ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԿՀԱՋՈՂՎԻ, ԵԹԵ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԿՀԱՋՈՂՎԻ, ԵԹԵ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ
01.04.2011 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ առաջին նախագահ պարոն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ,
ՀՀ երկրորդ նախագահ պարոն ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ,
ՀՀ երրորդ նախագահ պարոն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,
Հայաստանի և սփյուռքի գիտնականներին, ճարտարագետներին, բանվորներին և գործարարներին


Հարգելի պարոններ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` մարտի 11-ի ուղերձն իր նախարարներին ինձ առիթ տվեց այս բաց նամակը գրելու և հրապարակելու: Այո, մի քիչ ուշացած, բայց լցվել է նաև մեր երկրի նախագահի համբերության բաժակը. տնտեսական ճգնաժամը, իր ողջ էությամբ, արդեն մեր տանն է:
Նույն մարտի 11-ին ողջ աշխարհը մի ծանր լուր ստացավ Ճապոնիայից: Մեծ դժբախտություն. ավերիչ երկրաշարժ, ահավոր ցունամի և սարսափելի տեխնածին աղետ Ֆուկուսիմա-1 ատոմակայանում: Ես ցավակցում եմ մեր բարեկամ Ճապոնիայի ժողովրդին կրած կորուստների համար և համոզված եմ, որ ճապոնացիներն իրենց մեջ ուժ կգտնեն հաղթահարելու այդ աղետների ծանր հետևանքները: Աստված իրենց օգնական: Մարտի 11-ի աղետը մեծ փորձություն էր նաև ողջ մարդկության համար` նրան ապագա փորձանքներից հեռու պահելու համար: Դա նախազգուշացում էր բոլորիս:
Հարց է ծագում. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի ուղերձների միջև որևէ կապ կա՞, թե դա սոսկ ժամանակային զուգադիպություն էր: Ես կարծում եմ, որ կա իմաստային կապ, և մեծ խորհուրդ:
Ակադեմիկոս Պարիս Հերունին ճիշտ էր` արևային էներգետիկան այլընտրանք չունի:
Զգույշ եղեք: Ատոմային էներգետիկան ժամանակավոր և մարդկանց համար խիստ վտանգավոր երևույթ է: Ատոմակայաններ կառուցելիս միշտ մտածեք ո՛չ թե բիզնեսի հաջողության, այլ մարդկանց կյանքի և առողջության մասին: Ամերիկացի ինժեները ճիշտ էր` Ֆուկուսիմա-1 ատոմակայանի ռեակտորները, կայանի ինքնարժեքի ավելացման հաշվին, պետք է ունենային ռեզերվային հովացման և վթարային այլ համակարգեր:
Հերունին ճիշտ էր` հելիոֆիկացիան աշխարհի ճակատագիրն է: Աշխարհի հելիոֆիկացումը պետք է սկսել բիբլիական երկիր Հայաստանից:
Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը պետք է հաղթահարել առանց խաթարելու բնապահպանական միջավայրը: Կենտրոնացված էներգահամակարգերը մեծ վտանգ են պարունակում, պետք է անցնել բաշխված էներգահամակարգերի, նրանք հասանելի և անվտանգ են:
Հայե՛ր, ակտիվորեն մասնակցեք էներգետիկ և բնապահպանական պրոբլեմների լուծման համաշխարհային գործընթացին: Այդ ճանապարհին դուք կարող եք հաջողությամբ լուծել նաև Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրները:
Արևի տակ տեղ ունենալու համար խաղատներ ձեզ պետք չեն, հայացքներդ ուղղեք դեպի Արևը, այնտեղ փնտրեք ձեր փրկության բանալին:
Հաշվի առնելով այս և բազմաթիվ նման փաստարկներ, ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին:
Հարգելի պարոն նախագահ, ես ողջունում եմ Ձեր մարտի 11-յան ուղերձը հենց միայն այն բանի համար, որ Դուք հրապարակավ ու ազնվորեն ընդունեցիք տնտեսական ճգնաժամի գոյության փաստը և Ձեզ վրա վերցրիք երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ողջ պատասխանատվությունը: Հայաստանի տնտեսական ճգնաժամը 20 և ավելի տարվա վաղեմություն ունի: Այն առաջացել է բոլորիս մեղքով. իշխանությունները` իրենց ինքնահոսի մատնած արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ, նորաթուխ գործարարները` իրենց ագահությամբ և եսասիրությամբ, գիտնականները` իրենց ընդգծված անտարբերությամբ, հասարակության լայն զանգվածները` իրենց պասիվությամբ: 20 տարվա ընթացքում մենք նույնիսկ մի հստակ ծրագիր կամ որևէ հայեցակարգ չունեցանք: Բայց չէ՞ որ մենք անկախացանք տնտեսական ճգնաժամի ծանր բեռը շալակած. Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով ավերված արդյունաբերական հյուսիս, կոնվերսիայի պատճառով պարապուրդի մատնված հզորագույն արդյունաբերական ձեռնարկություններ և արտադրական միավորումներ, ղարաբաղյան պատերազմ, տրանսպորտային և էներգետիկ շրջափակում, պրոֆեսիոնալ կադրերի արտահոսք և այլն, և այլն: Հայաստանի վիճակում չհայտնվեց հետխորհրդային և ոչ մի հանրապետություն: Ի՞նչ պետք էր անել նման դեպքում: Իհարկե, պետք էր առաջարկել և կյանքի կոչել հակաճգնաժամային մի համալիր ծրագիր, որը, ցավոք, չարեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, ցավոք, չարեց նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը: Այդ խնդիրն այսօր օրակարգ է մտցրել և փորձում է լուծել Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը: Կհաջողվի՞ նրան երկիրը դուրս բերել խոր ճգնաժամից: Կհաջողվի, եթե մենք բոլորս սատար կանգնենք նախագահին իր կարևոր առաքելության մեջ:
Կան երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու բազմաթիվ տարբերակներ: Նախագահն ընտրում է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նախարարական տարբերակը: Դա ևս տարբերակ է, որին ես առանձնապես չեմ հավատում: Չեմ հավատում, որովհետև նախարարները ձեռքներն անընդհատ փրփուրներին են գցում, արդեն պատճառաբանություններ են փնտրում` ամենուր վկայակոչելով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն է Հայաստանի տնտեսական ճգնաժամի պատճառը: Այդպես չէ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մերի հետ կապված է այնքան, որքան… Այն կանցնի, մերը կմնա: Աշխատել է պետք: Խնդիրը որքան ծանր է, նույնքան էլ` լուծելի: Չեմ հավատում, որովհետև մեր նախարարների մեջ ես չեմ տեսնում կամային բարձր հատկանիշներով օժտված այնպիսի անհատների, ովքեր, հանուն գործի, կարող են դեմ գնալ նույնիսկ իրենց վերադասին` վտանգելով իրենց անձնական կարիերան և բարեկեցիկ կյանքը, ինչպես ժամանակին անում էին, օրինակ, Ալեքսան Կիրակոսյանը կամ Իվան Թևոսյանը:
Չինացիներն ասում են. ամենաանելանելի դրության դեպքում մնում է ևս, առնվազն, 16 ելք: Ես առաջարկում եմ նախագահի հակաճգնաժամային ծրագիրը հարստացնել նաև մեր գիտական խմբի մշակած տարբերակով: Խոսքը Հայաստանում հելիոտեխնիկական արդյունաբերության հիմնադրման, Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացման, գյուղատնտեսության մեջ հելիոտեխնոլոգիաների ներդրման մասին է: Այդ ծրագիրն իրականացնելու համար մեզ հատուկ պայմաններ, պաշտոններ կամ գումարներ պետք չեն: Ծրագրի հեռահար նպատակներից կարևորագույնը Հայաստանում արդյունաբերության ժամանակակից գիտատար և աշխատատար ճյուղերի ստեղծումն ու զարգացումն է, որը թույլ կտա մտնել նոր ձևավորվող հելիոտեխնիկայի հսկայածավալ միջազգային շուկա: Փորձագետների գնահատմամբ` հելիոտեխնիկայի շուկայի ծավալը կազմելու է 40 տրիլիոն դոլար (Անգելա Մերկել, Մեծ ութնյակի գագաթնաժողով, Տոկիո, 2008 թ.):
Երկրորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի միջազգային վարկանիշի և աշխարհում հայերի ճանաչելիության բարձրացումն Է: Ճապոնական իրադարձությունների ֆոնին դա մեզ համար առավել կարևոր է: Ծրագրի իրականացումը թույլ կտա Հայաստանում, հատկապես աղետի գոտում և Ղարաբաղում, լուծել աշխատատեղերի խնդիրը, սահմանամերձ գյուղերում բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանները, զարկ տալ փոքր բիզնեսի զարգացմանը, նպաստել ճյուղային գիտության և բարձր տեխնոլոգիաների առաջընթացին, նվազեցնել Հայաստանի էներգետիկ կախվածությունը և խոցելիությունը, բարձրացնել բնակչության էներգետիկ կենսունակությունը և լուծել բազմաթիվ այլ խնդիրներ: Նշված ուղղությունը ոչ մի հակացույց կամ խոչընդոտ չունի: Ներդնելու համար ամեն ինչ պատրաստ է: Երկար տարիներ ինձ այդպես էլ չհաջողվեց գտնել Հայաստանի հելիոֆիկացիայի հարցերով հետաքրքրվող գոնե մեկ նախարարի: Բոլորը խիստ զբաղված են: Իսպանացի, ֆրանսիացի, ռուս, ամերիկացի, պարսիկ, վրացի կամ գերմանացի գործարարները ժամանակ գտնում են Հայաստան գալու` մեր գործերին ծանոթանալու և համագործակցության եզրեր փնտրելու նպատակով, իսկ մեր պրոֆիլային նախարարները ժամանակ չունեն: Միակ բարձրաստիճան պետական գործիչը, որը մինչև վերջ լսել և գնահատել է Հայաստանի հելիոֆիկացիայի գաղափարը, մնում եք Դուք` հարգարժան պարոն նախագահ Սերժ Սարգսյան: Դա 3 տարի առաջ էր, Սառնաղբյուր գյուղում: Դրա համար, մեր գիտական խմբի անունից, հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Հարգելի պարոն նախագահ, եթե մեր նախարարները կամ նախարարությունների մասնագետները, ամեն դեպքում, ժամանակ կգտնեն և ցանկություն կհայտնեն ծանոթանալու մեր ծրագրին, խնդրեմ, ես նրանց հրավիրում եմ մեր «Հելիոֆիկացիայի միջազգային կենտրոն» (Երևան, Հալաբյան 22) թեմատիկ դասախոսությունների և կոնսուլտացիաների: Դա կարող է միայն օգտակար լինել մեր նախագահի հակաճգնաժամային նախաձեռնությանը:
Պատրաստ ենք ծառայելու մեր ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյան: Ինչու Դուք չեք ցանկանում հրապարակավ ներողություն խնդրել Ձեր ժողովրդից` Ձեր թույլ տված սխալների համար, մասնավորապես, տնտեսության բնագավառում: Դանտեն իր «Աստվածային կատակերգությունում» դժոխքի տարբեր շրջաններում մարդկանց տեղավորում էր ըստ իրենց գործած մեղքերի: Գողերից, ավազակներից, անբարոյականներից, մարդասպաններից և այլոցից նա առանձնացնում և դժոխքի ամենադաժան` 9-րդ շրջանում տեղավորում էր դավաճաններին, նրանց, ովքեր չարաշահել էին մարդկային վստահությունը: Այո, Դուք չարաշահեցիք մեր ժողովրդի վստահությունը, դավաճանեցիք մեզ` բոլորիս: Հայաստանի տնտեսության այսօրվա թշվառ վիճակի համար մենք ավելի շատ Ձեզ ենք «պարտական»: Ստանալով ժողովրդի վստահության բացառիկ և օրինական քվեն` որպես անկախ Հայաստանի առաջին և սիրված նախագահ, Դուք դավաճանեցիք նաև Ձեզ և Ձեր համոզմունքներին` 1996 թվականին հիմք դնելով ընտրակեղծիքներին` երկիրը զրկելով հասարակական կյանքը կայունացնող և կարգավորող կարևոր մեխանիզմից: Չկա ընտրություն, չկա կայունություն, չկա նաև զարգացում: Հաղթանակներով պաշտպանելով մեր հողերը Արցախում` մեր հերոսական ժողովրդի զավակների, այդ թվում և իմ եղբոր` Կառլոսի կյանքի գնով, մենք դառը և անբնական պարտություններ կրեցինք տնտեսության բնագավառում: Ինչո՞ւ և ինչպե՞ս Ձեզ հաջողվեց մեր ծաղկուն, համատարած գրագիտության, պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող գիտնականներով, ինժեներներով և բանվորներով հագեցած, տեխնոլոգիապես զարգացած երկիր Հայաստանը շեղել իր տնտեսական զարգացման մայրուղուց: Տեխնոլոգիական մակարդակով այսօր մենք զիջում ենք նույնիսկ երբեմնի հետամնաց Թուրքիային, դա նոնսենս է: Հոնքը սարքելու փոխարեն Դուք երկրի աչքը հանեցիք: Այն, որ մի գեղեցիկ օր մենք կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ, պարզ էր և հասկանալի շատերիս համար, դրանում գաղտնիք չկար, ամեն ինչ սպասելի էր, այլ կերպ լինել չէր էլ կարող: Դա այն բազում սխալների և բացթողումների հետևանքն էր, որ Ձեր օրոք թույլ տվեցին մեր իշխանությունները հողի և արդյունաբերական ձեռնարկությունների հապճեպ և անտրամաբանական սեփականաշնորհման ընթացքում` չունենալով տնտեսության զարգացման որևէ ռազմավարություն կամ գոնե կարճաժամկետ ծրագրեր: Նման պայմաններում տնտեսությունը կարող էր շարժվել դեպի այն հանգրվանը, որի անունն է տնտեսական ճգնաժամ, որտեղ և մենք հիմա հաստատվել ենք: Ես այս ամենը խոր կսկիծով, սակայն, ոչ չարախնդությամբ եմ ասում: Տնտեսական ճգնաժամը բոլորիս կյանքը փչացրեց` ազդելով հատկապես մեր երեխաների ճակատագրերի վրա: Այս ամենի դիմաց, որպես փոխհատուցում, մեր երկիրը ստացավ օլիգարխների մի կուռ բանակ, որը, նույնիսկ մեր տնտեսական ճգնաժամի այս ծանր տարիներին, չի հրաժարվում իր համար գերշահույթ ստանալու մոլուցքից: Հազար անգամ իրավացի է նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր սակավահող Հայաստանում ձեռք են բերվել հազարավոր հեկտարներով հողակտորներ ոչ թե մշակելու, այլ հարմար պահին հարմար գներով վաճառելու ակնկալիքով: Դառը բախտի է արժանացել նաև նախկինում հանրային սեփականություն համարվող, գործարանների և արտադրական միավորումների մեծ մասը: Ռազմավարական նշանակություն ունեցող մեր բազմաթիվ օբյեկտներ դարձել են առուծախի առարկա: Մենք դառնությամբ ենք հիշում այն մութ և ցուրտ տարիները. պատերազմական վիճակ, տնտեսական շրջափակում, գործարանների հումքի ներկրման և արտահանման համար անհաղթահարելի տրանսպորտային պատնեշներ, կոնվերսիայի պատճառով հայկական արտադրության ապրանքների պահանջարկի իսպառ վերացում և… պետական մակարդակով կազմակերպված երկրի թալան: Դժվար է գտնել պատմական մի այնպիսի փաստ, երբ պատերազմող որևէ պետություն կամավոր գնա իր տնտեսության թուլացմանը: Ստրկատիրական հասարակությունից ի վեր և դրանից դեռ շատ ու շատ առաջ պատերազմի վտանգի առաջ կանգնած, կամ պատերազմի պատրաստվող բոլոր ժողովուրդներն ու պետությունները վաղօրոք մտածել են իրենց տնտեսական և պաշտպանական պոտենցիալի մեծացման, բայց ոչ նվազեցման մասին: Ղարաբաղյան հերոսամարտերի տարիներին մենք կորցրինք մեր երկրի արդյունաբերական պոտենցիալի զգալի մասը: Ի՞նչ գնահատական կարելի է տալ այս փաստին, դատեք ինքներդ:
Որտե՞ղ կարող էր հանգրվանել Հայաստանի տնտեսությունը` իր պարապուրդի մատնված արդյունաբերությամբ և մարդկանց ֆիզիկական ուժի վրա հիմնված պրիմիտիվ գյուղատնտեսությամբ: Իհարկե, տնտեսական խոր ճգնաժամի ճիրաններում` իր քաղաքացիների համար ապահովելով աֆրիկյան կենսամակարդակ: Դուք, որ մարդկանց խոստանում էիք երկիրը պահել միայն ջրով և կոմպոտով, տեղյա՞կ եք, թե ինչպես են ապրում Ձեզ սատարող միլիոնավոր ընտրողները, որոնց Դուք լքեցիք 1998 թվականին: Չլքեի՛ք, հետևեիք Չիլիի նախագահ Սալվադոր Ալիենդեի օրինակին: Հիմա ի՞նչ ենք առաջարկում, ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում: Ավելի լավ չէ՞ մեկ մոմ վառել, քան անընդհատ խավարն անիծել:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյան: Դուք ևս բաց թողեցիք Ձեր հնարավորությունը` հանդես գալու նմանատիպ մի հակաճգնաժամային ծրագրով: Դա չարեցիք: Մենք շատ ժամանակ կորցրինք և, դրանով իսկ, նպաստեցինք Հայաստանի տնտեսական ճգնաժամի խորացմանը: Ինչո՞ւ այս վճռական պահերին Դուք Ձեր ժողովրդի հետ չեք: Ինչո՞ւ Ջիմի Քարտերը, Բիլ Քլինթոնը, Բուշ Ավագը և, առանց բացառության, ԱՄՆ-ի, և ոչ միայն ԱՄՆ-ի, բոլոր նախկին նախագահները և հեղինակավոր պետական գործիչները կարող են վճռական պահերին շարունակել ծառայել իրենց երկրներին և ժողովուրդներին` իրենց փորձով, գիտելիքներով, միջազգային հեղինակությամբ, անձնական կապերով և այլն, իսկ ղարաբաղյան ազատամարտերի հերոս-լիդեր պարոն Քոչարյանը չի կարող: Այո՛, Դուք այսօր գործող նախագահ չեք, բայց Դուք նախագահ եք: Գեներալ Կարբիշևը գերության մեջ էլ մնաց գեներալ: Ձեր նախագահ եղած ժամանակ Դուք օգնել եք ինձ` իմ արևային գործերում: Առաջարկում եմ շարունակել այդ օգնությունը` համագործակցության տեսքով: Ի՞նչն է խանգարում մեզ միասին մտնելու արևային տեխնիկայի զարգացման համաշխարհային գործընթացների հորձանուտը և փորձելու տնտեսական վերընթաց ապահովել աղետի գոտում կամ Ղարաբաղում: Փորձել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ քննարկման դնել Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացիայի խնդիրները, չի հաջողվել, անանցանելի մի անջրպետով եք Դուք պարուրված: Մինչև ե՞րբ:
Այսօր ՀՀ նախագահը Հայաստանում պաշտոնապես դրել է տնտեսական ճգնաժամից դուրս գալու կարևորագույն խնդիրը: Խնդիր, որը լուծելու համար անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական պոտենցիալը, ստեղծել նոր աշխատատեղեր, բարձրացնել թողարկվող ապրանքների և ծառայությունների որակը, խթանել արտահանումը և այլն, և այլն: Եվ այդ բոլորը պետք է անել այդ գործի համար խիստ անբարենպաստ պայմաններում. համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը ճապոնական երկրաշարժի պատճառով միայն խորանալու է, պետական ներդրումների հնարավորությունների բացակայություն, տրանսպորտային և էներգետիկ բարդույթներ, պարապուրդի մատնված գործարաններ, բարձիթողի մատնված գյուղատնտեսություն, պետական հսկայածավալ պարտքեր, մարդկանց մոտ հավատի պակաս, տեղական օլիգարխների մոտ պետական շահերի բացարձակ անտեսում, դրսի ուժերի դերի գերագնահատում, ներդրումային աննպաստ պայմաններ և այլն:
Ոմանց համար տնտեսական ճգնաժամի հաղթահարումը անհնարին, պարապ մի բան է: Այդպես չէ: Ճգնաժամերի առավելությունն այն է, որ հենց ճգնաժամերն են խթանում տնտեսությունների թռիչքաձև զարգացումը։ Հետևենք Ճապոնիային և կտեսնենք, որ նրանք ոչ միայն կարճ ժամանակում կհաղթահարեն երկրաշարժի ծանր հետևանքները, այլև դուրս կգան ճգնաժամից տնտեսապես առավել հզորացած և բարոյապես ամրապնդված:
Հայաստանի տնտեսական ճգնաժամի հաղթահարումը տեխնիկապես հեշտ լուծելի խնդիր է: Ցանկություն է պետք: Հիշենք ղարաբաղյան պատերազմը: Անհնարինը դառնում է իրականություն, երբ կան նպատակ, կամք, հավատ և անձնազոհություն: Մենք պետք է հավատանք Հայաստանի ծաղկմանը և բարգավաճմանը, որովհետև մեր հարևանների պարագայում, մենք, պարզապես, այլընտրանք չունենք:
Տնտեսական խոր ճգնաժամից Հայաստանը կարող է դուրս գալ Հայաստանի և սփյուռքի մեր գիտնականների, ինժեներների և բանվորների համաձայնեցված, ստեղծագործական աշխատանքի շնորհիվ: Դա պետք է լինի մի հզոր համազգային տնտեսական շարժում, որին պետք է զորակցեն նաև Հայաստանի իշխանությունները: Փորձենք ժողովրդի մեջ հավատ ներշնչել, որ նախագահն անկեղծորեն հավատում է իր առաջարկած ծրագրին, որ դրանք իրատեսական, բայց ոչ նախընտրական քայլեր են, որ նախագահը վճռականորեն և հաստատակամորեն գործը տանելու է մինչև հաղթական ավարտը, ապա ամեն ինչ կստացվի և կգնա իր ճիշտ հունով: Դա հայ ժողովրդի ցանկալի երազանքն է:
Հիմա մեզ առաջարկվում է համբերել և սպասել մինչև աշուն, ամեն ինչ կկարգավորվի: Թող կարգավորվի, մենք դեմ չենք: Մարդիկ սպասել են 20 տարի, մինչև աշուն ու ևս 20 տարի էլ կսպասեն: Մովսեսից 40 տարի պահանջվեց, որ իր ժողովրդին ստրկությունից հանի և, անապատներով տանելով, առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը: Խնդրենք Աստծուց, որ մեզ հեռու պահի փորձություններից և մի օր էլ մեր ժողովրդին հանի այս տնտեսական ճգնաժամից: Սպասելով, սակայն, բան դուրս չի գա: Պետք է գործել: Дорогу одолеет идущий... Ցույց տանք աշխարհին, որ հայերը, իսկապես, հզոր և տաղանդավոր ազգ են… առջևում մեր Անկախության 20-ամյակն է:
Աստված մեզ օգնական:
Հարգանքներով` Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար

Դիտվել է՝ 1713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ