարձից տոկոսներ վճարելով պետությանը:
Միջազգային փորձի ներդրումը և դրա համադրումը տեղական առանձնահատկությունների հետ, պետության կողմից ճկուն կրթական և սոցիալական քաղաքականության իրականացումը կարող են նպաստել Հայաստանում գիտության զարգացմանն ու մարդկային ռեսուրսի արդյունավետ օգտագործմանը: Որովհետև եթե մենք մարդուն դիտարկում ենք իբրև մեր երկրի գլխավոր ռեսուրս, ապա պետությունը պարտավոր է այդ ռեսուրսի կայացման համար ներդնել բոլոր հնարավոր և անհնար միջոցները` իրականացնելով այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի մարդու բազմակողմանի կատարելագործմանը: Ելնելով այս սկզբունքից` Հայաստանի կրթական օրակարգում պետք է դրված լինի էական մի հարց` ինչպիսի մարդ ենք ցանկանում կերտել: Այս օրակարգային հարցի տրամաբանական շարունակությունը կնպաստի համապատասխան հասարակության կառուցմանը, ուստի գիտելիքահենք հասարակության ստեղծումը պետք է դիտվի իբրև խոր գիտակցված անհրաժեշտություն, ավելին` քաղաքակրթական անհրաժեշտություն: Ժամանակակից աշխարհի կողմից հայությանը նետված մարտահրավերների պատասխանն աշխարհի մակարդակով բարձր ինտելեկտուալ կարողությունների տիրապետող, զարգացած հայ քաղաքացին է: Այս հարցը կարևոր է ինչպես քաղաքակրթական, մշակութային, այնպես էլ զուտ տնտեսական նկատառումներով:
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ
ՀԺԱՄ երիտասարդական թևի նախագահ
Երիտասարդական խորհրդարանի անդամ

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ